ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Քրիստոնեական ժառանգությունը և Թուրքիայի աշխարհաքաղաքական ընտրությունը

Քրիստոնեական ժառանգությունը և Թուրքիայի աշխարհաքաղաքական ընտրությունը
07.02.2021 | 11:22

Թուրքիայի իշխանությունների համար այդ խնդրի լուծումը կապված է աշխարհաքաղաքական ընտրության հետ, որովհետև եկեղեցիներն ու վանքերը հայկական և հունական ժառանգություն են: Վերջին ժամանակներս հաճախացել են հաղորդումները հայկական վանքերի տխուր ճակատագրի մասին:

JAMnews-ը գրում է՝ հունվարին հայտնի դարձավ, որ Բուրսայում անհայտ մեկը վաճառքի է հանել պատմական հայկական կաթոլիկ եկեղեցի: Հիմա նույն քաղաքում վաճառվում է ևս մեկ եկեղեցի, իսկ արևմտյան Քյոթահյա նահանգում վերջերս կործանվեց հայկական Սուրբ Թորոս եկեղեցին: ՀՀ ԱԳՆ-ն բողոքի ձայն բարձրացրեց՝ դատապարտելով «հայկական ժառանգության նպատակային ոչնչացման Թուրքիայի քաղաքականությունը»: Արձագանքեց և Միջազգային կրոնական ազատության ԱՄՆ հանձնաժողովի (USCIRF) նախագահ Թոնի Պերկինսը, նա Twitter-ում հայտարարեց. «USCIRF-ը դատապարտում է հայկական պատմական Սուրբ Թորոս եկեղեցու կործանումը Քյոթահյայում (Թուրքիա)՝ չնայած պահպանվող օբյեկտի կարգավիճակին: Թուրքիան պետք է ապահովի իր բազմազան մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությունը»:

Անկարան այսօր բարդ շրջան է ապրում Վաշինգտոնի հետ հարաբերություններում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից ակնկալվում է ավելի կոշտ վերաբերմունք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նկատմամբ, քան եղել է Թրամփի օրոք: Այդ պատճառով Անկարան ձգտում է հարաբերությունները հարթել Եվրամիության հետ, որ կանխի միասնական արևմտյան ճակատի ձևավորումը իր դեմ: Բրիտանական կաթոլիկ The Tablet պորտալը գրում է, որ Թուրքիայի իշխանությունները կարող են վերանայել Ստամբուլի Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցին մզկիթի վերածելու ծրագիրը: Զբոսաշրջության նախկին նախարար Բահատին Յուսելը գտնում է, որ պատճառը տնտեսական է՝ մնալով թանգարան՝ եկեղեցին «մեծ թվով հավատացյալ զբոսաշրջիկների է հրապուրում»: Պատմաբան Չիգդեմ Ղաֆեսչիօղլին գտնում է, որ պատճառը քաղաքական է: Դա է վկայում և հունվարի վերջին մշակույթի ու զբոսաշրջության նախարար Մեհմետ Էրսոյի և Կրոնական հիմնադրամների վարչության տնօրեն Բուրհան Էրսոյի այցը Կոստանդնուպոլսի Բարդուղիմեոս պատրիարքի նստավայր: Զրույցը անվանվեց «սրտանց»: Կոստանդնուպոլսի պատրիարքարանը զրույցի թեմաները նշեց՝՝ Խալկալինի կրոնական դպրոցի բացումը, Պրինկիպո կղզում եկեղեցական ապաստանի վերականգնումն ու օծումը, որ առգրավվել էր 1964-ին, Թուրքիայի ասիական մասում տաճարների ու մենաստանների վերականգնումը, Ստամբուլից մի քանի հազար ուղղափառների հեռացումը կանխելու քայլերը, ուղղափառ հիմնադրամների, որոնց թույլատրված է անշարժ գույք ունենալ, նոր անդամների վերընտրության համաձայնությունը:

KATHPRESS կաթոլիկ պորտալի կարծիքով՝ Թուրքիայի իշխանությունների հետաքրքրությունը Կոստանդնուպոլսի պատրիարքարանի գործերով կապված է «Անկարայի ու Եվրամիության շարունակվող մերձեցումի հետ»: Քանի որ «Այա Սոֆիա թանգարանի՝ Սուրբ Սոֆիայի տաճարի, մզկիթի վերածման բացասական արձագանքից հետո Էրդողանը, ակնհայտորեն, ցանկանում է վերականգնել Բրյուսելի համակրանքը՝ Բարդուղիմեոս պատրիարքին զիջումներով»: Բայց կօգնի՞ դա պահպանել ամբողջ քրիստոնեական ժառանգությունը Թուրքիայում: Ստամբուլում Միջկրոնական երկխոսության Դոմինիկյան կենտրոնի տնօրեն հայր Կլաուդիո Մոնգեն ընդունում է, որ ժամանակակից համայնքները չեն կարող իրենց թույլ տալ վերականգնել կառույցները, առավելևս քրիստոնյաների թիվը մշտապես կրճատվում է ու նույնիսկ Իրաքից փախստականները չվերականգնեցին թիվը: Նրա խոսքով՝ օգնել կարող է զբոսաշրջությունը, որի համար պետք է ստեղծել «քաղաքական պայմաններ»: Մինչև կորոնավիրուսի պանդեմիան թուրքական զբոսաշրջային հատվածի շրջանառությունը չէր զուգահեռվում քրիստոնեական ժառանգության պահպանման հետ: Կոստանդնուպոլսի պատրիարքարանին զիջումներ անելով՝ ԵՄ-ում միավորներ շահելու Թուրքիայի իշխանության մտադրությունը վերաբերվում է միայն մի քանի եկեղեցու ու վանքի: Այս իրավիճակում Անկարան կարող էր երկխոսություն սկսել Մոսկվայի հետ: Ռուսաստանը Մերձավոր Արևելքում պատմական հուշարձանների վերականգնման դրական փորձ ունի: Այդ պատճառով ռուս-թուրքական պայմանավորվածությունները քանդվող եկեղեցիների ու վանքերի վերաբերյալ կարող են օգնել պաշտպանել քրիստոնեական ժառանգությունը Թուրքիայում:
Ստանիսլավ Ստրեմիդլովսկի, Regnum


Հ.Գ. Հազիվ թե Էրդողանը դիմի Մոսկվայի օգնությանը, համենայն դեպս՝ նա մերժեց Կրեմլին, երբ պետք էր, որ Կոստանդնուպոլսի Բարդուղիմեոս պատրիարքը ինքնիշխանության վկայական՝ թումոս չտա Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն՝ անջատվելու համար Ռուս ուղղափառ եկեղեցուց: Կոստանդնուպոլսի Բարդուղիմեոս պատրիարքի և Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի հարաբերությունները խիստ սրվել են, ու չի բացառվում, որ իր ներդրումն ունի և Թուրքիայի նախագահը՝ խառնակություններ սերմանելու նպատակով ուղղափառ եկեղեցում և թուլացնելու աշխարհում Ռուս ուղղափառ եկեղեցու ազդեցությունը՝ նրանից անջատելով այլ երկրների թեմերը: Հայկական ժառանգությունը Թուրքիայում նորից է վտանգվել՝ դառնալով քաղաքականության շարունակություն, իսկ Էրդողանի քաղաքականությունը միշտ հայկականի ու հայության դեմ է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 20226

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ