Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Եթե նույնիսկ չգիտես ուր ես գնում, մի տեղ հասնում ես

Եթե նույնիսկ չգիտես ուր  ես գնում, մի տեղ հասնում ես
06.10.2015 | 00:09

Եթե ոմանց թվաց, որ ՄԱԿ-ում ՈՒկրաինայի հարցը երկրորդ պլան էր մղված, ու դա արդար չէր, հոկտեմբերի 2-ին Փարիզում Նորմանդական քառյակի երրորդ հանդիպումը կայացավ ՈՒկրաինայի հարցով: Ելիսեյան պալատում հանդիպեցին տանտերը՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Ի տարբերություն Մինսկի 16-ժամյա հանդիպման, այս հանդիպումը վեց ժամ տևեց ու համաձայնագրերով չնշանավորվեց: Նորմանդական քառյակը երկարաձգեց Մինսկյան համաձայնագիրը և համակողմանի քննարկեց… Սիրիայի հարցը: Ի սկզբանե Օլանդը ասաց՝ երաշխավորում եմ՝ գիշերը միասին չենք անցկացնելու: Իսկ Մերկելի ինքնաթիռը երեք ժամից պիտի Բեռլին թռչեր:
Օլանդ-Պուտին, Պուտին-Մերկել, Օլանդ-Պորոշենկո առանձնազրույցներից հետո քառյակը հավաքվեց նույն սեղանի շուրջ, Մյուրատի սրահի փոխարեն՝ Ելիսեյան պալատի այգում: Պուտինի ու Պորոշենկոյի հեռանալուց հետո լրագրողների հետ մնացին Մերկելն ու Օլանդը: Ֆրանսիայի նախագահն ասաց, որ կողմերը համաձայնության են եկել օրակարգի գլխավոր հարցում՝ Մինսկյան համաձայնագիրը կգործի և 2016-ին: Գերմանիայի կանցլերն ասաց. «ՈՒկրաինան բոլոր հիմքերն ունենալով՝ սպասում է իր տարածքային ինքնիշխանության վերականգնմանը: Առայժմ դա չի վերաբերում Ղրիմին, առայժմ վերաբերում է երկրի մնացած տարածքին»: Մերկելի այդ հայտարարությունը համարյա սենսացիա է, որ կարող է նշանակել Ղրիմի հարցում վերաբերմունքի հետագա փոփոխություն: Ածանցյալ արդյունքներով: «Ամբողջ օրվա ընթացքում մենք գնահատում էինք մինսկյան համաձայնությունների իրականացումը և ձգտում էինք քննարկել հեռանկարները: Բոլոր կետերով մենք պետք է տեղավորվենք համաձայնագրով նախատեսված ժամկետներում», ասաց Օլանդը և հավելեց, որ ստիպված կլինեն դեկտեմբերի 31-ից հետո էլ աշխատել: Նորմանդական քառյակն առաջարկում է սկսել թեթև զինատեսակների հետքաշումը ՈՒկրաինայի արևելքից: Ֆրանսուա Օլանդն ասաց, որ հրադադարը հիմնականում պահպանվում է, Մերկելի կարծիքով՝ կողմերից ոչ մեկը 100 %-ով չի կատարում պայմանավորվածությունները: Ընտրությունների մասին Օլանդն ասաց, որ համաձայնել են ընտրություններն անցկացնել ուկրաինական օրենսդրության համաձայն՝ օրենքն ընդունելուց 80 օր հետո: «Մենք կողմերին կոչ արեցինք մասնակցել այդ գործընթացին: Հոկտեմբերի 18-ին նախատեսված ընտրությունները տեղի ունենալ չեն կարող, քանի դեռ որոշակի պայմանավորվածություններ կատարված չեն»,- ասաց Օլանդը: Ըստ ռուսական կողմի՝ Նորմանդական քառյակը պայմանավորվել է ՈՒկրաինայում ու Դոնբասում ընտրությունների հետաձգման մասին և հորդորել է Կիևին բանակցություններ սկսել ապստամբների հետ, ինչից ՈՒկրաինայի նախագահը խուսանավում էր՝ նրանց չհամարելով բանակցային կողմ: Ռուսական կողմի գնահատականով՝ դա հանդիպման շատ կարևոր արդյունք է՝ Կիևի վրա ճնշում է գործադրվում կատարելու Մինսկյան համաձայնագրերը: Դատելով Օլանդի ու Մերկելի հայտարարություններից՝ Կիևը պետք է ընտրությունները համաձայնեցնի Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունների հետ և Դոնբասի հատուկ կարգավիճակն ամրագրի Սահմանադրության մեջ: Իսկ դա նշանակում է Գերագույն ռադայից հետ կանչել սահմանադրական փոփոխությունների փաթեթը և լրամշակել, որը բարդ գործընթաց է՝ հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը ՈՒկրաինայում: Գուցե նաև այդ պատճառով մինսկյան համաձայնագրերի կատարման ժամկետը երկարաձգվեց: ՈՒկրաինայի հարավ-արևելքի կոնֆլիկտը փակուղի է մտել, և դիվանագիտության միակ հրատապ խնդիրը դարձել է Դոնբասում կռիվների դադարեցումը: Ինչպես Նյու Յորքում, Փարիզում էլ Սիրիայի հարցը գերիշխել է. ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ իր նախագահը ներկայացրել է Մերձավոր Արևելքում ՌԴ օդատիեզերական ուժերի գործողությունների հիմնական նպատակները:

Մինչ ՌԴ նախագահը Փարիզում էր, ռուսական զինուժը ռմբակոծում էր Սիրիայի տարածքում տեղակայված ահաբեկիչներին: Այս կետում գնահատականները տարբերվում են: Ռուսական կողմը պնդում է, որ կետային հարվածներ է հասցնում միայն ու միայն ԻՊ-ի զինյալներին և «բարձր արդյունավետությամբ իրականացված» գործողություններով մեկ օրում ռուսական Cy-34 և Cy-24M ինքնաթիռները Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 9 օբյեկտ են խոցել: ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան հակառակ կարծիքի են: Նկատեք, որ ոչ Ֆրանսիան և Գերմանիան: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ ռուսական ռազմաօդային ուժերը տարբերություն չեն դնում ԴԱԻՇ-ի ահաբեկչական խմբավորումների և սիրիական ընդդիմության ակտիվիստների միջև: Ռուսաստանի ավիահարվածները, փաստորեն, ուղղված են Բաշար Ասադի վարչակարգի աջակցմանը և երկրում իրադրությունն ավելի են վատացնում: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման «աղետալի դեղատոմս» է համարել Սիրիայում Ռուսաստանի գործողությունները: Նա համաձայն չէ, որ Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարողներն «ահաբեկիչներ են»: Օբաման կարծում է, որ ռուսական օդուժի հարվածներն ուղղված են ոչ թե «Իսլամական պետության» կամ ահաբեկչական ուրիշ խմբավորումների, այլ սիրիական ընդդիմության դեմ, և դա հեռացնում է Սիրիայում ճգնաժամը հաղթահարելու քաղաքական որոշման հնարավորությունը: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները, որ բանակցում են Աստանայում, որոշել են Ղազախստանի ղեկավարությանը խնդրել Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործընթացում միջնորդ դառնալ: ՈՒ մինչ ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ ԻՊ-ի զինյալները խուճապահար փախչում են, Սաուդյան Արաբիան պահանջել է Ռուսաստանից դադարեցնել ավիահարվածները:
Սաուդյան Արաբիան և սուննիական այլ երկրներ զգուշացրել են Օբամային, որ ռուսական ռազմական միջամտությունը Սիրիայում կարող է հարուցել ԻՊ և «Ալ Քաիդայի» էքստրեմիստական խմբավորումների ֆինանսավորման աճ և նրանց շարքերը բերել նորակոչիկների նոր ալիք և օգնել առավել մեծ տարածքներ գրավել Մերձավոր Արևելքում: Բարաք Օբաման և Ջոն Քերին հայտարարել են, որ բաց են Ռուսաստանի ու Իրանի հետ համագործակցության համար՝ կայունացնելու իրավիճակը Սիրիայում, բայց արաբական երկրները չեն կարող միանալ մի պայքարի, որ ամրապնդում է Ասադի և Իրանի դիրքերը: The Wall Street Journal-ը գրում է, որ Նյու Յորքում Քերին զգուշացրել է Պուտինին՝ սուննիական երկրների հետ կարող է լուրջ խնդիրներ ունենալ ու նույնիսկ ջիհադիստների թիրախ դառնալ, եթե աջակցի Ասադին՝ Իրանի կամ լիբանանյան «Հըզբոլլահի» հետ համատեղ:
Ռազմաօդային գործողությունները Սիրիայում Ռուսաստանը մտադիր է շարունակել երեք-չորս ամիս՝ խուսափելով այնտեղ խրվելու ռիսկից: Բայց կա շատ ավելի մեծ ռիսկ՝ գործնականում Սիրիայում միմյանց են բախվում ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Մոսկվան հայտարարում է, որ ռմբակոծում է ահաբեկիչներին: Եթե ԱՄՆ-ը սահմանափակվում է ԻՊ-ով, որի դեմ հսկայական կոալիցիա է պայքարում ու առանձնապես արդյունքների չի հասել, Ռուսաստանը «ահաբեկիչ» հասկացության մեջ իսկապես ներառում է սիրիական ընդդիմությանը, որին պաշտպանում ու զինում է Արևմուտքը: Բացի սուննի-շիա բախումներից փաստացի միմյանց են բախվում ԱՄՆ-ը և Ռուսաստանը՝ որերորդ անգամ կրկնվում է «միջնորդավորված պատերազմի» պատմությունը:
Երբ ՌԴ նախագահը պատրաստվում էր Նյու Յորք մեկնել, շատերն էին հիշում Նիկիտա Խրուշչովի սկանդալային ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից ու նրա հանրահայտ կոշիկը ¥թեպետ պատմությունը լռում է, թե իրականում ո՞ւմ կոշիկն էր Նիկիտա Սերգեևիչի ձեռքում՝ ի՞ր, թե՞ հետը վերցրել էր¤: Պուտինը ոչ իր, ոչ ուրիշների կոշիկները չհանեց, ավելին արեց՝ արտաքին քաղաքական հարթության մեջ. նա համաշխարհային քաղաքական հարթակ վերադարձրեց Ռուսաստանը այն պահին, երբ այդ հարթակում սպասում էին իրենց իսկ պատժամիջոցների արդյունքին՝ Ռուսաստանի թուլացմանը և քաղաքական մեկուսացմանը: Համենայն դեպս՝ որոշակի ժամանակով: Սպառելով դիմակայության բոլոր միջոցները, Պուտինը դիվանագիտական ասպարեզ բերեց ամենախոսուն փաստարկը՝ բանակը: Եվ՝ միջազգային բոլոր չափանիշները պահպանելով: Թերևս այսօր պարզվում է, թե ժամուկես Նյու Յորքում ինչ էին խոսում նա և ԱՄՆ նախագահը: Ժամանակի մեջ հաստատ ավելի ու ավելի պարզ են դառնալու պայմանավորվածությունների թիվն ու խախտումները:
Իսկ այդ ընթացքում Հայաստանում ու Հայաստանի շուրջ իրադարձություններ են զարգանում, որ գերտերությունների ուշադրության կենտրոնում չեն, բայց և առանց նրանց չեն կատարվում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդիպումների ու ելույթների մեջ, բացի ՀՀ նախագահից ու Ադրբեջանի արտգործնախարարից, Լեռնային Ղարաբաղը հիշեց մեկ էլ ՈՒկրաինայի նախագահը: Պուտինի հետ Փարիզում հանդիպելուց առաջ նրան պետք էր ցույց տալ, որ նահանջի մտադրություն չունի և նա Ռուսաստանն անվանեց ագրեսոր, հիշատակեց հետխորհրդային բոլոր կոնֆլիկտները ու Մոսկվային մեղադրեց, որ իր ազդեցությունը պահելու համար պահպանում է կոնֆլիկտները: Այս համապատկերում ավելի է խորանում հակամարտության շփման գծում խաղաղարարների տեղակայման խնդիրը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ԱՄՆ-ը տարբեր մակարդակներով հայտարարել է, որ դա սպեկուլյացիա և շահարկում է, հարևան Իրանը առայժմ լռում է, Ադրբեջանի արտգործնախարարը Նյու Յորքում չբացառեց, որ Ադրբեջանը կարող է ԵԱՏՄ-ին անդամակցել՝ «Երբեք մի ասա երբեք» տարողունակ, բայց ոչինչ չասող բանաձևով: ՀՀ նախագահը Նյու Յորք մեկնելուց առաջ հայտարարեց, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է՝ առիթ տալով, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նրա հայտարարությունն անվանի ագրեսիայի ապացույց, իսկ ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը ճշտի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը բանակցությունների առարկա է: Իհարկե, Սերժ Սարգսյանի հայտարարությունը չէր նշանակում, որ Հայաստանը դուրս է գալիս բանակցություններից՝ թեման սպառված համարելով, ոչ այնքան իրավական, որքան քաղաքական հայտարարություն էր՝ ի պատասխան Բաքվի սադրանքների, այլապես դրանից հետո ոչ ՀՀ նախագահը, ոչ արտգործնախարարը չէին ասի, որ Հայաստանը հարցի լուծումը տեսնում է բանակցային ճանապարհով: Իլհամ Ալիևը այդպես էլ Նյու Յորք չգնաց, իսկ Սերժ Սարգսյանը կարճ առանձնազրույց ունեցավ Բարաք Օբամայի հետ՝ «համահայկական օրակարգով», որ, իհարկե, բաղկացած է Լեռնային Ղարաբաղից, հետո մյուս հարցերից: Բայց ինչ-որ բումերանգ է պտտվում այս շրջագծում, և դեռ չի երևում, թե ով է նետել: Համարյա զուգահեռ իրենց նախկին ու միմյանց ելույթներին հակասող ելույթներ են ունենում ՀՀ նախագահն ու արտգործնախարարը՝ Դուշանբեից Նյու Յորք ու Վաշինգտոն, հետո Երևան է գալիս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ու ասում է, որ ՀԱՊԿ-ը պետք է միշտ պատրաստ լինի խաղաղապահ գործողությունների: Ասում է, որ աշխարհի մի շարք թեժ կետերում սրվել է իրավիճակը ու կարիք կլինի խաղաղապահներ մտցնել: Բայց եթե ՀԱՊԿ-ը չունի միջազգայնորեն ճանաչված խաղաղապահ մանդատ, «աշխարհի մի շարք թեժ կետեր» սկսվում ու վերջանում են ՀԱՊԿ տարածքով: Հայաստա՞նը նկատի ուներ: ՈՒ Հայաստանը համաձա՞յն է: ՀՀ պաշտպանության նախարարը քանիցս հաստատել է, որ Հայաստանի բանակը տիրապետում է իրավիճակին, բայց սա ոչ թե ռազմական, այլ քաղաքական քայլ է: ՈՒ ի՞նչ: Վերադարձ 1920-ի՞ն: Թե գոնե հինգ տարի ունենք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Լինում է, չէ՞, որ կայծակը կա, իսկ որոտը՝ ոչ, առավել ևս այդպես էլ անձրև չի գալիս: Ի վերջո, նույնիսկ եթե չգիտես՝ ուր ես գնում, մի տեղ հասնում ես: Բայց դա մխիթարություն չէ, եթե ճանապարհը կա, իսկ դու չես գնում:

Դիտվել է՝ 1213

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ