ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Երբ ավարտվում են տարբերակները

Երբ ավարտվում են տարբերակները
27.10.2013 | 13:16

Մի կաթիլ մեղրի պատմությունը հիշո՞ւմ եք: Որտեղի՞ց` ո՞ւր հասան: Ինչո՞ւ հասան: Ինչպե՞ս: Եվ` ո՞վ հետո մնաց: Լեգենդը` լեգենդ, բայց հիմա ավելի դաժան ժամանակներ են, որովհետև մեղրը կաթիլ-կաթիլ մեկ այստեղ, մեկ այնտեղ հոսում-կորչում է, ու եթե այսպես գնա` Հայաստանում մեղվաբուծության վերջը երևալու է:

Մի շաբաթ է` լուրջ ու անլուրջ, մեծ ու փոքր, հեռու-մոտիկ, բարձրաձայն-ցածրաձայն քննարկում են, թե ինչու Ազգային Անվտանգության խորհրդի նախագահին դիմավորելիս ԱԱԽ քարտուղարն ու անդամը հայհոյեցին իրենք իրենց, թե միմյանց: Սա` տարբերակ 1:
ՏԱՐԲԵՐԱԿ 2. Նույն գործողությունն արեցին Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահը և վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահը:
ՏԱՐԲԵՐԱԿ 3. Հայհոյում էին ու մերձավորներին բարի խոսքով հիշում ՕԵԿ նախագահն ու ԲՀԿ նախագահը:
ՏԱՐԲԵՐԱԿ 4. Տղամարդկային խոսակցություն էին վարում երկու հայ:
ՏԱՐԲԵՐԱԿ 5-ն էլ կա, 6-ն էլ, 7-ն էլ: Չկասկածեք:
Ակնհայտ է, որ ոչ մի վոլեյբոլի ֆեդերացիա այս ամենի պատճառը չէ, առավելագույնը` պատրվակն է: Քաղաքական դաշտը ոչ մի կերպ չի վերադասավորվում, ոչ մի կուսակցություն չի կարողանում ինքն իր տեղը գտնել ու այնպես դիրքավորվել, որ ոչ միայն ներկան, այլև ապագան վտանգավոր չլինի: 2012-2013-ի ընտրական ցիկլն ավարտվեց, իսկ հարցերը մնացին: Ամբողջ իշխանությունը կուտակվեց մեկ կուսակցության ուսերին, կուսակցությունն այլևս մրցակից չունի քաղաքական ու իրական դաշտում: Չունի: Բայց խնդիր ունի պահել իշխանությունը ևս մեկ ցիկլում: Սերժ Սարգսյանն այլևս չի նախագահի: Ո՞վ է լինելու հաջորդ նախագահը: Այս հարցը օրինաչափորեն պիտի ծագեր 2015-ից հետո գոնե, բայց հերթական ընտրական գործընթացները, երբ էլ տեղի ունենան, արդեն որոշակիություն են ուզում: Ավելի ճիշտ` քանի դեռ Հայաստանում ընտրությունները մեծ պայմանականություն են, որ ավարտվում են ընտրություններից առաջ, իսկ ընտրությունների օրն ընդամենը նշանակումներ են կատարվում, քաղաքական դաշտը վերագրանցում է իր աշխատանքային գրքույկները: Ընդունեք, որ ընտրությունը հարյուր անգամ ավելի հեշտ գործ է, քան նշանակումը, որ պետք է տասնյակ ատյաններում համաձայնեցվի, շահերի բախումները հաղթահարվեն, հաղթողների ու պարտվողների հավասարակշռություն ստեղծվի, յուրայինները ողջ մնան, օտարները անկառավարելի չդառնան: ՀՀԿ-ն այլևս մրցակից չունի և ինքն իրեն խորթանում է, թևերի է բաժանվում, որոնք նույն խնդիրն ունեն` իրենց ձեռքում պահել իշխանությունը: Ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա` սկսած ԱԺ նախագահից, վարչապետից, նախարարներից մինչև աստիճանակարգի ավելի ցածր աստիճաններ, պաշտոնազրկվելու բոլոր հիմքերն ունի, բայց աշխատում են, չէ՞: Ինչո՞ւ: Որ երկրում գնաճ է, կենսամակարդակի անկում ու արտագաղթ, դա ոչ մեկին չի հուզում: Բոլորը անգիր արած ունեն պատճառների, արդարացումների, իրենց այդ ամենի հետ կապ չունենալու ու բացարձակ անմեղության մեկ տասնյակ փաստարկ: Իշխանության մեջ, թե ընդդիմության ¥եթե այդ ընդդիմությանը գտնես¤, տարբերություն չկա` սեղմիր կոճակը, ստացիր պատասխանդ: ՈՒ ոնց են համոզելու` թվերով, թվարկումով, համադրումով, դասականներից ու միմյանցից մեջբերումներով, ու` սրտացավ, հուզաթաթավ, գիտականորեն: Կարտահայտվեն ու գործը ավարտած` կգնան իրենց կյանքով ապրելու: Հայաստանը հերթով գնում է տարբեր ճանապարհներով, մեկ` ԵՄ-ի հետ ասոցացման, մեկ` Մաքսային միությանն անդամագրվելու, մեկ` Հայկական աշխարհ է կառուցում, մեկ` ազատականացնում է երկինքը, բայց ոչ մի ճանապարհով տեղ չի հասնում, առաջին իսկ խոչընդոտից թեքվում է զարտուղի ճանապարհի կողմը ու խրվում-մնում է: Ինչո՞ւ են քաղաքական ուժերը արդեն հիմա փնտրում ապագա տիրոջը, ինչո՞ւ իրավահաջորդի անձը հիմա է դարձել քննարկումների առանցք: Արտահերթ քաղաքական իրադարձություննե՞ր են սպասվում, հանկարծ բոլորը սկսեցին զգալ, որ այսպես այլևս չի կարելի ո՛չ կառավարել, ո՛չ ապրել:

Իրականում ԲՀԿ-ՕԵԿ միջադեպը խիստ օրինաչափ է և արտահայտում է քաղաքական դաշտում տիրող բուն իրավիճակը` ոչ ոք գոհ չէ իր ունեցած տեղից: Այս մի կաթիլ մեղրի խառնաշփոթը կարող է ունենալ անկանխատեսելի զարգացումներ, կարող է նույնքան անկանխատեսելիորեն ավարտվել` ինչպես սկսվել էր: Ամեն ինչ կախված է Սերժ Սարգսյանից` ինչ կասի և ում ուր կուղարկի: Հայաստանում ոչ միայն համակեցության անհայտ ձևաչափ է գտնվել, այլև ժողովրդավարության անհայտ տարբերակ է կիրառվում` իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդը մեկ մարդ է: Եվ դա ոչ մի կապ չունի ներկայացուցչական մանդատ ունենալու հետ: Դա ընդամենը կառավարման ձև է: Ավելորդ է նույնիսկ հիշեցնել, որ իրավական ձև չէ: Իհարկե, միանգամայն ավելորդ է նաև հարցնել, թե ինչպես, երբ, ինչու, ում կամքով Գագիկ Ծառուկյանը դարձավ թիվ 1 օլիգարխ, հետո էլ` ԲՀԿ նախագահ: Նույնքան անհեթեթ, բայց ակնհայտ պատասխան ունեցող հարց է, թե ո՞ւմ կուսակցությունն է ԲՀԿ-ն, ինչո՞ւ է խորհրդարանական երկրորդ ուժն ընտրել այլընտրանքի ձևաչափը և ինչու չի կարողանում ընտրել: Եվ ընդհանրապես, եթե ՀՀԿ-ում Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյան հաճելի հակասությունները հնարավորություն են տալիս երկուսին էլ պահել որոշակի դիրքում ու տարածքում ¥մանր ու մեծ ոտնձգություններով աչքի է ընկնում Հովիկ Աբրահամյանը, մանր ու մեծ սկանդալների մեջ հայտնվում է Տիգրան Սարգսյանը, բայց երկուսին էլ գրավում է Բաղրամյան 26-ը` Հովիկ Աբրահամյանին, որովհետև այլևս պարզ է, որ վարչապետ չի դառնալու, Տիգրան Սարգսյանին, որովհետև այլևս պարզ է, որ վարչապետ չի մնալու: Գոնե որ Սերժ Սարգսյանից հետո¤, ԲՀԿ-ում դա էլ չկա, իրենք են խոստովանում, որ իրենց կուսակցությունում նախնադարյան համայնական կարգեր են, առաջնորդի հետ ոչ ոք բարձրաձայն խոսելու իրավունք չունի: Ճիշտ է` իրենց թվում է, որ իրենց առաջնորդի հետ, չգիտես ինչու, բարձրաձայն խոսելու իրավունք չունեն նաև մյուս «ցեղախմբերի» անդամները, բայց դա տեղում լավ չկողմնորոշվելու հետևանք է: Ատավիզմ, կամ դալտոնիզմ` թեթևակի քաղաքական շեղումով: Ո՞ր արժանիքի համար է Գագիկ Ծառուկյանին արտոնվում հասարակությանը ներկայանալ այդքան տարբեր դեմքերով. ԱԱԽ անդամ ¥որի նիստերին չի մասնակցում¤, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ¥խորհրդարանում լինում է միայն իրեն հայտնի տոներին¤, ՀԱՕԿ-ի նախագահ, ԲՀԿ նախագահ, «Կենտրոն» հեռուստաընկերության տեր, ֆինանսական կերպարի բոլոր հասցեները նշելը արդեն հրապարակումը կավարտեր: Ֆինանսական հանճա՞ր է, թե՞ նշանակովի կառավարիչ: Բայց նախագահության ձգտումներ ունի` ոչ այնքան շատ, որ արտահայտի հրապարակավ, ոչ այնքան քիչ, որ չարտահայտի բնավ: Ինչո՞վ է առավել Արթուր Բաղդասարյանը: Որ ավելի կի՞րթ է, բանտում չի եղել, ավելի երիտասարդ է, կողմնորոշվում է ավելի արագ ու ճիշտ ժամանակին ընդդիմություն է, ճիշտ ժամանակին իշխանության հե՞տ: Կուսակցություն էլ ունի, որը մեկ նոսրանում է, մեկ լիցքավորվում իշխանության կողմից հզոր անհատներով, որ հետո համալրում են կամ այլ կուսակցությունները կամ գործադիր պաշտոնները պահպանելու համար հեռանում են ՕԵԿ-ից: Բայց նախագահի նույնքան հրաշալի թեկնածու է, որքան մյուսները:
Բնականաբար, այս համապատկերում արդեն միանգամայն օրինաչափ են դառնում մյուս կուսակցությունների ներքին վերուվարումները: ՀԱԿ-ը դարձավ ՀԱԿԿ, բայց ոչինչ չփոխեց, Լևոն Տեր-Պետրոսյանն այլևս ալարում է նույնիսկ քաղաքագիտական վերլուծություններ անել, որոնք «Երկու կատվի կռվից մկան բախտն է բերում» հարթությունից ավելին չբարձրացան, իսկ կարող էին ու հնարավորություններ կային, մյուսներն անգամ այդ հարթության մեջ չկան: Զարմանալի չէ «Ժառանգության» ինքնալիկվիդացիան` բարևեցին ու անցան: Մի քանի ամսում պարզվեց, որ ո՛չ տեղում են պետք, ո՛չ Արևմուտքին, ո՛չ ռուսներին, ո՛չ էլ իրենք իրենց: Իսկ մարդիկ, որ հավատում էին Րաֆֆի Հովհաննիսյանի փրկչական առաքելությանը, ճիշտ կանեն իրենք փրկվեն` նոր կուսակցություն ստեղծելով «Ժառանգության» ավերակներում: ՀՅԴ-ն ներսի ու դրսի կառույցների պայքարի մեջ է, հաշվում է փողերը և 1988-ից այս կողմ բոլոր պաշտոնյաներին, որ իր շարքերից են ելել, համարում է դավաճան` գոնե նամակագրության մակարդակում: Ելույթներում փրկում են ընդդիմության պատիվը խորհրդարանում, դահլիճից դուրս ոչնչով չեն տարբերվում իշխանական բուրգի տարբեր աստիճանակարգերում տեղավորված ոչ ընդդիմադիրներից: Սերժ Սարգսյանը եղել է ու մնում է այն մերանը, որ դասում-դասդասում է բոլորին, առայժմ նրան հաջողվում է ներկայացման մի մասը` նա գիտի ինչ չանել և ինչ թույլ չտալ անելու, բայց դեռ չի կողմնորոշվել ինչ անել և ինչ թույլ տալ, որ անեն ուրիշները: Սերժ Սարգսյանը գիտի լռել, բայց ժամանակ առ ժամանակ պարտավոր է նաև խոսել, եթե ուզում է, որ իրեն հասկանան: Բնականաբար, խոսքը չի վերաբերում նրա կարճ ու երկար, տարբեր լսարաններին ուղղված, իբր հուզական, իբր պատմական, իբր իրավիճակի ընդգրկուն պատկերացում ու ելքերի բանալիները գրպանում ունեցող նախագահի ելույթներին, որոնք հաջողված են նույնքան, որքան համոզիչ են հակադրամիասնությունները: ՀՀ նախագահը կարող է նաև լռել, ինչպես լռել է մինչ օրս, փոխարենը չասածը փոխհատուցել գործերով, բայց քանի դեռ չկան ռեալ գործեր, իսկ հասարակությանը պետք է զբաղեցնել, առավել ևս քաղաքացիական հասարակությանը, կուսակցություններին էլ կուսակցական կյանքով ապրելու գոնե պատրանք տալ, պարբերաբար ասպարեզ են նետվում մեծ ու մանրիկ մուտիլովկաներ` սկանդալների տեսքով, որոնք միամիտներին ու դյուրահավատներին փոփոխությունների հույս են տալիս, լավատեսներին մղում են նոր հիմարություններ անելու, հոռետեսներին պահում են իրենց պասիվության պատյանում, որովհետև անիմաստ է որևէ ձեռնարկում, երբ տերովին տերն է տարել, անտերին գելն է տարել: Այսինքն` բոլորը սքանչելի տեղավորված են, մեջտեղում մնում են մի քանի անկառավարելիներ, բայց ամբողջ համակարգը գործում է նրանց ու նրանց նման մտածողների դեմ, որպեսզի նրանք կամ մնան ելման կետում, կամ հեռանան երկրից, կամ համոզվեն, որ Հայաստանի երրորդ Հանրապետության կյանքի այս տարիներին հակացուցված է իրենց գործունեությունը այն պատկերին, որ գծել է իշխանությունը` ստանալով արտաքին աջակցություն: Վոլեյբոլ-մոլեյբոլ, ֆեդերացիա-մեդերացիա, նախարարություն-մախարարություն` սուտ են, մարդկային ամբիցիաների ու քաղաքական հավակնությունների պայքար է` իբրև զբաղմունք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ընդդիմությունը չի հնարվել իբրև գաղափար, խաղալիք, թշնամի: Ընդդիմությունը նույնքան կարևոր դեր ունի պետական կառավարման համակարգում ու նույնքան անհրաժեշտություն է, որքան իշխանությունը: Ամենահզոր տիրակալներն անգամ հարգել են նրանց, ովքեր ի զորու են եղել «ոչ» ասել, ովքեր իրենց իրավունք են վերապահել սեփական կարծիքն ունենալ, որը տարբերվել է տիրոջ կարծիքից: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմությանը ձերբակալում ու հերոսացնում էր, Ռոբերտ Քոչարյանը գնում ու դիմազրկում էր, իսկ չվաճառվողներին դուրս էր մղում քաղաքական դաշտից ամենատարբեր միջոցներով: Սերժ Սարգսյանը ընդդիմությունն ընդունում է Ռոբերտ Քոչարյանի, իմա` Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի տեսքով ու համոզված է, որ բոլոր պարագաներում ունի հակախաղ, որովհետև նրանք իշխանության մեջ են, և, ուրեմն, մեղքեր ունեն: Մինչև 2017-2018 թթ.` հաստատ: Իսկ հետո նույնիսկ նա պարտավորված է մտածել, թե ով է իշխանությունը, ով է ընդդիմությունը: Առավել ևս, որ հավերժ նախագահ չէ Վլադիմիր Պուտինն էլ: Արդեն չասեմ այլադավան Նազարբաևի ու հարափոփոխ Լուկաշենկոյի հավերժության դրական ու բացասական կողմերի մասին: Երբ երկրի ներսում չլուծածդ խնդիրները փորձում ես դրսում լուծել, լուծումն այլևս քեզ չի պատկանում` սուբյեկտից դառնում ես օբյեկտ, որը ոչ միշտ է հաճելի, նույնիսկ եթե քո պատասխանատվությունը դառնում է ուրիշի պարտականությունը: ՈՒ այդտեղ ավարտվում է տարբերակների պատմությունը, և այդ դառնությունն անգամ մեղրը չի քաղցրացնի:

Դիտվել է՝ 1625

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ