«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ինչ-որ ալիք է բարձրացել, որ դժվար է ասել՝ ո՞ւմ ո՞ր ափ է նետելու

Ինչ-որ ալիք է բարձրացել, որ դժվար է ասել՝ ո՞ւմ ո՞ր ափ է նետելու
20.10.2015 | 12:03

Տարածաշրջանում բրոունյան շարժում է սկսվել՝ անկարգ, անկանոն, անհետևողական: Թուրքիան նորից է գնում խորհրդարանական ընտրությունների ու նոյեմբերի 1-ին կպարզի, թե դեպի ո՞ւր: Եթե «Արդարություն և զարգացումը» հաղթի ու մեծամասնություն կազմի, 1-2 տարում Էրդողանը կգնա Սահմանադրության փոփոխության ու նախագահական կառավարման, թեպետ այդ հարցում ունի միայն 30 % աջակցություն: Բայց Եվրոպան չի ուզում Էրդողանին կորցնել: Համենայն դեպս՝ Գերմանիան: Անգելա Մերկելը կիրակի օրը Անկարայում նրան ոչ միայն փախստականների հոսքը կասեցնելու համար միլիարդավոր եվրոներ խոստացավ, այլև՝ ԵՄ մուտքը դյուրացնել պետության համար, իսկ քաղաքացիների համար վիզան վերացնել: Ով-ով, Գերմանիայի կանցլերը լավ գիտի, թե այս օրերին իր այցն Անկարա քաղաքական ինչ գին ու նշանակություն ունի: Մի սպասեք, որ Գերմանիան այս տարի ցեղասպանություն է ճանաչելու:
Նոյեմբերի 1-ին նախագահական ընտրությունների է գնում Ադրբեջանը, ով էլ ընտրվի, կառավարման մոդել չի փոխվի, Ադրբեջանում՝ ոնց Ադրբեջանում, բայց ընտրություններից առաջ սկանդալները հաջորդում են իրար: Եվրոպական կառույցներից միայն ԵԽԽՎ-ն դիտորդներ կուղարկի ընտրություններին, մարդու իրավունքների ոլորտում համագործակցությունը Ադրբեջանի հետ դադարեցրել է ԵԽ-ն, քաղաքացիական ակտիվիստների ու լրագրողների հետապնդումները չեն դադարում, դատավարությունները հերթագայում են սերիալների հետ: Ավելացավ ավելի մեծ սկանդալ՝ նախագահի հրամանագրով պաշտոնանկվեց ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովը, որ 2004-ից անփոփոխ պաշտոնավարում էր: Պաշտոնական վարկածը՝ պաշտոնատար անձանց հեռախոսները գաղտնալսելու կասկածն է, որի համար ձերբակալվել են ազգային անվտանգության նախարարության մի քանի աշխատակիցներ՝ իբրև Էլդար Մահմուդովի հրամանը կատարողներ: Իրականում, սակայն, Մահմուդովի պաշտոնանկության պատճառը լրտեսությունն է բոլորովին այլ ոլորտում՝ նախարարին մեղադրում են պետական գաղտնիքները երրորդ պետությունից չպահպանելու համար: Իլհամ Ալիևի համար կա շատ ավելի մեծ մարտահրավեր՝ «Իսլամական պետության» շարքերում կռվում է տարբեր հաշվարկներով 3-5000 ադրբեջանցի, որ, իրենց համար հանգամանքների բարենպաստ դասավորության պարագայում, կարող են վերադառնալ հայրենիք: Իսկ դա Իլհամ Ալիևի իշխանության համար շատ ավելի մեծ սպառնալիք է, քան Ադրբեջանի բոլոր ժամանակների ընդդիմադիրները միասին վերցրած:
Վրաստանում 60 %-ը ցանկանում է խորհրդարանական կառավարումից վերադառնալ նախագահականի: Ընդհանրապես՝ նոստալգիան պատել է վրացիներին: Ամերիկյան NDI-ի՝ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հարցումներով Վրաստանում նախկին իշխանությունների վարկանիշը ավելի բարձր է, քան իշխող դաշինքինը: Եթե խորհրդարանական ընտրությունները ոչ թե եկող տարի, այլ այս տարի անցկացվեին, Միխեիլ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կհաղթեր՝ վերադառնալով իշխանության, իսկ իշխող «Վրացական երազանք» դաշինքը երկրորդը կլիներ՝ դառնալով ընդդիմություն: Հարցվածների 61 տոկոսը կողմ է Եվրամիությանն ինտեգրմանը, 21 տոկոսը դեմ է: Մեկ տարում եվրոպական ինտեգրման կողմնակիցների թիվը 17 տոկոսով նվազել է, ԵԱՏՄ-ին անդամակցելուն դեմ է 46 տոկոսը: ՈՒ ի՞նչ է ուզում Վրաստանը: Բացի խորհրդարանը Քութայիսից Թբիլիսի վերադարձնելը: ՆԱՏՕ-ին անդամակցելը: Առանց վիզայի Եվրամիության երկրներ գնալ-գալը: Երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելը: Պարզապես՝ լավ ապրելը: Ոչինչ ավելին, ոչինչ պակաս:
Իրանից արդեն հանվում են պատժամիջոցները, թե ԱՄՆ-ը, թե ԵՄ-ն գործընթացը սկսել են: Եկող տարին Թեհրանի համար կլինի նոր սկիզբ, եվրոպական բոլոր մայրաքաղաքները արդեն պատվիրակություններ են ուղարկել Թեհրան՝ տնտեսական համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու: Իրանը մտադիր է վերականգնել նավթի արդյունահանման նախապատժամիջոցային ծավալները, որ նավթի նոր գնանկման պատճառ կարող է դառնալ շուկայում: Բայց ֆինանս է պետք և Իրանին դա չի կասեցնի: Հավելեք Իրանի ռազմական մասնակցությունը «Իսլամական պետության» դեմ պայքարին Իրաքում ու Սիրիայում: Տարածաշրջանում բացահայտորեն նոր առաջատար է ձևավորվում, որ ունի տնտեսական, ռազմական ու, իհարկե, քաղաքական հավակնություններ: Այն, ինչ արաբական գարնան հովերով փորձում էր ստանալ, բայց չստացավ Անկարան: Իսկ եթե մի քիչ տարածաշրջանից դուրս գանք՝ շրջադարձային փոփոխություններ են լինում Սիրիայում: Ակնհայտորեն նախագահ Բաշար Ասադին քիչ ժամանակ է մնում, երբ արդեն ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է հայտարարում, որ Սիրիայի նախագահի հարցը լուծված է: Առավելագույնը նա կստանա ալավիտական Միջերկրածովյան ափամերձ տարածքով պետություն, եթե համաձայնության գան Մոսկվան ու Վաշինգտոնը: Մեկ տարի հետո պատերազմը կավարտվի՝ հույս ունեն սիրիացիները:
Իսրայելում արաբներն ու հրեաներն են անցել դանակների պատերազմի, առանց սպանությունների ու բռնությունների ոչ մի օր՝ նշանաբանով: Սա անակնկալ բռնկում էր Իսրայելի համար, որտեղ հրեաներ-արաբներ հարաբերությունները միշտ եղել են կառավարելի, բռնությունների այս պոռթկումը երրորդ ինտիֆադայի կարող է հանգեցնել, ավելի հոռետեսները Երուսաղեմի բաժանման մասին են խոսում, որ աշխարհագրորեն գուցե հնարավոր, բայց գործնականում անհնար է թվում: Սկանդալի պատճառը Ալ Աքսա մզկիթում աղոթելու փորձ արած հրաներն են համարվում, բայց դա պատրվակ է, իրական պատճառը ազգամիջյան հակասություններն են:
Ինչ-որ ալիք է բարձրացել, որ դժվար է ասել՝ ում որ ափ է նետելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ մե՞նք: ԵԱՏՄ անդամ Հայաստանը ԵՄ-ի հետ է բանակցում Արևելյան գործընկերության ծրագրով համաձայնագիր կնքելու համար: Հարևան Իրանի հետ է բանակցում էներգետիկայից ենթակառուցվածքներ՝ համագործակցության համար: Չինաստանի հետ է բանակցում Իրանին կապող երկաթուղին ֆինանսավորելու՝ Մետաքսի մեծ ճանապարհի մաս դառնալու համար: ՀԷՑ-ի սեփականատեր է փոխում՝ վաճառքին համաձայնություն տալով առանց մրցույթի: Սահմանադրություն է ուզում փոխել: Քաղաքական դաշտ է վերավերավերադասավորում: Հրադադարի խախտումներին է դիմակայում՝ խաղաղապահների տեղակայումը ոչ բացառելով, ոչ հաստատելով: Էլ ի՞նչ: Չէ, ոչինչ, պարզապես մինչև վաղվա պայծառ օրը դեռ կա այսօրն ապրելու խնդիրը:

Դիտվել է՝ 1068

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ