«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Բոլորս դեպի հանրաքվե

Բոլորս դեպի հանրաքվե
13.03.2015 | 01:37

Մարտի 12-ի հինգշաբթին դառնում է ՀՀ երրորդ Սահմանադրության ձևավորման սկիզբ: Մեկ օրում սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնած ՀՀ նախագահը հանդիպել է ՀՀՇ-ի, ՄԱԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր: Իսկ երեկոյան՝ ՀՀԿ ԳՄ նիստում, հանդիպեց ՀՀԿ-ի հետ, որտեղ սահմանադրական բարեփոխումներին միակ դեմը ինքն էր, ինչպես շատ, արդեն անհիշելի ժամանակներ առաջ էր ասել, բայց ժամանակները փոխվում են, և փոխվում են տեսակետները՝ ինչ չես անի հանուն երկրի ու պետության, եթե այդ պետության բոլոր հարցերը անձամբ ես լուծում՝ խորհրդարանն ու կառավարությունը քո ուսերին են: Բնականաբար՝ հանդիպումները քաղաքական ուժերի հետ կշարունակվեն, կլինեն ուժեր, որ կհրաժարվեն այդ թեմայով հանդիպումից, կլինեն ուժեր, որ չեն համաձայնի կոնսոլիդացվել, բայց կգերակշռեն ուժերը, որ Հայաստանի ապագան տեսնում են խորհրդարանական կառավարման մոդելով: Փայլուն ապագան՝ միանշանակ, հընթացս կպարզվի, որ մեր բոլոր ձախորդությունների, արտագաղթի, կոռուպցիայի, պետական անարդյունավետ կառավարման, չդիվերսիֆիկացվող տնտեսության, կենսամակարդակի անկման ու գնաճի, տնտեսության քրեաօլիգարխիկ բնույթի ու մենաշնորհվածության, անգամ Ղարաբաղի հարցի չլուծման ու հայ-թուրքական չկայացող հարաբերությունների պատճառը կիսանախագահական կառավարումն է և սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո Հայաստանում դրախտն իր մասնաճյուղն է բացելու՝ շատ կոնկրետ կառավարիչներով, որոնց ուսերին թևեր կան, բայց նրանք համեստորեն չեն խոստովանում, որ հրեշտակ են, ու իրենց բուն առաքելությունը Հայաստանի փրկությունն է: Գաղջ մթնոլորտով, անապահով Հայաստանի, որ վերջապես դուրս է գալիս ժողովրդավարության մայրուղի:
Ինչո՞ւ ոչ: Ոչինչ չանելուց շատ ավելի գերադասելի է ինչ-որ քայլ անելը: Հընթացս կորոշվի՝ քայլ դեպի ուր, բայց դեպի ուր էլ տանի, կանվանվի ժողովրդավարություն: Դե այսքան դժվարություններից, այսքան այս ու այն կողմ դեգերումներից, Արևելք-Արևմուտք խաչմերուկներից ո՞ւր կարող է տանել Հայաստանի Հանրապետության ճանապարհը: Բոլորս դեպի Հանրաքվե:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Երեկ ՀՀ նախագահը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահի հետ, քննարկել են հայ-ռուսական դաշնակցային գործընկերության առանցքային թեմաները, ԵԱՏՄ-ին ինտեգրացիոն գործընթացների զարգացումը, երկկողմ փոխգործակցությունն ու խաղաղ ատոմը, նավթագազային բնագավառը: Պատկերացրի՞ք՝ քանի ժամ են խոսել, առավել ևս, որ համաձայնեցրել են իրենց առաջիկա հանդիպումների ծրագրերը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին համատեղ մասնակցության շրջանակներում: ՈՒ՝ ի՞նչ: Միանշանակ՝ բոլորս դեպի Հանրաքվե, որտեղ կձևավորվի վեցերորդ գումարման Ազգային ժողովն ու կպարզվի ՀՀ չորրորդ նախագահը, եթե մինչ այդ Սահմանադրությունը նախագահի պաշտոնը վերացրած չլինի:

Դիտվել է՝ 1310

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ