ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Աղքատությունը պատճառ չէ, այլ հետևանք

Աղքատությունը պատճառ չէ, այլ հետևանք
15.10.2012 | 19:08

«Ինչպիսի՞ն է սոցիալ-տնտեսական իրական պատկերը Հայաստանում», «Սոցիալական ինչպիսի՞ շերտավորումներ կան» և «Աղքատությունն ի՞նչ մակարդակի վրա է գտնվում այսօր».ահա այս հարցերն էին այսօր առաջ քաշել իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Վերջին սոցուսումնասիրությունները պարզել են, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ավելի է սրվել: Բնակչության մոտավորապես 20 տոկոսն այսօր կարողանում է ընդամենը սննդի հարց լուծել (եթե առաջ այդ թիվը 7-10 տոկոս էր, այժմ արդեն կրկնապատկվել է երկու խմբերի միջև): Համեստ կյանք վարող և ունևոր խավը կազմում է բնակչության 3-5 տոկոսը: Հարուստների թվաքանակը նույնպես կրճատվել է: «Դրանք այն մասն են, որոնք բիզնես, պաշտոն ունեին, կաշառք էին վերցնում»,- ասաց սոցիոլոգը: Նրա խոսքով, այսօր արտագաղթում են այն մարդիկ, ովքեր տոմս գնելու հնարավորություն ունեն և կարողանում են մի որոշ ժամանակ արտերկրում ապրել, մինչև աշխատանք գտնելը: Ստացվում է` մեզ մոտ մնում են աղքատ զանգվածը և համեստ ապրելակերպ ունեցողները: Ըստ պարոն Ադիբեկյանի, ամենատխուր փաստն այն է, որ խոշոր ձեռներեցները, ովքեր կուտակած միջոցներ ունեն, փոխանակ իրենց երկրում գործ դնելու, մարդկանց համար աշխատատեղեր ստեղծելու, թանկարժեք մեքենաներ են գնում և տներ կառուցում տարբեր երկրներում: «Ազատական շուկայում պետությունը պարտավոր չէ աշխատատեղեր ստեղծել, նա պարտավոր է պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ ձեռներեցությամբ զբաղվեն: Խոշոր ձեռներեցները գումարներ չեն ներդնում տնտեսության մեջ նրա զարգացման համար: Բիզնես կլասը դաստիարակման կարիք ունի, սոցիալապես ծրագրավորված մտածելակերպի կարիք ունի: Նա պետք է հասկանա, որ այն մեծ գումարները, որոնք նա կուտակել է, մեր միջոցներով է կուտակել, միայնակ չի աշխատել և պարտավոր է ժողովրդին վերադարձնել`պետությունը զարգացնելու առումով»,- շեշտեց նա: Ա. Ադիբեկյանն ավելի քան համոզված է, որ պետական քաղաքականությունը բավականին լուրջ պետք է լինի: «Երբ պետական պաշտոնյան ասում է` մենք պետք է այնպես անենք, որ գյուղացին իր արտադրանքն իր ձեռքով բերի վաճառքի, նա ազատական շուկայի ամենաառաջին թշնամին է: Ամբողջ աշխարհում այդ գործը համակարգված է լինում: Մեկն արտադրում է, մյուսը` վերամշակում, երրորդն էլ` վաճառում: Մենք բոլորս կունենանք աշխատատեղ և բավարար եկամուտ, եթե նորմալ ապրելու համար Հայաստանում գոնե 120 մլրդ ԱՄՆ դոլար ներդրում լինի: Մենք աղքատությունից դուրս եկանք, համարվում ենք զարգացող երկիր, բայց այս երկրին նայում են աղքատի աչքով, որ պետք է բրինձ բերեն բաժանեն, փոխանակ օգնեն բիզնեսով զբաղվելու»:
Խաչատուր Մարոզյանն էլ, ներկայացնելով մեր երկրի զարգացման կարևոր առաջնահերթությունները, նշեց, որ աղքատության ահագնացող տեմպերի հաղթահարման, սոցիալական վիճակի բարելավման և մանր ու միջին բիզնեսի խթանման կարելի է հասնել միայն մոնոպոլ իրավունքների վերացման, երկրում սոցիալական արդարության վերականգնման, ազատ և մրցակցային շուկայի ստեղծման, ինչպես նաև` հարկային օրենսդրության բարելավման շնորհիվ: «Աղքատության մասին անընդհատ խոսակցությունները տարբեր ամբիոններից վիճակը չեն փոխի, որովհետև մենք խոսում ենք միայն հետևանքների մասին և մարդկանց հույս ենք տալիս ինչ-որ բան փոխելու: Փոփոխություն մտցնել հնարավոր կլինի միայն պատճառների բացահայտմամբ և դրանց վերացմամբ: Ես չգիտեմ, թե ով կլինի ՀՀ նախագահը, բայց ով էլ լինի, ուզում եմ, որ նա հոգով սիրի իր ժողովրդին, այլ ոչ թե խոսքով»,- եզրափակեց նա:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ