ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Հեգելը հայ ժողովրդի ներկայի և ապագայի մասին

Հեգելը  հայ ժողովրդի ներկայի և ապագայի մասին
22.11.2023 | 09:15

Կարլ Մարքսը չէր սիրում Լուի Բոնապարտին, և նրա հեղաշրջումից հետո 1851 թվականին հոդված գրեց՝ «Լուի Բոնապարտի բրյումերի 18-ը» խորագրով, որտեղ Հեգելից մի միտք է օգտագործում: Այսպես, հենց հոդվածի սկզբում Մարքսը գրում է. «Հեգելը մի առիթով նշել է, որ բոլոր մեծ համաշխարհային-պատմական իրադարձությունները և անհատականություններն ի հայտ են գալիս, ինչպես ասում են, երկու անգամ։ Նա մոռացել է ավելացնել. առաջին անգամ՝ ողբերգության, երկրորդ անգամ՝ ֆարսի ձևով»:

Իսկ Հեգելն իր «Պատմության փիլիսոփայության» («Հռոմը հանրապետական դարաշրջանում» բաժնում) գրում է. «…Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ ազնվագույն հռոմեացիները կարծում էին, թե Կեսարի տիրապետությունը մի ինչ-որ պատահական բան է, և որ այն պահպանվում է շնորհիվ նրա անհատականության. այդպես էր մտածում Կիկերոնը, այդպես էին մտածում Բրուտոսը և Կասիոսը. նրանք կարծում էին, որ եթե այդ անհատը հեռացվեր, ապա հանրապետության վերականգնումը տեղի կունենար ինքնին։ Այս հիասքանչ մոլորության ազդեցությամբ Բրուտոսը՝ վերին աստիճանի ազնվագույն մի անձնավորություն, և Կասիոսը՝ ավելի եռանդուն, քան Կիկերոնը, սպանեցին մի մարդու, որի արիությունը նրանք գնահատում էին։ Բայց դրանից անմիջապես հետո պարզվեց, որ միայն մի մարդ կարող էր կառավարել հռոմեական պետությունը, և այդ ժամանակ հռոմեացիները պետք է հավատային դրան. չէ՞ որ ընդհանրապես պետական հեղաշրջումն ասես արտոնվում է մարդկանց կարծիքում, երբ այն կրկնվում է։ Այդպես Նապոլեոնը երկու անգամ պարտվեց, և Բուրբոնները արտաքսվեցին երկու անգամ։ Շնորհիվ այն բանի կրկնման, ինչը սկզբում միայն պատահական ու հավանակն էր թվում, այն դառնում է իրականություն և կատարված փաստ»։

Հիմա մատչելի հայերենով մեկնաբանեմ Հեգելի միտքը: Նրա ասածը հետևյալն է. Կեսարն իր հանճարով, երկաթե քաղաքական կամքով փաստացի հանրապետության վերջը տվեց, Հռոմը անխուսափելիորեն պետք է մտներ կայսերական դարաշրջան, սակայն մի շարք տաղանդավոր մարդիկ մտածեցին, որ բավական է սպանել Կեսարին, և հանրապետությունը կվերականգվի, այսինքն, Կեսարին պատահականություն էին համարում: Բայց հետագայում պարզվեց, որ դա պատահականություն չէր՝ Կեսարի սպանությունից 14 տարի անց քաղաքացիական պատերազմների ալիքը հանդարտվեց, և Ք.ա. 14 թվականին Օկտավիանոս Օգոստոսը հռչակվեց Հռոմեական կայսրության միապետ, և այդ փաստի, այդ իրականության հետ արդեն հաշտվեցին բոլորը, այն այլևս սուբստանց էր: Նույնը Նապոլեոնի պարագայում. նրա առաջին պարտությունն ու գահընկեցությունը պատահականության և հավանականության ժանրից էր, սակայն երկրոդն արդեն օբյեկտիվ իրականություն դարձավ, որի առջև խոնարհվեցին բոլորը, այդ թվում՝ ֆրանսիացիների նախկին կայսրը: Նույնը՝ Բուրբոնների դեպքում:

Այժմ գանք Հայաստան: Առաջին հանրապետության խայտառակ ավարտը՝ հսկայական տարածքային և մարդկային կորուստներով, 1920-ից ի վեր բոլորը համարում էին ինչ-որ դժբախտ դեպքերի շղթա, անհաջողությունների և սխալների շարան, այլ կերպ ասած՝ պատահականություն, որն ընդհատվեց 1920 թվականին՝ Կարմիր բանակի մուտքով և Հայաստանի խորհրդայնացմամբ, ինչից հետո 20 հազար ք/կմ տարածք վերականգվեց, ծավալուն ներգաղթ կազմակերպվեց, հանրապետությունը զարգացավ և բարգավաճեց:

ՈՒղիղ 100 տարի անց Առաջին հանրապետության հռչակումից հետո՝ 2018-ի մայիսին, Երրորդ հանրապետությունը շատ սահուն կերպով վերածվեց Նոր Հայաստանի: 1920-ի խայտառակ պարտություններից հետո ուղիղ հարյուր տարի անց տեղի ունեցավ կրկնություն՝ 2020-ի խայտառակ պարտությունը, որը ոչ ոք չվիժեցրեց, ի տարբերություն 1920-ի, շարունակվում է առ այսօր և կշարունակվի՝ մինչև հայ ժողովրդը կհայտնվի կոտրած տաշտակի առջև: Այսինքն, երբ մենք վերադառնանք 1920-ի դեկտեմբերի կարգավիճակին, այն է՝ 9.800 ք/կմ տարածք թուրքական գաղութի իրավունքներով, ինչպես և նախատեսված էր Ալեքսանդրապոլի պայմանագրով, այլևս ոչ ոքի այդ օբյեկտիվ իրականությունը պատահականություն չի թվա՝ պատահականություն կհամարվի հայաստանի փրկությունը 1920 թվականին և խորհրդային շրջանի բարգավաճումը:

Մի խոսքով, ըստ Հեգելի, Հայաստանը դատապարտված է վերադառնալ 1920 թվական, պատմությունը երկրորդ անգամ կրկնվեց, նշանակում է՝ սա վերջնական է, 100-ամյա ողբերգությունն ամենևին էլ պատահականություն չէր, հակառակ դեպքում չէր կրկնվի, հետևաբար, պատահականություն էր 30 հազար ք/կմ տարածքով Հայաստանից և 12 հազար ք/կմ տարածքով Արցախից բաղկացած միասնական Հայկական աշխարհը, որն իր մահկանացուն կնքեց հայ ժողովրդի որոշմամբ՝ անգլոսաքսերի ուղղորդությամբ, թեպետ վերջինը չի կարող արդարացում լինել:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2563

Մեկնաբանություններ