«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ո՞վ կասի՝ ագռավն ի՞նչ եղավ

Ո՞վ կասի՝ ագռավն ի՞նչ եղավ
05.06.2015 | 01:17

Բացեք ձեր գրպանները լրիվ, կամ ավելի լավ է՝ շրջեք: Էլեկտրաէներգիան թանկանալու է: Հետո մանրից կթանկանա մնացածը: Նոր տարուն հանկարծ կպարզենք, որ անցած տարում միլիոնատեր ենք եղել, երբ վերցնենք ու իրար գումարենք կոմունալ վճարները, տարատեսակ հարկերը, իսկ եթե հանկարծ այս տարի հիվանդացել ենք ու հիվանդանոց ընկնելու դժբախտություն ենք ունեցել, տարեվերջին կպարզենք, որ մի քանի միլիոնի տեր ենք եղել՝ իրար գումարելով բժիշկների, բուժօգնության, դեղերի, վիրահատության և հարակից ծախսերը: Գաղջ, շատ գաղջ մթնոլորտ է: Բայց դա հեչ, կարևորը նեոնացիզմի դեմ պայքարն է, որ ազգովին պարտավոր ենք մղել՝ վերևից հրահանգ է իջել: Հետո ինչ, որ Հայաստանում նեոնացիզմ չկա, ՈՒկրաինայում կա, ուրեմն պիտի պայքարենք: Գլոբալ խնդիր է, մեր մասը չունենա՞նք: Եթե համառենք ու չպայքարենք, կներմուծվի կամ կբացահայտվի, որ խոսելու տեղ չունենանք: Գլոբալ, շատ գլոբալ մարտահրավեր է: Իսկ մենք մանր-մունր խնդիրների հետևից ենք ազգովին ընկել՝ Եվգենի Բիբին ենք կանչում խորհրդարան, թե արի, քանի դռները փակ են, ասա՝ հասկանանք՝ ի՞նչ ես ուզում: Ինչո՞ւ ես ուզում, քի՞չ ենք տվել: Ասաց, հետո՞: Տալո՞ւ ենք: Գլադունչիկն էլ պակաս տղա չէր: Փա՜ռք Աստծո, կան բնական մենաշնորհները կարգավորող հանրային կառույցներ՝ ինչ պետք է՝ կասեն, կհիմնավորեն, կլացացնեն ու կհերոսանան, ասենք՝ հետո ինչ շքեղ են ապրում, ավտո-մավտո են վարձում, էդ խեղճուկրակները հայրենասիրաբար, հանուն ռազմավարական համագործակցության, դարավոր բարեկամության, տարածաշրջանում խաղաղության ու կայունության, քոռ կոպեկի վրա են նստած, վնասով աշխատում են, օր ու արև չեն տեսնում, օր ու գիշեր հոսանք են բաշխում ու վերաբաշխում, թանկ առնում, էժան ծախում են, էժան առնում, էժան ծախում են, մենք էլ եկել ենք՝ կոպտում ենք՝ թե հերիք է մեզ կողոպտեք, չենք հասկանում, չենք գնահատում մեր ¥մե՞ր¤ ունեցածը, աչքներս անընդհատ ուրիշների գներին է՝ որակյալ, էժան, կայուն: Մարդ չենք, էլի: Բիբինը ի՞նչ: Որոշողը Բիբի՞նն է: Թե՞ ավելի ձեռնտու է, որ մեզ ազգովին միամիտի տեղ դնենք ու մեղքը Բիբինի վրա բարդենք: Տեսեք-տեսեք՝ անիրավ ավազակը թալանեց, խաբեց, գռփեց: Լավ, Եվգենի Բիբինը մեզ չի ենթարկվում, բայց ինչ-որ մեկին ենթարկվում է, չէ՞: Ո՞Ւմ: Կարո՞ղ ենք այդ «ումին» դիմել: Չենք կարող: Նել-զյա: Դե, ուրեմն, բացեք գրպաններդ ու փակեք բերաններդ: Սա Հայաստանն է, ու՝ վերջ:
Բայց ամեն ինչ այդքան վատ չէ, Արտեմ Ասատրյան կա, նախարարություն կա, մի քիչ փող-մող ոնց էլ լինի՝ կտա: Հետո, Ռոբերտ Նազարյանն էլ, որ Երևանից տրամվայները հանեց, հոսանքն ի՞նչ է, որ մի քիչ չէժանացնի: Կէժանացնի, բա ո՞նց: Հանձնաժողովը հենց այնպես չի աշխատում՝ աշ-խա-տում է: Գործ է անում: Կարևորը դա չէ, կարևորը պաշտոնական փաստաթուղթ ստանա, որ գազի գինը սահմանին ոչ թե 189, այլ 165 դոլար է: Պայ-մա-նա-գիր: Մնացածը հեչ:
ՀԷՑ-ի հայտն ուսումնասիրել են, եղած-չեղած մի քանի օրից դիրքորոշում կհայտնեն: Կարևորը՝ «ՀԷՑ-ի հայտում շքեղության որևէ տարր սակագնում իր արտացոլումը չի գտել»՝ դա Ռոբերտ Նազարյանն արդեն պարզել է: Պարզել է նաև, որ կան բաղադրիչներ, որոնք ակնառու են դարձնում թանկացումը. «Այդ գործոններից մեկը դոլարի նկատմամբ հայկական ազգային արժույթի փոխարժեքն է։ 2014-ին, երբ սակագինը բարձրացվեց 10-12 տոկոսով, հաշվարկը արվել էր մեկ դոլարը 407,6 դրամ փոխարժեքով, իսկ հիմա հասել է 480-481 դրամի։ Փոխարժեքն ազդել է միջուկային էներգիայի արժեքի վրա։ Մյուս գործոնը գետերի ջրի մակարդակն է, 2014 թ. անբարենպաստ էր հիդրոէներգետիկայի համար»։ Սակայն 2015-ն անձրևային է, այն էլ՝ ինչքան, ջերմակայանների գազի գնի հարցում զիջումների մասին էլ անձամբ Ալեքսեյ Միլլերն է ասել՝ ապրիլի 29-ին, «Ռոսիա 24»-ի եթերում։ Միլլերն ո՞վ է, հարցրեք Բիբինին՝ կասի: Նա չասի՝ իմացեք, այն մարդն է, ում վաճառվում է Իրան - Հայաստան գազատարի Մեղրի - Քաջարան 40-կիլոմետրանոց «անկախ» հատվածը: Կորչի անկախությունը:

Հասկացաք, չէ՞, որ էսքան պոզիտիվի հետ նեգատիվն էլ պիտի լինի՝ Հայաստանում միջուկային վառելիքի գնի խնդիրներ են առաջացել, դա էլ է ազդում էլեկտրաէներգիայի գնի վրա: Մի շտապեք ռուսներին մեղադրել, «բացարձակ առումով» ուրանի գինը չի փոխվել, մեկ տարում նվազել է ազգային արժույթը։ Դոլարով գինը նույնն է մնացել, դրամով բարձրացել է։ ՈՒ դա ի՞նչ կապ ունի Ռոբերտ Նազարյանի հետ: Չունի: Բայց Բիբինի հետ ունի: 5-10 տարի առաջ Հայաստանի ԱԷԿ-ը ապահովում էր էլեկտրաէներգիայի 35-40 տոկոսը, հիմա՝ 31-32։ Շատ բարդ է, բայց պիտի հասկանաք՝ էժան հոսանքի արտադրության ծավալներն ավելացել են: Բայց էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքն է պատճառը, որ ՀԷՑ-երը էժան գնում են, թանկ վաճառում ու պարտքեր են կուտակում, ու դա սակագնի վերանայման լուրջ պատճառ է: Պարզվել է, որ համակարգ մտնող թանկ հոսանքն ավելի շատ է եղել, քան հաշվարկվել էր, դա է պատճառը ՀԷՑ-երի ֆինանսական ճեղքվածքի: Անցած տարի հոսանքի ներքին սակագինը 10 %-ով բարձրացել է, դա էլ քիչ էր, շարունակվել է էներգաարտադրության կառուցվածքի բացասական շեղումը: Այս տարի գրեթե հակառակն է՝ ջէկերի արտադրած էլեկտրաէներգիայի ծավալը 35 %-ով կրճատվել է: Երևան ՋԷԿ-ն ու Հրազդան ՋԷԿ-ն են հիմնականում էշը ցեխից հանել: Երևանը՝ 18,1 դրամով, Հրազդանը՝ 36,9: «Գազպրոմ Արմենիային» նվիրած Հրազդանի հինգերորդ էներգաբլոկն ընդհանրապես չի աշխատել: Շահութաբեր չէր: Հէկերն էլ անցած տարվանից 3,5 %-ով շատ են հոսանք տվել՝ անցած տարի՝ 22,8 %, այս տարի՝ 25,6 %: Միայն Որոտանի կասկադը գին չի բարձրացրել: Իսկ դուք ասում եք՝ գիտեք հե՞շտ է Եվգենի Բիբինի գործը: Դուք նստում եք ձեր տանը, լույսը վառում եք՝ վառվում է, հեռուստացույցը միացնում եք՝ միանում է, արդուկ եք ուզում՝ արդուկում եք, սառնարան-մառնարան, ջեռուցում-մեռուցում չեմ ասում, ձեզ համար հանգիստ ապրում եք, իսկ ո՞նց է էդ թանկ ու էժան, ջէկահէկաաէկախառը լույսը մտնում ձեր տուն, ոչ էլ ուզում եք իմանալ: Գալուստ Սահակյանը, օրինակ, մեկին մեկ գիտի, էդ շքեղություն-մքեղությունը հոսանքի գնի հետ կապ չունի, ժողովուրդը դրա դիմաց չի վճարելու: Ով ոնց կուզի՝ թող հասկանա: Հե՞շտ է Գալուստ Սահակյանին հասկանալ: Ինչ ուզի՝ կասի, մեկ է՝ ինչ էլ ասի, թարգմանչի կարիք կա: Իսկ Հովիկ Աբրահամյանը, որ մի ժամանակ ԱԺ նախագահ էր, հիմա վարչապետ, ոչինչ էլ չի ասի՝ կսպասի, որ Ռոբերտ Նազարյանն ասի, հետո ինքը մտածի-մտածի ու նոր խոսի: Դե օրենսդիր ու գործադիր իշխանության տարբերությունը դա է՝ պատգամավորն ինչ ուզում-ասում ու անում է, վարչապետ ու նախարար՝ չունեն նրանց ազատությունը, պետության մարդ են: Պետության խոսքը ծանրակշիռ ու պատասխանատու պիտի լինի: Սերժ Սարգսյանն ընդհանրապես չի խառնվում այդ հարցերին՝ պետությունն իր լույսի փողը տալիս է: Դա ի՞նչ նախագահի հարց է: Լիքը պաշտոնյա, պատգամավորներն էլ՝ նվեր, թող զբաղվեն: Սահմանադրություն կա, սահմանադրական փոփոխություն կա, կոնսոլիդացիա կա՝ զբաղմունք ոնց էլ լինի՝ գտնվում է: Գագիկ Հարությունյանն էլ այդ հարցով չզբաղվի, Դավիթ Հարությունյանը մեջտեղ կգա: Հարությունյանները չզբաղվեն, Արթուր Բաղդասարյանը կոնսոլիդացիա կանի՝ 50+1: Թիվ է, չէ՞: Որտեղի՞ց է գտել այդքան անունով ու անանուն հասարակական կառույցներ, որ համախմբվել են ՕԵԿ-ի շուրջը: Էլ քաղաքական ուժերն ինչի՞ն են պետք: Եղածը քի՞չ է, թե՞ որակ չէ: Էս աշխարհում մենակ Լյուդմիլա Սարգսյանն է համոզված, որ հաջողության երաշխիքը միավորվելն է: Էն էլ՝ ընդդիմության հաջողության: Մեծ քաղաքականություն ոչ ոք չհասկացավ, էլի: Չհասկացան, որ միավորվելը կշռաքարի պես մեկը մեկի վզից կախվել է, իսկ մենակ ազատ ես՝ ինչ կուզես արա: Դանտե չեն կարդացել: Պատճառը դա է: Որ Դանտե կարդացած լինեին, երկու փաստ կիմանային: Առաջին՝ դու գնա քո ճանապարհը, ով ինչ ուզում է՝ ասի: Երկրորդ՝ քար մի գցեք արծվի վրա, նա կթռչի-կհեռանա՝ քարը կընկնի ձեր գլխին: Որ Դանտե կարդացած լինեին, երրորդ փաստն էլ կիմանային՝ շատ խելոք ես լինում, քեզ քո հայրենիքից արտաքսում են: Բայց դա՝ պարզապես, իբրև գիտելիք: Միջնադարյան գիտելիք, հիմա եթե շատ խելոք ես, դու ես հեռանում: Մեկ է, Հրանուշ Հակոբյանը կանչեց՝ գալու ես: Հերիք չի՝ գալու ես, գնալու ես բանկ ու կամավոր, սթափ գիտակցությամբ ու «Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա» մտքումդ երգելով հազար դոլարի հաշվեհամար ես բացելու, հետո վերադառնալու ես՝ որտեղից եկել ես ու տոկոսով ապրելու ես: Ո՞վ ուրախ չէ: Գյուտ: Իսկ դուք ընկել եք ինչի հետևից՝ Գագիկ Ծառուկյանը եկեղեցու դռանը փող էր բաժանում, քանի դեռ Հովիկ Աբրահամյանը Սուրբ Հովհաննեսում աղոթում էր: Բարեգործությունը բարեգործություն է: Բարեգործը՝ բարեգործ: Չարախոսը՝ չարախոս: Փողն էլ կուտի, բայց կբամբասի: Ոչ տեր կա, ոչ տերտեր: Բոլորին մի չափով են չափում: Անմահ հոգու մասին ե՞րբ եք մտածելու: Հովիկ Աբրահամյանի չէ, ձեր: Նա լավ գիտի՝ ինչ է անում՝ Ղազախստանից եկավ, մի երկու օր մնաց, թռավ Չեխիա՝ և/և: Եվ՝ ԵԱՏՄ, և՝ ԵՄ: Ամեն ինչ մտածած է, գցած-բռնած է, ինչ էլ ընկավ՝ կորավ: Գտնողի աչքը լույս: Բայց գտնող հաստատ չի լինի: Սեյրան Օհանյանն էր լինելու, նա էլ շատ է խառը՝ դատարան-մատարան, Ղրղզստան-Տաջիկստան: Տանը հարցերը չի կարողանում լուծել, դատարանի դռներն է ընկել: Լրագրողների աչքը լույս: Հաստատ հընթացս մի կինոթատրոն էլ կբացվի, կինոթատրոն չլինի, օբյեկտ-մօբյեկտ՝ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը կգնան ու մի շաբաթ բարձրամակարդակ քաղաքական վերլուծությունների նյութը իրան-իրան կգա ու կասի՝ գրի ինձ: Ո՞վ կասեր՝ փետրվարի «չարիքը» մայիս-հունիսին ինչ «բարիք» է բերելու: Իսկ դուք, կրկնում եմ, բացեք գրպաններդ ու արդեն ցերեկով տանը լույս մի վառեք, իրիկունն էլ մոմ վառեք՝ էկոլոգիապես մաքուր է, ռոմանտիկ է, խնայողական: Չար աչքն էլ խափանում է: Մեկ-մեկ էլ հետ նայեք՝ համենայն դեպս: Ասում են՝ առաջ գնալու հաստատ ճանապարհ է: Հետ-հետ նայելով գնում ես, տեսնում են՝ շատ ես մտազբաղ, ճանապարհ են տալիս: ԱԺ-ում հետ նայելով փակ խորհրդակցություն արեցին Եվգենի Բիբինի հետ ու հիմա գիտեն՝ ո՞ւր նայեն: Ինչպե՞ս նայեն: Ինչքա՞ն նայեն: Բիբինն էլ գիտի՝ ինչքա՞ն ասաց՝ ինչ կտան: Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերը լաբիրինթոս են, որտեղ Արիադնայի կծիկ-մծիկ չկա: Մտա՞ր, կամ տեր ես, կամ՝ կորար: Տերը լինում է մեկը, մյուսները՝ կորան: ՈՒ ի՞նչ: Չէ, ոչինչ, լույսը հանգցրի՞ք, թե՞ գիտեք Գագիկ Ծառուկյանը պիտի փողը տա: Ամբողջ կյանքը եկեղեցու դռանը չեք անցկացնի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Հայաստանում օրերս կատարվեց դարի հայտնագործությունը ու աննկատ անցավ. ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը բացատրեց՝ ինչպես է Նոյը փրկվել ու մարդկությանը փրկել: Ասաց՝ «Նոյը գիտեր, թե երբ է լինելու ջրհեղեղը, քանի օր է տևելու, ինչ հետևանքներ են լինելու, նրան հաջողվեց փրկել իրեն, իր ընտանիքին և մարդկությանը, մանավանդ, լավ էր աշխատում «հետախուզությունը»՝ աղավնին, որի բերանին էր ձիթենու ճյուղը»: Հասկացա՞ք: Ի՞նչ հասկացաք: Նա նկատի ուներ, որ տեղեկացվածությունը, պլանավորումը, արձագանքումը, հետևանքների վերացումը աղետների հետևանքների վերացման օղակներն են, բոլոր փուլերում անհրաժեշտ է ոչ թե պարզապես լրատվություն, այլ համակարգված լրատվական հոսքեր: Իսկ եթե այդ լրատվական հոսքերը լինեն նաև համադրված, բայց դա Նիկոլայ Գրիգորյանը չի ասել, աղետները հնարավոր է կանխել: Եթե ոչ բնականը, մնացածը: Իսկ ընդհանրապես Նիկոլայ Գրիգորյանը Նոյին, չգիտես ինչու, դարձրել է արտակարգ իրավիճակների նախարարության առաջատար մասնագետ, ում պաշտոնի անձնագրում աշխատանքի հստակ բաժանում կա՝ ամեն առավոտ թեժ գիծ Աստծո հետ, տեղեկատվության ստացում, փոխանակում ու սխրանք: Բայց խնդիրը տեղեկացված լինելը չէ, այլ եզրակացություններ անելն ու գործելը: Տապան կառուցելը: Ռացիոնալից բացի այս պատմության մեջ իռացիոնալն էլ կա՝ ագռավը: Ագռավն առաջինն էր, որ թռավ ու չվերադարձավ: Ձիթենու ճյուղաբեր աղավնին ցամաք գտնելու երկրորդ փորձն էր: Ո՞վ կասի՝ ագռավն ի՞նչ եղավ: Ով ասի ու հիմնավորի՝ թող իրեն համարի Աստվածաշնչի համահեղինակ: Մեկ է՝ հեղինակը հայտնի չէ, հեղինակային իրավունքները վիճարկող չի լինի, բայց հարգանք-պատիվ, մրցանակ, պաշտոն, մեդալ, շքանշան՝ կտան ու կտան:

Դիտվել է՝ 1637

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ