ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Մինսկն ու Մադրիդը չկան, նոր քաղաք գտեք

Մինսկն ու Մադրիդը չկան, նոր քաղաք գտեք
12.04.2016 | 00:36

Հիբրիդային պատերազմի բուռն օրերը չեն անցել, թեկուզ սահմաններին ապրիլի սկզբի ինտենսիվությամբ չեն կրակում: Հիմա ավելի վտանգավոր օրեր են՝ այն ժամանակ թշնամին դիմացդ էր. կամ ինքն էր քեզ սպանում, կամ դու իրեն, հիմա չգիտես՝ ո՞վ է իրական թշնամիդ, ո՞վ՝ բարեկամդ:
Երևան եկավ ու նույն օրը՝ առանց գիշերելու, գնաց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ռուսական լրատվամիջոցները գրեցին՝ խաղաղարար առաքելությամբ, որի անհրաժեշտ շարունակությունն էր Բաքու գնալը: Իրականում նա, արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը գնում էին Բաքու, պարզապես Մեդվեդևը մի քանի ժամով Երևան եկավ: Ասում էին, որ իր նախագահության ընթացքում նա ուզում էր լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը, որ խաղաղության Նոբելյան մրցանակ ստանա: Ոչ լուծեց, ոչ ստացավ: Խաղաղության Նոբելյան մրցանակ պետք է տալ Հայաստանի իշխանությանը՝ քաղաքական ու ռազմական, պատերազմի առաջ աներեր խաղաղությանը հավատալու համար, խաղաղությանը հավատալով՝ պատերազմի հավանականությունն արհամարհելու համար, և վերջապես՝ հաղթելով՝ պարտվելու: Ի՞նչ արեց ՌԴ վարչապետը Հայաստանում. գնաց Ծիծեռնակաբերդ, ոչ մի խոսք չասաց քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին, գազի գինն իջեցրեց «Գազպրոմի» համար (ռուսական գազը Հայաստանի սահման բերում է «Գազպրոմը», սահմանից գազը ստանում է ռուսական «Գազպրոմի» սեփականություն «Գազպրոմ Արմենիան»), լսեց, որ ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին Հայաստանում խոր դժգոհություն է առաջացնում ու արդեն Մոսկվայից պատասխանեց, որ զենքի վաճառքը զսպման գործոն է, գրկախառնվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Շատ խաղաղարար առաքելություն էր: Իսկ Հովիկ Աբրահամյանը, անկախ իրենից, հայրենիքին մատուցեց ամենամեծ ծառայությունը՝ խնդրեց Մեդվեդևին, որ «Ռոսօբորնէքսպոն» ստորագրի Հայաստանին զենքի վաճառքի 200 միլիոն դոլարի պայմանագիրը: Այսինքն՝ հայտնի դարձրեց, որ ցանկը հրապարակում են, զենքը չեն տալիս: Մեդվեդևը չխոստացավ, պայման դրեց՝ թույլ տալ ռուսներին ներքին անձնագրերով մուտք գործել Հայաստան: Հետո գնաց Բաքու, ծաղիկներ դրեց շահիդների պուրակում, Ալիևի հետ պայմանագրեր ստորագրեց, քննարկեց ԼՂ հարցը ու Ադրբեջանի ԵԱՏՄ մտնելու տարբերակը: Զուգահեռ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարեց, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք վաճառել է ու վաճառելու է: Հասկացա՞ք՝ ինչու էր Ռուսաստանը Հայաստանին պարտադրում անվտանգության պայմանագիր, որի համաձայն, Հայաստանն իրավունք չունի իր տարածքում երրորդ երկրների ռազմական ենթակառուցվածքներ տեղակայել: Ժամանակը չէ՞ չեղյալ հայտարարելու Հայաստանի ազգային անվտանգության ապահովումը կաշկանդող պայմանագրերը և ավելի արդիական զենք գնել, քան 80-ականների ռուսական զենքն է: Միևնույն է՝ փող չկա, ամեն ինչ արվում է վարկերի հաշվին: Մոսկվան պնդում է, որ զենք է վաճառում՝ տարածաշրջանում հավասարակշռությունը պահելով, այս օրերին բոլորդ կարող էիք համոզվել՝ ճիշտ է, թե սուտ: Ռուսները, երբ սպառում են դիվանագիտական ելքերը, սկսում են կրակել՝ ՈՒկրաինայից Ղարաբաղ: Եվ ամեն ինչ բարդում են արտաքին ուժերի վրա: Թուրքիայի նախագահը դիվանագիտական փառահեղ պաս տվեց Կրեմլին՝ հայտարարելով, որ Ադրբեջանի կողքին է, ռուսական լրատվամիջոցները առավոտից երեկո հայտարարում են, որ կոնֆլիկտի հետևում Անկարան է: Ավելին՝ թուրք հատուկ ջոկատայիններն են սկսել կրակը, ինչպե՞ս, անցել են թափանցիկ սահմանները: Ոչինչ, որ սահմանին ռուսներն են կանգնած՝ իբրև ԱՊՀ-ի սահման: Բոլորը դա չգիտեն, փոխարենը հնչում է՝ ամեն ինչում մեղավորն Անկարան է: Իսկ Անկարան, առանց փակագծերը բացելու, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի շուրթերով հայտարարեց. «Երբ կործանվել էր ռուսական ինքնաթիռը, Ռուսաստանը գործում էր շատ էմոցիոնալ, այժմ իրեն ավելի գիտակից է պահում: Դա բարելավման նշան է: Եթե Ռուսաստանը մոտ ժամանակներս քայլեր ձեռնարկի, մենք կկարգավորենք մեր հարաբերությունները»:

Ավելի գիտակից պահելը հրադադար հաստատե՞լն էր, երբ հայերը գրոհում էին, ադրբեջանցիները՝ նահանջում: Որտե՞ղ էր Մոսկվան ապրիլի 2-ին: Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերությունները պատրաստ է կարգավորել նորի՞ց Հայաստանի հաշվին, որ Կրեմլը Ալիևին հնարավորություն տվեց իրեն հաղթո՞ղ հայտարարել: Նկատեցի՞ք, որ ռուս պաշտոնատարները միաձայն փոխել են քաղաքական տերմինաբանությունը՝ Հայաստանը այլևս չի անվանվում ռազմավարական դաշնակից, Հայաստանն ու Ադրբեջանը որակվում են ռազմավարական գործընկերներ: Թե ո՞ր գործընկերն է ավելի կարևոր՝ վկայում են «Լավրովի առաջարկները», որոնց գոյությունը Հայաստանը հերքում է, Ադրբեջանը հաստատում, իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Իգոր Պոպովը բացատրեց. «Լավրովը մեկ անգամ չէ, որ ասել է՝ որևէ նոր փաստաթուղթ, «Լավրովյան փաստաթուղթ» գոյություն չունի: Գոյություն ունեն համանախագահների առաջարկությունները, որոնք այս կամ այն տեսքով քննարկվել են վերջին մի քանի տարիներին: Կան մի քանի տարբերակներ, որ հիմնված են հակամարտության կարգավորման 3 սկզբունքների ու 6 տարրերի վրա, որոնց մասին ոչ մեկ անգամ են հայտարարել համանախագահող երկրների նախագահները: Սկզբունքները հետևյալն են. ինքնորոշման իրավունք, ուժի կիրառման բացառում, տարածքային ամբողջականություն: 6 հիմնական տարրերից ամենակարևորը երկուսն են՝ տարածքների վերադարձը, ԼՂ կարգավիճակի հարցը։ Սրանք ամբողջական են, մեկը մյուսին ստորադաս չեն: Բացի այս 2 սկզբունքներից, կա նաև փախստականների վերադարձի հարց, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի լայնության ու կարգավիճակի հարց, որտեղ էլ, բնականաբար, պետք է լինի խաղաղապահ գործունեություն: Նախատեսված է, որ խաղաղապահների տեղակայում լինի կարգավորման եզրափակիչ փուլում, երբ խաղաղ կարգավորման մասին համաձայնագիրը կստորագրվի»:
Այսինքն՝ այն, ինչից Կազանում փրկվեցինք, պարտադրվում է հիմա: Տարածքների հանձնում՝ ինչ-որ անորոշ հանրաքվեի հույսով, որը տեղի կունենա մի քանի տարի անց, փախստականների վերադարձից հետո: Իսկ Շահումյանն ու Մարտակե՞րտը: Նախատեսվո՞ւմ է փախստականների վերադարձ, թե՞ խնդիրը միայն Ադրբեջանը ԵԱՏՄ բերելն է՝ Ղարաբաղը ափսեի վրա մատուցելով: Հիշեցնեմ՝ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է. «Անջատականների հետ բանակցություններ չեն լինի: Ադրբեջանը կբանակցի միայն Հայաստանի հետ»: Իսկ ի՞նչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Վիեննայում խորհրդակցելուց հետո եկան տարածաշրջան՝ Բաքու, Ստեփանակերտ, Երևան, արդեն մեկնել են ու խոստացել մեկ շաբաթից վերադառնալ: Երևանում ասուլիսի սկզբից նրանք հայտարարեցին, որ իրենց մանդատի մեջ չի մտնում պարզել, թե ով է սկսել կրակը: Առաջին հայացքից ստեղծված իրավիճակում հրադադարի պահպանումը, բանակցությունների վերսկսումը, զոհվածների մարմինները վերադարձնելը, վստահություն ձևավորելը ամենակարևոր խնդիրներն են, բայց պարիտետային հայտարարությունների իրավունքից նրանք, փաստացի, չհրաժարվեցին: Իսկ դա նշանակում է, որ ադրբեջանական բարբարոսությունները, որոնց մասին ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքն ասաց, թե խիստ մտահոգված են մարդու իրավունքների խախտումների հաղորդումներով, տեսել են լուսանկարները, հաղորդումները իրենց ուշադրության կենտրոնում են, նախահարձակ լինելը և անպատիժ մնալը շարունակվելու են:
Ի՞նչ է պատասխանել Հայաստանը բանակցությունները շարունակելու համանախագահների առաջարկին՝ բանակցությունների սեղանին ունենալով տարածքները հանձնելու առաջարկը: Ամենայն հավանականությամբ՝ կամ մերժել է, կամ պատասխանը հետաձգել, այլապես նրանք կհայտարարեին, որ հասել են բանակցությունները շարունակելու պայմանավորվածության: Եթե Բաքուն մերժում է Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձը, ի՞նչ է մնում Հայաստանին: Վերադառնա՞լ Անվտանգության խորհրդի նիստում ընդունված որոշումներին և հաջորդ օրը ՀՀ նախագահի դիվանագետներին արած հայտարարությանը՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղը և վերջակետել բանակցություննե՞րը: Հնչում է հրաշալի, բայց դա նշանակում է՝ նույն օրը Բաքուն սկսելու է կրակել, հավելյալ դիվանագիտական փաստարկ ունենալով՝ Հայաստանը հրաժարվում է բանակցություններից, մնում է հարցի ռազմական լուծումը: Շատ քիչ մխիթարություն է, որ ասուլիսում ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը ասաց. «Որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան: Մենք ելնում ենք նրանից, որ հրադադար կնքելու փաստաթղթի մշակման շրջանակային փուլում կարող էր լինել հենման կետ»: Նախ՝ հայտնի չէ՝ ո՞րն է որոշակի փուլը ու երբ է գալու, հետո՝ ի՞նչ են փոխարենը պահանջելու: Հիմա ամենակարևորը Հայաստանի աներեր պահվածքն է: Այսուհետ անթույլատրելի են ռևերանսները Ռուսաստանի առաջ՝ ինչպես արտգործնախարարի Մոսկվա սլանալն էր, եթե Լավրովը Բաքվի տեղը գիտի, Երևանն էլ մի կերպ կգտնի: Այս մի քանի օրվա իրադարձություններից հետո՝ ռուս-բելառուս-ղազախական արձագանքի հաշվառումով, Հայաստանը բոլոր իրավունքներն ունի սառեցնելու անդամակցությունը ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում՝ դա կդառնա ազդանշան, որ Երևանը դադարել է խայծերը կուլ տալ ու սկսում է սթափ գնահատել իրավիճակը՝ ելնելով իր շահերից, ոչ թե սպասարկելով ՌԴ արտաքին քաղաքական շահերը: Տիգրան Սարգսյանի հրաժարականի ճիշտ ժամանակն է, նրա հետագա պաշտոնավարումն ուղղակի աբսուրդ է: Անդամակցության սառեցումը ճկուն միջոց է՝ իրավիճակի վրա ազդեցություն ունենալու համար, այլապես ստացվելու է, որ Մոսկվան խաղարկեց «Կոլցո-2» օպերացիան, իսկ մենք չնկատեցինք, որ արդեն 21-րդ դարն է, ու այս տարի պատրաստվում ենք նշելու Հայաստանի Հանրապետության 25-ամյակը: Բլիցկրիգի ձախողումը ռազմադաշտում Բաքուն ու Մոսկվան դիվանագիտական սեղանի շուրջ են փորձում փոխհատուցել: Ինչո՞ւ նորից Ռուսաստանը ասպարեզ եկավ և նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը, ինչո՞ւ են Փարիզն ու Վաշինգտոնը գերադասում պասիվ հայեցողական կեցվածքը: Հարցի պատասխանը Մոսկվայում տվեցին Հայաստանի ու Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերը, իսկ ավելի խորքային ու ավելի ընդհանրական պատասխանը Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունն է տարիներ շարունակ: Հայաստանը միջազգային ասպարեզում դադարել է դիտարկվել ինքնիշխան պետություն՝ կանխատեսելի ու կայուն քաղաքականությամբ: Հիշեք միջազգային ատյաններում Հայաստանի քվեարկությունները, բարձրաստիճան պաշտոնյաների ու պատգամավորների բոցաշունչ ելույթները, տնտեսական կարևոր լծակները Ռուսաստանին հանձնելը՝ «գույք՝ պարտքի դիմաց»,-ից, մինչև էներգետիկա ու գազ՝ հրաժարվելով անվտանգություն ու արդյունավետություն ապահովող այլընտրանքից: Արևմուտքը Հայաստանի հետ կգործակցի, երբ Երևանում միջազգային հարաբերությունների սուբյեկտ տեսնի: Միայն այդ պարագայում է հնարավոր ԼՂՀ-ի ճանաչումը, որ հարցի լուծում է: «Ռսի օրհնած ոտը» Հայաստանին ոչ խաղաղություն է բերում, ոչ բարեկեցություն: 1915-ին իրեն ցեղասպանելու հնարավորությունը տված ժողովուրդը չի կարող 101 տարի հետո քաղաքական նույն սխալները կրկնել ու պատանդ մնալ պատրանքների, որոնք իրականության մեջ կրակում են ու սպանում: 2016-ը կամ կլինի շրջադարձի տարի, կամ՝ անխուսափելի իշխանափոխության՝ առանց ժառանգորդին տերություն թողնելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հակառուսական տրամադրություններ Հայաստանում միշտ սերմանել է Ռուսաստանը՝ էկրանից ստող առաջին դեմքերից ու երևանյան տաքսիստների հետ զրուցող իր գաղափարախոսներից մինչև Պերմյակով: Քյարամ Սլոյանի կտրված գլուխը և դիակապտության մյուս դեպքերը փակել են Մադրիդի դուռը: Մադրիդյան ինքնահակասող սկզբունքներից հրաժարվելու ժամանակն է, Մադրիդյան սկզբունքները պահում էին ստատուս քվոն, որ ապրիլի 2-5-ին սպանվեց: ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն է միակ լուծումը՝ ուզում են, թե չեն ուզում Մոսկվան ու Անկարան:

Դիտվել է՝ 1898

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ