«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը միակարծիք են Ղարաբաղի հարցում

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը միակարծիք են Ղարաբաղի հարցում
12.12.2014 | 12:24

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը միակարծիք են` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա՝ ասված է երեք երկրների արտաքին գործերի նախարարների՝ Կարսում ընդունված համատեղ հայտարարությունում:
«Քննարկելով տարածաշրջանում առկա իրավիճակը՝ մենք փոխադարձաբար վերահաստատում ենք աջակցությունը միմյանց ինքինիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Այս առթիվ մեկ անգամ ևս կոչ ենք անում շուտափույթ հանգուցալուծել Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և դրա շուրջ ծավալված հակամարտությունը, ինչպես նաև Վրաստանի տարածաշրջաններում` Աբխազիայում և Ցխինվալիում (Հարավային Օսիա) առկա կոնֆլիկտները: Այս հակամարտությունները պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի հիմնարար նորմերի` մասնավորաբար ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա», - նշված է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ Կարսում ընդունված համատեղ հայտարարության մեջ:
Տարածաշրջանային կոնֆլիկտները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Կարսում կայացած՝ այս ձևաչափով անցկացվող թվով չորրորդ հանդիպման հիմնական թեմաներից էին:
«Հայաստանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի հարևանների հետ հարաբերություններում առկա խնդիրները կարգավորելու համար», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ հավելելով. «Հայաստանը բանակցային այս ձևաչափից դուրս է մնացել առկա խնդիրների պատճառով: Մենք կուզեինք, որ Հայաստանը ևս միանար մեզ` հարգելով հարևանների սահմանները: Այդ դեպքում շղթան կամբողջանա»: Չավուշօղլուն ընդգծել է, որ Անկարայի դիրքորոշումը չի փոխվել. «Տարածաշրջանային հակամարտությունների հարցում Թուրքիան իր միանշանակ աջակցությունն է հայտնում թե Վրաստանին և թե Ադրբեջանին»:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի միջազգային համաձայնագրերի հիման վրա»,- Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի Կարսում հնչեցրած հայտարարությունն է մեջբերում Թուրքիայի պաշտոնական Anadolu լրատվական գործակալությունը:
Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլու պնդմամբ էլ` «Կարսի հանդիպումը կարող է կենսական նշանակություն ունենալ տարածաշրջանում առկա սպառնալիքներին հակազդելու գործում»:
Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով՝ եռակողմ բանակցությունների ընթացքում Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի իրագործումը, մասնավորաբար՝ Հայաստանը շրջանցող Բաքու - Ախալքալաք - Կարս երկաթուղու շինարարության ընթացքը: Կարսի եռակողմ հայտարարության մեջ այս երկաթգծի շինարարության մասին հատուկ հիշատակում կա: «Ընդգծելով Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու կարևորությունը՝ որպես Ասիան և Եվրոպան միմյանց կապող մրցակցային ուղի, որը կխթանի առևտրային կապերի ընդլայնումն ու զարկ կտա տնտեսական զարգացմանը, նախարարները կոչ են անում բոլոր շահագրգիռ կողմերին անել ամեն հնարավորը նախագիծը շուտափույթ կերպով ավարտին հասցնելու համար», - նշված է Չավուշօղլուի, Մամեդյարովի և Բերուչաշվիլու համատեղ հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 979

Մեկնաբանություններ