«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱՄՆ-ը բացել է Պանդորայի արկղը

ԱՄՆ-ը բացել է Պանդորայի արկղը
17.07.2015 | 00:04

Երևանում հուլիսի 9-ին Իրանի մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Պաղեստինի ազատագրման միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցում էին իրանցի հյուրեր և մեր համաքաղաքացիները: Միջոցառումը սկսվեց Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամադ Ռեիսի ելույթով: Խոսքը վերաբերում էր Պաղեստինի խնդրի և Իսրայելի հանցավոր գործողություններին, իսլամական պետություններին՝ Սաուդյան Արաբիային և Թուրքիային: Միջոցառման կազմակերպիչների հրավերով ելույթ ունեցավ և տողերիս հեղինակը: Կարծում եմ՝ հասարակությունը պետք է տեղյակ լինի խնդրին, որ 1948-ից տանջում է Մերձավոր Արևելքի ժողովուրդներին:

Մերձավոր Արևելքի տարածաշրջանի ժամանակակից զարգացումները, ցավոք, շատ դրամատիկ են և արաբ ժողովրդի ճակատագրում, և այն ժողովուրդների, որ ապրում են արաբական երկրներում, նրանց թվում՝ մեր հայրենակիցների: Խորքային վերլուծության տեսակետից՝ արաբական երկրների ողբերգության պատճառը, չնայած նախորդ տասնամյակների բազում փորձերին, համաարաբական միասնության չհասնելն է: Հենց այդ պատճառով, չնայած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ու Անվտանգության խորհրդի բանաձևերին, Պաղեստինյան ինքնավարությունն այդպես էլ Պաղեստինի արաբական անկախ պետություն չդարձավ: Պաղեստինի շուրջ և ներսում իրավիճակի խորքային վերլուծությունը միանշանակ վկայում է, որ Իսրայելին 1948-ից հետո տասնամյակ առ տասնամյակ հաջողվում է կասեցնել արաբների ու միջազգային հանրության՝ օկուպացիային վերջ դնելու ջանքերը, որովհետև արաբական մի շարք երկրների հետգաղութային որոշ վարչակարգեր դավաճանում են ոչ միայն արաբական աշխարհին, այլև մուսուլմանական:
Արաբների ու իսլամի դավաճանների կոալիցիան գլխավորում են, որքան էլ տարօրինակ է, մահմեդականության ցիտադելը՝ վահաբական Սաուդյան Արաբիան, նաև՝ Պարսից ծոցի երկրների խամաճիկային երկրների՝ Քուվեյթի, Կատարի, Բահրեյնի, ինչ-որ չափով Արաբական Միացյալ Էմիրությունների տոտալիտար բռնատիրության էմիրները: Հիմա արաբների ու իսլամի այդ դավաճանները, Պաղեստինի արաբների նկատմամբ դավաճանական քաղաքականության հետ, ահաբեկիչների ձեռքով արյան մեջ են խեղդում հենց արաբական երկրները՝ Իրաքը, Սիրիան, Եմենը: ԻՊ-ի ահաբեկիչների վերջին նենգ հարձակումը Եգիպտոսի վրա ցույց է տալիս, որ սաուդցիները և իրենց խամաճիկ դաշնակիցները փաստացի վարում են չհայտարարված պատերազմ այն արաբների դեմ, ովքեր համաձայն չեն ԱՄՆ-ի ու Իսրայելի թելադրանքին Մերձավոր Արևելքում և ամբողջ արաբական աշխարհում: Ալ Քաիդայի ու ԻՊ-ի ահաբեկիչների հանցագործությունները ոչ միայն ԱՄՆ-ի ու Իսրայելի ցեղասպանական քաղաքականության դրսևորումներ են Իրաքի, Սիրիայի, Եմենի արաբների դեմ, այլ նաև Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Կատարի, Բահրեյնի, ԱՄԷ-ի վարչակարգերի հանցավոր գործողությունների ապացույց: Եթե Իրաքում ու Սիրիայում իսկապես «հիբրիդային պատերազմ» են վարում այս ագահ պետությունները, որ օգտագործում են իրենց ստեղծած ու ֆինանսավորած ահաբեկչական կազմակերպությունները, Եմենում սաուդցիներն ու նրանց դաշնակիցները ոչ միայն ֆինանսավորում են Ալ Քաիդայի ու ԻՊ-ի զինյալներին, այլև իրենք են ռմբակոծում քաղաքներն ու գյուղերը:
2011-13-ի իրադարձություններից հետո իբր կամավոր հրաժարական տված նախկին նախագահ, մարշալ Ալի Աբդալա Սալեհը պահպանել է քաղաքական ու իրական անձեռնմխելիության երաշխիքները: Սալեհի հեռանալը Եմենին խաղաղություն ու հանգստություն չբերեց: Երկիրը գլխավորեց սաուդցիների դրածո, սուննի Աբդ Ռաբու Մանսուր Հադին, որ անմիջապես դարձավ ԱՄՆ-ի «մերձավոր բարեկամ», և դժգոհներն անմիջապես հասկացան, որ մրից ելել, մրջուրն են ընկել՝ բողոքական տրամադրություններ ունեցող շիա հուսիտները (զեյդիտները) Սալեհին էլ էին մեղադրում ԱՄՆ-ի շահերը սպասարկելու մեջ: Եմենը հայտնվեց քաղաքացիական պատերազմի մեջ միմյանց հակառակ շահեր ունեցող խմբավորումների միջև՝ կառավարական զորքերի, Ալ Քաիդայի վահաբականների, հյուսիսային նահանգների շիա զեյդիտների, Հարավային Եմենի անջատականների, որ հույս ունեն վերականգնել հարավ-եմենական անկախ պետությունը: Վերջին ամիսներին այստեղ ի հայտ եկան և ԻՊ-ի զինյալները: Հիմա էլ իշխանությունը Եմենում դեֆակտո զեյդիտ-հուսիտների ձեռքում է, իսկ դրածո Հադին, որ փախել էր Սաուդյան Արաբիա, առիթ դարձավ, որ ԱՄՆ-ը և Էր Ռիադը հարձակվեն Եմենի վրա, որտեղ, ամենայն հավանականությամբ, իշխանական շատ լծակներ վերադարձել էին նախկին նախագահ Սալեհին, եթե նա զեյդիտներին է աջակցում: Իհարկե, կարելի է, ԱՄՆ-ից ու Սաուդյան Արաբիայից հետո, Եմենի իրադարձություններում տեսնել «Իրանի մատը», բայց դա իրավիճակի խղճուկ պարզունակացում է: Իրանն անտարբեր չէ և երբեք անտարբեր չի եղել այլ երկրների, այդ թվում՝ Եմենի, շիաների ճակատագրի նկատմամբ: Բայց այս դեպքում մեղադրել Իրանին, որ հավատակիցներին օգնության ձեռք է մեկնում ու զուտ մարդասիրական օգնություն է ուղարկում երկիր, որն ամեն օր ավերվում է Սաուդյան Արաբիայի ու Արաբական թերակղզու սուննի վարչակարգերի ռմբահարումներից և այդ օգնությունը մեկնաբանել իբրև «ռազմական միջամտություն», անսկզբունքայնության գագաթնակետն է ու ապացույց, որ Իրանին մեղադրողները ինքնուրույն չեն ու գործում են ԱՄՆ-ի ու Իսրայելի ճնշման տակ:
Դա լիովին վերաբերում է և Թուրքիայի իշխանություններին, որ հանդես են գալիս շիա-զեյդիտների դեմ ու աջակցում են Եմենի դեմ սաուդցիների ագրեսիային: Քչերը գիտեն, որ սաուդցիների կողմից (նշանակում է՝ ԱՄՆ-ի) Եմենում շիաների դեմ հիմա ակտիվ կռվում են և Ալ Քաիդայի, և ԻՊ-ի զինյալներրը: Հաշվի առնելով, որ Ալ Քաիդայի շատ խմբավորումներ փաստացի հավատարմության երդում են տվել ԻՊ-ին, որ չարաբաստիկ «Խալիֆաթի» շարքերում միշտ և տարբեր երկրներում կռվում են բազում արտասահմանցի վարձկաններ, այդ թվում` Արևմուտքի երկրներից, եզրակացնում ես, որ Եմենի ժողովուրդը, ինչպես նախկինում Սիրիայի ու Իրաքի ժողովուրդները, դարձել է զոհ միջազգային սուննի ահաբեկիչների անթաքույց հարձակումների, որ գործում են ոչ միայն Սաուդյան Արաբիայի, այլև ԱՄՆ-ի ու Թուրքիայի հովանու ներքո, իսկ նրանց ստվերում լավ քողարկվել է Իսրայելը: Այսինքն՝ Սաուդյան Արաբիայի ու Պարսից ծոցի էմիրների հետ, մուսուլմանական աշխարհին նույնքան դավաճանում է Թուրքիան: Իսկ Թուրքիայի հատուկ ծառայությունների ու զինվորականների սերտ կապերն իրենց իսրայելցի գործընկերների հետ առանձին թեմա է, որ գալիս է XIX-XX դարերից, այդ թվում՝ Թուրքիայի իշխանության մեջ դոնմեների հայտնությանը՝ հրեաների, որ արտաքուստ մահմեդականություն էին ընդունել, իսկ հետո իրենց ձեռքը հավաքեցին ամբողջ Օսմանյան կայսրությունը և փաստացի դարձան հայ ժողովրդի դահիճներ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Միջագետքում: Այն ժամանակ դեռ չկար ոչ Իսրայելը, ոչ ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը, սակայն թուրքական ու հրեական էլիտաների կապերն ու համագործակցությունը այն հիմքն էին, որոնց վրա զարգացան ու շարունակում են զարգանալ ներկա թուրք-իսրայելյան համատեղ գործողություններն ու նախաձեռնությունները: Այդ թվում՝ հիմա տեղի ունեցողը, երբ Թուրքիայում իբր թե «չափավոր իսլամականության» դրոշի տակ իրականում փորձում են ձևավորել նեոօսմանիզմի քաղաքական կուրս և ստիպել աշխարհի մուսուլմաններին հավատալ, որ հենց Թուրքիան պետք է դառնա իսլամական աշխարհի առաջնորդ:
Ցավոք, ահաբեկչության հետ պայքարի խնդիրը չի լուծվի, քանի դեռ չի դադարում արաբական արևելքը բզկտող ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորումը և տարատեսակ անհրաժեշտ իրերով ապահովումը (այդ թվում՝ զենքով ու զինամթերքով): Դա ինքնաբերաբար առաջին պլան է մղում համատեղ ջանքերով ուժեղ ճնշում գործադրելու անհրաժեշտության հարցը Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Բահրեյնի, Քուվեյթի, ԱՄԷ-ի վրա, որպեսզի ոչ միայն փողերն ու իշխանությունը, այլև կյանքը կորցնելու վախից, այդ հանցագործ պետությունների ղեկավարները իրենք դուրս գան ԱՄՆ-ի ու Իսրայելի վերահսկողությունից: Այս երկրները մասնակից են ոչ միայն Մերձավոր Արևելքի ահաբեկչությանը, այլև՝ ահաբեկչությանն ընդհանրապես: Հենց թուրքերը, սաուդցիները և մյուսներն են ԱՄՆ-ի ու Իսրայելի «խորհրդով» ու վերահսկողության տակ ստեղծել ու ֆինանսավորել աֆղանական ու պակիստանյան «Թալիբանները», բելուջական «Ջինդուլահի» ահաբեկիչներին, «ՊԵԺԱԿ»-ի քուրդ ահաբեկիչներին, Իրանի ժողովրդի դավաճան «Մոջահեդին -է-հալկ»-ին և այլ ահաբեկիչների: Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի շոշափուկներն են տարածվել մինչև Չինաստանի ույղուր ահաբեկիչներին, որոշ ահաբեկչական խմբերի Հնդկաստանում ու ուրիշ երկրներում: Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և մյուսների այդ ակտիվության դրսևորումների հետ 1991-2001-ին բախվել է և Ռուսաստանը, 1991-94-ին՝ Հայաստանն ու Արցախը: Հետևաբար, ահաբեկչության դեմ պայքարի հարցը պետք է լուծվի այնպես, որ ահաբեկչական հարձակումների ու ցեղասպանության փորձերի ենթարկված երկրներն ու ժողովուրդները պարտավոր են նախ պայքարել ահաբեկիչների ֆինանսավորման աղբյուրների հետ: Այսինքն՝ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պարսից ծոցի արաբական էմիրությունների նրանց խամաճիկային դաշնակիցների: Ինչպես նշել են շատ վերլուծաբաններ՝ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի ու Կատարի առանձին գործողություններում նկատելի է, որ միջազգային ահաբեկչությունը ֆինանսավորողները փորձում էին խաղարկել ԱՄՆ-ի ու Իսրայելի շահագրգռությունը քաոս ու անկայունություն սերմանել Մերձավոր Արևելքում ու Հարավային Ասիայում:
Հիմա Եմենի ժողովուրդը, ինչպես մինչ այդ Սիրիայի ու Իրաքի, զոհ է դարձել միջազգային ահաբեկիչ սուննիների անթաքույց հարձակումների, որ գործում են ոչ միայն Սաուդյան Արաբիայի, այլև ԱՄՆ-ի ու Թուրքիայի ու նրանց ստվերում քողարկվող Իսրայելի հովանու ներքո: Շատ երկրներ, այդ թվում՝ Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, արդեն բացահայտ մեղադրել են ԱՄՆ-ին, որ Եմենի օրինակը պերճախոս ապացույցն է Վաշինգտոնի քաղաքականության կրկնակի ստանդարտների հանցավոր սկզբունքի: «Հրահանգելով» ու նույնիսկ աջակցելով նախագահ Սալեհին գահընկեց անելուն, սեփական դրածո Հադիին իշխանության բերելով, ԱՄՆ-ը բացեց Պանդորայի արկղը, քանի որ եթե ինչ-որ մեկն իշխանության է գալիս պետական կամ զինված հեղաշրջումով, մշտապես պետք է պատրաստ լինի, որ նույնկերպ իրեն էլ գահընկեց կանեն: Չի կարելի այս ամենի հետևում չտեսնել ոչ միայն ահաբեկչության հովանավորություն Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Կատարի և մյուս երկրների կողմից, այլև նրանց դավաճանական դերը իսլամական աշխարհում, ամբողջ Արևելքում:
Ի՞նչն է սկզբնապատճառը: Եզրակացությունը կարող է անսպասելի լինել: Չարիքի արմատը, Իրաքի, Սիրիայի, Եմենի, ավելի վաղ՝ Լիբիայի և մյուս երկրների ողբերգությունների պատճառը… Պաղեստինի չլուծված հարցն է: Պաղեստինի արաբական պետության կազմում պետք է լինեն ոչ միայն Գազայի հատվածը, Երիքոնը, Բեթղեհեմը, Ռամալան, միջուկը պետք է դառնա Հորդանանի ամբողջ Արևմտյան ափը և, իհարկե, Արևելյան Երուսաղեմը Ալ Ակսա մզկիթով: Պաղեստինի խնդրի այս լուծման դեմ է 1948-ից հանդես գալիս Իսրայելը: Այդ պատճառով, երբ սաուդցիները, կատարցիները, թուրքերը և մյուսները արաբական աշխարհին պարտադրում են այլ օրակարգ, իրականում աջակցում են Իսրայելին՝ օգնում են հրեական պետությանը հեռացնել X ժամը, որից հետո հնարավոր չի լինի լուծել Հորդանանի Արևմտյան ափի ու Արևելյան Երուսաղեմի հարցը: Այդ պատճառով է Իսրայելին պետք գլոբալ ներմուսուլմանական կոնֆլիկտը, որի հարուցման կատաղի օգնականներ են դարձել Սաուդյան Արաբիան, Կատարը, Թուրքիան: 2015-ին միայն Սիրիայում կատարվող իրադարձություններից դատելով՝ չարագործությունները ալավիների, շիաների, դրուզների, սուննիների մի մասի, որ աջակցում են Սիրիայի իշխանությանը, քրիստոնյաների, եզդիների, պաղեստինցիների դեմ յուրատեսակ ֆաշիզմ է: Զանգվածային սպանություններն ու տեղահանումը խաղաղ բնակչության, որ չի ցանկանում ընկղմվել խավարի և վահաբական աղանդավորների միջնադարյան անելքության մեջ, ցեղասպանություն են: Ավա՜ղ, արդեն տարուց ավելի այդ գնահատականը կարելի է տալ Իրաքի տարածքն օկուպացրած ԻՊ-ի ահաբեկիչների չարագործություններին: Իսկ հիմա՝ բազմաչարչար Եմենին: Սաուդցիների ֆաշիզմը հասել է այնտեղ, որ նրանք պատերազմ են սկսել սեփական ժողովրդի դեմ Նաջրան նահանգում: Սաուդյան Արաբիայի շիաները հարկադրված էին զինված ապստամբության դիմել աղանդավոր ահաբեկիչների դեմ, ստեղծել ռազմաքաղաքական «Ահրար է Նաջրան» շարժումը: Դա նորից պատերազմ է նշանակում՝ Սաուդյան Արաբիայի զինվորականների անպատիժ գործողություններով, Թուրքիայի մշտական սպառնալիքներով՝ ռազմական ագրեսիա սկսել Սիրիայի դեմ: Իսլամական աշխարհի սուննի դավաճանների դեմ զինված դիմակայությունն այս փուլում անխուսափելի է: Քանի դեռ դիմադրության մարտիկները ահաբեկիչներին կզսպեն ռազմի դաշտում, երկրները, որ պատասխանատվություն են զգում համամոլորակային քաղաքակրթության և Միասնական Աստծո հավատի պահպանության համար, պարտավոր են միջազգային ահաբեկչության ֆինանսավորման միջոցների ոչնչացման ռազմավարություն ու մարտավարություն մշակել համատեղ ջանքերով:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2317

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ