ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Ժառանգության կանչը», կամ` հավերժական copy paste

«Ժառանգության կանչը», կամ` հավերժական  copy paste
03.12.2013 | 11:34

2013-ի աշունն ավարտվեց: Հերթական թեժ կանխագուշակված, տաք սկսված ու պաղ անցած: Ձանձրալի աշունը` ի վերջո, որ նման էր մաթեմատիկական խնդրի, որի պատասխանը դասագրքի վերջում տրված է և մնում է առավելագույնը հայտնի պատասխանին հասնելու անհայտ ընթացքը գրել: Որից, իհարկե, ոչինչ էլ չես սովորում: Երբեմն պարզապես հիշում ես: Ինչպես` Արքիմեդի օրենքը, Նյուտոնի, Գեյ-Լյուսակի, Պասկալի, Օհմի, Ջոուլ-Լենցի... Ի՞նչ են ասում այդ օրենքները և ինչու` մոռացել ես: Բայց ցանկացած պահի կարող ես հիշել: Պատահաբար: Հենց այնպես: Օրինաչափ:

1687 թ. Իսահակ Նյուտոնը գրի առավ դասական մեխանիկայի առաջին օրենքը, հետո` երկրորդը, հետո` երրորդը և հրատարակեց «Բնափիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» գիրքը: ՈՒշադրություն դարձրեք` բնափիլիսոփայության, դասական մեխանիկա ձևակերպումը եկավ հետո: Նյուտոնի առաջին օրենքը կոչվում է նաև իներցիայի օրենք: Իներցիան շարժման արագությունն անփոփոխ պահելու մարմնի կարողությունն է, երբ որևէ ուժ նրա վրա չի ներգործում` ոչ մեծությամբ, ոչ շարժման ուղղությամբ: Մարմնի շարժման արագությունը փոխելու համար նրա վրա պետք է որոշակի ուժով ներգործել: Տարբեր մարմինների վրա նույն ուժով ներգործությունը տարբեր արդյունքներ է տալիս` մարմիններն ունեն տարբեր իներտություն: Իներտությունը ֆիզիկայում մարմնի դիմակայելու ունակությունն է իր արագության փոփոխությանը: Իներտության չափը կախված է մարմնի մասսայից: Ժամանակակից ֆիզիկան Նյուտոնի առաջին օրենքը սեղմ է ձևակերպում. «Գոյություն ունեն հաշվարկային համակարգեր, որոնք կոչվում են իներցիոն, որոնց առնչությամբ նյութական կետերը, եթե նրանց վրա ներգործում են որոշակի ուժեր (կամ ներգործում են փոխադարձաբար հավասարակշռող ուժեր) գտնվում են դադարի կամ հավասարաչափ ուղղագիծ շարժման վիճակում»: Իսկ Նյուտոնը իր օրենքն ավելի մատչելի էր ձևակերպել. «Յուրաքանչյուր մարմին շարունակում է մնալ դադարի կամ հավասարաչափ, ուղղաձիգ շարժման վիճակում, քանի դեռ և քանի որ հարկադրված չէ փոխել իր վիճակը առաջարկված ուժերով»: Սքանչելի ձևակերպում է, չէ՞: Իսկ հիմա փոխանցեք քաղաքականություն ու մեր ժամանակներ: Հաշվարկային համակարգը աշխարհաքաղաքական միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր պետություն նյութական կետի կարգավիճակ ունի և ենթակա է այլ նյութական կետերի` իբրև որոշակի ուժերի ազդեցության: Եթե այդ կետերը ներգործում են փոխադարձաբար հավասարակշռելով` մարմինը մնում է դադարի վիճակում կամ պահպանում է շարժման նույն արագությունը: Իսկ եթե ո՞չ: Իսկ եթե ոչ, սկսվում է Նյուտոնի երկրորդ օրենքը` շարժման դիֆերենցիալ օրենքը, որ նկարագրում է նյութական կետի վիճակը, երբ նրա վրա ներգործում են: Ժամանակակից ձևակերպումը` «Հաշվարկային իներցիոն համակարգում արագացումը, որ ստանում է մշտական մասսայով նյութական կետը, ուղիղ համեմատական է իր վրա ներգործող բոլոր ուժերին և հակադարձ համեմատական է նրա մասսային»: Այսինքն` հաշվարկային իներցիալ համակարգում նյութական կետի վրա ազդեցության փոփոխությունը հավասար է նրա վրա արտաքին բոլոր ուժերի միագումարին: Ենթադրվում է, որ նյութական կետի մասսան ժամանակի մեջ մնում է անփոփոխ: Իսկ եթե ո՞չ: Գիտությունը գործառնում է ճշգրիտ կատեգորիաներով, իսկ կյա՞նքը: Օրինակ, եթե նյութական կետը հետևողականորեն կորցնում է զանգվածը: Բնակիչների թվով: ՀՆԱ-ի ցուցանիշներով: Տարածքի հաշվարկով: Նյուտոն պետք չէ լինել եզրակացնելու համար, որ փոխվում է հաշվարկային համակարգը: Նոր հաշվարկային համակարգում գործում են նույն օրենքները, բայց, ինչպես միշտ, ամեն ինչ կախված է հավասարաչափ կամ անհավասարաչափ ներգործող ուժերից: Չորս դար այս օրենքները գործել են գիտության մեջ, կյանքում` շատ ավելի վաղ ժամանակներից: Պարզապես Իսահակ Նյուտոնը չի ալարել ու գիտական տեսք է տվել այն օրինաչափությանը, որ իրենից առաջ էլ հայտնի էր: Ամեն ինչ հանգում է ազդեցության և հակազդեցության ուժերին, կարևորը սեփական մասսան պահպանելն է:

Պահպանե՞ց Հայաստանը, իբրև նյութական կետ, սեփական մասսան երկու անհավասարաչափ ներգործող, քաղաքական լեզվով` հակամարտող ուժերի ազդեցությամբ, որքա՞ն էր մեր իներտությունը: Դիմակայեցի՞նք արագության փոփոխություններին: Նյուտոնը նման խնդիր չուներ, նրան չէր հետաքրքրում այնքան անկարևոր մի հարց, թե պե՞տք է դիմակայել ընդհանրապես: Նման խնդիր այսօր էլ չկա: Խնդիրն այսօր փոխել է ձևակերպումը` ի՞նչ կարելի է ստանալ տարբեր ներգործություններից: Եվ դա արդեն Նյուտոնի երրորդ օրենքն է: Ֆիզիկայի մեջ գլխովին չխրվելու համար վերադառնանք քաղաքականություն: Հայաստանը համառորեն ջանքեր է գործադրում հաշվարկային համակարգում պահպանել մասսան` ենթարկվելով անհամաչափ ներգործությունների: Եվ Հայաստանը, որքան էլ տարօրինակ թվա, հայտնագործել է օրենքներ, որոնց հեղինակը լինելու պատիվը չի գիտակցում: Մենք խորապես հերքեցինք իներտության ֆիզիկական իմաստը, ավելի ճիշտ` այդ իներտությանը նոր բովանդակություն հաղորդեցինք: Օրինակ` ինչպես է կոչվում այն ֆիզիկական մարմինը, որ հաշվարկային համակարգում տևական ժամանակ շարժվում է մեկ անփոփոխ ուղղությամբ և արդեն հասնում է այն կետին, որը այդ համակարգի և այդ ժամանակի մեջ ընդունված է որպես նպատակակետ, բայց անակնկալ փոխում է շարժման ուղղությունը և կասեցնում արագությունը, իսկ հայտարարում է, որ շարժվում է նույն ուղղությամբ, նույն արագությամբ ու նույն հաշվարկային համակարգում: Ընդ որում` հայտարարում է հաշվարկային երկու տարբեր համակարգերում իր միևնույն շարժման վերաբերյալ: Իրականում, սակայն, գտնվում է բացարձակ դադարի վիճակում ու բացարձակապես ենթակա ներգործությունների: Ի՞նչ կասեր Իսահակ Նյուտոնն այս հաշվարկային համակարգի մասին: Նա, ամենայն հավանականությամբ, ոչինչ էլ չէր ասի, որովհետև լուրջ գիտնական էր և ընթացիկ գլուխկոտրուկների վրա ժամանակ չէր վատնում: Ընթացիկ գլուխկոտրուկները մեր կյանքի բովանդակությունն են, ուրեմն հաշվարկային այս համակարգում անհրաժեշտ է գտնել նյութական մեր կետի վրա ներգործող ուժերի հավասարակշռության այն տարբերակը, որի դեպքում մենք պարտադիր պահպանում ենք մեր մասսան: Թարգմանեմ` տարաշխարհիկ, թե ներաշխարհիկ խաղերում անքննարկելի են երեք իրողություններ` 1. քաղաքական անկախություն, 2. տարածքային ամբողջականություն, 3. տնտեսական ներուժ: Առայժմ չի ստացվում: Այդ պատճառով մեր բոլոր քայլերը ունեն անտրամաբանական կամ քաոսային բնույթ` դրսից նետած հայացքով: Իսկ ներսում ամեն ինչ այնքան պարզ ու պարզունակ է, որ նույնիսկ ձանձրալի է նույնը վերավերավերաշարադրելը: Թեկուզ տարբեր բառերով: Գեղեցիկ, կամ` աղքատիկ: Սեպտեմբերի 3-ին մենք կտրուկ փոխեցինք մեր հաշվարկային համակարգը` հեռացանք եվրոպական համակարգից ու հայտարարեցինք, որ նախընտրում ենք ռուսական հաշվարկային համակարգը, որը գոյություն ունի արդեն 400 տարի` Ռոմանովյան դինաստիայի գահակալության ժամանակներից անփոփոխ: Քանի որ աշխարհաքաղաքական տարածքում երկու հաշվարկային համակարգերի չհայտարարված, բայց նոր ժամանակներին բնորոշ նոր պայմաններով պատերազմ է մղվում, մենք հայտնվեցինք կրակագծում: Շատ կարճ ժամանակով: Որովհետև, ինչպես արագ պարզվեց, համակարգերից ոչ մեկը առանձնապես չի ձգտում մեզ ունենալ իր կողքին: Մենք մեր մասսայով կենսական նշանակություն չունենք: Առիթից օգտվելով` նախաձեռնեցինք «Հավերժ վերադարձի» օրենքի կիրառումը քաղաքականության մեջ: Բացարձակապես անտարբեր, որ մեր վերադարձին ոչ ոք չի սպասում: Մենք վերադառնում ենք, ու` վերջ: Վերադառնում ենք դեպի Եվրամիություն: Վերադառնում ենք դեպի Ռուսաստան: Միաժամանակ: Անկեղծորեն ու նույն արագությամբ: «Հավերժ վերադարձի» օրենքի կիրառման միջոցների միջև խտրություն չկա, կիրառվում են բոլոր մեծ ու մանր մոդելները: Օրինակ` copy paste-ը: Կրկնօրինակումը և վերահռչակումը: Հաստատող մեջբերումներ ԵՄ վիլնյուսյան գագաթնաժողովից, որը, իհարկե, աշխարհի վերջը չէր. Վիլնյուսին կհաջորդի Բրյուսելը, հետո` Ռիգան. «Մենք հնարավորություն ունենք եվրոպական ընդհանուր արժեքների հիման վրա որակապես նոր, առավել սերտ ու ընդլայնված հարաբերություններ կառուցել: Այդպիսի հարաբերությունների ձևավորումը Հայաստանի ու հայ ժողովրդի հոգևոր-մշակութային և պատմաքաղաքական ժառանգության կանչն է, մեր հասարակության` գիտակցված պահանջարկը»: «Հայաստանը վճռական է շարունակելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող խորքային և լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները` ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, կառավարության գործունեության թափանցիկության բարձրացմանը, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը մեր գիտակցված ընտրությունն է եղել, և այդ գործընթացն այլևս անշրջելի է»:
Որևէ մեկը այլևս հավատո՞ւմ է այս հավաստիացումներին, բոլորովին կարևոր չէ: Որովհետև խաղի ընդունված կանոններով ասվում են հավուր պատշաճի բառեր: Քաղաքականության մեջ ընդհանրապես բառերը, նրանց դասավորությունը, արտաբերման արագությունն ու համոզչությունը վաղուց սպառել են կարևորությունը, շարժիչ ուժը գործողություններն են, որ շղարշվում են բառերով, թե ոչ, արտահայտում են հաշվարկային համակարգի ընթացքի բուն ուղղությունն ու արագությունը: Այս և այսօրինակ copy paste-երը ժառանգության կանչի հետ կապ չունեն, պարզապես «Հավերժ վերադարձի» օրենքը մեզ հնարավորություն է տալիս կրկնել ու ինքնակրկնել նույնը, որ հաշվարկային բոլոր համակարգերում իբրև նյութական կետ միաժամանակ գոյություն ունենալու բացառումն է: Ապացույցը տալիս է ՈՒկրաինան, որ փորձում է հաշվարկային սեփական համակարգն ունենալ, նվազագույնը` հաշվարկային հայտնի համակարգում իբրև նյութական կետ գոյություն ունենալ` ազդել ու հակազդել հայտնի օրինաչափություններով: Հակաապացույցներն ունի Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, բայց նա առաջնորդվում է դասական copy paste-ի սեփական տարբերակով` հաշվարկային համակարգում նա ընդունում է միայն ազդեցության և բացառում հակազդեցության հնարավորությունը: Որովհետև դիմադրության չի հանդիպում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատմության մեջ ամենակարճ ելույթը` «Փակեք պատուհանը` փչում է», ևս 400 տարվա պատմություն ունի և պահպանվում է ինչպես բրիտանացիները պահպանում են ազգային ավանդույթները: Միայն բրիտանացիների պահպանողականությունը չէ, որ 400 տարի ելույթը հիշվել է, պարզապես հեղինակը խորհրդարանի պատգամավոր Իսահակ Նյուտոնն է: Եզրակացությունները թողնում եմ ձեզ` սիրում եք ֆիզիկա, թե ոչ, հիշում եք Նյուտոնին, թե չգիտեք էլ ով է: Դա ոչինչ չի նշանակում, դուք ապրում եք օրենքներով, որ ձևակերպել է նաև նա: Արդեն չեմ ուզում վախեցնել Էյնշտեյնով: Համենայն դեպս, մի տրվեք միայն ժառանգության կանչին ու խիզախեք հրաժարվել copy paste-ից: Բոլոր հաշվարկային համակարգերում միակ մնայունը ժամանակն է, մյուս պայմանները հարափոփոխ են հավերժական ժամանակի համեմատությամբ:

Դիտվել է՝ 2143

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ