«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մայիսի 1՝ պատմության մետամորֆոզների մեջ

Մայիսի 1՝ պատմության մետամորֆոզների մեջ
02.05.2015 | 19:08

Ի՞նչ եք դուք հասկանում մայիսի 1 ասելով: Աշխատավորների միջազգային համերաշխության օ՞ր: Սահմանված Երկրորդ ինտերնացիոնալի Փարիզի կոնգրեսում 1889-ին՝ ի հիշատակ Չիկագոյի Հեյմարկետի ապստամբության զոհերի՞: Կա երկար ու դաժան պատմություն 19-րդ դարում 8-ժամյա աշխատանքային օրվա պահանջով սկսված աշխատավորական շարժման մասին: Առաջինը պահանջել են Ավստրալիայի աշխատավորները 1856-ի ապրիլի 21-ին, երեսուն տարի հետո միայն` 1886-ին ԱՄՆ-ի ու Կանադայի աշխատավորներն են փողոց դուրս եկել, մայիսի 4-ին Չիկագոյում ցույցը ցրելիս զոհվել է վեց ցուցարար: Հետո՝ ռումբ, զոհված ոստիկաններ, վիրավորներ, դատավարություն, մահապատիժ, ցմահ բանտարկություն՝ երկար պատմություն է՝ մինչև 1890-ի մայիսի 1, երբ Երկրորդ ինտերնացիոնալի Փարիզի կոնգրեսը Մայիսի 1-ը հայտարարեց ամբողջ աշխարհի աշխատավորների համերաշխութան օր և առաջարկեց նշել ութժամյա աշխատանքային օրվա համար ցույցերով: Հաջողվեց: Հավեսի ընկան, սկսեցին ամեն տարի նշել: Բայց աշխարհում մայիսի 1-ը շատ տարբեր են նշում: 1908-ից Շվեդիայում այդ օրը թոքախտավոր աշխատողների համար հանգանակություն են անում և Մայիսի 1-ը համարվում է սպիտակ երիցուկի օր: Հավայան կղզիներում Մայիսի 1-ը Լեայի օրն է՝ հավայական պարերի, Ղազախստանում՝ Ղազախստանի ժողովրդի միասնության տոնը, Կորեայում՝ Բուդդայի ծննդյան օրը, ԱՄՆ-ում՝ Իրավունքի օրը, Լոյալության օրը: Հնդկաստանում՝ բանկային աշխատողի օրն է: Ֆինլանդիայում՝ ուսանողական կառնավալների: Բրիտանական կղզիներում Մայիսի 1-ը գարնանացանի տոնն էր ու նվիրված էր արևի ու պտղաբերության Բելեն աստծուն՝ կելտացի դրուիդները նրան զոհեր էին մատուցում: Քրիստոնեական ժամանակներում սկսեց նշվել Սուրբ Խաչի տոնը: Գերմանացիները այդ օրն են ընտրել սատանայի հետ խրախճանելու համար՝ իրենց ամենամյա տոնին վհուկները հավաքվում են անմատչելի Բրոկեն լեռան վրա ու ապրիլի 30-ի գիշերից մինչև մայիսի 1-ի լուսաբաց Վալպուրգյան գիշերվա խառնակ շաբաշն է ձգվում: Մայիսի 1-ը պաշտոնապես 86 երկիր է նշում:
ԽՍՀՄ-ում մայիսի 1-ից առավել կարևոր էր մայիսի 2-ը՝ որպես կանոն ամբողջ երկիրը «մայովկա» էր անում՝ բնության գրկում՝ ձմեռվա ու ամառվա միջև գարնան տոնը կանաչ դաշտում, ջրի ափին, անտառում ընկեր-բարեկամների հետ նշելով:
Իսկ Մայիսի 1-ին ԽՍՀՄ աշխատավորները պարտադիր իրենց քաղաքների գլխավոր հրապարակով քայլանցում էին՝ ԽՄԿԿ-ին ու ԽՍՀՄ-ը փառաբանող բարձրագոչ կոչերի տակ՝ այդկերպ նրանք արտահայտում էին իրենց «համերաշխությունը կապիտալիստական երկրների աշխատավորների հեղափոխական պայքարի, ազգային-ազատագրական շարժումների հետ, վճռականությունը՝ խաղաղության համար պայքարում և կոմունիզմի կառուցման գործում»: Կոմունիզմը, ինչպես հայտնի է, չկառուցվեց: Իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, 1993-ին աշխատավորների շքերթը Մոսկվայում նույնիսկ ոստիկանությունը ցրեց, եղան զոհեր ու վիրավորներ, թեպետ այդ մասին ընդունված չէ խոսել: Հիմա այդ օրը միասին են նշում կոմունիստներն ու անարխիստները, բոլոր գույների կուսակցությունները՝ կոչերը սոցիալական են ու քաղաքական, պարտադիր՝ ընդդիմադիր: Այդ օրն ամենից շատ են հրաժարական պահանջում՝ կարևոր չէ՝ ում և ինչու: Ընդունված է:
Քաղաքական գործիչներից բացի, Մայիսի 1-ը սիրում են արհմիութենական գործիչները: Թեպետ հետխորհրդային տարածքում արհմիությունները, գոնե Հայաստանում, ավելի շատ մասնագիտական միավորումներ են, քան իրենց բուն խնդրով են զբաղվում՝ պաշտպանում են աշխատավորների շահերը: Նախ՝ չկան այլևս աշխատավորական մեծ կոլեկտիվներ և չկա աշխատողների ոչ համերաշխություն, ոչ միասնական պայքարի կամք, հետո՝ աշխատավորները և գործատուները միմյանց հետ են գերադասում իրենց խնդիրները պարզել, իսկ եթե չի ստացվում՝ աշխատողները, որպես կանոն, զգուշանում են արհեստակցական միություններին դիմել՝ վստահ չլինելով հաջողության մեջ, արհեստակցական միություններն էլ զգուշանում են գործատուների հետ լուրջ խնդիրների մեջ մտնել: Միևնույն է, Հայաստանի՝ աշխարհում ամենաարդար դատարանում «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»:
Հայաստանում Մայիսի 1-ը սեփականել են կոմունիստները: Կարմիր դրոշներով ու պիոներական վզկապներով նրանք դուրս են գալիս փողոց՝ սովետական նոստալգիայի դրոշի տակ: Այդ օրը՝ ինչ եղել է ԽՍՀՄ-ում, օրհնյալ է ու երանելի: Պապ-տատ-թոռների համերաշխության օրը երբեմն պարզվում է, որ ԽՍՀՄ-ում կոմունիզմը կառուցված է եղել, բայց կոմկուսը գլխի չի ընկել: Հայաստանի կոմունիստների կուռ ու նվազ շարքերն այդ օրը պարտադիր քայլանցում են դեպի ՌԴ դեսպանատուն՝ շնորհակալություն հայտնելու, որ արևը ծագում է, որ երկրագունդը դեռ չի գլորվել ու օվկիանոսը չի ընկել՝ շնորհիվ Կրեմլի ռուբինե աստղերի, որ մայր Ռուսիան կա, ուրեմն կա կյանք Երկրի ու գուցե Մարսի վրա: Այս տարի Հայաստանի կոմունիստների արև Պուտինին շնորհակալություն հայտնվեց Եվրասիական միությունը ստեղծելու համար: Նրանք հորդորում էին, որ Պուտինը կանգ չառնի ու առաջ գնա՝ երկրորդ ԽՍՀՄ ստեղծելու գործում: «Դա մեծ տնտեսական հեղափոխություն կլինի: Ժամանակը ցույց կտա, որ Խորհրդային Միության վերակազմավորման իմաստով մեծ առաջընթաց կգրանցվի: Դրանում ոչ մեկը չի կասկածում»՝ ասում էր Հայաստանի կոմունիստների առաջնորդը: Տաճատ Սարգսյանը վստահ է, որ 20 հազար կոմունիստ կա Հայաստանում, ու մի օր վերցնելու են իշխանությունը: Տոնական օրը փողոց դուրս եկած կոմունիստները դժգոհ են՝ այլևս անվճար չեն հանգստանում, բժշկությունը, կրթությունը անվճար չեն, թոշակը ցածր է, միակ հույսը Ռուսաստանն է: «Ռուսաստանը եթե չլինի, հայը կորած է՝ 1000 տոկոսով: Մենք ռուսներով ենք ապրում», «Առանց ռուսի հայ չկա»՝ համոզված էին երեկ փողոց դուրս եկած հայ կոմունիստները: Նրանք երկար աղմկեցին ՌԴ դեսպանատան առաջ, հայտարարեցին, որ աջակցում են Կրեմլին և թույլ չեն տալու, որ ֆաշիզմը կործանի ՈՒկրաինան, բայց դեսպանատնից ոչ ոք նրանց ազնիվ ջանքերը չգնահատեց:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Գուցե հայի՝ ռուսապաշտության օրինաչափ պատասխանն էր, գուցե պատահականություն, որ Արցախյան պատերազմում «Կոլցո» օպերացիան համընկավ մայիսի 1-ին ու այդ օրը մենք կորցրինք հայկական տարածքներ, որ դեռ չենք վերադարձրել: Բայց հայերիս վայել չէ պատմությունից սովորել, մենք ապրում ենք նոստալգիայի օրենքներով:

Դիտվել է՝ 2618

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ