«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Միշտ գալիս է մեկը, որ քեզնից ուժեղ է

Միշտ գալիս է մեկը, որ քեզնից ուժեղ է
13.03.2015 | 01:40

Ես հասկանում եմ, որ պետք է գրեմ քաղաքականության մասին, քաղաքական իրադարձությունների՝ նախապատմությամբ, ընթացքով, հեռանկարներով, բայց ես մեղավոր չեմ, որ չեմ ուզում գրել Գագիկ Ծառուկյանի ու նրա ԲՀԿ-ի, Նաիրա Զոհրաբյանի ու նրա ԲՀԿ-ի, ԲՀԿ-ից հեռացողների ու նրանց դրդապատճառների, չհեռացողների անելիքների մասին: Հին ու նոր գրասենյակների, հին ու նոր գույքի և մարդկանց մասին, որ նույնացվում են գույքի հետ: Չեմ ուզում գրել Հովիկ Աբրահամյանի մասին, որ հայտնվել է քաղաքականության կենտրոնում՝ թիկունքում ունենալով Ռոբերտ Քոչարյանին, բայց չգիտի՝ նա թիկունքից խփելո՞ւ է, թե՞ թիկունք է դառնալու: Թե՞ հեռանալու է, ու՝ առանց «Մնաս բարովի»:

Չեմ ուզում գրել Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, որ հրաժարականից 10 տարի անց վերադարձավ քաղաքականություն, որովհետև պայմանավորվածություն ուներ Ռոբերտ Քոչարյանի, բայց ոչ Սերժ Սարգսյանի հետ, ու որոշեց 10 տարվա ներկա բացակայությունը փոխհատուցել ևս մի տասնամյակի բացակա ներկայությամբ, փաստորեն ամբողջ աշխարհում լինելով միակ մարդը, որ չի հավատում ՀՀ առաջին նախագահի հրաժարականին և ուզում է անվերջ վերադարձ բեմադրել, երբ իրականում վաղուց հեռացել է:
Չեմ ուզում գրել Րաֆֆի Հովհաննիսյանի մասին, որ հիանալի քաղաքական գործիչ է ու հաջողակ պետական գործչի կարիերա կունենար, եթե ապրեր ինչ-որ տեղ Արևմուտքում, բայց վերադարձավ հայրենիք ու ոչ ինքն է հայրենիքը հասկանում, ոչ հայրենիքը՝ իրեն: ՈՒ դա տխուր պատմություն է:
Չեմ ուզում գրել Սերժ Սարգսյանի մասին, որ հրապարակավ խոստացավ «չարիքից» քաղաքական դաշտը մաքրել, բայց առաջին «չարիքը» վերջինն էր, ու հիմա նա ամենամենակ մարդն է քաղաքական ասպարեզում, ումից բոլորն ակնկալիքներ ունեն, իսկ նա պիտի ոչ մեկին չնեղացնի, ու դա ևս տխուր պատմություն է մարդու մասին, ում վրա հատվում են քաղաքական ու ոչ քաղաքական դաշտի բոլոր ճանապարհները, իսկ նա ճանապարհ է որոնում:
Չեմ ուզում գրել սահմանադրական փոփոխությունների մասին, որ ի սկզբանե անվանեցին Սերժ Սարգսյանի իրավական վերադարձի օրենսդրական տարբերակ, ու այդ առանցքով դիրքորոշվեցին հիմնական օրենքի վերաբերյալ, որ որքան ճիշտ, նույնքան սխալ է: Առաջին նախագահն ընդունեց Սահմանադրությունը, երկրորդը փոփոխեց՝ իրեն հարմարեցնելով, ու հիմա երրորդը ևս պիտի փոխի՝ ժամանակի հրամայականն է, կյանքն առաջ է գնում՝ օրենքները հետ են մնում: Դեռ հին հռոմեացիներն էին ասում՝ ոչ թե մարդն է օրենքի համար, այլ օրենքը մարդու, թեպետ դա նրանց չէր խանգարում օրենքին դեմ գնալ ու բոլոր օրենքներն ընդունել արտաքուստ հանուն ժողովրդի, իրականում՝ իրենց իշխանության հավերժության համար: Քաղաքական կրկեսում միշտ է այդպես: Միշտ գալիս է ինչ-որ մեկը, որ քեզնից ուժեղ է, հարցը ժամանակն է՝ ե՞րբ է գալիս, որքան ժամանակ ունես դու, որ քո ծրագրերը իրականացնես:
Չեմ ուզում գրել Սահմանադրության մասին նաև այն պատճառով, որ քսան տարի առաջ հավատում ու սպասում էի իմ երկրի առաջին Սահմանադրությանը, որ պիտի հիմք դառնար անկախ պետության մյուս օրենքներին, որ իրավականից ավելի մեծ սակրալ նշանակություն ուներ՝ իբրև պետականության առաջին անհրաժեշտություն, բայց քաղաքական անկապ ու անխուսափելի պայքարը առաջին օրից Սահմանադրությունը ներիշխանական պայքարի փոխանցիկ դրոշ դարձրեց ու պարբերաբար գետին նետեց, իսկ դա քաղաքական սպանություն է, եթե իրերին ու երևույթներին տանք իրական անվանումները: Այդպես մենք սկսեցինք ոտնահարել մեր դեռ չհաստատված արժեքները՝ Սահմանադրությունից խորհրդարան, անկախությունից՝ խաղաղություն, հաղթանակից մինչև մարդիկ, որ պտտվում էին այդ շրջապտույտում: ՈՒ դա ևս տխուր պատմություն է, որ մենք չգնահատեցինք ու չտեսանք նրանց, ովքեր այն օրերին գիտեին «ոչ» ասել ու ասում էին, ովքեր տեսնում էին ավելին, քան իրենցից երեք քայլ այն կողմը: Ես չեմ ուզում գրել ոչ իշխանության մասին, որ դարձել է ինքն իր ընդդիմությունը, ոչ ոչիշխանության մասին, որ նույն իշխանությունն է, բայց անցյալում, ու չի փոխվում, որ նաև ապագա դառնա, սպասում է՝ ինչ կտան՝ կտան:

Չեմ ուզում գրել ընդդիմության մասին, որ հատվածական ու առանձին-առանձին փորձում է քաղաքականության մայրուղի դուրս գալ, բայց փակուղիների է հանդիպում, որովհետև հիմնական սխալն է գործում, ինչ գործել են իր բոլոր նախորդները՝ պայքարում է իշխանության դեմ, մինչդեռ պետք է պայքարել պետության համար: Եվ քանի որ պետության ու իշխանության տարբերությունը ոչ ոք առանձնապես ոչ զգում է, ոչ տեսնում, ոչ հասկանում, ընդդիմությունը ևս մնում է իր փակուղում ու ընտրություններից առաջ միայն դրոշները պարզում: Չեմ ուզում գրել ժողովրդի մասին, ոչ այն պատճառով, որ միշտ եմ համարել՝ ժողովրդի մասին ոչ ոք իրավունք չունի գրել, ժողովրդի անունից ոչ ոք իրավունք չունի խոսել: Չեմ ուզում գրել, որ մի կողմից` տարբեր տրամաչափի քաղաքական գործիչները միշտ օգտագործել են ժողովրդին իրենց օրընթաց ու հեռագնա նպատակների համար, մյուս կողմից` կրակել են ժողովրդի վրա, կալանավորել, դատել ու դատապարտել, երկուսն էլ ոչ մի իրավունք չունենալով: Չեմ ուզում գրել, թե որ պահից է ժողովուրդը վերածվում ամբոխի, որ հաճկատարությամբ ընդունում ստերը հալած յուղի տեղ, որ պահից է իրենից հեռանում ու դառնում զանգված, որին կառավարում են շանտաժով, դրամով ու միայն իրեն, իրեն անձամբ ամեն ինչ տալու խոստումով: Չեմ ուզում գրել նույնիսկ ամբոխի մասին, որ ժողովուրդ է դառնում նույնքան արագ ու նույնքան անսպասելի, երբ գտնում է մեկին, որ անկեղծ է ու դավաճանել չգիտի, հավատում է Աստծուն ու իր արածի անխուսափելիությանը, ում կարող ես չսիրել, չհավատալ, զրպարտել, այպանել, բայց չես կարող չընդունել, որ նա ճիշտ է: Չեմ ուզում, ոչ մի կերպ չեմ ուզում գրել օսմանյան տարածքում հայոց ցեղասպանության մասին ու 1915-ից հետո անցած 100 տարիներին, երբ Դեր Զորում ուժեղ սամումը դեռ ավազների տակից սպիտակ ոսկորներ է հանում ու ցիրուցան անում անապատում, մուսուլմանները դեռ քրիստոնեական եկեղեցիներ են ավերում: Չեմ ուզում գրել ցեղասպանության մասին, երբ երեք փաշաների տրիումվիրատի՝ Թալեաթի, Էնվերի ու Ջեմալի ժամանակներից հետո քաղաքականությունը հիմքում նույնն է մնացել: Չեմ ուզում գրել, որ Ահմեդ Ջեմալի թոռ Հասան Ջեմալը եկել էր Հայաստան ու ասում էր՝ «Տարօրինակ ժողովուրդ եք հայերդ, քրդերը հարյուր տարի ապացուցում են, որ իրենք ապրում են Անատոլիայում, իսկ դուք, որ Անատոլիայում մեռել եք»: ՈՒ նա ճիշտ էր՝ մենք ապացուցում ենք, որ մեռել ենք, մինչդեռ Հայ դատի պաշտպանության միակ տարբերակը հայոց հողում ապրելն էր, բայց աշխարհով մեկ սփռված քանի՞ հայ վերադարձավ ու իր անունով, թուրքի անունով, օտարերկրացու անունով վարձակալեց, գնեց, հենց այնպես ապրեց իր պապենական տանը, օրինական ու անօրինական ճանապարհով կպավ իր հողին, որից իրեն պոկել էին, որովհետև հայրենիք սպանելու ճանապարհը դա է, ու նաև դա է սեփական հայրենիք ստեղծելու ճանապարհը՝ ուրիշի հայրենիքը յուրացնելով: Չեմ ուզում գրել ցեղասպանության մասին, որովհետև 2015-ին՝ 100 տարի հետո երեք փաշաների տրիումվիրատը շարունակում է հաղթել: Նրանց մահվան դատապարտեց Թուրքիայի ռազմական դատարանը 1919-ին, երբ արդեն Մուդրոսի 1918-ի հաշտության պայմանագրից հետո հեռացել էին իշխանությունից, երկրից, բայց ոչ պատմությունից: Երեքն էլ սպանվեցին հայերի ձեռքով, իսկ ո՞ւր էր մինչ այդ «Նեմեսիսի» արդար աջը՝ երեք սպանություն մեկուկես միլիոնի դիմա՞ց: Դա հատուցո՞ւմ էր, թե՞ վրեժ: Մուստաֆա Քեմալի կառավարությունն արգելել էր երեք փաշաների վերադարձը՝ ներքին և արտաքին խնդիրների պատճառով, բայց Քեմալը նրանց սկսածի առաջին շարունակողն էր, արդեն պարարտ ու պարապ հող կար՝ թուրքի համար ազգային հայրենիք սարքելու, քրիստոնյաները չկային, բոլորը յուրային էին, իսկ ով ուզում էր ապրել Թուրքիայում, պիտի իրեն համարեր օսմանցի: ՈՒ ես չեմ ուզում գրել, որ 100 տարի հետո նույնն է: Չեմ ուզում գրել, որ նույնքան թուրք է Հասան Ջեմալը, որ հայոց ցեղասպանության մասին գիրք է գրել, որքան իր պապ Ահմեդ Ջեմալը, որ այդ ցեղասպանությունն իրականացրել է, իսկ հայերս նրան այսօր Երևան ենք բերում ու ծափ ենք տալիս, ինչպես 1908-ին ծափերով ընդունեցինք Աբդուլ Համիդի գահընկեցությունը՝ երիտթուրքական հեղաշրջումով ու Սահմանադրության հռչակումը, ինչպես ծափերով ընդունեցինք ու կարեցածն արեցինք, որ իթթիլաֆականներից իշխանությունն անցնի իթթիհադին 1912-ին, ու երեք փաշաները սկսեն այն, ինչ մենք էլ գիտեինք, բայց հավատում էինք թուրքերին: Չեմ ուզում գրել, որ ռուսական բանակի ստրատեգիական նահանջներից ու հարձակումներից ավելի շատ զոհեր էին լինում, քան թուրքական բանակի հարձակումներից, որ ռուսական բանակի գրաված տարածքներում հայերը ոտք դնելու իրավունք չունեին: Չեմ ուզում գրել, որ հայերը Բաքվում անցկացվելիք եվրոպական խաղերին պիտի մասնակցեն հարյուր պատճառով ու չպիտի մասնակցեն՝ ևս մի հարյուր պատճառով, բայց իրենք անձամբ պիտի որոշեն՝ գնալ թե չգնալ: Չեմ ուզում գրել, որ ՌԴ նախագահը ՌԴ ֆինանսական կառույցներին ԵԱՏՄ միասնական դրամական միավորի անցման հնարավորությունները ուսումնասիրելու հանձնարարական է տալիս, իսկ ԵԱՏՄ մյուս անդամները խոնարհ լռում են: Քաղաքական ու տնտեսական ինչ հետևանքներ կունենա անցումը, չեմ կարող ու չեմ ուզում հաշվարկել: Նույնքան չեմ ուզում գրել, թե ինչու Պուտինը, Լուկաշենկոն ու Նազարբաևը Աստանայում պիտի հանդիպեն ու ԵԱՏՄ հարցերը քննարկեն, իսկ Սերժ Սարգսյանը չի մասնակցի երկկողմ հարաբերությունների չլուծված հարցերի լուծմանը: Հանդիպումը հետաձգվեց, բայց կկայանա, ու ի՞նչ: Չեմ ուզում գրել՝ ինչո՞ւ Նուրսուլթան Նազարբաևը որոշեց ժամկետից առաջ նորից նախագահ դառնալ ու ինչպես առանց տառասխալների հանձնեց ղազախերենի գրավոր քննությունը, որ նախագահի թեկնածու դառնա, ու ապրիլին հերթական անգամ ամենաժողովրդավարական ընտրություններով նախագահ դառնալով՝ ինչ է անելու: Ինչ ուզում է՝ անի: Ինչպես Լուկաշենկոն: Ինչպես Պուտինը, որ դուրս եկավ տասնամյակներ առաջ ստորագրված՝ սպառազինությունը կանխող պայմանագրից: Չեմ ուզում գրել՝ ինչո՞ւ պիտի Սերժ Սարգսյանը չգնա Ռիգա՝ ԵՄ գագաթնաժողովին ու ինչու պիտի գնա Ռիգա՝ Արևելյան գործընկերության անհատական ծրագրի շարունակումը համաձայնագրով հաստատելու համար: Չեմ ուզում գրել «Քարֆուրի» բացման մասին, որ մեկ, ընդամենը մեկ խանութ է «Երևան Մոլում», բայց արդեն երկար-բարակ վերլուծում են, թե Հայաստան-Եվրոպա հարաբերություններում ինչ դեր ու նշանակություն ունի, թե հավատի փորձաքար է Եվրոպայի նկատմամբ ու լուրջ մրցակից ՍԱՍ-Սիթիներին՝ մեկը՝ հարյուրի դեմ: Չեմ ուզում գրել: Չեմ ուզում, ու՝ վերջ:
ՈՒզում եմ գրել Եղիշե Չարենցի մասին: Անդիմադրելի ուզում եմ գրել Եղիշե Չարենցի մասին: Ոչ այն պատճառով, որ այսօր նրա ծննդյան օրն է: Որ նրա «Երկիր Նաիրին» ցեղասպանության պատմություն է՝ ծայրից ծայր, որ մենք չենք կարողանում դեռ կարդալ: Որ այս անդուռ, խորշակյալ Արարատյան դաշտը դեռ դուռ չունի: Որ մահվան նրա տեսիլները ինչպես չապրելու ու ինչպես ապրելու պատմություն են: Որ «Նավզիկեն» նրա ամենաչքնաղ երկն է: Որ պետք է քայլել ու քայլել համառ՝ Անցյալի հսկա տենչը բեռ արած: ՈՒզում եմ գրել Եղիշե Չարենցի մասին, որ ապրեց 40 տարի ու հեռացավ՝ համաշխարհային գրականությանը թողնելով առեղծվածային ձգողականության ու ներգործության պոեզիա, ու՝ պատմություն մի մարդու մասին, որ ապրում էր՝ ինչպես գրում էր, ու գրում էր՝ ինչպես ապրում էր: Իսկ դա դեռ ոչ մեկին չի ներվել: ՈՒզում եմ գրել Եղիշե Չարենցի մասին, որ իր 40 տարիների կյանքով բոլոր հիմքերը տվել է՝ անվերջ մեկնաբանվելով՝ անմեկնելի մնալու, բացատրվելով՝ չբացատրվելու, որովհետև, բացի բառերի ու մտքերի հանրագումարից, բանաստեղծությունը ոգի է, որն ապրում է ժամանակից ու տարածությունց դուրս և միայն երբեմն գտնում է նրան, ով դառնում է ԲԱՆԱՍՏԵՂԾ, իսկ մենք մոռացել ենք ԸՆԹԵՐՑՈՂ լինելը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- ՈՒ ի՞նչ: Ոչինչ: Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է, ավելի կարևոր ոչինչ չկա, ոչինչ չկա՝ ավելի մնայուն, ոչինչ, որ հային պահում է հայ: Այսօր ու մինչև աշխարհի վերջ: Շնորհավոր ծնունդդ, Եղիշե Աբգարի Սողոմոնյան:

Դիտվել է՝ 1544

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ