ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Թուրքական լարախաղացություն Մաքսային և Եվրոպական միությունների միջև

Թուրքական լարախաղացություն Մաքսային և Եվրոպական միությունների միջև
03.12.2013 | 14:01

Թուրքիայի գերագույն նպատակը տարածաշրջանային գերտերություն դառնալն է, հետո՝ իսլամական աշխարհի լիդեր ճանաչվելը:

Դրան հասնելու համար թուրքական ղեկավարությունը ձեռնամուխ եղավ երկրի ներքին և արտաքին քաղաքականության վերափոխմանը: Նախ նա հրաժարվեց քեմալական ժառանգությունից և սկսեց իսլամացնել երկրի հասարակական-քաղաքական կյանքը, հետո անցավ արտաքին քաղաքական ծրագրերի իրականացմանը` զարգացնելով հարաբերությունները բոլոր երկրների հետ`Աֆրիկայից մինչև Ասիա ու Խաղաղ օվկիանոս, Լատինական Ամերիկայից մինչև Օկինավա:

Այս հավակնոտ ծրագրերը չեն կարող շրջանցել տնտեսական և քաղաքական ինտեգրացիայի անհրաժեշտությունը, որը XXI դարում երկրների զարգացման անկապտելի բաղադրիչն է դարձել:

Թուրքիան կրկին ապացուցեց, որ հավատարիմ է իր ընտրած քաղաքականությանը, երբ երեքամյա ընդմիջումից հետո՝ նոյեմբերի 5-ին, վերսկսեց Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները:

Պատմությունը կրկնվում է: Բրյուսելը կրկին առաջ քաշեց այդ երկրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը, եթե Անկարան ցանկանում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ:

Սակայն այս և անցած տասնյակ տարիների Եվրոպա-Թուրքիա բանակցությունները ցույց են տալիս, որ Հին աշխարհամասը պարզապես քթից բռնած պարեցնում է օսմաններին, և ինտեգրման խնդիրը նրանց համար այդպես էլ մնում է երկնքից կախված անհասանելի երազանք:

Ստեղծված բարդ տնտեսական իրավիճակում Եվրոպան քանի գնում ավելի ու ավելի է իր միությունը համարում սեփական ընտանեկան ակումբ և այնքան էլ չի ցանկանում ընդարձակել` հատկապես Թուրքիայի հաշվին, որի ժողովրդագրական զարգացումները այստեղ ընկալվում են որպես ասիական հորդաների արհավիրք:

Այնպես որ, Եվրոպան հազիվ թե ընդունի Թուրքիային և այդպես էլ նրան կպահի իր հետնաբակում:

Այս ամենը կարելի էր դիտել որպես սովորական դիվանագիտական խրոնիկա, որն ընդամենը կգրավեր այդ թեմայով զբաղվող վերլուծաբանների ուշադրությունը, եթե չլիներ Մինսկում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի գագաթնաժողովում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի սենսացիոն հայտարարությունն այն մասին, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը դիմել է իրեն` հարցնելով` հնարավո՞ր է արդյոք, որ Թուրքիան ընդունվի Եվրասիական մաքսային միություն:

Ղազախ առաջնորդն այնուհետև հիմնավորում է Թուրքիայի խնդրանքը բավարարելու հավանականությունը:

Արդյո՞ք պատահականություն է Եվրոպայի հետ Թուրքիայի բանակցությունների վերսկսման և Նազարբաևի հայտարարության զուգադիպությունը:

Առանց սխալվելու մեծ հավանականության` կարելի է ասել` ոչ:

Մինսկում լուրջ դեմքով անլուրջ բեմադրություն է խաղարկվել, որի նպատակը Բրյուսելին վախեցնելն էր, թե գիտցե՛ք, եթե չընդունեք Թուրքիային Եվրամիություն, նա ունի այլընտրանք` Եվրասիան:

Հասկանալի է, որ բեմադրության սցենարը թուրքերինն է: Սակայն երբ այն իրագործում է Նազարբաևի նման հեղինակավոր և փորձառու քաղաքական գործիչը, զարմանք է առաջացնում:

Մի՞թե Աստանայի շահերն այնքան մեծ են, կամ թուրք-ղազախական էթնոհոգեբանական և կրոնական ընդհանրություններն այնքան հոգեհարազատ, որ Թուրքիան կարողանում է Նազարբաևին վերածել Տրոյական ձիու:

Իսկ ի՞նչ է ուզում Թուրքիան: Հրաժարվե՞լ Եվրոպա մտնելու հեռանկարներից կամ հեռանա՞լ նրա Մաքսային միությունից, որի հետ նա համագործակցում է 17 տարի: Ամենևի՛ն:

Թուրքական դիվանագիտությունը ռացիոնալ է և պրագմատիկ:

Թուրքերը պարզ պատկերացնում են. Եվրասիան Ռուսաստանի գլխավորությամբ չի կարող այլընտրանք լինել Եվրամիությանը: Եթե նա Եվրոպական շուկայից դուրս մնա, խիստ կտուժի, քանի որ այստեղ է գնում կամ ծախում հինգ ապրանքից երկուսը: Այնպես որ, Եվրասիան չի կարող լրացնել իր կորուստները. ենթակառուցվածքների, մասշտաբների և ազգաբնակչության առումով` այդ երկու շուկաներն ունեն տարբեր բնութագրեր և զարգացումներ:

Մյուս կողմից` չնայած որոշ հարցերում միջազգային քաղաքականության տարբեր դիրքորոշումներին (Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, սիրիական պատերազմը և այլն)` թուրքերը հետաքրքրված են Ռուսաստանի հետ ինտեգրացիայով: Ռուսաստանը Թուրքիայի երկրորդ առևտրական գործընկերն է, իսկ Թուրքիան երկրորդն է ռուսական գազի գնորդների մեջ: Նրանց համագործակցությունը զարգանում է վերընթաց: Թուրքիան և Ռուսաստանը մտադրված են ապրանքաշրջանառությունը 35-ից հասցնել 100 մլրդ դոլարի:

Եվրասիական մաքսային միության միջոցով Թուրքիան հաշվարկում է մտնել Սիբիրի, Չինաստանի և Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածքների շուկանները:

Բացի տնտեսական հեռանկարներից` Թուրքիան երազում է օգտվել Եվրասիական աշխարհագրական հսկայական տարածքներից` միավորվելու համար իր պատմական հայրենիքի` Ալթայի և Միջին Ասիայի հետ:

Այդ ամենը, իհարկե, տեսական առումով: Սակայն Թուրքիան լրջորեն ծրագրում է համատեղել այդ երկու կառույցները:

Ի տարբերություն հայկական քաղաքական մտածելակերպի` թուրքերը Եվրամիությունը և Եվրասիան ամենևին էլ չեն դիտում որպես այլընտրանքային միավորներ, այլ համարում են փոխլրացնող կառույցներ, որոնց անդամակցելը հնարավոր է, ցանկալի և բխում է Թուրքիայի արտաքին քաղաքականության շահերից:

Ավելին, խնդրում եմ` չզարմանաք, թուրքական կենտրոններում հաշվարկում են, որ Եվրասիական միության հաջորդ քայլը լինելու է քաղաքական միության ստեղծումը իր ռազմական բաղադրիչներով և ազդեցության ոլորտներով:

Թե որքանով է այդ ամենը ռեալ և ինչ նշանակություն ունի Հայաստանի համար, այլ հարց է և առանձին քննության կարիք ունի:

Թուրքիայի` Եվրասիական մաքսային միությանն անդամակցելու խնդիրը, եթե այն տեղավորվում է քաղաքական տրամաբանության շրջանակներում, կախված է գլոբալ ինտեգրացիայի հետագա զարգացումներից, պետությունների հարաբերություններից և ուժերի դասավորվածությունից:

Կապրենք` կտեսնենք:


Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան
սկզբնաղբյուրը` http://www.diplomat.am/

Դիտվել է՝ 1710

Մեկնաբանություններ