«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հայաստանը միասնականացավ

Հայաստանը միասնականացավ
28.04.2015 | 00:36

Դեռ երկար աշխարհի ու հայոց վրա կղողանջեն երկու միլիոն զոհերի սրբադասման ղողանջները: Ավետելու` նահատակաց արյունը դարեր ի վեր խոսում է մշտապես: Խոսքն ի սկզբանե է: Եվ Խոսքը Մարմին է առնում:
Եվ առավ:
ՈՒ որքան էլ պարադոքսալ, այդ Մարմին առած Խոսքն աշխարհին լսելի եղավ: ՈՒ էլ ավելի պարադոքսալ է` նաև Թուրքիային այն լսելի եղավ: Ի՞նչ կապ ունի, որ Թուրքիան դեռ իներցիայով մերժողական ցիկլի մեջ է: Այս օրերին Թուրքիայի ապրած խուճապը այլ կերպ չես բացատրի, եթե ոչ այդ Մարմնի հետ «կենդանի» շփում: Թուրքիան, առերեսվելով 100-րդ տարելիցին, ակնհայտեց. այդ Մարմին առած Խոսքը Գալիպոլիից, աշխարհից ավելի մեծ է, և նրան դիվանագիտությամբ, և այն էլ` թուրքական, չես հաղթի:
Իսկ Գալիպոլիի չկայացած, թույլ տանք մեզ ասել` տապալված միջոցառումը… Պետք է այս պահին ձգել դադարը, ասելու.
-Որքա՜ն զորավոր է հայոց ոգին, երբ ունկնդիր է Երկնին, իր ներքին ձայնին ու կոդին: Որքա՜ն զորավոր է հայոց ոգին, երբ միասնական է: Թուրքիո հզոր պետության փողերի և ազդեցության կողքին ծվարած պստիկ Հայաստանում միջոցառումներ կազմակերպվել էին հազարամյա ոգի, քրիստոնեական պատմություն ունեցող, աշխարհին Նարեկացի տված, Գողգոթան հաղթահարած, պետական-իրավական պինդ կառույցներով, էթնոսի կազմակերպվածությամբ աչքի ընկնող, բարձր ճաշակով, ազդեցիկությամբ զորեղ, գեղագիտորեն անթերի` միջազգային չափորոշիչներով: Զի որտեղ խոսում է ոգին, այնտեղ պապանձվում է դիվանագիտությունը:
Այդ իսկ պատճառով Գալիպոլին, որն ընդամենը խոսքի ու պատմության հայելային անդրադարձ էր, ստացվեց անկենդան` մեռած, անհետաքրքիր էր, չերկնչենք բնորոշել նաև` անամոթ: Գալիպոլիի միակ «կենդանությունն» այն էր, որ մատնեց Թուրքիայի ներքին խուճապը, Էրդողանի և Թուրքիո դիվանագիտության սնանկությունը, որը կուտակումներ էր ունեցել թե Վատիկանի պատարագի, թե Գերմանիայի Բունդեսթագի, թե… (չթվենք, ժամանակը չի հերիքի), որին ի արձագանք, Թուրքիան սկսեց «հայհոյել» պապին էլ, Բունդեսթագին էլ, Ռուսաստանին ու նրա նախագահին էլ, մի խոսքով` ամբողջ աշխարհին: Քանզի առաջին անգամ ամբողջ հասակով մեկ խփվել էր իր իսկ սարքած համաշխարհային հզորագույն պատին, իսկ նահանջի տեղ չկար:
Թուրքիան հասկացել էր, որ այլևս խաղեր չի կարողանալու տալ այս գետնին վրա, քանզի աշխարհն ու ինքը «без пяти минут» են Ցեղասպանության լիարժեք ճանաչումից: Եվ այդ մասին, ինչպես հարյուր տարի հետո զոհերի սրբադասման մասին, կհոգա Երկինքը` ի տեղի, ի ժամի:
Հաջորդ խոսքը, որ խոսվեց այս հարյուրամյային յուրաքանչյուր հայիս սրտին` սկսած ռամիկից մինչ պետական բարձրադիր կառույցներ, մեկն էր՝ պետք է ամեն ինչ անել չկորցնելու միասնականության այն ոգին, որ որպես պարգև պարզվեց այս օրերին մեզ, որպես մեծ նվեր:
Երկու շատ կարճ ու ռեալ քայլեր. ժողովուրդը պետք է այլևս «մուննաթ» հոգով ու դեմքով չապրի, եթե երկինք ելած երկու միլիոնը` ահավոր ու սարսափելի տանջանքների ու նահատակության միջով զորու է ղողանջելու և ազգին այսպիսի վերելք ու միասնականություն պարգևելու, այսօրվա մեր օրը, որ գրեթե «դրախտ» է այն օրերին, չունեցած պետականության համեմատ, չպետք է անկումի, «մուննաթի» ու պեսիմիզմի դաշտ սարքի` ազգն իր հատակներում կորցնելու համար. քանզի վիշտը վիշտ է բերում, ազատությունը` ազատագրում, իսկ մենք այդ հարյուր ղողանջներով այս հարյուրամյայի ընթացքում ազատագրվեցինք զոհի բարդույթից:
Տեր կանգնենք մեր ազատագրմանը` ռամիկից մինչև երկրի նախագահ:
Երկրի «նախագահությունն» էլ պետք է հստակ հասկանա՝ գործ ունի արդեն ազատագրված, զոհի բարդույթը թոթափած ժողովրդի ու անհատների հետ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1772

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ