«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Կախել Գալուստ Սահակյանին

Կախել Գալուստ Սահակյանին
05.05.2015 | 13:10

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր համար շատ անակնկալ սայթաքել է դիվանագիտական գետնի վրա: Առանց փողկապի, մասնավոր հանդիպում է ունեցել, ոչ Բաղրամյան 19-ում՝ Լեռնային Ղարաբաղում: Հանդիպումը լուսաբանել են Հարավային Օսիայի լրատվամիջոցները՝ տեղեկություն տարածելով, որ Լեռնային Ղարաբաղում հանդիպել են Հայաստանի և Հարավային Օսիայի խորհրդարանների նախագահներ Գալուստ Սահակյանն ու Անատոլի Բիբիլովը: Հետն էլ՝ քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցեր: ՈՒ անմիջապես՝ ՀՀ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Շաումանիշվիլին շտապել է Հայաստանի ԱԳՆ և փոխարտգործնախարար Սերգեյ Մանասերյանի հետ հանդիպմանը Թբիլիսիի դժգոհությունն ու մտահոգությունը հայտնել, հետն էլ բացատրություն պահանջել Երևանից: Սերգեյ Մանասերյանն էլ, ըստ վրացական կողմի, ափսոսանք է հայտնել: Դա սկիզբն էր՝ պաշտոնապես կառավարություն չունեցող Վրաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը Թբիլիսիում հայտարարել է, որ Վրաստանն իր դիրքորոշումը կարտահայտի, հընթացս Վրաստանի ԱԳ նախարարություն է հրավիրվել ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը և փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեն նրան ներկայացրել է Թբիլիսիի դժգոհությունը՝ ասելով, որ դա չի բխում հայ-վրացական բարիդրացիական հարաբերության ոգուց, հետո էլ տարակուսել է, որ հանդիպումը մասնավոր է եղել: «Գրուզիա օնլայնի» փոխանցմամբ՝ Թբիլիսիի համար անընդունելի է «օկուպացիոն խամաճիկային ռեժիմի» ներկայացուցիչների հետ որևէ շփում: ՈՒ՝ ի՞նչ է մնում այսքանից հետո: Գալուստ Սահակյանը կամավոր հրաժարականով կքավի՞ մեղքը: Ոչ: Սկանդալը մնում է սկանդալ: Նա փաստացի հանդիպել է մի տարածքի խորհրդարանի նախագահի հետ, որը Թբիլիսին համարում է օկուպացված: Չգիտես ինչու՝ շատերին թվում է, որ ԱԺ նախագահը առանց երկար-բարակ մտածելու՝ հանդիպում է բոլորի հետ, ով ցանկանում է իրեն տեսնել, որ Գալուստ Սահակյանը տեղյակ չէ Հարավային Օսիայի կարգավիճակին, որ պարզապես գլխի չի ընկել՝ ով է Անատոլի Բիբիլովը ու ինչ կարգավիճակ ունի: Վատ գիտեք Գալուստ Գրիգորիչին: Միանշանակ է, որ հանդիպումը հաստատ համաձայնեցված է եղել՝ ինչպես համաձայնեցվում են նրա բոլոր՝ մասնավոր, աշխատանքային, պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպումները և հիմա նրան սկանդալի մեղադրանք ներկայացնելը նույնն է, թե սկանդալային անվանել հայկական դիվանագիտությունը: Իսկ ընդհանրապես՝ հենց տեղին է այդպես անվանել: Մոսկվայի կամքը կատարելու, հայ-վրացական հարաբերությունները վտանգելու ու համարյա թե խզման հասցնելու մեղքերի համար ԱԺ նախագահին կարելի է կախել, բայց նախքան կախաղանի տեղը որոշելը՝ Հայաստան, Արցախ, Ռուսաստան, Վրաստան, որոշելը հասկանանք՝ իսկ ունի՞ Վրաստանը նման իրավունք ու ընդհանրապես Թբիլիսիում Երևանի հետ հարաբերությունները արժևորո՞ւմ են, թե՞ պահպանում են հավուր պատշաճի: Եթե կարևորում են՝ ինչպե՞ս է, որ պարբերաբար հանդիպում են Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի տարբեր ոլորտների ու հատկապես պաշտպանության, արտաքին գործերի նախարարները ու քննարկում են համագործակցության հարցեր: Մի նվազ տող էլ ավելացնում են, որ իրենց համագործակցությունը երրորդ կողմի դեմ չէ: Հայաստանի դիվանագիտությունը համեստորեն լռում է, մի թույլ բողոք չի հայտնում, որ տարածաշրջանում Հայաստան կա, Հայաստանի շահ կա, Հայաստանի դեմ գործողություն թույլ չի տա: Հասկացանք, որ Նալբանդյանը Լավրովին ասում է՝ տեսեք, ինչ են անում, նա էլ պատասխանում է՝ ոչինչ կամ հետո ինչ: Բայց կա պաշտոնական տեսակետ, պետության դիրքորոշում, դիվանագիտության գնահատական: Մենք չենք անում, Վրաստանն անում է: Ճիշտ է անում: Հայաստանը քանի՞ անգամ է Վրաստանին նոտա տվել: Հայաստանը չի՞ զարմանում, որ
Վրաստանը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Որ Վրաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ըմբռնումո՞վ է վերաբերվում, որ Թբիլիսին ունենալով տարածքային ամբողջականության խնդիր՝ չի կարող ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը: Բայց կարող է, չէ, գոնե ընդունել ազգերի ինքնորոշման իրավունքը, որ Հայաստանը չի հնարել: Թուրքիայի ու Ադրբեջանի հետ քաղաքական, առևտրատնտեսական շատ շահավետ հարաբերությունները Վրաստանին քաղաքական իրավո՞ւնք են տալիս մշտապես անտեսել Հայաստանի Հանրապետության շահերը: Վրաստանը Հայաստանի համար գուցե ամենակարևոր պետությունն է ու հենց այդ կարևորությունից ելնելով՝ Հայաստանը սկզբունքային խնդիրներում ի՞նչ դիրքորոշում ունի: Վրաստանը ոչ միայն Հայաստանի կապն է արտաքին աշխարհի հետ, այլև՝ Վրաստանում հայկական մեծ համայնք է ապրում, Ջավախք կա, վերջապես պատմամշակութային տասնյակ հուշարձաններ կան, որ պարբերաբար կամ փլվում են, կամ այրվում են, կամ վիճարկվում է հայկական ծագումը: Մենք երդվյալ լռում ենք՝ հաշվի առնելով Վրաստանի կարևորությունը: ՈՒ հիմա Գալուստ Սահակյանին կախելով՝ սկանդալը հարթելուց առաջ պետք է կախաղանների ամբողջ շարք՝ բոլոր այն պաշտոնյաների, որ համարժեք արձագանք չեն տվել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին ու չեն պաշտպանել Հայաստանի պետական շահը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ընդհանրապես, եթե հանդիպումը այդքան անհրաժեշտ էր, բայց մասնավոր, չպիտի որևէ տեղեկատվություն հայտնվեր: Մեկ տասնամյակ աշխատելով ԱԺ-ում և լուսաբանելով ԱԺ աշխատանքներն ու մասնավորապես ԱԺ մի քանի նախագահների տարատեսակ հանդիպումներին ներկա լինելով՝ փորձով գիտեմ, ինչ հայտնի չպիտի դառնա, անհայտ է մնում, ուրեմն՝ իսկապես սկանդալ էր պետք, բայց սկանդալի հեղինակին պետք չէ Բաղրամյան 19-ում որոնել:

Դիտվել է՝ 1984

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ