«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հետպատերազմյան Սիրիայում ռուսական ներկայությունն անհնար էր ապահովել, եթե չէր եղել պատերազմական Սիրիայում

Հետպատերազմյան Սիրիայում ռուսական ներկայությունն անհնար էր ապահովել, եթե չէր եղել պատերազմական Սիրիայում
06.12.2015 | 11:50

Ինչու է Պուտինը վատ դաշնակից


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջամտությունը սիրիական կոնֆլիկտին ոմանք համարեցին Կրեմլի «ստվերից դուրս գալու» պահ: Ռուսաստանի փաստարկված կոնֆլիկտը ԻՊ-ի հետ երկրի շահերը հանգուցեց Արևմուտքի շահերին: Նույնիսկ Թուրքիայի խփած ռուսական կործանիչը այդ լավատեսությունը չնվազեցրեց: Ավելին՝ վերջերս մամլո ասուլիսում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նորից Պուտինին կոչ արեց միանալ ալյանսին ԻՊ-ի դեմ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մոսկվա իր այցը ներկայացրեց ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային մեծ կոալիցիայի ստեղծման փորձ: Առաջին հայացքից՝ գաղափարը, որ Ռուսաստանը իսլամական ահաբեկիչների դեմ պայքարի բնական դաշնակից է, կարծես, անիմաստ չէ: Երկիրը իսլամիստ էքստրեմիստների ահավոր ահաբեկչական հարձակումների է ենթարկվել՝ ներառյալ Սինայի թերակղզում ուղևորատար ինքնաթիռի պայթեցումը, որի հետևանքով զոհվեցին 224 ուղևորներն ու ինքնաթիռի անձնակազմը: ՌԴ տարածքում մոտ 20 միլիոն մուսուլման է ապրում, մեծ մասամբ սուննիներ, անվտանգության ծառայության տվյալներով՝ Ռուսաստանից ու նախկին խորհրդային հանրապետություններից 7000 զինվորներ են միացել ԻՊ-ին:
Ավելի խորքային հայացքի դեպքում պարզ է դառնում, որ հակաահաբեկչական միությունը Ռուսաստանի հետ միայն պատրանք է: Պուտինը Սիրիա չի մտել ԻՊ-ին հաղթելու համար: Նա միջամտել է, որպեսզի փրկի Ռուսաստանի հաճախորդ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը: Պուտինը երբեմն կարողանում է տպավորություն ստեղծել, որ պատրաստ է Ասադից հրաժարվել, բայց ի վերջո պաշտպանում է նրան: Ասադին բախտի քմահաճույքին թողնելը կլիներ թուլության նշան, հետևաբար, Պուտինի անաֆեման:
Շարքային ռուսաստանցիներին կարող է սպառնալ իսլամիստների հարձակման վտանգը, բայց նրանք Պուտինի ու նրա դաշնակիցների համար փոքր սպառնալիք են: Ռուսաստանն իսկապես վերապրել է մի քանի ահաբեկչական հարձակումներ, այդ թվում՝ 2004-ին Բեսլանում, որտեղ 334 զոհ եղավ, մեծ մասը՝ դպրոցականներ: Գործնականում բոլոր դեպքերում հարձակումների պատասխանը կոշտ էր, թանկարժեք ու ոչ հմուտ՝ զոհերի թիվը հաշվի առնելով: Այնուհանդերձ, ամեն անգամ Պուտինը կարողանում էր ստեղծված վիճակից ելք գտնել: Ահաբեկչական հարձակումները մեր հարյուրամյակի սկզբին ամրապնդեցին հասարակական կարծիքը չեչեն ապստամբների դեմ և Պուտինին հասարակական աջակցություն տվեցին, որն անհրաժեշտ էր Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնին ավերելու համար: Ահաբեկչության դեմ պայքարում վստահությունը Պուտինին արտացոլում է ՌԴ պետական անվտանգության կառուցվածքը: Ռուսաստանն ավելի մեծ գումար է ծախսում ներքին անվտանգության համար, քան՝ ազգային պաշտպանության: ՌԴ-ն ունի ներքին գործերի նախարարության զորքեր, Անվտանգության դաշնային ծառայություն (ФСБ), սպեցնազ, ОМОН-ի (հատուկ նշանակության մոբիլ ջոկատ) զորքեր, ռազմական հետախուզության ջոկատներ, և ներքին լրտեսների ու լրատուների ընդարձակ ցանց: Վարչակազմի հակառակորդներին չի թույլատրվում ընտրվել, հանրահավաքների նրանց իրավունքները սահմանափակված են, նրանք դատարաններում իրավաբանական կամայականության սուբյեկտ են: Քաղաքացիները գործնականում պաշտպանված չեն գաղտնալսումներից, նրանց էլեկտրոնային փոստի գաղտնիությունը չի ապահովվում: Յուրաքանչյուր հասարակություն պետք է հավասարակշռի քաղաքացիական իրավունքներն ու ազգային անվտանգությունը: Պուտինի Ռուսաստանը թեքվել է դեպի մի ծայրահեղություն, ԱՄՆ-ը և Եվրոպան (չնայած քաղաքացիական իրավունքների պաշտպանների բողոքներին) որոշել են հակառակն անել: Իրոք, Ռուսաստանը վերին սահմանում է՝ ինչ կարող է անել պետությունը վերահսկելու ահաբեկչական գործունեությունը: Հազվադեպ ահաբեկչական խմբավորում կարող է լինել, որտեղ չկա Մոսկվային ենթարկվող լրատու: Նույնիսկ ապացույցներ կան, որ Բեսլանի կոտորածը կազմակերպողների մեջ ռուսական հետախուզությունն իր մարդկանց ուներ: Ցանկացած ահաբեկչական խումբ գիտի, որ իր գործունեությունը կասեցվելու է ուժի ամենաէքստրեմալ կիրառմամբ: Օրինակ, Բեսլանում ռուսական հատուկ ծառայություններն օգտագործեցին թերմոբարիկ զենք:
Փարիզի ահաբեկչությունների թվում է 130 քաղաքացիների պատահական սպանությունը, որ հզոր արձագանք ունեցավ Արևմուտքում, հատկապես՝ երբ դժվար է հասկանալ կրոնական ու գաղափարական դրդապատճառները: Բայց Կրեմլը մարդկային կյանքերը ավելի քիչ է գնահատում, քան արևմտյան հասարակությունը: Պուտինի հաշվարկներում էքստրեմիստական հարձակումների ժամանակ զոհերը անցանկալի են, բայց ի վերջո՝ ընդունելի, եթե վարչակարգին չի սպառնում: Ռուսները շոկի մեջ են, բայց իշխանական վարչակարգը առաջին հերթին զբաղված է իր վերապրումով և փորձում է հնարավորինս ի շահ իրեն օգտագործել հասարակության վախեցածությունը: Արևմուտքի հետ աշխատանքը ԻՊ-ի դեմ պայքարում այդ նպատակներից ոչ մեկին չի ծառայում:


Պոլ Գրեգորի, Project Syndicate

Ռուսաստանի նպատակները Մերձավոր Արևելքում
Քաղաքական հետազոտությունների Լոնդոնյան կենտրոնի նախագահ Հերբերտ Լոնդոնը The Washington Times-ում շարադրում է իր գնահատականով այն ռազմավարական խնդիրները, որ Ռուսաստանը լուծում է Մերձավոր Արևելքում, առաջին հերթին՝ Սիրիայում: Նա քննադատում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որ թույլ տվեց Ռուսաստանին տարածաշրջանում ազդեցիկ ուժ դառնալ:
Առաջինն ու ամենաակնհայտը՝ ռազմական ուժ Ռուսաստանը կիրառում է, որ Բաշար Ասադը պահպանի նախագահի պաշտոնը: Դա ապահովում է Ռուսաստանի ռազմածովային ներկայությունը Միջերկրականի արևելյան ափին՝ Լաթաքիայի ռազմաբազայում: Բայց դա ռազմավարական ծրագրի միայն մի մասն է՝ Ռուսաստանը և Եգիպտոսը առանց հատուկ հանդիսավորության միջուկային համաձայնագիր կնքեցին, որը զենքի վաճառքի պայմանագրի հետ (2 միլիարդ դոլարի) ապահովում է Ռուսաստանի վերադարձը Եգիպտոս՝ քառասուն տարի անց: Դա նաև վկայեց ԱՄՆ-ի գերակայության վախճանը: Ռուսաստանը կայուն տարադրամի ևս մի աղբյուր ունի՝ բնական գազը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գիտի, որ Միջերկրական ծովում՝ Սիրիայի ափերի մոտ հայտնաբերվել են գազի հանքավայրեր: Գիտի նաև, որ 2017-ին կավարտվի թուրքական գազատարի շինարարությունը, որը կասկածի տակ կդնի Եվրոպային գազամատակարարման Ռուսաստանի փաստացի մոնոպոլիային: Այստեղից էլ՝ տարաձայնությունները Թուրքիայի հետ: Այսինքն՝ խնդիրը միայն Ասադին գահընկեց անելը չէ (որքան էլ թուրքերը ուզեն) կամ նրա իշխանության պահպանումը, այլ ավելի շուտ՝ գազային մոնոպոլիայի պաշտպանությունը: Այս բարդ պատկերը ևս մի չափում ունի: Մի քանի հարցազրույցներում Պուտինն ասում էր, որ ԽՍՀՄ-ի փլուզումը ստորացուցիչ էր և նշում էր, որ կայսրությունը վերադարձնելու, ռուս ժողովրդին փայլուն բախտ տալու հնարավորություններ կան: Դա հնարավոր է միայն մեկ ճանապարհով՝ միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի գերակա դիրքերը խարխլելով: Ի դեմս Օբամայի՝ նա գտել է հանդարտաբարո և զիջողամիտ գործընկերոջ: ԱՄՆ նախագահի անունը քմծիծաղ է հարուցում ամբողջ Մերձավոր Արևելքում: Եթե Պուտինը նպատակադրել էր ԱՄՆ-ի նվաստացումը, նպատակին հասավ:
Հերբերտ ԼՈՆԴՈՆ, The Washington Times


Հ.Գ. Սեպտեմբերի 30-ից ամբողջ աշխարհով ընկած՝ որոնում են, թե ինչ է ուզում Պուտինը Մերձավոր Արևելքում, ու որոնում են միայն մեկ պատճառ, որը Կրեմլին տարավ Սիրիա: Իսկապես՝ Ասադին փրկելը ակնհայտ և անթաքույց նպատակ էր, իսկապես՝ միջազգային ասպարեզ Ռուսաստանի վերադարձը խնդիր էր, իսկապես՝ ՈՒկրաինայի ճգնաժամն արդեն փչացրել էր՝ ինչ հնարավոր էր փչացնել: Եվ մի տասնյակ նման «իսկապես»-ներ: Հետո ռուսական ռմբակոծիչները սկսեցին պայթեցնել ԻՊ-ից Թուրքիա հոսող նավթը՝ բեռնատարներով ու տանկերներով, ու բոլորին թվաց, որ Ռուսաստանը խփում է Անկարայի ուղղակի ու անուղղակի շահին: Իրականում՝ Մոսկվան խնդիր ունի բարձրացնել նավթի ու գազի գինը՝ կանխելով տոննաներով ապօրինի նավթի շրջանառությունը աշխարհում, հետևաբար և գնանկումը: Այս հարցում Մոսկվան միայն ինքն իր վրա կարող է հույս դնել, որովհետև էներգակիրների հարցում ռազմական դաշնակից Իրանն էլ մրցակից է: Եվ հետո՝ Լաթաքիայի ռազմաբազան Մերձավոր Արևելքում ու Միջերկրականի ափամերձ տարածքներում հաստատվելու հզոր պլացդարմ է՝ հենց նույն նավթի ու գազի արդյունահանման հեռանկարով: Քաղաքական գործիչները քաղաքական դրդապատճառներ կգտնեն, զինվորականները՝ ռազմական հիմնավորումներ, դիվանագետները՝ դիվանագիտական, իրականում Մերձավոր Արևելքում ՌԴ նախագահն ունի ՌԴ բյուջեն փրկելու խնդիր, քանի դեռ տնտեսության դիվերսիֆիկացումը փաստ չէ, և անգամ իր ամենամյա ուղերձում պետության ղեկավարը խոսում է կոռուպցիայի հաղթահարման ու կապիտալի շարունակվող արտահոսքի մասին՝ ի թիվս այլ խնդիրների: Հետպատերազմյան Սիրիայում ռուսական ներկայությունն անհնար էր ապահովել, եթե չէր եղել պատերազմական Սիրիայում, իսկ Սիրիան կորցնել ՌԴ նախագահը չի կարող: Նա պատրաստ է հրաժարվել Թուրքիայից, բայց մինչև վերջին պահն ու զինվորը՝ կանգնած է Բաշար Ասադի կողքին, որովհետև Սիրիայում ու մերձակայքում են կուտակված նավթագազային ներկա ու ապագա խնդիրների լուծումները:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1323

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ