«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Վազգենի անկատար երազանքն ի կատարում (Բաղրամյանից մինչև Մխչյան՝ վե՛րջ թալանին)

Վազգենի անկատար  երազանքն ի կատարում (Բաղրամյանից մինչև Մխչյան՝ վե՛րջ թալանին)
10.07.2015 | 10:37

Ժամանակներն արդեն
խառնվել են իրար
թամբի վրա, կարծեմ
նախամարդն է նորից,
առաջին իսկ կոչով նրա փողի
քարայրներից ցեղը դուրս է հորդում
քարե կացիններով...
«Մարաթոն», Վառլեն ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏՐԱԳԻՖԱՐՍ. ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԴԱՇՆԱԳԻՐ

(ֆելիետոն՝ գրված արևածագին)

3-րդ հանրապետությունը հայի բախտ ունի։ Այսինքն, ունի երկու սահման՝ արտաքին և ներքին։ Արտաքին սահմանի վրա բարդ դիմակայություն է։ Ներքին սահմանը, օ՜ բախտ իմ դշխեմ, ներքինացված է։

Արտաքին սահմանը հայի բախտի բարձրակետն է, քանզի մենք այսօր ընդամենը հսկում ենք Հայոց լեռնաշխարհի մի աշխարհը մյուսից։ Դեպի դրացի Վրաստան հայ զինվորի զինափողը հսկում է երկարամյա վարձակալման հանձնված հայոց հողը։ Միևնույնն է ոխերիմ-դրկից Ազերբայջանի, հազարամյա ոսոխ-պահանջատեր Օսմանլու-Թուրքիայի և հինգհազարամյա չգիտակցված բարեկամ Իրանի պարագայում։

Դաժան է հայ զինվորի և սպայի հոգեվիճակը, չէ՞ որ, ի պատասխան թշնամական գրոհի, նա ակամա կրակում է իր կորսված հայրենիքի ուղղությամբ։ Բայց, գրողը տանի, հայոց սահմանապահ խրամատներում հերոսական է ամեն բան. զինվորի ու սպայի ոգին, զինվորական ապուրի անբարեհույս որակը և այլն։ Հավատացեք, խրամատներում հերոսական է անգամ հաղթական բանակի ենթասպաների տեղին-անտեղի զայրույթը։

Հերյուրանքն է իշխում ներքին սահմաններում։ Այստեղ խրամատներ չկան։ Արցախյան ազատամարտի փառապանծ օրերին էր, երբ հստակեցվեց ՀՀ ներքին-ռազմավարական քարտեզը։ Հայոց աննահանջ բանակի գեներալական անձնակազմը և նրա մերձավոր-կամակատարների հանձնախումբը, համաձայն նշյալ քարտեզի պահանջների՝ դիրքավորվեց դղյակներում, ամրոցներում, անասնաֆերմաներ յուրացրեց, մի խոսքով, յուրացրեց երկրից իրեն հասանելիքը։ Այսինքն՝ 30 արծաթ ռազմավարը։ Ներքինացվեց երկրի ներքին սահմանը, և այսօր գեներալական օլիգոպոլիան (նաև սա է մեր նորագույն պատմության բանադրանքը) քաղաքատնտեսական անվերջ վիժման շրջապտույտում հայտնված 3-րդ հանրապետության հիմնասյուներից է։

Եվ այսօր, քաղաքացիական անհնազանդության այս լուսապայծառ օրերում ազնվական, հեռակա մի երկխոսություն է ծավալվել Ռադիկի (Մարտիրոսյան, ՀՀ ԳԱԱ նախագահ) և Մանվելի (Գրիգորյան, գեներալ-լեյտենանտ, «Երկրապահ» կամավորականների միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր) միջև։ Երկխոսությունը երկրաշինական է։ Կառավարության որոշմամբ՝ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտը փոխանցվեց «Երկրապահ» միությանը։ Իսկ մինչ սույն հայրենակարոտ սխրանքը ԳԱԱ կենսաբանության ինստիտուտի շենքը նվիրաբերվեց ՀՀ քննչական կոմիտեին։ Նման զարգացումների դեպքում, տեսանելի ապագայում ՀՀ կառավարությանը կհանձնվի ՀՀ ԳԱԱ գլխավոր մասնաշենքը Բաղրամյան պողոտայում։ Սակայն ունկնդրենք Ռադիկ Մարտիրոսյանի բացատրություն-մեկնաբանությունը. «Չեմ կարծում, որ գիտությունն արհամարհված է։ Ինչ վերաբերում է այդ տարածքի հանձնմանը «Երկրապահին», ապա նախ և առաջ հիշեցնեմ, որ այդ տարածքը շատ երկար տարիներ չենք օգտագործել հնարավորությունների բացակայության պատճառով։ Երկրորդ, եթե այդ տարածքը օգտակար գործի է ծառայելու, ապա ինչու ոչ՝ թող այն ծառայեցնեն երկրապահները»։

ՀՀ ԳԱԱ գլխավոր մասնաշենքն աննման հյուրանոցային համալիր կարող է հանդիսանալ։ Նման գործարքով կառավարությունը երկու խնդիր կլուծի, վերջնականապես կամորձատի հայ ազգային գիտությունը և ԳԱԱ գեղաշեն-մոնումենտալ մասնաշենքը մրցույթի ներկայացնելով՝ մի քանի միլիոն դոլարով կհամալրի Շարայի անտակ տակառ հիշեցնող պետբյուջեի որովայնը։

(Հ. Գ. Բանադրանքը եկեղեցու կողմից հավատացյալի վրա դրված արգելքն է, որով նա զրկվում է հաղորդվելուց կամ եկեղեցական խորհուրդներին մասնակցելուց։ Մի խոսքով, բանադրանքը նզովք է։ Ի՞նչ ցուցանե առակն այս...)։

Մի խոսքով, «Ո՛չ թալանին» քաղանհնազանդությունը պիտի որ շրջափակի ՀՀ ԳԱԱ գեղաշեն-մոնումենտալ նախագահության շենքը և քաղաքակիրթ վանկարկումներով (զորօրինակ՝ «Չեղարկում ենք «Ռադիկ ընդ Մանվել» դաշինքը) պարտադրի ՀՀ ԳԱԱ ներկա նախագահությանը, նախագահի գլխավորությամբ հրաժարական ներկայացնել և ապաշխարել։ Ամեն։

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ ԿԱՄ ՎՀՈՒԿՆԵՐԻ ՈՐՍ

(պամֆլետ ճաշի ժամին)

Եկեք ֆրանս-հայկական արդեն իսկ պատմական աղբաման-բարիկադներով (որոնք արդեն գործադուլի մեջ չեն) նախ՝ շրջափակենք Կառավարական տունը և պարտադրենք «Վ. 13»-ին (այսինքն՝ ՀՀ 13-րդ վարչապետին) սկսել աննախադեպ մի արշավ, եթե կուզեք, անգամ «վհուկների որս», բացահայտելու, թե արդյո՞ք ՀՀ վերնախավը պատշաճ ձևով է կատարում պարտավորությունները պետության և հանրության առաջ։ Այսինքն, արդյո՞ք նրանք կանոնավորապես են մուծում իրենց ջրի, լույսի, գազի վարձերը, գույքահարկերը և բոլոր մյուս հարկերն ու տուրքերը։ Անչար լեզուները բարեսրտորեն պնդում են, որ ՀՀ գեներալական վերնադասը խիստ մոռացկոտ է հատկապես խոշոր ծավալների հասնող վարձավճարների մուծման ժամանակ։ Սա վերաբերում է նաև նախարարներին, նմանապես երեսփոխաններին, վստահաբար մենաշնորհատերերին, անվերապահորեն կուսվոժդերին և վերջապես որոշ բանկերի կառավարիչներին։ Մի խոսքով «Վ. 13-ը» պիտի անցնի լայնածավալ գրոհի, սկսելով ինքն իրենից, իսկապես, միգուցե զբաղվածությունը թույլ չի տվել նրան մանրազնին ստուգել, արդյո՞ք ինքն անձամբ լույսի պես արդար է հանրապետության բյուջեի առջև։ Նաև խիստ հետաքրքիր է, մեր վերնակույտ-վերնադասից քանիսը կարող են անցնել ստի դետեկտորով ու առանց կարմրելու և կարկամելու քանիսն են ունակ բաց ճակատով ու սեգ հասակով դեմ հանդիման կանգնելու պետական բյուջեի դատաստանի առջև։ (Այս պատկերն ուրվագծվեց, և սիրտս, հավատացեք, նվաղեց. Մանվել-գեներալը, ով, հուշեմ-հիշեք՝ վերջերս կայսերական ողորմածությամբ ուղերձ հղեց ՀՀ-ին և հայ ժողովրդին Սահմանադրության օրվա կապակցությամբ, ոտն ի գլուխ զինավառ և շքանշանազարդ, աջ ձեռքը հպած Ավետարանին, երդվում է, որ լույսի պես արդար է երկրի բյուջեի, հարկային օրենսգրքի և վերջապես Վաղարշապատ քաղաքի բնակչության առջև։ Նրան կհաջորդի, հավանաբար, Լիմինդրովիչը, հետո մյուսները՝ ըստ հասակի և քսակի)։ Միով բանիվ «Վ. 13»-ին մի բան է մնում փրկելու և փրկվելու համար (փրկում է երկիրը, փրկվում-սրբադասվում է ինքը, և ֆրանսահայկական աղբամանները շրջանցում են կառավարական տունը, Մխչյան գյուղը և «Արտաշատ մոլը», մոլագարված ձկնաբուծարանները և հյուրատները)։ Սակայն հետճաշյա հանգիստը ստիպում է առավել սթափ կշռել երևույթները։ Եվ կշռեցի ու ըմբռնեցի. սույն խնդիրը ունակ է լուծելու միայն երկրի իրական կառավարիչը, այո, նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանրահայտ է, որ նա շախմատ է խաղում և ի մասնավորի փայլուն է տիրապետում «Քայլ ձիով»-ին, և երկրորդ, նրա հակառակորդները (թիմակիցներն ու ընդդիմադիրները) հիմնականում արհեստավարժ «ղումարբազներ» են, ոչ ավելի, ոչ էլ պակաս։ Եվ այսպես օդ ու ջրի պես մեզ անհրաժեշտ է կենսագործել Վազգեն Սարգսյանի գերկարևոր և անխոցելի ծրագիրը` Ազգային անվտանգության խորհրդի փոխարեն ձևավորել կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր կոմիսարի պաշտոնը, ում թույլ է տրվում, համապատասխան քննությունից հետո, ցանկացած մեկին, անկախ մանդատի զորությունից, մականունի հղփությունից և այլնից հանձնել դատախազական մարմիններին։ Հետո հասցնել դատարան և բարի գիշեր մաղթել գաղութում։ Սա ցնորք չէ։ ՄԱԿ-ի մանդատն է գլխավոր կոմիսարի պաշտոնը հաստատել և կիրառության դրել մի շարք գերկոռումպացված երկրներում։ Ի մասնավորի՝ Մեքսիկայում։ Հաջողություններն ակնբախ էին։ Սակայն հայոց դռանը չոքեց «Հոկտեմբերի 27»-ի սև ուղտը և պատմության ավանդազրույցներին պահ տրվեց կոռուպցիայի դեմ աննահանջ պայքարի փարոս, գլխավոր կոմիսարի իրավարար սուրը։

ԹԱՄԲԻՑ ՆԵՐՔԵՎ

(սարկազմ իրիկնահացին)

Հրաշքը մերթ ընդ մերթ հյուրընկալվում է Բաղրամյան պողոտայում։ Արմատական-հանրապետական, դեռ ավելին, նշյալ կուսակցության հիմնադիր-անդամ Աշոտ-Բուռնաշ Աղաբաբյանը (ի դեպ, Բուռնաշը նրա մարտական պատվանունն է) այսուհետ թև ու թիկունք է քաղաքացիական զարթոնքին և որպես թուջե մի վահան փակում է երկրի վրա գրոհող սամումների ճանապարհը։ Այսինքն` նա պահպանում է ՀՀ սահմանադրական կարգը։ Փորձառյալ ասպետ է տիար Աշոտ-Բուռնաշը։ Այո, նրա ազգապետափրկչական տառապանքը թրծվել է դեռ 1995-ի ամռանը, երբ նա, անցնելով սև փողկապ ու ճերմակ շապիկ հագած ՀՀԿ-ականների շարասյան գլուխը, ջարդում էր 1995-ի խորհրդարանական «գերարդար» ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքացիների գլուխն ու կողը։ Մերթ ընդ մերթ էլ կրակում էր նրանց ուղղությամբ։ Իսկ 1999-ին նա Աջափնյակ համայնքում բեմադրեց «Արյունոտ կիրակի» դրաման, թաղային ընտրություններում պաշտպանելով Արման Սահակյանին և կրակելով հակառակորդի ուղղությամբ։ Ի դեպ, Արման Սահակյանը տապալվեց այդ ընտրություններում։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2953

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ