«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Անկարայի շոկային կիրակին

Անկարայի շոկային կիրակին
13.04.2015 | 14:31

Թվում էր՝ Անկարան արդեն իմունիտետ պիտի կուտակած լիներ 1915-ին վերաբերող և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կատարվող իրադարձություններին: Ավելին՝ Անկարան դեռ անցյալ տարվանից դիմակայության պատնեշները բարձրացրել էր՝ Թուրքիայի բոլոր դեսպանատները, ամբողջ դիվանագիտությունը, խորհրդարանական ու ֆինանսական կառույցները աշխատում են հակահայկական ուղղությամբ՝ անցյալ դարասկզբի ցեղասպանությանը հավելելով այս դարասկզբին ցեղասպանության ժխտողականությունը: Անկարան ուներ բավարար ժամանակ ընտրելու իր քաղաքականությունը, բայց գործնականում Անկարան ընտրություն չուներ գործող իշխանության պարագայում: Ի վերջո՝ երրորդ տասնամյակն է, որ Անկարան չի կարողանում հարևան Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների հայեցակարգ մշակել և տեղավորում է իր քաղաքականությունը հարևան Ադրբեջանի և Հայաստանի փոխհարաբերությունների շրջագծում: Սա ոչ թե Թուրքիայի հավատարմությունն է եղբայր Ադրբեջանին, այլ հավատարմությունը Օսմանյան կայսրությունից երիտթուրքերին անցած, այնուհետև՝ Թուրքիայի Հանրապետությանը ժառանգած քաղաքականության: Ճիշտ է՝ ժամանակի ընթացքում հարաբերական փոփոխությունների ենթարկված՝ հայերի ֆիզիկական ոչնչացման խնդիր Թուրքիայի Հանրապետությունն այսօր չունի, հայապատկան տարածքներն այսօր գերազանցապես քրդաբնակ են և ճակատագրի ծաղրն է Անկարային, որ ինչպես հայերը հարյուր տարի առաջ, հարյուր տարի հետո քրդերը ևս ուզում են անկախություն ու անկախ պետություն: Թուրքերի խնդիրն այսօր հայոց ցեղասպանությունը ժխտելն է, որովհետև ոչ ոք սահմանի ոչ այս, ոչ այն կողմում դեռ չի պատասխանել հարցին՝ իսկ ի՞նչ է հետևելու ցեղասպանության ճանաչմանը: ՈՒ որովհետև մենք էլ չունենք այդ հարցին պատասխանելու քաղաքական, տնտեսական ու ժողովրդագրական ռեսուրս, առայժմ գերակայություն ենք տալիս ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ուղղությանը, որ ի վերջո՝ ձեռնտու տարբերակ է նաև Թուրքիայի համար: Անկարան ունի բավարար քաղաքական ու ֆինանսական ռեսուրսներ՝ դիմակայելու ցեղասպանության միջազգային ճանաչմանը և հետաձգելու սեփական որոշումը՝ ելնելով բուն երկրում հասարակական կարծիքի տարտղնվածությունից և պատմության հետ առերեսվելու պահանջ բարձրացնողների փոքրամասնությունից: Այս կտրվածքով՝ Անկարայի համար քաղաքականապես շահավետ է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հրապարակավ կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետ և պայմանավորել այդ հարցի ադրբեջանամետ լուծմանը: Դա Անկարային հնարավորություն է տալիս՝ քաղաքական ազդեցության լծակ ունենալ Բաքվի վրա, որ տնտեսական քաղաքականության մեջ ունի սեփական, հաճախ Թուրքիային հակադրվող շահեր: Միաժամանակ՝ հարմար ձևակերպում է տևական ժամանակ ոչինչ չձեռնարկել Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններում՝ Անկարան փայլուն հասկանում է, որ իր նախապայմանները Հայաստանը չի ընդունելու, և ստացվելու է, որ ոչ թե Անկարան չի ցանկանում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, այլ Երևանը պատրաստ չէ: Բոլորն էլ հասկանում են Անկարայի դիվանագիտական խաղը, ավելին՝ ընդունում են: Բայց տարածաշրջանում իրավիճակ է փոխվում Իրանի և Արևմուտքի հարաբերությունների փոփոխություններով: Անկարան ոչ թե հանուն Հայաստանի, այլ հանուն տարածաշրջանում ու աշխարհում իր դերի ու ազդեցության պահպանման պարտադրվել է Հայաստանի նկատմամբ տեսակետ փոխելուն: Այս շրջագծում է, որ Անկարայի համար իսկապես ցավագին են դառնում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացները: Դեռ անցյալ տարի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Անկարա այցի ընթացքում Անկարան խորապես համոզած էր, որ կաթոլիկ աշխարհի հովվապետը «վնասազերծված» է և այլևս Հայոց ցեղասպանության մասին խոսելիս չի արտաբերի սակրալ «գենոցիդ» բառը: Վատիկանում Թուրքիայի դեսպանն էլ այդ ուղղությամբ աշխատում էր՝ օգտագործելով վատիկանյան բոլոր ռեսուրսները, բայց ապրիլի 12-ին Սուրբ Պետրոս տաճարում կայացավ երկու եկեղեցիների համատեղ պատարագը և իր քարոզի առաջին իսկ րոպեներին Ֆրանցիսկոս պապն արտաբերեց «գենոցիդը»՝ հակառակ բոլոր ջանքերի ու ջուրը գցելով Անկարայի սպասումները: Այնուհանդերձ, Անկարան արձագանքեց սպասվածից բուռն՝ խորհրդակցությունների համար հետ կանչելով Վատիկանում իր դեսպան Մեհմեդ Փաչաչին, Անկարայում Վատիկանի դեսպանին հրավիրելով արտգործնախարարություն՝ դժգոհություն հայտնելու։ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությամբ՝ պապի ուղերձը հակասում է խաղաղության և երկխոսության իր իսկ կոչին, որով Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետը հանդես էր եկել նոյեմբերին Թուրքիայում: Արտգործնախարարությունը նաև «խտրական» որակեց պապի ուղերձը, համարելով, որ հիշատակվում են միայն քրիստոնյա հայերի և «ոչ մահմեդականների ու այլ կրոնական խմբերի» տառապանքները։ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նույնիսկ իրեն իրավունք վերապահեց գնահատական տալ կաթոլիկ աշխարհի հովվապետի քարոզին՝ ասելով, որ ցեղասպանության հայտարարությունը վայել չէ պապին՝ «Հոգևոր առաջնորդներից ակնկալում ենք, որ խաղաղության կոչ անեն: Հռոմի պապի հայտարարությունները Եվրոպայում տարածված ռասիզմն են ավելացնում: Պապի հայտարարությունը միակողմանի է և անհիմն»: Դավութօղլուն պնդում է, որ եթե արտաքին գործոնները չլինեին, 1915 թվականի «ցավերը» տեղի չէին ունենա, որ Անկարայի ավանդական տեսակետի շարունակումն է՝ ցեղասպանությունը պայմանավորել Առաջին աշխարհամարտով և ժխտել կանխավ ծրագրված ու պետականորեն իրագործված լինելը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ համարեց, որ Ֆրանցիսկոս պապի խոսքերն անընդունելի են՝ «հեռու են պատմական ու իրավական իրականությունից»: Առայժմ լռում է Թուրքիայի նախագահը, վստահաբար ևս նույն կարծիքին է, բայց Հռոմի պապի դեմ հայտարարությունները Էրդողանի համար բացահայտ վտանգավոր են, ուստի նա կշարունակի լռել կամ իր տեսակետը հայտնելու այլ ձևաչափ կգտնի:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Առաջին հայացքից տարօրինակ է, որ Անկարան համարյա լռելյայն ընդունեց Իտալիայի խորհրդարանի՝ ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը, բայց ընդվզեց Վատիկանում պատարագի ժամանակ արտաբերված «գենոցիդ» բառից: Առավել ևս, որ Հայոց ցեղասպանությունը Վատիկանն ընդունել էր 2002-ին դեռ, երբ Երևան էր եկել Հովհաննես Պողոս Երկրորդ պապը, իսկ Վատիկանում պապերի փոփոխությամբ քաղաքականություն չի փոխվում և Ֆրանցիսկոս պապն էլ երկու տարի առաջ հաստատել էր, որ կատարվածը ցեղասպանություն է: Քաղաքական հարթության մեջ Անկարան պատրաստ է ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող երկրների թվի մեծացմանը, բայց սա հարված էր դավանանքի հարթության մեջ՝ աշխարհի միլիոնավոր կաթոլիկների անունից հնչած դատապարտում էր, որին Անկարան չի կարող ոչ քաղաքական շահեր հակադրել, ոչ տնտեսական սահմանափակումներ մտցնել, ոչ իր երկրում հալածանքներ սկսել կաթոլիկների նկատմամբ: Սա Անկարայի աքիլլեսյան գարշապարն էր, որտեղ ձեռնարկած որևէ քայլ միայն հաստատելու է, որ թուրքերը գործել են ցեղասպանություն ու շարունակում են գործել՝ հրաժարվելով ցեղասպանության միայն մեկ՝ ֆիզիկական ոչնչացման որակից, բայց շարունակելով սահմանման մյուս բաղադրիչների գործադրումը:

Դիտվել է՝ 1247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ