«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Եվ դեղին-լեղի արևը ծագեց Արևմուտքում (կիսալուսնի լիալուսինը)

Եվ դեղին-լեղի արևը ծագեց Արևմուտքում (կիսալուսնի լիալուսինը)
23.10.2015 | 00:14

Կանգնած, դրախտի տեղ,
կալվածքներում փշի՝
կարկատում եմ մռայլ
ծվենները հուշիս։

Իմ կուսական անտառ,
իմ կուսաթափ անտառ,
ի՜նչ սև ձեռք է թողել
քեզ թլվատ ու անծառ։

«Իմ մանկության անտառում»,
Լևոն ԱՆԱՆՅԱՆ

ՓԵՐԻՆՉԵՔՆ ՈՒ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ
(այգաբացյան ֆելիետոն)
Փերինչեքը, այո, շահեց դատը։ Շահեց (չնայած «միջազգային սուտ» է հռչակում աշխարհի բազմաթիվ երկրների վավերացրած Հայոց ցեղասպանության փաստը) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) մեծ պալատի կողմից։ Կներեք, բայց արդյո՞ք նշյալ մեծ պալատը մասոնական մի օղակ չէ, չէ՞ որ հենց աշխարհը կառավարող (իմա՝ խառնակող) մասոնական օթյակներում է գործածելի «մեծ» անվանակարգը՝ «մեծ օթյակ», «մեծ մագիստրոս» և այլն։
Դողու Փերինչեք, թուրք ազգայնամոլ, «Հայրենիք» (նախկինում՝ «Աշխատավորական») կուսակցության նախագահ, բնականաբար՝ հայատյաց, անպատճառ՝ Օսմանյան կայսրության տիեզերականության ջերմեռանդ ջատագով, մի խոսքով՝ երիտթուրքական արնախում շնաձկների որձկած շերեփուկը, և այլն, և այլն։ Մենք, անկասկած, կարող ենք անվերջ ածականներ շարել և անարգանքի ձյութապատ սյուներին գամել Օսմանյան կայսրության ողջ պատմությունը, Համիդին և մյուսներին, անշուշտ, նաև Դողուին։ Է, ե՞տքը։ Այս ամենը մարսելով մենք հիմնարար հետևություններ կանե՞նք, թե՞ կշարունակենք բազմաձայն երգչախմբով գեղգեղալ հայ-թուրքական սահմանների բացման, տնտեսական փոխշահավետ կապերի ամրապնդման և այլնի օրատորիաները։
Հերթական անգամ հայոց հանրային միտքը հայտնվում է տրամաբանական փակուղում։ Հիշո՞ւմ եք, թե ինչե՜ր նախորդեցին ՄԻԵԴ-յան որքան էլ ծաղրուծանակային, նույնքան էլ բանական որոշմանը։ ՀՀ-ում վերջերս կայացած մի ակադեմիական բարձրագույն գիտաժողովում հնչեց խիստ դյուրավառ մի եզրակացություն՝ պահանջատերը լինել Թուրքիայից... փոխհատուցմամբ։ Ասել է՝ ոմանց հոգում խլրտացող առևտրային ոգին արդեն գլուխ է բարձրացնում և փոխհատուցում է պահանջում։ Փոխհատուցե՞լ, այսինքն (ներեցեք բառախաղիս ներխուժումը)` փողո՞վ հատուցել, թե՞... (ես կառաջարկեի՝ և՛ փողով, և՛ հողով)։ Տարիներ առաջ էլ հայ նշանավոր մեծահարուստը կեսկատակ-կեսլուրջ խնդրել էր նշել Արևմտյան Հայաստանի գինը, հավանաբար, պատրաստվելով գնելու այն և վերադարձնելու հայությանը։ Ի դեպ, ուշագրավ է հետևյալ հանգամանքը, ՄԻԵԴ-ի երջանկահիշատակ որոշումը կայացրել են 17 դատավորներից 10-ը, որոնք ներկայացնում են հետևյալ երկրները. Լիխտենշտայն, Թուրքիա, Սլովակիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Շվեդիա, Չեխիա, Բոսնիա-Հերցեգովինա։ Գերմանիայի ներկայացուցիչ Անգելիկա Նուսբերգերը մասամբ կողմ է եղել, մասամբ էլ դեմ։
Եվ այսպես՝ տասը երկիր, որոնց հատկապես քաղաքային բնակավայրերում հայոց կենարար հետքերն ամենուր են։ Սա հանրահայտ է։ Անհայտ չէ նաև հետևյալ «չոբանային» թվաբանությունը. չկա աշխարհում որևէ երկիր (նաև վերոնշյալ «թուրքահպատակ» տասնյակը), որը Հայաստանի հետ փոխառնչվելու պարագայում էապես տանուլ չի տա քաղաքակրթական ներդրումների չափ ու կշռում։ Անգամ ուղղափառ և լուսավորյալ Ռուսիան է անկարող մեր հայկազյան երեսին ինչ-որ հանդիմանանք շրմփացնելու։ Զի նրանց ներդրումը՝ սկսած ռուսական ազատարար-նահանջողական զորաբանակներից մինչև Գրիբոյեդով և Բլոկ ու Բրյուսով, մի անգին հատիկ շափյուղա է, մեր նվիրական ներդրումը՝ յոթ իշաբեռ մարգարիտ։ Է՞, ե՞տքը։ Եվ մի՞թե փերինչեքյան լիալուսնային ոռնոցից առաջ մենք սերենադներ չենք երգել արնաթով կիսալուսնով հմայված։ Հարկավ այո՛։

ԲՈՐԲՈՔՎԱԾ ԼԵՂԱՊԱՐԿԻ «ՔԱՐԿՏԻԿԸ»
(հետճաշյա պամֆլետ)
Եվ, իսկապես, մի՞թե փերինչեքյան լիալուսնային ոռնոցից առաջ մենք սերենադներ չենք երգել արնաթով կիսալուսնով հմայված։
Եվ, իսկապես, մի՞թե Փերինչեքի հոգեզավակը չէ այն ստահակը, որը կամովին (արդյո՞ք կամովին) հատեց բուն հայկական Մայր Արաքսով տարանջատվող սահմանը։ Ներեցեք, մի՞թե մոռացել եք անձնագրով հայ, բնակության վայրով էլ ՀՀ քաղաքացի Կտրիճին Ս. և Աշոտին Բ., որոնք Արցախի գոյամարտի շրջադարձային օրերին հոխորտուն հառաչում էին Հայաստանի պարտելիության և թուրքա-ազերիական անպարտելիության մուղամները։ Սրանց ապազգային ցուցքի հանդեպ ի՞նչ է Փերինչեքի բառաչը, որը վերք է դարձել մեր սրտերում։ Իսկ Կոմիտասի երգերում մուղամի հովեր, Սայաթ-Նովայի արյան մեջ էլ ազերբայջանական հետքեր «հայտնագործող կրեատիվ կրետինի» պահվա՞ծքը...
Բարի, հանրային կարծիքը հանրորեն հրաբխեց իր արհամարհանքը նրանց նկատմամբ։ Սակայն չէ՞ որ մենք գոնե դեյուրե պետություն ենք, ունենք դրոշ, օրհներգ, զինանշան։ ՈՒնենք նաև մարտահրավերային հասարակություն, որի մի բևեռում մուրացիկ-թափառաշրջիկներ են, բաղաձայն-կիսաքաղց մտավորականությունը և սահմանամերձ համայնքների հերոս-բնակիչները, հակադիր բևեռում, այո՛, նրանք են, Համաշխարհային բանկի և ՄԻԵԴ-ի, միով բանիվ՝ «300-ի կոմիտեի» սիրասուն, մի քիչ էլ զոմբիացված սանիկները՝ օլիգարխիկ-մենաշնորհատերերը, դայլայլուն-մշտակուշտ քաղպոռնիկները և աղանդավորական հրոսակները։ Մի խոսքով, նախ պիտի որ պետական մակարդակով ՀՀ-ում ամորձատվի փերինչեքականությունը։ Հետո արդեն բանական հնարավորություն և բարոյական իրավունք կունենանք դատափետելու ՄԻԵԴ-ն ու արևմտյան քաղաքակրթությունը, որը վաղուց, արդեն 100 տարի, օր օրի քաղաքակրտվում-մանկուրտացվում է։ Այսինքն՝ ընկղմվում է այն աղբահորը, որը փորել է վերջին հարյուրամյակներում։ Այսինքն, Վերածննդից հետո։

«Մենք ենք, մեր սարերը»-ի հայտնի իմաստասեր հովիվը բավականին ուրույն տեսակետ ուներ ժամանակակից աշխարհի խարդավանքի մասին. «աշխարհը պտտվո՜ւմ է, քամակը դեմ է անում...»։ Այո՜, դավադիր է ներկա աշխարհի «քամակը», քանի դեռ անպաշտպան է մեր պետականության «դմակը»։ Աշխարհը դիմակավոր է հանդեպ մեզ, անհրաժեշտության դեպքում էլ երախտամոռ։ Այնինչ աշխարհի չորս ծագերում մենք աղ ենք հանդիսացել և այդպես էլ կանք։ Է, ե՞տքը, բա հետո՞։
Աշխարհը պտտվում է, Հայաստանն էլ, հասկանալի է, նրա պտույտից առայժմ դուրս չի ընկնում։ Եվ հարց՝ ո՞րն է մեր հավերժության թալիսմանը։ Հարցը լմնցավ, զի պատասխանը հայտնի է. մեր հավերժության թալիսմանն է ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ։ Մենք անգամ Տիգրան 2-րդ Մեծի օրոք էինք փառահեղ իրական նվաճումները ծառայեցնում բարոյական հաղթանակներին։ Այսպես, երբ հույն վարձկան պահակազորը բացեց Տիգրանակերտ քաղաքամոր դարպասները հավատակից հռոմեացիների առջև, և քաղաքամայրը ծնկեց, մենք տոնեցինք մեր բարոյական առաջին մեծ հաղթանակը։ Բարոյական հաղթանակի գլուխգործոց է փերինչեքյան զարհուրելի գործը, զի հայոց պետական բարձր օթյակներն են հրովարտակներ հղում առ մարդկություն և հայություն։ Երկրի գլխավոր դատախազությունը խստակյաց և խոհեմ հրովարտակում է, թե ՀՀ կառավարության պահանջները Փերինչեքի գործով ամբողջությամբ բավարարվել են։ Կեցցե՛ք։ Եվ հավատացեք, որ հանրությունը կուլ տվեց ձեր այս գույնզգույն թունահաբը, սակայն նա պահանջատեր է և կամենում է հասկանալ, որքա՞ն գումար է ծախսել ՀՀ կառավարությունը (այսինքն՝ որքա՜ն խոր է սողոսկել հարկատուներիս անբախտ գրպանները) միջազգային ճանաչում ունեցող փաստաբանական թիմ պահելու համար։ Թվերն այնքան ահարկու ճոխ են, որ լուրջ մտորումների տեղիք են տալիս։ Եվ ահա թե ինչու. եթե մեր պետական բյուջեն կարող է 8 տարի շարունակ աշխարհահռչակ-աստղային իրավաբանների վարձել և խրոխտ կարգադրել անվարան պաշտպանել հայոց օրինական շահը, ապա մեր բյուջեն իրականում չափազանց հարուստ է, պարտք ու պահանջ չունի և այլն։ Իսկ գուցե գաղտնաբար մի փառահեղ վարկ են ձեռք գցել Համաշխարհային կամ այլ մի բանկից, ասենք` այսպիսի անվանակարգում. «Անհատույց վարկ ՀՀ-ին՝ ՄԻԵԴ-ում բարոյական հաղթանակ տանելու համար»։
Գուցե։ Իսկ ես ոչ պակաս հիմնավոր տագնապ ունեմ, որ մեր բյուջեն իսպառ դատարկ է։ Ըստ ունեցածս տվյալների, ՄԻԵԴ-ի փաստաբաններին վճարվել է մեր ողջ բյուջեն։ Եթե կառավարությունը զառանցանք է համարում ասվածը, թող հրապարակի բարոյական այս փառապանծ հաղթանակն ապահոված գումարի չափը։

ՄԻԵԴ-ի «հայացունց» վճռից առաջ Ստրասբուրգում հանրային մի հուզիչ քննարկում կազմակերպեց «Թալեաթ փաշա» կոմիտեն։ Փերինչեք Դողուն բացման խոսքում կիսալուսնաձևեց հետևյալը. «Այստեղ բոլորս խոստանում ենք, որ կառուցելու ենք Մուստաֆա Քեմալի ազգայնականության, ժողովրդականության, պետականության, աշխարհիկության և հեղափոխականության Թուրքիան»։ Կեցցե՛ս։ Մենք ևս կեցցե՜նք, զի 25 տարի է՝ պետություն ենք կառուցում և, հարկավ, այն ազգայնական է (իշխանությունների կողմից հրահրվող և խրախուսվող շահաբասյան արտագաղթը վկա), ժողովրդական է (ԼԳՏԲ-ականների և աղանդավորաց խանդավառ խրախճանքը արդյո՞ք ժողովրդականության հաստատումը չէ), պետական է (երբ պետությունը վարչատնտեսաքաղաքական սուլթանիկների հարեմն է, արդյո՞ք մենք չենք պետականակերտվում), աշխարհիկ է («տարածաշրջանային վետերոկ» պատվատիտղոսը, ինչ է, հենց այնպե՞ս շնորհվեց մեզ), և այսպես շարունակ, և այսպես անփառունակ։

ԿՈՒՍԱԹԱՓ ԿՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
(սարկաստիկ իրիկնահաց)
Լուսահոգի եղբայր իմ, Լևոն Անանյան, խորագետ գործիչ, մի՞թե մենք մեր հայրենիքի կալվածքներում չենք կանգնած, և մի՞թե մեր անտառներում դրախտի թռչունները չեն դայլայլում։ Դայլայլում են հանց կաչաղակ, սա ո՞նց մերժենք։ Ի դեպ, նաև անհրաժեշտաբար փաստենք, որ երբ Ալթայից և Միջին Ասիայից Փոքր Ասիա և Հայկական լեռնաշխարհ ներխուժեց քոչվոր օղուզ թյուրքական ցեղը, նրա հետագիծը չէր կարող անհետևանք անհետանալ։ Այո, այն կա և՛ ներկա Թուրքիայի, և՛ արդի Հայաստանի հողում, օդում և ջրում։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Ով է հաղթել այս իրավական ժանտախտ-խրախճանքում։ Մե՞նք։ Թուրքե՞րը։ Բնավ։ Հաղթել է ամորձատված ու քյաֆթառ մասոնական Եվրոպան։ Մասոնական օթյակները կրկին առաջնադիրքում են և վերստին ինքնաբավ խրխնջում են։ Չէ՞ որ հաղթանակը կատարյալ է։
Խրխնջացեք, պարոնայք, խրխնջացեք... Ծայրահեղական իսլամի վարակակիր երկնագույն ուղտը շուտով, շա՜տ շուտով չոքելու է յուրաքանչյուր եվրոպացու դռանը, և աշխարհի քարտեզներում ի հայտ կգա մի նոր գերաշխարհամաս՝ Եվրաբիան։

Դիտվել է՝ 2535

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ