«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Միջանկյալ արար՝ արալեզների որոնումով

Միջանկյալ արար՝ արալեզների որոնումով
07.03.2015 | 12:36

ԲՀԿ 2-ը որոնում է ինքն իրեն: Գագիկ Ծառուկյանը հեռացավ, Վարդան Օսկանյանը հեռացավ, հեռացողների հոսքը դեռ շարունակվում է կուսակցության ավելի ցածր օղակներում: Նրանք, ում համար ԲՀԿ-ն ու անձամբ Գագիկ Ծառուկյանը բիզնես տանիք էին, իսկ կուսակցությունը՝ աշխատանքի տեղավորման գրասենյակ, արագ հեռանում են: ԲՀԿ-ն իրեն հայտարարեց ընդդիմադիր կուսակցություն և հետայսու սակավաթիվ արտոնյալ մարդանցից բացի՝ ԲՀԿ-ն հակացուցված է կարիերա որոնողներին: Սա շատ ավելի լուրջ հարված է, քան կարող էր լինել քաղաքական կողմնորոշումը քաղաքական դաշտում: Այս որոշումը խփում է կուսակցության անդամների ինքնահաստատման ու ֆինանսական ապահովության հավակնություններին: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի գլխավոր խնդիրը կուսակցության պահպանումն է լինելու: Բայց նա, ամենամեծ ցանկության դեպքում էլ, չի կարողանալու պահպանել նախկին ԲՀԿ-ն: Նախ՝ դա բնավ պետք չէ ՀՀԿ-ին, հետո՝ առավել քան ծախսատար է, իսկ այդքան փող չկա: Վերջապես՝ ԲՀԿ-ն իրոք իշխանափոխություն արեց, բայց՝ իր ներսում, ու հիմա շարունակվում են հին ու նոր իշխանության կողմնակիցների ճշտումները: Եվ նորից գլխավոր հարցը քաղաքական կողմնորոշումը չէ, բաժանարար գծի այս ու այն կողմում հայտնվողները մեկ հարցի պատասխանով են կողմնորոշվում՝ ով ինչ է ստանում: Հիմա ու հետո: Տարածքային կառույցները կարող են կուսակցությունից դուրս գալու որոշումներ կայացնել և ԲՀԿ-ի նոր ղեկավարությունը նրանց չի կարող կասեցնել, եթե համարժեք ֆինանսական աջակցություն չտա: Աբրահամ Մանուկյանը կարող է ԲՀԿ-ի ներսում նոր իշխանափոխություն կազմակերպել, կարող է օգտագործել տարածքային կառույցները ԲՀԿ-ում նոր դիրքեր ստանալու համար: Սա խաղ է, որի նպատակը այս փուլում ոչ ոք չի կարող հստակ սահմանել: Ցանկացած ուժի հակաուժով չեզոքացնելու քաղաքականությունը միշտ էլ ամենաարդյունավետն է գործել: Կառավարողին կառավարելի պահելու ազդեցիկ լծակ է ներսում գործող դագանակը:
ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն հայտարարելով՝ հերթով պիտի պատասխանի քաղաքական օրակարգի հարցերին և առաջին հարցը սահմանադրական բարեփոխումներն են: Միֆ է, որ այդ բարեփոխումներին խանգարում էր Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն, կամ խանգարում են ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», հստակ տեսակետ չհայտնած ՕԵԿ-ը: Նույնքան միֆ է, որ առանց սահմանադրական բարեփոխումների Սերժ Սարգսյանը չի կարող մնալ իշխանության մեջ: Ի՞նչն է նրան խանգարում ԱԺ նախագահ դառնալ՝ խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ստանալով և շարունակելով մնալ ՀՀԿ նախագահ, իսկ նախագահական ընտրություններում այնպիսի յուրայինի թեկնածություն առաջադրել, որը սեփական խաղի հնարավորություն ու ցանկություն չի կարող ունենալ: Հակառակ պարագայում խորհրդարանը կարող է նախաձեռնել նախագահի պաշտոնանկության գործընթաց: Ոչինչ չի խանգարում: ԲՀԿ-ն կամ որևէ այլ կուսակցություն կողմ կլինի, դեմ կլինի սահմանադրական բարեփոխումներին, վճռորոշ չէ: Այս գործընթացը կարևոր է ոչ թե արդյունքի, այլ հենց ընթացքի տեսակետից: Իսկ ուրիշ որտե՞ղ ու ինչպե՞ս էր հնարավոր ամբողջ քաղաքական դաշտը հավաքել մի կաթսայում ու յուրաքանչյուրին մղել գործելու ու բացահայտվելու, կողմնորոշում պարտադրել նրանց: Վերջապես դիրքորոշում արտահայտել, որը Հայաստանի քաղաքական դաշտում համարյա չկա՝ բոլորն ունեն իշխանության գալու ցանկություն, բոլորը քննադատում են իշխանությանը, ոչ ոք չի ասում՝ ինքն ինչպես է իշխանություն լինելու ու ինչ է անելու իշխանություն դառնալու դեպքում: Երբ իշխանությունը հայտարարում է, որ համակարգային փոփոխության մտադրություն ունի կառավարման մոդելի փոփոխությամբ, ինքնաբերաբար մյուս կուսակցությունները պետք է իրենց գործողությունները պարզեն ու հրապարակավ բացահայտեն՝ սա շատ ավելի կարևոր արդյունք է, քան որևէ կուսակցության կողմ, դեմ կամ ձեռնպահ լինելը: Պատահական չէ, որ նախագահը ձգում է դադարը ու ժամանակ է տալիս խաղի մեջ մտնելու ու խաղի մեջ մտնելով՝ կառավարելի դառնալու համար: Դեմ, թե կողմ կլինի ԲՀԿ-ն սահմանադրության փոփոխությանը, ՀՀԿ-ի համար խնդիր չէ: Ամենայն հավանականությամբ՝ ԲՀԿ-ն կհայտարարի, որ ընդունում է համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը, բայց վստահ չէ, որ սահմանադրական փոփոխությամբ այդ հարցը լուծվում է, ուստի ձեռնպահ է մնում այդ հարցում: Այս դիրքորոշումը շահեկան է և ՀՀԿ-ի համար, ցանկացած պահին կշեռքի նժարը հավասարեցնելու կամ իր կողմը շեղելու համար ԲՀԿ-ի պահեստային տարբերակը կմնա:
Պարզ է, որ ԲՀԿ-ն իշխանափոխության խնդիրը կմոռանա ոչ միայն մինչև ընտրությունները, այլև ընտրություններից հետո:
Այլևս շարքային ընդդիմադիր ԲՀԿ-ն հիմա պետք է իր տեղը պարզի ընդդիմադիր դաշտում: Բացառվում է ՀԱԿ-ի հետ որևէ ձևաչափով համագործակցությունը, կան շատ ավելի օրինաչափ տարբերակներ՝ ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, տարբեր հարցերում՝ նաև «Ժառանգությունը»: Նոր եռյակ, նոր քառյակ այլևս չի ձևավորվի՝ քաղաքական օրակարգ չկա, «հրաշալի» ձևաչափերի հրաշալի ժամանակներն անցան, հիմա այլևս խիստ պրագմատիկ ու պրոզաիկ խնդիրների լուծման ժամանակն է: Արտաքին քաղաքական դիրքորոշումները ևս ԲՀԿ-ն չի փոխի, ինչ ունի, որ ինչ փոխի: Մայր Ռուսաստանը իրեն խորթ մոր պես պահեց, բայց մայրը մնում է մայր: Մնացած հարցերը բնավ կարևորություն չունեն ներկա ԲՀԿ-ի համար: ԲՀԿ-ն ունի մամուլի նոր խոսնակ՝ Վահան Բաբայանը, օրերս կունենա նոր գրասենյակ՝ ինչ-որ տեղ Մելիք- Ադամյանի շրջակայքում և կունենա նոր ցուցանակ՝ բարգավաճ Հայաստանի փոխարեն ԲՀԿ-ն այսուհետ նշանակելու է բեկված կամ բավարարված Հայաստան, քանի դեռ արալեզները չեն ապաքինել վերքերը և չեն գծել շրջանակը, որտեղ կուսակցությունը կարող է վերստին բարգավաճել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինչո՞ւ Վարդան Օսկանյանը չմնաց կուսակցությունում: Ընդամենը մի քանի տարի առաջ ՛«Հայկական ժամանակի» խմբագիր Նիկոլ Փաշինյանն ու լրագրող Նաիրա Զոհրաբյանը շատ երկար պիտի որոնեին ու հազիվ թե գտնեին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին՝ մի քանի հարց տալու ու պատասխան ստանալու համար: Այսօր Վարդան Օսկանյանն ասում է, որ իր փորձառու ձեռքերում կարող է ամուր պահել ԲՀԿ դրոշակը, նրանից գերադասում են Նաիրա Զոհրաբյանի փխրուն ու ջղաձիգ ձեռքերը: Մնա՞ր: Մինչև տարեվերջ ԱԺ մանդատը վայր չդրած Վարդան Օսկանյանը խորհրդարանում կարող է ձևավորել նոր խմբակցություն՝ ձևավորելու Ռոբերտ Քոչարյանի աջակցության հարթակը գործող խորհրդարանում: Մնա՞ր: Որքանո՞վ է համատեղելի «Սիվիլիթասը» ՀՀԿ-ի կամ նոր ԲՀԿ-ի հետ, Վարդան Օսկանյանի ֆինանսական հենարանը շատ ավելի կարևոր էր, քան բարոյական պատասխանատվությունը մի կուսակցության առաջ, որը բարոյական պատասխանատվություն չի զգում իր անդամների ու հասարակության առաջ: Մնա՞ր: Մնար՝ ի՞նչ աներ:

Դիտվել է՝ 1307

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ef="hyÄÂ�€¯ÄÂ�€¯/1653881157" rel="nofollow">Տեսակետ
Մեկնաբանություն
Դիտարկում
Սոցցանցային գրառումներ
Անդրադարձ
16.07.2024