«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հասունանում է ներմուսուլմանական դիմադրության ճակատ

Հասունանում է ներմուսուլմանական դիմադրության ճակատ
07.07.2015 | 00:56

Թուրքիայի ու ԻՊ-ի զինյալների սկսած համարյա մեկշաբաթյա մարտերից հետո հյուսիսսիրիական Այն էլ Արաբ (Քոբանի) քաղաքի համար՝ սիրիացի քրդերը ևս մեկ անգամ դաս տվեցին ագրեսորներին. իրենց տվյալներով՝ սպանվել են 200 արմատականներ: Բայց Թուրքիան ու ԻՊ-ի ղեկավարները, հավանաբար, ունեն իրենց ծրագիրը Հյուսիսային Սիրիայի վերաբերյալ, այդ պատճառով՝ հզոր հակահարված ստանալով Այն էլ Արաբում, իսլամիստները պաշարեցին հյուսիսսիրիական մեկ այլ քաղաք՝ Հասեկեն, որտեղ դաժան մարտեր են մղում նախագահ Բաշար ալ Ասադին հավատարիմ մնացած զորքերի հետ: Հունիսի 26-ին պայթեցվեց քաղաք տանող բլոկպոստերից մեկը: Հասեկեի նահանգապետը բնակիչներին կոչ արեց զենք վերցնել ու կռվել նվաճողների դեմ, և տեղացի քրդերը դադարեցրին իրենց քայքայիչ գործողությունները սիրիական բանակի դեմ ու հիմա միասին հետ են մղում վահաբականների գրոհները:
Որպեսզի որևէ մեկին ծայրահեղ չթվա պնդումը, թե միայն Հյուսիսային Սիրիայի հարցը չէ, որ ԻՊ խմբավորումը փորձում էր հաստատվել տարածաշրջանում, փաստեր նշեմ: Հունիսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հրապարակավ հայտարարեց, որ Անկարան մերժում է «Սիրիական Քրդստանի» հնարավոր անկախությունը երկրի մնացած հատվածից. «Թուրքիան չի ընդունի նոր պետությունը, եթե ստեղծվի հյուսիսային Սիրիայում կամ թուրքական հարավային սահմանների կողքին, մենք դեմ ենք ցանկացած նախագծի, որն ուղղված է նման պետության ստեղծման»: Թուրքիայի նախագահը դրանով ակամա «մատնեց» ինքն իրեն, ցույց տալով, որ իրեն հայտնի են Սիրիայի հյուսիսային նահանգները երկրի մնացած մասից անջատելու ինչ-որ ծրագրեր: Վերջին հաշվով, ոչ միայն սիրիացի քրդերն են կռվում Հյուսիսային Սիրիայի համար, այլև ԻՊ զինյալները արդեն երկու տարի այդտեղ բռնություններ են գործադրում, ու նրանց չարաբաստիկ «Իսլամական խալիֆաթի» «մայրաքաղաքն» էլ հյուսիսսիրիական Ռաքայում է: Պարզապես սիրիական բանակի ու քրդերի իսլամիստների դեմ տարած հաղթանակով նոր անկախության ձևավորումը Թուրքիայի սահմանին դանդաղ գործողության ռումբ է ապագայում՝ հաշվի առնելով Հյուսիսային Իրաքի ինքնավար Քրդստանի գոյությունը:
Էրդողանի ռեպլիկի պատճառը սիրիացի քրդերի մեղադրանքների հորձանքն էր, որ հենց Թուրքիան է կազմակերպել իսլամիստների հարձակումը Այն էլ Արաբի վրա, հերթական անգամ միջանցք բացելով ԻՊ-ի առաջ: Պարզվում է՝ Էրդողանն ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչ են անում իր երկրի սահմանապահ ու զինված ուժերը, այլապես նա 100 անգամ կմտածեր՝ սիրիացի քրդերի մեղադրանքը հերքելուց առաջ: «Չնայած Քրդստանի աշխատանքային կուսակցության սպառնալիքներին, հենց Թուրքիան է աջակցություն ու օգնություն ցույց տվել Քոբանիի բնակչությանը»,- որոշեց հիշեցնել Թուրքիայի նախագահը: Այդպես է, բայց կա նաև քրդերի մեղադրանքը թուրքերին, որ Անկարան դիտավորյալ իր տարածքով շատ փոքր անցում է բացել քրդական «փեշմերգայի» համար, և հարկ եղավ ԱՄՆ-ի միջամտությունը, որ թուրքերը Այն էլ Արաբ թողնեն այնքան քրդերի, որ կարողանան վահաբականներից պաշտպանել քաղաքը: Հունիսի 30-ին Էրդողանը որոշեց զարգացնել «թուրքական չմիջամտելու տեսությունը» Սիրիայում, երբ Անկարայում հասկացան՝ չի հաջողվի մերթընդմերթ հարձակվելով ոչնչացնել սիրիական բանակը Հասեկեում և քրդական «փեշմերգան» Այն էլ Արաբում: BasNews գործակալությունը, հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին, հաղորդեց՝ Թուրքիան ծրագրում է իր զորքերն ուղարկել Սիրիա՝ «պաշտպանելու համար իր սահմանակից շրջանները», որոնց մերձակայքում սիրիացի քրդերը նշանակալից հաջողությունների են հասել ԻՊ-ին դիմակայելիս: Անկարան ռազմական հրամանագիր է պատրաստել մեծացնելու աջակցությունը «սիրիացի ապստամբներին՝ դաշնակիցների հետ դիվանագիտական հարցերի լուծման պայմանով»: Հունիսի 28-ին «Cumhuriyet»-ը հաղորդեց, որ ռազմական ուժեր դեռ չեն տեղակայվել, բայց արդեն ծրագրման փուլում են: Ենթադրվում է, որ Թուրքիայի «ակտիվ աջակցությունը» այսպես կոչված՝ ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակին» ներառում է 18000 զինվոր, աջակցություն օդուժով և հրետանիով:
Անկարան հերթական անգամ աշխարհին շանտաժում է Սիրիայի դեմ իր ագրեսիայով: Թուրքիայի «դաշնակիցները», իհարկե, «սիրիական ընդդիմություն» պիտակով խամաճիկներն են, Իսրայելը, ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Կատարը և ԵՄ-ն: Թուրքիան հիանալի գիտի՝ ինչ հակամիջոցներ են Սիրիայի հետ իր «խաղերի» դեմ ձեռնարկել ու ձեռնարկում Իրանը, Իրաքի, Սիրիայի, Լիբանանի շիաները, բայց հազիվ թե Էրդողանը մտադիր է «դաշնակիցների հետ դիվանագիտական հարցերի» լուծման ժամանակ խորհրդակցել տարածաշրջանային այդ ուժերի հետ: Նրա կոչերը Քրդստանի աշխատավորական կուսակցության հասցեին նույնպես հստակ վկայում են, որ Թուրքիան մտադիր չէ դաշնակից դիտարկել ոչ Իրաքի, ոչ Սիրիայի քրդերին: Այսինքն՝ «դաշնակիցներից» մեկի մայրաքաղաքից ստացած համաձայնությամբ Անկարան իր տանկերն ու ավիացիան տեղից կշարժի, ու կսկսվի թուրք-սիրիական պատերազմ: Թուրքիայի նպատակը բոլորովին էլ ԻՊ-ի խմբավորումները տարածաշրջանային գործընթացներից դուրս դնելը չէ, հակառակ դեպքում Էրդողանը ստիպված կլիներ, թեպետ Բաշար ալ Ասադին ու քրդերին ատում է, այնուամենայնիվ, բանակցել ու համաձայնության գալ Սիրիայի նախագահի ու Հյուսիսային Սիրիայում չափազանց ազդեցիկ Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միության» (PYD) և զուգահետ կազմակերպության՝ «Քրդական բարձրագույն հանձնաժողովի» ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG / YPJ) հետ: Սակայն Թուրքիայի նախագահը նրանց բացառել է Անկարայի հնարավոր դաշնակիցների ցանկից: Գուցե նաև այն պատճառով, որ Հյուսիսային Սիրիայում սիրիական քրդերի ռազմական հաջողությունների համապատկերում Ջեմիլ Բայիկը՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության ռազմական թևի ղեկավարներից մեկը, հունիսի 26-ին մեղադրեց Անկարային երկրում խաղաղության գործընթացը խարխլելու մեջ և զգուշացրեց, որ իր խումբը զենքը վայր չի դնի, քանի դեռ Աբդուլա Օջալանը, որ ցմահ բանտարկած է Մարմարա ծովի Իմրալի կղզում, ազատ չի արձակվել: Քրդամետ Թուրքիայի ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն (HDP) էլ Սալահեդին Դեմիրթաշի գլխավորությամբ, որ վերջերս բավականին հաջող մասնակցեց խորհրդարանական ընտրություններին, 2011-13 թթ. Իմրալիում Օջալանի հետ «մաքոքային բանակցություններից» հետո Էրդողանին հայտարարեց՝ առանց առաջնորդի ազատ արձակման թուրքերի ու քրդերի հաշտեցման գործընթացը չի կարող լիարժեք ու համապարփակ լինել:
Ստացվում է, որ Հյուսիսային Սիրիայում ԻՊ-ի պարտությունը պարզապես «Իրաքի մասնատման» ամերիկա-իսրայելական նախագծի վախճանը և Մերձավոր Արևելքի «վերաֆորմատավորումը» չէ, ինչպես պնդում է Իրանը, այլ թուրք-քրդական հակասությունների լուծման ավելի քան ռեալ դարձող հարթակի տեղափոխում Թուրքիա: Բայիկը, ինչպես 2013-ին ՔԱԿ-ի մեկ այլ դաշտային հրամանատար՝ Մուրատ Կարայիլանը, բացահայտ սպառնում է, թեպետ ՔԱԿ-ը և HDP-ն Թուրքիայի ապագայի «ընդհանուր տեսլական» ունեն, որտեղ «յուրաքանչյուր ժողովրդի իրավունքները պաշտպանվում են օրենքով», և երկու կուսակցությունների միջև լարվածություն չկա «հետագա դերերի» բաշխման հարցում՝ «մենք որոշում ենք ՔԱԿ-ի անունից [այսինքն՝ դաշտային հրամանատարները՝ Կարայիլանի ու Բայիկի նման], մենք նրանք ենք, ովքեր որոշում են շարունակել զինված պայքարը, թե ոչ: Օջալանը և HDP-ն չեն կարող մեր փոխարեն ընդունել այդ որոշումը»: «ՔԱԿ-ը, HDP-ն և Օջալանը տարբեր գործառնություններ ու դերեր ունեն»՝ ավարտեց Բայիկը՝ հավելելով, որ կողմերից ոչ մեկը մյուսին չի թելադրում ինչ անել: Իհարկե, ՔԱԿ-ի զինված թևի առաջնորդների՝ նման ժամանակ առ ժամանակ հայտնվող սթափեցուցիչ հայտարարություններից հետո բոլորվին դժվար չէ պատկերացնել Անկարայի իշխանական միջանցքներում տիրող խուճապը: Այդ հայտարարություններն ապացուցում են, որ Թուրքիայի իշխանությունների ոչ մի խորամանկություն քրդական հարցով իր տարածքում չի աշխատում՝ ոչ մի քանի ազդեցիկ քրդերի ներառումը «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության շարքերում, ոչ հրահանգված գործառնությունը քրդամետ HDP-ի, ոչ պարբերաբար բանակցելը Իմրալիում Օջալանի ու իրաքյան Կանդիլի լեռներում Կարայիլանի հետ: Սակայն «սեփական» քրդերի հետ լեզու չգտնելու անկարողության պատճառով ռազմական ներխուժում ծրագրելը Սիրիա, ի միջի այլոց, Իրանի հետ բախվելու փորձ է, և այդ բախման մեջ ամբողջ ՆԱՏՕ-ն ներքաշելու փորձ, քանի դեռ Թուրքիան մնում է Հյուսիսատլանտյան դաշինքի ակտիվ անդամ: Երկու գործոնն էլ ռազմավարական ռիսկերի կատեգորիայից են:
Իրոք, սիրիացի քրդերի PYD կուսակցությունը Թուրքիայում ու Արևմուտքում հաճախ անվանում են «ՔԱԿ-ի սիրիական մասնաճյուղ», թեպետ սիրիացի քրդերը հերքում են ու համոզված են, որ իրենց կտրուկ արտահայտված հակաթուրքական դիրքորոշումը պատմական հիշողության հետևանք է: Խոր անցյալում, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Սիրիան դեռ Օսմանյան կայսրության տարածք էր, իբր թուրքերը հայերին զուգահեռ ոչնչացրել են և այն քրդական ցեղերին, որ ապրում էին ժամանակակից Սիրիայի հյուսիսում: Սիրիացի քրդերը (պետք է ենթադրել՝ Ասադների կլանի լուռ համաձայնությամբ) տասնամյակներ շարունակ ապաստան էին տալիս իրենց ցեղակիցներին Թուրքիայից, այդ թվում՝ ՔԱԿ-ից, եթե նրանք, հետապնդվելով թուրքական իշխանությունից, կարողանում էին Սիրիա հասնել: Եվ ինչ-որ ժամանակ Սիրիայի քրդաբնակ մի քանի շրջաններում լիովին կարող էին լինել ուսումնամարզական ու «հանգստի ճամբարներ» ՔԱԿ-ի պարտիզանների համար: Սակայն հիմա Սիրիայի քրդերը, ինչպես իրենց ցեղակիցները Իրաքում, ավելի շատ զբաղված են ոչ թե թուրքական քրդերի ճակատագրով, այլ իրենց կյանքը պաշտպանելով, իրենց ընտանիքների ու տների անվտանգությամբ, Թուրքիայի դրածոների ու ի դեմս ԻՊ-ի զինյալների՝ նրա դաշնակիցների դեմ պայքարով: Տարօրինակ է, որ թուրքերն Անկարայում չեն տեսնում այն, ինչ, օրինակ, տեսնում են Իրանը, տարածաշրջանի շիաները, քրդերը և մյուսները: Իսկ դա քաոսի սպառնալիք է ոչ միայն Իրաքում ու Սիրիայում, այլև ամբողջ տարածաշրջանում, ՆԱՏՕ-ի ռազմական միջամտության սպառնալիք: Թուրքիայի ընդդիմախոսները ևս նախապատրաստվում են բացասական սցենարների: Զարգացնելով PYD-ի առաջնորդ Սալեհ Մուսլիմի պայմանավորվածությունները Բաղդադում Իրաքի վարչապետ շիա Հեյդար ալ Աբադիի հետ, քրդական ու շիական անվտանգության ուժերը արևելյան Դիալա նահանգում կստեղծեն անվտանգության համատեղ կառավարում՝ ԻՊ-ի զինյալներին առավել արդյունավետ դիմակայելու նպատակով:
Դիալայի նահանգային խորհրդի քուրդ անդամ Զահիդ Դալավին հունիսի 30-ին BasNews գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ քրդական ու շիայական անվտանգության ուժերը համաձայնության են եկել նահանգը վահաբականների հարձակումներից պաշտպանելու հարցում: «Մենք մտադիր ենք ապահովել համապատասխան ու հաստատուն իրավիճակ, որպեսզի Դիալայի տեղահանվածները կարողանան տուն վերադառնալ: Մենք պաշտպանում ենք նրանց, ովքեր տուժել են ԻՊ-ի հարձակումներից՝ առանց հաշվի առնելու նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունը»,- ասաց Դալավին: Դեռ մայիսին Դիալա նահանգում մի քանի բախումներ եղան քրդական «փեշմերգայի» ուժերի ու ապստամբների շիական խմբավորումների միջև, որ վերահսկում էին այդ շրջանները: Հունիսի 24-29-ին քրդական «փեշմերգան» շիաների հետ հակադարձում էր ԻՊ-ի զինյալների հարձակումները Թել-Աֆարի իրենց ռազմակայանների վրա, որ տեղակայված են Մոսուլից 63 կմ արևմուտք: Համարյա պարադոքս է, որ նույնիսկ Թել-Աֆարի մերձակայքում բնակվող թուրքոմանները (թուրքական ժողովուրդ) այլևս չեն ցանկանում իրենց հողերի վրա տեսնել «եղբայրական» Թուրքիայի խամաճիկներին: BasNews-ը հաղորդում էր, որ իսլամիստները, ռազմական անհաջողություններից խիստ նեղված, հունիսի 24-ին Թել-Աֆարի մերձակա Հասանկո գյուղում հրապարակավ «ավանդական ոճով» մահապատժի ենթարկեցին հինգ թուրքոմանների՝ մեղադրելով «անվտանգության իրաքյան ուժերի հետ համագործակցության ու լրտեսության մեջ»: Կասկած չկա, որ Անկարան ժամանակին թուրքոմաններին «հրահանգել է»՝ մի վախեցեք, մի դիմադրեք, եկվորները ձեր «մուսուլման եղբայր-ազատարարներն» են: Այնուհանդերձ, ձգձգվող պատերազմը և փաստորեն չստացված «պետականությունը» (հնարավոր չէ հաստատուն համարել գնչուական դաշտագլորի կամ մախնոյական-անարխիստական տիպի պետական կազմավորումը՝ ինչքան տարածքներ էլ ժամանակավոր վերահսկի) հանգեցրին համբերության բաժակի լցվելուն և Իրաքի թուրքոմանների (ինչպես և Սիրիայի)՝ անկախ լրտեսել են Թել-Աֆարում սպանվածները իսլամիստների դեմ, թե ոչ:
Ընդհանրապես աննախադեպ փաստ էր: Այս տարի հաղորդվել էր, որ «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը համարյա թե հավատարմության երդում է տվել ԻՊ-ի զինյալներին: «Ալ Քաիդայի» վարքագիծը Եմենում, Լիբիայում, Սիրիայում (ի դեմս Ալ Քաիդայի սիրիական «Ջեբհատ ան Նուսրա» մասնաճյուղի) կարծես թե հաստատում են, որ նրանք «Խալիֆաթի» մասն են կազմում: Ու հանկարծ ամերիկյան ABC News-ը հունիսի 30-ին հաղորդում է՝ «Ալ Քաիդայի» բարձրաստիճան անդամ և… ԱՄՆ-ի քաղաքացի Ադամ Գադանը դատապարտել է ԻՊ-ի զինյալների դաժան գործողությունները մուսուլմանների դեմ՝ անդրաշխարհում հատուցումով սպառնալով նրանց: «Իմ թանկագին եղբայրներ, այն ժամանակ, երբ ոչ ոք չի կարող հերքել ԻՊ-ի նշանակալից ուժն ու հզորությունը ռազմական գործում, հանցագործությունները, որ նրանք կատարում են մուսուլմանների դեմ, չեն կարող չնկատվել կամ ժամանակի մեջ մոռացվել, որովհետև իսլամում վաղեմության ժամկետ չկա»՝ մեջբերել է ABC News-ը Գադանի խոսքերը: Նա հավելել է, որ ցանկացած տեսակի ճնշումը ճիշտ չէ և մեղավորին «Ահեղ դատաստանի օրը սպասում է խավար». «Մուսուլմանական համայնքի ջիհադը տեսախաղ չէ, ռեալ կյանք է՝ ռեալ հետևանքներով՝ և այս աշխարհում, և հանդերձյալ», - ասել է նա: Առաջ ամերիկացիները ոչինչ չէին ասում, որ «Ալ Քաիդայի» ղեկավարության մեջ ԱՄՆ-ի անձնագրերով մարդիկ կան, այն էլ՝ ոչ մուսուլմանական անուն-ազգանուններով: Հիմա արդեն կարելի է, թերևս: Իհարկե, կարելի է խորանալ և իրավիճակը պատկերացնել, որ ԱՄՆ-ի հետախուզական հանրության տարբեր խմբավորումներ սկսել են իրենց միջգերատեսչական բախումներ, ասենք, «Ալ Քաիդայի հիմնադիր հայրերը» ընդդեմ ԻՊ-ի «հիմնադիր հայրերի», և դա տեղի է ունենում, որովհետև ԱՄՆ-ում մոտենում են նախագահական ընտրությունները: Սակայն իրականում, թերևս, և ԱՄՆ-ի, և «Ալ Քաիդայի» ղեկավարության մեջ ԱՄՆ-ի քաղաքացիների (ո՞վ գիտի՝ որքան ամերիկացիներ են ղեկավարում այդ խմբավորումը), առավել ևս Թուրքիայի ու մյուսների համար, Խալիֆաթի գաղափարի մշակման մեջ ամենանվազ հաճելի արդյունքն այն էր, որ ընդհանուր թշնամու դեմ սկսեցին միավորվել նրանք, ում առաջ դժվար էր փոխադարձ համակրանքի մեջ կասկածել՝ շիաներն ու ալավիները, շիաները, ալավիները ու քրդերը, քրդերն ու թուրքոմանները, շիաները, ալավիները, քրդերը և Սիրիայի ու Իրաքի սուննի վահաբականների մի մասը:
Հասունանում է լայն, ներմուսուլմանական դիմադրության ճակատ ԱՄՆ-ի, Թուրքիայի և մյուսների Մերձավոր Արևելքի դեմ «հիբրիդային ագրեսիային»: Այսօրվա գլխավոր վախն է, որ Իրանի հովանու ներքո Իրաքի շիաների ու քրդերի պայմանավորվածության արդյունքը կդառնա Թեհրանի վերահսկողությունը սիրիական և իրաքաթուրքական սահմանների երկայնքով: Իսլամական հեղափոխության պահնորդների կորպուսում ձևը կգտնեն: ՈՒ դա կլինի ամերիկյան «Գլոբալ Մերձավոր Արևելք» ծրագրի վերջը, նույնիսկ եթե Սիրիայում ու Իրաքում մարտական գործողությունները չդադարեն: Այս փաստի ողջ ծանրությունն են հանկարծ հասկացել Թուրքիայի նախագահ Էրդողանը, որ պատրաստվում է Սիրիայի դեմ ագրեսիայի, և «Ալ Քաիդայի» ղեկավարության մեջ գտնվող ամերիկացիները: Նաև՝ ԱՄՆ-ի տարբեր հետախուզական ընկերակցությունների բարձրագույն հրամանատարները: Այդ պատճառով հունիսի 29-ին ԱՄՆ-ի Սենատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ, սենատոր Թիմ Քեյնը հինավուրց Արբելայում համոզում է Իրաքի Քրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիին «հետ քաշվել» Սիրիայից ու իրանցիներից, փոխարենը խոստանալով լիակատար աջակցություն քրդերին Բաղդադի հետ իրենց վեճում: Իսկ ԱՄՆ-ի հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու, սենատոր Լինդսի Գրեմը դիմում է Բարաք Օբամային՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել բանակցությունները Թեհրանի միջուկային ծրագրի կարգավորման հարցով: Վաշինգտոնին խորհուրդ է տալիս իրադարձությունների զարգացումը կանխելու ավելի արմատական միջոց՝ անհապաղ դադարեցնել աջակցությունը «սիրիացի ընդդիմադիրներին», «Ալ Քաիդաներին», «Իսլամական պետություններին» և հիբրիդային պատերազմի մյուս օղակներին, որ ԱՄՆ-ը վարում է մնացած աշխարհի դեմ:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2390

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ