«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Կոչ` անօրինական ճանաչել Հայաստանից Կարսի մարզի, Նախիջևանի մարզի և Ղազախի գավառի բռնազավթումը

Կոչ` անօրինական ճանաչել Հայաստանից Կարսի մարզի, Նախիջևանի մարզի և Ղազախի գավառի բռնազավթումը
28.04.2015 | 00:05

1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման և 1,5 միլիոն նահատակների ոգեկոչման արարողություններն արդեն հետևում են մնացել, սակայն մեզ այդպես էլ չի լքում դեռևս ապրիլի 24-ից առաջ մեզ համակած և ահագնացող ունայնության զգացումը։ Հայաստանում անթաքույց ուրախությամբ և ոգևորությամբ ընդունեցին Եվրախորհրդարանի հերթական բանաձևը մեր ազգային ողբերգության կապակցությամբ, որն այս անգամ խորագրված էր «Եվրամիությունում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու մասին» վերտառությամբ։ Փաստաթղթով ԵՄ անդամ երկրներին կոչ է արվում ազգային մակարդակով համապատասխան փաստաթղթեր ընդունել։ Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է դեռևս 1987 թ.։ Ավելին, այդ կառույցը 2000, 2002 և 2005 թթ. նույնպես բանաձևեր է ընդունել հրեշավոր հանցագործության ճանաչման վերաբերյալ։ Ապա հետևեցին տեղեկություններ, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչել է ևս մեկ երկիր, հետո մյուսը, և որ, կարծես, պատրաստվում է ճանաչելու նաև Էկվադորը։ Իհարկե, ժամանակակից հայերը երախտապարտ են առանձին երկրների` այդ հուզական պոռթկման համար։ Կարելի է հինգերորդ անգամ ևս շնորհակալություն հայտնել Եվրախորհրդարանին։ Ի դեմս արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Երևանն արդեն ողջունել է եվրոպական պատգամավորների որոշումը, ընդգծելով, որ «բանաձևի ընդունմամբ Եվրախորհրդարանը մեկ անգամ ևս հավաստեց իր նվիրվածությունը մարդու իրավունքների պաշտպանությանն ու եվրոպական արժեքներին»։ Բայց ընդամենն այս, և ուրիշ ոչինչ։ Ահա, խնդրեմ, Դանիան պաշտոնապես հրաժարվել է ճանաչելուց Հայոց ցեղասպանությունը։ Այնպես որ, ամեն ինչ չէ, որ այդքան հստակ ու միարժեք է, սակայն մենք դեռ կվերադառնանք ճանաչել-չճանաչելու արժեքավորության կամ անօգտակարության հարցին։
Հայկական հարցի վերաբերյալ Եվրախորհրդարանի դեռ հինգերորդ բանաձևից առաջ կայացած մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր. «Ինչ որոշում էլ կայացնի Եվրախորհրդարանը, դա մեր մի ականջով կմտնի, մյուսով դուրս կգա, որովհետև Թուրքիայի համար անհնար է նման մեղադրանքներ ընդունելը»։ Դա էլ հենց նշանակում է, որ ճիշտ են այն հայերը, որոնք տասնամյակներ շարունակ պնդել են և պնդում են. Թուրքիան և թուրքերը ամենևին չեն փոխվել 1915-ից ի վեր։ Անկարայի վերաբերմունքը գրեթե նույնն է նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապի 2015 թ. ապրիլի 12-ի հայտարարության նկատմամբ, ինչը նույնպես ոգևորություն առաջացրեց աշխարհի հայության շրջանում։ Այո, Եվրախորհրդարանի 2015 թ. բանաձևում այսպիսի բառեր կան. «...վճռականորեն դատապարտում է դրանց ժխտման ցանկացած փորձ», «կոչ է անում (Թուրքիային- ծանոթ.) ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրանով ճանապարհ հարթել թուրք և հայ ժողովուրդների ճշմարիտ հաշտության համար»։ Բայց կան նաև խոսքեր, որոնք մեր ժողովրդին, ըստ էության, ոչինչ չեն խոստանում, բացի հայերի և թուրքերի միջև «Արձանագրությունների դիվանագիտության» վերականգնումից. «Թուրքիային և Հայաստանին կոչ է անում ձեռնամուխ լինել հարաբերությունների կարգավորմանը` դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություններն առանց նախապայմանների վավերացնելու և իրականացնելու միջոցով, բացելով սահմանը»։ Ի՞նչը վավերացնել։ Եվրախորհրդարանը մի՞թե չգիտի, որ թուրքերն այդ խայտառակ արձանագրություններն այդպես էլ չմտցրին իրենց խորհրդարան և զուգահեռաբար առաջադրեցին բազում-բազմաթիվ նախապայմաններ, իսկ Հայաստանի նախագահը երկար տարիներ (կանխավ անպտուղ) սպասելուց հետո Արձանագրությունները հետ կանչեց Հայաստանի խորհրդարանից։
Հասկանալի է, թե ինչու է նման բան կատարվում։ Իր արարքների համար Թուրքիա անունը կրող պետության պատասխանատվության մասին չխոսող անատամ փաստաթղթերն էլ հենց անպատժելիության ու ամենաթողության մթնոլորտ են ստեղծում։ Չէ՞ որ Արևմուտքը մինչ օրս էլ չի ճանաչում Հյուսիսային Կիպրոսի օկուպացման ժամանակ հույների ու հայերի նկատմամբ Թուրքիայի իրականացրած ցեղասպանական գործողությունները, իսկ դա, համենայն դեպս, արդեն 1915 թվականը չէր։ Մենք արդեն գրել ենք, որ գլխավոր պատճառը նաև այն է, որ ամենօրյա «Մեծ քաղաքականության» մեջ ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամների «հնգյակի» մեջ մտնող աշխարհի հիմնական գերտերությունները իրականում քամահրական վերաբերմունք ունեն հայկական հարցի նկատմամբ։ Իսկ ԱՄՆ-ը իր նախագահի որոշմամբ 2013 թ. ըստ էության ամերիկյան դատարաններին արգելեց քննության ընդունել հայերի հայցերը Ցեղասպանության զոհերին կամ նրանց ժառանգներին այն ապահովագրական գումարների վճարման մասին, որ Օսմանյան Թուրքիայի հայերը մինչև 1-ին համաշխարհային պատերազմը զետեղել էին ամերիկյան բանկերում։ Ընդ որում, ԱՄՆ-ի գերագույն դատարանին ուղղված Սպիտակ տան 27-էջանոց ամփոփագրում 1915-23 թթ. Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես համարվել է «քաղաքական առումով վիճելի իրադարձություններ»։ Ահա այն, բուն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչ-որ Դանիայի և այլոց կողմից Ցեղասպանության չճանաչման քաղաքական հիմքը։
Հայկական հարցի նկատմամբ մեծ տերությունների քամահրական վերաբերմունքը հանգեցրել է այն բանին, որ այսօր Թուրքիայում բնակչության ընդամենը 9 %-ն է կողմ Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Այս տարվա հունվարի 14-ին թուրքական և միջազգային լրատվամիջոցները հաղորդեցին, որ տնտեսական և արտաքին քաղաքականության հետազոտության Ստամբուլի անկախ վերլուծական կենտրոնը 2014 թ. նոյեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 7-ը անցկացրել է Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ հասարակական կարծիքի հարցում։ Կենտրոնը հարցումն անցկացրել է 1508 մարդու շրջանում։ Հարցման մասնակիցներից հետաքրքրվել են, թե Թուրքիան քաղաքական ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին։ Հարցվածների 9,1 %-ը հայտարարել է, որ երկիրը պետք է ներողություն խնդրի հայերի սպանությունների համար և 1915 թ. իրադարձությունները ճանաչի որպես Ցեղասպանություն։ Այդ կարծիքի անձանց 24,4 %-ը քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության կողմնակիցներ են, մինչդեռ նրանց հետ համաձայն է կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմնակիցների ընդամենը 7 %-ը։ Ցեղասպանության ճանաչման օգտին հանդես են եկել հանրապետական ժողովրդական կուսակցության 8,7 %-ը, «Ազգայնական շարժում» կուսակցության կողմնակիցների 4,6 %-ը։ Հարցվածների 9,1 %-ը կարծում է, որ Թուրքիան պետք է ներողություն հայցի հայերից, չձեռնարկելով որևէ լրացուցիչ միջոց։ Նույն կարծիքին են հանրապետական ժողովրդական կուսակցության համախոհների 13,4 %-ը, «Արդարություն և զարգացում» կուսակցության 7,1 %-ը, «Խաղաղության և ժողովրդավարության» 4,1 %-ը, «Ազգայնական շարժման» 4,3 %-ը։ «Արդարություն և զարգացում» և «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունների կողմնակիցների մեծ մասը` համապատասխանաբար 26,9 %-ը և 36 %-ը, հայտարարել է, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիների սպանության համար, քանի որ, նրանց խոսքերով ասած, սպանել են ոչ միայն հայերին։ Հարցման մասնակիցների 21,3 %-ը վստահ է, որ երկիրը ոչ մի միջոց չպետք է ձեռնարկի, իսկ 25 %-ը «պատկերացում չունի, պատասխան չունի»։ Վերլուծական կենտրոնը նույն հարցով դիմել է օտարերկրյա 150 փորձագետների, որոնց 18,7 %-ը այն կարծիքն է հայտնել, որ Թուրքիան պետք է ճանաչի ցեղասպանությունը։ 36,7 %-ի կարծիքով, Թուրքիան պետք է ներողություն խնդրի Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիների սպանության համար։
Դա նշանակում է, որ հայերի ողբերգությանը ծանոթ թուրքերի չնչին մասն անգամ չի պատրաստվում վերադարձնելու զավթված հայկական հողերը։ Եվ որ թուրքերի ավելի քան 90 %-ը առհասարակ կտրական է իր դիրքորոշմամբ` «Չի եղել»։ Թուրքիան նույնն է, ինչ 1915-ին, ոչինչ չի փոխվել։ Այս իրողությունը պարտավոր են հաշվի առնել ոչ միայն Երևանի ամերիկամետ թուրքասերները, այլև ԱՄՆ-ի ու Ռուսաստանի իշխանությունները։ Այս փաստը պետք է հաշվի առնվի միշտ, երբ այս կամ այն գերտերությունը ձեռնամուխ է լինում Հայաստանի իշխանությունների, հայ ժողովրդի վրա ճնշում գործադրելու հերթական ալիքին և «համոզում» հաշտության գնալ թուրքերի հետ։ Մի հանցագործի հետ, որը ոչ միայն չի ընդունում իր մեղքը, այլև նույնիսկ հոխորտում ու պարծենում է իր անցյալով, ինչպես եղավ այն պարագայում, երբ Երևան հրավիրվեց հայերի դահիճներից մեկի` երիտթուրք Ջեմալ փաշայի թոռը, որը հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ խոսելիս, պատասխանելով իր պապի մահապատժի վերաբերյալ հարցին, ուղղակիորեն և առանց այլևայլության հայ վրիժառուներին անվանեց («բանդիտներ»։ Այդ դեպքում հապա ովքե՞ր են նրա պապը և մասոնական «Իթթիհադ վե թերաքքի» «Միություն և առաջադիմություն») կուսակցության մյուս պարագլուխները, որոնք Օսմանյան Թուրքիան մաքրում էին քրիստոնյաներից։ Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում երբեք մեկանգամյա հանցագործություն չի եղել։ Դա տարիներ շարունակված հանցագործություն է, որի վերջին հորձանքը եղավ արդեն 20-րդ դարի 50-ական թվականներին, երբ տեղահանվեցին հույները, 70-ականներին, երբ զավթվեց Հյուսիսային Կիպրոսը։ Ավելին, հենց 2014 թ. Անկարային մեղադրեցին քրդերի ցեղասպանության մեջ, ընդ որում` մեղադրանքը հնչեց, ըստ էության, Թուրքիայի պետական համակարգի անդամ, Հաքքյարիի քաղաքապետ Լոքման Օզդեմիրից ¥քուրդ¤` Անկարայի կողմից «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին անսպառ օգնություն տրամադրելու վերաբերյալ վկայություն տալիս։ Բայց չէ՞ որ 20-րդ դարի 30-ական թվականներին Դերսիմի քրդերի հետ հաշվեհարդարը ևս բացարձակորեն համապատասխանում էր ցեղասպանության հայտանիշերին, ինչը և, ըստ էության, երկու տարի առաջ ընդունեցին Թուրքիայի այն ժամանակվա և ներկա նախագահներ Աբդուլլահ Գյուլը և Էրդողանը, համաձայնելով այն ցեղասպանության զոհերի ժառանգների պահանջներին` Թունջելի քաղաքին վերադարձնելու իր պատմական Դերսիմ անունը։ Այս փաստերը հիմք են տալիս պնդելու, որ այս կամ այն ազգի ցեղասպանությունը, հատկապես եթե այդ ազգը տեղաբնիկ, անդրենածին է ժամանակակից Թուրքիայի տարածքում, միշտ քաղաքական մեխանիզմ է եղել Անկարայի կառավարող շրջանակների ձեռքին։
Բանն այն է, որ Հայոց ցեղասպանության պարագայում միայն հայրենադարձությամբ ու այլևայլ վճարումներով, «գույքահատուցմամբ» չեն պրծնի. իսկ հայկական նյութական մշակույթի ավերված հուշարձաննե՞րը, իսկ հողե՞րը, առավել ևս, որ դրանց մի մասը հարյուր տոկոսով մինչև հիմա էլ լուրջ վեճերի առարկա է։ Հատկանշական է, որ 2015 թ. այդ թեմայով ազդակ ստացվել է... Ատլանտիկայի մյուս ափից, բայց ոչ ԱՄՆ-ից, այլ մի երկրից, որն ինքն է առաջինը (1965 թ. ապրիլի 20-ին) ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում` ՈՒրուգվայից։ Հունվարի 4-ին այդ երկրի արտգործնախարարությունը մեծ տերություններին կոչ արեց ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես նաև «1918 թ. մայիսից մինչև 1920 թ. դեկտեմբեր ընկած ժամանակամիջոցի անկախ պետության սահմաններում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության սկզբունքը», այսինքն, անօրինական ճանաչել Հայաստանից Կարսի մարզի, Նախիջևանի մարզի և Ղազախի գավառի բռնազավթումը։ Այլ կերպ ասած, ՈՒրուգվայը հրապարակայնորեն բարձրացնում է Մոսկվայի և Կարսի 1921 թվականի պայմանագրերի չեղարկման հարցը։ Սպասելի էր, որ տարբեր երկրներ տարբեր կերպ կպատրաստվեն Օսմանյան Թուրքիայում և Անդրկովկասում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 100-րդ տարելիցին։ Ափսոս, որ այդ նախաձեռնության հեղինակն ՈՒրուգվայն է, ոչ թե, ասենք, ԱՄՆ-ը, որի նախագահները ժամանակին մի ամբողջ մանդատ են ունեցել Արևմտյան Հայաստանի հարցով, և ոչ էլ Ռուսաստանը, որի բոլշևիկյան «վարկածն» էլ հենց թուրքերի հետ կնքել է վերոհիշյալ պայմանագրերը։ Այսօր ԱՄՆ-ը նախընտրում է հրապարակայնորեն ոչինչ «չհիշել» Հայաստանի հարցով իր ունեցած մանդատի մասին (չէ՞ որ Թուրքիան ԱՄՆ-ի հավատարիմ թազին է Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում)։ Ռուսաստանը իրեն համարում է (բավական հակասական է, եթե խոսելու լինենք Անդրկովկասում առկա սահմանների մասին) և Ռուսական կայսրության, և՛ ԽՍՀՄ-ի իրավահաջորդը։ Ինչևէ, ՈՒրուգվայի ԱԳՆ-ի հայտարարությունը միջազգային քաղաքականության առաջին ծիծեռնակն է 2015 թ., որը կոնկրետ առնչվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և ակնարկում է, որ առանց տարածքային հարցի քննարկման չի լինի։
Թեման, իհարկե, նոր չէ, բայց առաջին անգամ այն հնչել է ո՛չ թե Հայաստանի կողմից, ո՛չ թե սփյուռքի հայկական կենտրոնների կողմից, այլ ՄԱԿ-ի անդամ մի ամբողջ երկրի արտգործնախարարության և այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից, անկեղծ լինենք. ՈՒրուգվայը, չնայած փոքր «չափերին», աշխարհում միանգամայն նկատելի պետություն է, միանգամայն արժանահիշատակ։ Արդյո՞ք սա նշանակում է, որ 2015 թ. ապրիլի 24-ից հետո ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման, այնպես էլ ՈՒրուգվայի արտգործնախարարության ձևակերպմամբ, «1918 թ. մայիսից մինչև 1920 թ. դեկտեմբեր ընկած ժամանակամիջոցի անկախ պետության սահմաններում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության սկզբունքի» հարցերը կենտրոնական կդառնան միջազգային քաղաքականության օրակարգում։ Ելնելով այսօրվա իրողություններից և ՈՒկրաինայի և Սև ծովի ավազանի շուրջ ռուս-ամերիկյան հարաբերությունների կտրուկ սրումից` և՛ այո, և՛ ոչ։ Թող չզարմացնի այս պատասխանի հակասականությունը։ Երկու տերությունն էլ Սև և Միջերկրական ծովերում իրենց դիրքերի պաշտպանությանը հետամուտ, կարող են իրենց դրսևորել ելնելով այն բանից, թե ինչ կանի Թուրքիան, ում հրապարակավ կամ թաքուն կաջակցի։ Եվ «նեղացած» տերությունը լիովին ընդունակ կլինի հակաթուրքական ցայտուն քայլ անելու տարածաշրջանում։ Այսպես թե այնպես, միայն այն դեպքում, երբ ոչ միայն ՈՒրուգվայը, այլև մենք ինքներս, իսկ իդեալական դեպքում մեր հանդեպ բարեկամաբար տրամադրված երկրների հետ մեկտեղ, սկսենք թուրքերի գլուխը բթել, որ Ցեղասպանության և դրա հետևանքների համար պատասխանատվությունն անխուսափելի է, արդարության վերականգնման հնարավորություն կառաջանա։ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի` որպես ցեղասպանության հետևանքների, թեման կշարունակվի։ Չէ՞ որ անցած ամիսներին կատարվեց Սիրիայի կողմից ցեղասպանության արտասովոր ճանաչում, առաջին մուսուլմանական երկրի, որը համարձակվեց թուրքերին ճշմարտությունն ասել Հայկական հարցի մասին։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4097

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ