«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հայկական դոնկիխոտության ֆենոմենը

Հայկական դոնկիխոտության ֆենոմենը
05.05.2015 | 01:14

Դոն Կիխոտին հիշո՞ւմ եք: Բարձրահասակ, նիհար, դալկադեմ լամանչեցուն, որ կռվում էր հողմաղացների դեմ: Պարտվում էր ու կռվում էր: ՈՒմ տեսնում էր՝ կռվում էր, որովհետև որոշել էր, որ ասպետի գործը հաղթելն է: Բայց՝ պարտվում էր ու՝ շարունակում էր կռվել: Իսպանացիները սիրեցին նրան: Վիսենտե Բլասկո Իբանյեսը «Դոն Կիխոտը» համարում էր «իսպանացի ժողովրդի Աստվածաշունչը և իսպանական ոգու ու համայն մարդկության ոգու խորհրդանիշը»: Միգել դե ՈՒնամունոն դոնկիխոտության պաշտամունքը ուզում էր «ազգային կրոն տեսնել»: Բայց ամբողջ Իսպանիան չէր խելագարվել: Լուկաս Մալիադան քննադատում էր Սերվանտեսի երևակայական մարտերը: Նա թերություն էր համարում ոգու պոռթկումը. «Դոն Կիխոտը հնարովի է: Դոն Կիխոտի հայրենիքը երևակայապաշտների երկիրն է»: Այսօր էլ «Դոն Կիխոտը» թարգմանում ու հրատարակում են, կարդում են տարբեր լեզուներով, բայց իրականությունից չես փախչի, թեկուզ ամբողջ կյանքումդ միայն «Դոն Կիխոտ» կարդաս:
Հայ գրականության մեջ Դոն Կիխոտը մնացել է երազող իսպանացի ու գրական արմատներ չի ձգել, փոխարենը Լամանչեցի ասպետն ու նրա հմայիչ ուղեկից Սանչո Պանսան հարմարավետ տեղավորվել են հայկական քաղաքականության մեջ, հայկական մտածողության ու հայկական գործելակերպի: ՈՒ նույնիսկ ասպետի երազանք, սակայն խիստ երկրային ու սխտորաբույր Դուլսինեան իր կրկնօրինակներն ունի հայ քաղաքական ասպարեզում, այն էլ՝ մի քանիսը, ճիշտ է՝ նրանք ֆրանսիական օծանելիք են բուրում:
Հայաստանում քաղաքական կայունություն է՝ տարեցտարի: Պաշտոնապես՝ կայուն զարգանում ենք, անվերջ բարեփոխվում: Չէ, ես կայունությանը դեմ չեմ: Կայունությունը սքանչելի է, բայց որտե՞ղ են արդյունքները: Այն, որ դեռ կա՞նք: Ինչի՞ համար ենք մենք սովորում, աշխատում, ապրում, թերթ գրում ու կարդում: Ի՞նչ ենք մենք ուզում: Օրը մթնեց՝ վաղն ավելի լա՞վ կլինի: Դոն Կիխոտն ուրիշ ինչպե՞ս է լինում: Մի ամբողջ պետության համար, այն էլ ԵԱՏՄ անդամ, անհնա՞ր է «Նաիրիտ» աշխատեցնելը: Սերվանտեսը ողջ լիներ` «Դոն Կիխոտի» շարունակությունն էր գրելու «Նաիրիտի» վրա՝ ինչ անել, որ չաշխատի, ինչ հողմաղացներ հնարել, որ գործարանը ձեռքից ձեռք անցնի, արտադրանք տա հազարից մեկ, պետք եղավ՝ հրդեհվի, պետք եղավ՝ մաս-մաս վաճառվի, ու աշխատողներին չվճարել ո՛չ աշխատանքի դիմաց, ո՛չ պարապուրդի: «Նաիրիտի» պես տնտեսական հսկան խաղալիք դարձնելու ու խաղալիքը պարբերաբար կոտրելու համար Սերվանտեսի երևակայությունն էլ երևի չհերիքեր: Մերը հերիքում է: Մենք կարողանում ենք: Քանի՞ տեր փոխեց՝ ռուսներ, հնդիկներ, չինացիներ, էլ չգիտեմ՝ ովքեր: Պետությունը պատվախնդրություն չունի՞` քաղաքական որոշում կայացնի ու ինքնուրույն վերագործարկի՝ զրո կետից սկսելով: Չունի: Որովհետև ոչ թե ֆինանսներ ու սպառման շուկա չունի, այլ՝ խնդիր չի դնում: Որովհետև մեծ արդյունաբերություն վերագործարկելը թանկ ու երկարատև հաճույք է, իսկ մենք սիրում ենք օրվա ու կարճատև կայֆերը՝ հումք ծախենք, առևտուր անենք, հա, մեկ էլ՝ բողոքենք ու երազենք: Դոն Կիխոտը չէր բողոքում՝ սա մեր ներդրումն է նրա կերպարին:
Բայց մեկ-մեկ մեր երազները կատարվում են՝ օրինակ, «Գազպրոմը» գազի սակագինն իջեցրեց 189-ից 165 դոլարի: Ո՞վ կհավատար: Բայց եղավ, չէ՞: Պարզվեց՝ չէ:
Պարզվեց՝ Հայաստանի սահմանին գազի գնի նվազումը սպառողին չի վերաբերում, ներքին գինը Հայաստանում չի փոխվելու։ «Գազպրոմը» ինքն իր հաշվարկներն է հեշտացնում, ձեռքի հետ էլ խոստանում է, որ ենթակառուցվածքները կկատարելագործի: Երբ եվրոպացիներն ասում էին, թե իրավականորեն անթույլատրելի է, որ գազ արդյունահանող ընկերությունը գազի վաճառքով զբաղվի, Մոսկվան ասում էր՝ պայքարում են «Գազպրոմի» դեմ, շինծու արգելքներ են հնարում մեր գազատարների կառուցման դեմ:

Բայց ճիշտ էին, չէ՞, Եվրամիության պաշտոնյաները: Մենք ընտրեցինք «Գազպրոմի» «ճիշտը»: ՈՒ հիմա համաձայն ենք, որ «Գազպրոմը» Հայաստանին գազ մատակարարի, Հայաստանում ինքն իրենից գազ գնի ու բնակչությանը վաճառի: Աբսուրդ չէ՞: Դոն Կիխոտն էլ ոտքը կկոտրեր այս ճանապարհին: Անգամ ամեն ինչ հասկացող Սանչո Պանսան չէր հասկանա՝ ինչո՞ւ է ռուսական «Գազպրոմն» ինքն իրեն գազը դոլարով վաճառում, ոչ թե ռուբլով։ Ի՞նչ է նշանակում Հայաստանի սահմանի գին, եթե Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ի՞նչ սահման նույն կառույցի ներսում։ Իսկ Դուլսինեան կգար ու հիմար ասպետին կասեր՝ կողքիդ էժանը թողած՝ հեռուների թանկն ես առնում ու դեռ ուզում ես ինձ հմայե՞լ: Չէ, Սերվանտեսը հաստատ փետրագրիչը կկոտրեր ու չէր գրի այլևս, եթե սա է իրականությունը, որտեղ անգամ երազները սահմաններ ունեն: Մի դեպքում՝ անանցանելի, մի դեպքում՝ պարտադրված: Ինչո՞ւ Հայաստանը «Գազպրոմին» անմրցակից կարգավիճակ է ընծայում, հետո Միլլերին շքանշան տալիս, հետն էլ հավատացնում, որ անվերապահ սիրով միայն ռուսական գազն է վառելու, իրանական գազը Հայաստանում նույնն է, թե ջերմող հիվանդին Մարսի ուղեգիր տաս: Չէ, մենք կայուն ենք, մենք կայունությունը գնահատում ենք, մենք հավերժական կանխատեսելի գործընկեր ենք, երբ գործը վերաբերում է Ռուսաստանին, ու հավերժական անկանխատեսելի ենք մնացյալ աշխարհի համար: ՈՒ դա ճիշտ է, որովհետև ուրիշ ո՞վ է մնում որ: Դրանք ի՞նչ պետություններ են՝ իրենց շահի հետևից են ընկած, գին են գցում, ծրագիր են փոխում, կայուն չեն, օրը մի փորձանք հնարում են՝ ինչ է թե` իրավիճակ է աշխարհում փոխվում, գլոբալ մարտահրավերներ կան, կոնյունկտուրա կա: Մենք կայուն ենք, մենք անփոփոխ ենք: Մենք դոնկիխոտ ենք, որ պայքարում է միայն իր անձնական, սեփական, երևակայական հողմաղացների դեմ: Իրական՝ ոչինչ: Իրականությանը բաց աչքով նայելը ժանրի կանոնների խախտում է: Մենք խաղում ենք կանոններով: Մենք հարգում ենք մեզ ու մեր գործընկերոջը: ՈՒ ի՞նչ: Իսկ ի՞նչ, չե՞նք ապրում, վերացե՞լ ենք: Աշխարհում տասը միլիոնից շատ ենք, տեղ լիներ՝ Հայաստանում կապրեինք, տեղ չկա՝ սփռվել ենք: «Թղթածրար» ունենք՝ աշխարհը չունի: Սպասեք՝ ինչեր ենք անելու: Մտքի թռիչք ունենք՝ աշխարհը չունի՝ ամեն սփյուռքահայ հայրենիքում հազար դոլարի հաշիվ բացի, տնտեսությունը տեղից կպոկվի, ու բռնել չի լինի: Կամ էլ՝ «Հարյուրամյակն՝ առանց ռեժիմի»: Ո՞վ է ասում, որ 100-ամյակը ապրիլի 24-ին էր ու անցավ՝ կարգախոսը մեռավ: Ոչ՝ 100-ամյակը 21-րդ դարն է, որ միանշանակ անցնելու է առանց ռեժիմի: «Հիմնադիր խորհրդարանը», որ կառուցողական ընդդիմության խիտ շարքերից առանձնանում էր իր դոնկիխոտությամբ ու Դոն Կիխոտին էլ արժանի քայլեր էր անում, ծրագրեր մշակում, իշխանափոխության ամբողջ պայքարը գործնականում հանգեցրել էր իր ձերբակալված անդամների ազատ արձակմանը: Ճիշտ էր արել, նրանց ազատազրկման իրավական հիմքերը գործում էին մինչև ապրիլի 24-ը, այն էլ՝ պայմանականորեն, ու վաղուց արդեն ժամանակն էր համաներման։ Սերվանտեսն էլ «Դոն Կիխոտը» բանտում է գրել: Ո՞վ գիտի՝ ի՞նչ կգրեին «Հիմնադիր խորհրդարանի» երազողները, որ իրենց երևակայում էին ընդդիմություն ու համարում էին, որ իրենց կոչով ժողովուրդը համախմբվելու է ու գրավելու է Բաստիլը: Հայկականը՝ նախագահականի տեսքով: Ժողովուրդը Բաստիլը չգրավեց՝ ակնհայտորեն պարել չէր ուզում՝ Բաստիլը գրաված ֆրանսիացիները դարպասին գրեցին. «Այստեղ հետայսու միայն պարում են», հայերը սիրում են երգել: Տխուր, լալահառաչ, կամ՝ սարսափ՝ «Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա»: Վեր կենա, ի՞նչ անի: Նորի՞ց մեռնի՝ տեսնելով՝ ինչ է կատարվել առանց իրեն ու ինչ է հիմա կատարվում: Ամբողջ մի Եռաբլուր, ու՝ հարցը լուծված չէ: Անդրանիկ փաշան կհիշեր՝ ինչպե՞ս ու ինչո՞ւ հեռացավ Էրզրումից ու կնախանձեր Դոն Կիխոտին, որ պարտվում էր միայն երևակայական մարտերում, որ խելագարվում էր միայն իր մտքում: ՈՒ շատ կզարմանար, որ հայերը ոչինչ չեն սովորում սեփական փորձից, բայց հաճույքով ընդօրինակում են միջազգային փորձը: Օրինակ՝ Ֆրանսիայից իր Սահմանադրությունը՝ քսան տարի առաջ, հիմա էլ Գերմանիայինը, ու ուզում են հինը նորով փոխել: Եթե նա էլ կուսակցություն ունենար, նախագահականում նրան հանուն կոնսոլիդացիայի կընդունեին ու կբացատրեին, որ կարևորը կողմ կամ դեմ լինելը չէ, կարևորը քննարկելն է: Հետո գուցե նաև բարեկամաբար ասեին՝ ոչինչ էլ կարևոր չէ, պետք է՝ անում ենք՝ պետության գերակա շահ է, մեծ աշխարհ է, ժամանակը կգա՝ հայկականն էլ կունենանք: Երբևէ: Հազարամյակների ճանապարհ ենք անցել: Հազարամյակներ էլ դեռ մեր դիմաց կան: Նարեկացուն նոր միայն եկեղեցու հայր ճանաչեցին, քանի դար անցավ՝ մինչև հասկացան: Մեզ էլ կհասկանան: Երբևէ: ՈՒմ արձանն ասես Երևանում չկա, ինչո՞ւ Դոն Կիխոտի արձանը չենք դրել մինչև հիմա: Իսպանիան ցեղասպանությունը չի՞ ճանաչել, բայց ընթացքում է, չէ՞, մեկ էլ տեսար՝ հիշեց՝ ինչ է քաշել թուրքերից իր պատմության մեջ ու Էրդողանից չվախեցավ: Էն Միկոյանի արձանն էլ կորավ ու կորավ՝ փոխարենը Լենինգրադի բլոկադայի երեխաներինը գտնվեց: Երեխայի դեմ ո՞վ կգնա: Մինչդեռ մեզ միայն Դոն Կիխոտի արձանն է իրականում պետք: Որովհետև մենք հոգով երազող ենք: Որովհետև մենք սիրում ենք բարոյական հաղթանակներ: Որովհետև մենք կենսական էներգիա քամում ենք մեր չկայացած հաղթանակների ցավից ու կայացած պարտությունների տառապանքից: Որովհետև, ի վերջո, քաղաքական հեռատեսությունն էլ մեզ խորթ չէ՝ Ռիգա կա, Եվրամիության հետ հարաբերությունների զարգացում կա: Ճիշտ է՝ ձևական, ասենք՝ հավիտենական բարեփոխումների շարունակման համար, բայց ո՛չ գործնական, ո՛չ առևտրատնտեսական, ո՛չ քաղաքական, որովհետև մենք… Այո, մենք կայուն ենք, ու մեր երկրում կայունություն է, որովհետև հազիվ ենք հասել այս ճահճին, որտեղ ձուկ չկա, բայց ջուրը տաք է, առանձնապես թաց էլ չէ: ՈՒ ի՞նչ: Բայց ինչո՞ւ եք ուզում, որ անընդհատ մի բան լինի: Նեպալում երկրաշարժ եղավ, Էվերեստի բարձրությունն ընկավ: Հանգիստ նստեք ձեր տեղը, ու ապրեք: Փոփոխություններ լինում են այն երկրներում, որտեղ անկայունություն է, որտեղ դոնկիխոտներին համարում են ոչ թե պարապ թափառաշրջիկ, վնասակար գաղափարներ տարածող ու մարդկանց մտքերը պղտորող, այլ՝ իսկապես տեսնում են նրա անսանձ ոգին, որ մեկ անգամ տրվող կյանքն ուզում է ու կարողանում է արժանապատիվ ապրել: Որ սահմաններ ճանաչում է, բայց՝ իր հաստատածը: Որ սիրում է՝ մեկ և ընդմիշտ, օրվա գույների հետ գաղափարներ չի փոխում, սկզբունքներ չի փոխում՝ կուսակցությունների հետ, պետությունը պետություն է համարում, իշխանությունը՝ իշխանություն, չի նույնացնում, չի խաբում ու չի խաբվում: Պայքա՞ր է՝ պայքարում է: Առաջին հարվածից չի ընկրկում ու չի գերադասում նահանջ երգով, որովհետև իր նահանջի առաջ իր սահմանն է, իսկ ինքը սահմանապահ է, ոչ թե արտագաղթող: Հա, բառեր շարելը հեշտ է, մանավանդ՝ համակարգչով, հպվում ես տառին՝ գրվեց, ավելի հեշտն էլ կա՝ ոչ գրել, ոչ կարդալ, բայց, միևնույն է, չմտածել չկա: Իսկ երբ սկսում ես մտածել, կայունությունը տեղնուտեղը փշրվում է, ու հասկանում ես, որ աշխարհում կա դիալեկտիկա, բայց միշտ չէ, որ գործում է ձգողականության օրենքը, միշտ չէ, որ հարվածը հակահարված է առաջացնում՝ նույն ուժով, կա՛մ ավելի, կա՛մ պակաս, որ տեղատվությունն ու մակընթացությունը Լուսնի քմահաճույքը չեն, այլ՝ գոյության ձևը, ու, ընդհանրապես, գուցե ամեն ինչի պատճառն այն է, որ Երկիրն իր առանցքի շուրջ մի քիչ թեք է պտտվում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- 2015-ի մարտի տվյալներով` Հայաստանում աշխատանք է փնտրում 79632 մարդ, 72958-ը գործազուրկ են: 2014-ի մարտի համեմատ 2015-ին աճել է աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը՝ 23,6 %-ով և 20,7 %-ով: Աշխատանք փնտրողների մեծ մասը՝ 54940-ը, կանայք են: Գործազուրկ տղամարդկանց թիվը մարտին 24692 էր: Նրանք բոլորը դոնկիխոտներ չեն, որ հավատում են արդարության և ճշմարտության հաղթանակին: Նրանք պարզապես ապրում են՝ այսօր, այստեղ, ու նրանց կյանքի ժամանակը սա է:

Դիտվել է՝ 2016

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ