«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ի՞նչ անուն տամ քեզ

Ի՞նչ անուն տամ քեզ
20.01.2024 | 21:11

Ողբում եմ քեզ հնամենի իմ ժողովուրդ, որ ունես առաջնորդ, որը հուրախություն թշնամիների կբարբաջի, թե Հայաստանի Հանրապետությունը պետք է ձեռք բերի «կադաստրի վկայական», որի համար անհասկանալի է, թե ո՞րն է Հայաստանի Հանրապետության տարածքը, սահմանները, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, նոր զինանշան ու օրհներգ, որ հայրենիքը պետությունն է:

Որ «Անկախության գոյության ողջ ընթացքում մենք՝ ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել ու լղոզել ենք, ինչը ֆունդամենտալ պրոբլեմ է»:

Ողբում եմ քեզ բթացած ու անդեմ հասարակություն, որ տեսնելով այս ամենը, լսելով այս աբսուրդն ու անհեթեթությունը, լռում ես ու հանդուրժում:

Որ ձեր աչքի առաջ, ձեր հանցագործ անտարբերության ու թողտվության արդյունքում շուտով կխոսվի նաև Անկախության հռչակագրի ու պետական խորհրդանիշների փոփոխությունների մասին:

Սկիզբը դրված է:

Արարատն Արագածով արդեն իսկ փոխարինվել է, որովհետև նա «մի երկրի վարչապետ է, որի ամենաբարձր գագաթն այսօր Արագածն է», վաղն էլ՝ Եռաբլուրի գերեզմանաթումբը կարող է լինել:

Ողբում եմ քեզ հայ ժողովուդ, որ պետք է ունենաս թշնամու կամակատար երկրի ղեկավար, ով սպասարկում է թշնամու շահը, ստանձնել է սուրհանդակի, մամլո խոսնակի, ինչու չէ` նաև դեսպանի դերը:

Ով լսելով Ալիևի 2021 թ. սեպտեմբերի 27-ի՝ «Հայաստանը պետք է մշակի և ընդունի նոր Սահմանադրություն» ասածն այսօր հայտարարի, թե «մեզ պետք է նոր Սահմանադրություն: Այնպիսին, որը Հայաստանին ավելի մրցունակ և կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական նոր պայմաններում»։

Ողբում եմ քեզ իմ ժողովուրդ, որ դպրոցներում ցնցուղ պոկող, վինտիլ ստուգող, շախմատ ցնցող վարչապետ ունես, բայց 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների աշակերտների ու ուսուցիչների համար գիրք չունես:

Որ այդքան պատմության դոկտոր ու պրոֆեսոր ունես, բայց

7-րդ դասարանի խեղած պատմության դասագիրք ունես:

Ողբում եմ քեզ հայ ազգ, որ 1 տարում 86 զոհ պետք է ունենաս ոչ թշնամու կրակոցից:

Որ պետք է զարմանաս, թե ինչպես են ադրբեջանցիներն օրը ցերեկով 230 ոչխար գողացել Տեղ համայնքի Արավուս գյուղից:

Ո՞րը թվարկեմ, ո՞րն ամոթից թաքցնեմ:

Փաստ է՝ դու միամիտ չես, ոչ էլ՝ տխմար. դու պարզապես դրածո ես ու կամակատար:

Դու պետականության սպառնալիք ես, աղետ ու խարան:

Փաստ է՝ Հայաստանին պետք է ուղեղով ու ֆայմով, ինքնաբավ ու կայացած, բացառապես ազգային ու պետական շահերով առաջնորդվող ղեկավար:

Դա է այսօրվա հրամայականը:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 3070

Մեկնաբանություններ