«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՈՉ ՄԻԱՅՆ ՄԻԱՎՈՐԻՉ, ԱՅԼԵՎ ԲԱԺԱՆԻՉ ՏԱՐԱԾՔ

ՈՉ ՄԻԱՅՆ ՄԻԱՎՈՐԻՉ, ԱՅԼԵՎ ԲԱԺԱՆԻՉ ՏԱՐԱԾՔ
20.07.2010 | 00:00

Դեռ վերջերս թվում էր, թե ԱՄՆ-ի քաղաքականությունը Սև ծովում ավելի ու ավելի է որոշակի ուրվագծեր ստանում։ ԱՄՆ-ը Սև ծովի ավազանը (ներառյալ ափամերձ ռազմավարական գոտիներն ու առանձին շրջանները) առանցքային տարածաշրջան է համարում Եվրոպայում և Եվրասիայում նոր դիրքեր ձեռք բերելու ծրագրերում։ Առանց Սև ծովի ավազանի վերահսկողության հազիվ թե հնարավոր լինի շարունակել ԱՄՆ-ի եվրասիական ռազմավարությունը, նախ և առաջ` էներգետիկ հաղորդուղիների վերահսկողության առումով։ Միաժամանակ, ԱՄՆ-ի եվրոպական քաղաքականությունը ենթադրում է նաև նոր դիրքերի հաստատում այդ ավազանում։ Սև ծովում ամերիկյան ռազմաքաղաքական ներկայությունը կոչված է ոչ միայն ազդեցություն ապահովելու Եվրոպայում, այլև մեծ կախման մեջ դնելու ամբողջ Եվրոպան։ Դրա հետ մեկտեղ, դեպի Եվրասիայի ներքին տարածաշրջաններ ինչ-որ միավորիչ արշավին զուգընթաց, նպատակ է հետապնդվում թույլ չտալ որոշ «այլընտրական դաշինքների» կազմավորում, որոնք կարող են ներառել Եվրասիայի խոշոր տերությունները, առաջին հերթին Թուրքիան և Ռուսաստանը, ինչպես նաև Ռուսաստանն ու Եվրոպան։ Այսպիսով, Սև ծովն այժմ համարվում է ոչ միայն միավորիչ, այլև բաժանիչ տարածք։
Այս երկու ռազմավարությունները, ըստ երևույթին, զարգանալու են զուգահեռաբար, փոխհամալրման կարգով։ Չնայած համեմատաբար նոր թեմային, Սևծովյան ավազանում ԱՄՆ-ի քաղաքականությունն ու նպատակները սկսել են նկատելի տեղ գրավել քաղաքական գրականության մեջ։ Ընդ որում, գլխավոր խնդիրն այն է, որ Թուրքիան երկյուղով է հետևում ԱՄՆ-ի այդ նպատակներին, կանխատեսելով Թուրքիայի աշխարհառազմավարական դերի թուլացում, նոր աշխարհաքաղաքական դասավորության առաջացում, որտեղ ինքը չի կարող գրավել այն տեղը, որն իր համար արժանի է համարում։ Այսպես, որպես կոնկրետ օրինակ բերվում է Թուրքիայի երկյուղը Սև ծովի նեղուցների վերաբերյալ Մոնտրեի 1936 թ. համաձայնագրերի հնարավոր փոփոխման կամ չեղարկման առթիվ։ Այս երկյուղները և թուրք-ամերիկյան հարաբերություններում եղած հակասությունները, իրոք, գոյություն ունեն, բայց դրանցով ամենևին չեն սպառվում ավանդական դաշնակիցների փոխհարաբերությունների հակասությունները Սև ծովում։
Հարավային Կովկասի պետությունները խիստ շահագրգռված են Սև ծովում և Կովկասում «երրորդ ուժի» հաստատմամբ, որը կարող են լինել միայն ԱՄՆ-ի զինված ուժերը։ Եթե Վրաստանը Սև ծովում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը դիտարկում է որպես հակակշիռ Ռուսաստանին, ապա Հայաստանն այդ ներկայությունը համարում է Թուրքիայի ճնշումը զսպելու միջոց, հատկապես հեռանկարում, ինչը վերջին հաշվով, անհրաժեշտ է լինելու նաև Վրաստանին։
Չնայած թուրք-ամերիկյան հարաբերությունների վատացմանը, որն սկսվել է 1998-1999 թթ., և սկզբում կապված էր այն բանի հետ, որ ԱՄՆ-ը վերջնականապես հասկացրեց Թուրքիային, թե ինքն անտարբեր է Կենտրոնական Ասիայում և Կովկասում նրա փայփայած ծրագրերի, ինչպես նաև Թուրքիայի տնտեսական դժվարությունների հանդեպ, ինչը, թուրք հեղինակների կարծիքով (առանձնապես ձախ կողմնորոշման), երկիրը գցեց աննախադեպ, համակարգային ճգնաժամի մեջ, երկու պետությունները քաղաքական պաշարներ ունեին իրենց հարաբերությունները ռազմավարական գործընկերներին վայել մակարդակի վրա պահելու համար։ Այսինքն, Թուրքիան քանիցս ցուցադրել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առավել սուր անկյունները հարթելու իր ունակությունը, թեև շատ խնդիրներ այդպես էլ մնում են չլուծված։ Սակայն Թուրքիան շատ ավելի զգուշանում է քաղաքական այն միտումներից, որ դրսևորվում են ՆԱՏՕ-ում ու Եվրամիությունում։ Թուրքիային առանձնապես անհանգստացնում են ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի ազդեցության թուլացումը, ՆԱՏՕ-ի «եվրոպականացումը», Եվրո-ՆԱՏՕ-ի առաջացումը որպես օբյեկտիվ իրողության։ Վերջին տարիները ցույց են տվել, որ Թուրքիան եվրոպական ընկերակցության և ՆԱՏՕ-ի վրա ներգործության նվազագույն հնարավորություններ ունի` չնայած դաշինքի համար իր ունեցած աշխարհառազմավարական նշանակությունը։
Սև ծովում ԱՄՆ-ի այդ ծրագրերի քննարկման շրջանակներում կարելի է նշել, որ Թուրքիան ստեղծված պայմաններում, որոնք այսպես թե այնպես չեն համապատասխանում նրա շահերին, այնուամենայնիվ, նախընտրում է գործ ունենալ միայն ԱՄՆ-ի, կամ առավելապես ԱՄՆ-ի, քան ՆԱՏՕ-ի հետ` որպես անվտանգության լայնընդգրկուն համակարգի։ ՆԱՏՕ-ին Բուլղարիայի և Ռումինիայի անդամակցությունն արդեն հարված էր Թուրքիայի շահերին, Վրաստանի և ՈՒկրաինայի հայտերը, իբր, նույնպես լրջորեն քննարկվում են ՆԱՏՕ-ում, է՛լ ավելի են նսեմացնում Թուրքիայի դերը, որը մի քանի տասնամյակ բացառիկ նշանակություն ուներ արևմտյան ընկերակցության համար։ Թուրքիայի դերին այլընտրանք գտնելու ցանկացած նշան, որ նկատվում է ԱՄՆ-ի քաղաքականության մեջ, բառացիորեն խուճապ է առաջացնում Անկարայում։ ՈՒստի Իրաքում կամ Կենտրոնական Ասիայում տեղի ունեցող գործընթացներից Թուրքիայի դժգոհությունը, ինչպես նաև Թուրքիայի փորձերը` գլխավոր միջնորդը դառնալու Արևմուտքի հետ Իրանի հարաբերություններում սոսկ իր դիրքորոշումները «սաղացնելու» միջոց են։ Թուրքիայի, առանց բացառության, ամբողջ «նոր արևելյան» քաղաքականությունն ուղղված է այն բանին, որ եվրոպացիներն ու ամերիկացիները հավանություն տան իր գերիշխանության գոտին ստեղծելու Թուրքիայի «իրավունքին», ներառյալ հարևան և ավելի հեռավոր տարածաշրջանները։
Կարող է հակասական թվալ այն պնդումը, թե Թուրքիան Եվրասիայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում եվրոպական ինտեգրացիոն ջանքերը պակաս նախընտրելի է համարում, քան ամերիկյան ապաինտեգրացիոն քաղաքականությունը, քանի որ Թուրքիան համառորեն ձգտում է անդամակցել Եվրոպական ընկերակցությանը։ Այնուամենայնիվ, Թուրքիան միշտ զգացել է, որ իր քաղաքականությունն արևմտյան ուղղությամբ պետք է առավելագույնս առանձնանա իր արևելյան, հատկապես մերձավորարևելյան քաղաքականությունից։ Սկզբում կողմնակիորեն, ապա միանգամայն բացահայտորեն թուրքերը զգացին, որ իրենց քաղաքականության այդ երկու ուղղությունները կդառնան անհամատեղելի, եթե եվրոպացիներն իրավունք ունենան փոփոխելու թուրքական քաղաքականությունն Արևելքում։ Իսկ ԱՄՆ-ի շահերն ու քաղաքականությունը Եվրասիայում և Մերձավոր Արևելքում, չնայած շատ հակասությունների առկայությանը, այնուամենայնիվ, կարող են համաձայնեցվել Թուրքիայի հետ, և դրա օրինակները շատ են, անգամ հիմա։
Հարկ է նշել, որ Եվրոպական ընկերությանը Թուրքիայի անդամակցությանն ուղղված ԱՄՆ-ի իբր հետևողական «ռազմավարությունը» պարզապես խնամքով քողարկված «բլեֆ» է։ ԱՄՆ-ը երբեք Թուրքիան չի համարել եվրոպական կամ էլ եվրամետ պետություն։ Թուրքիան, որ առանձնացած է Մերձավոր Արևելքից, բաժանարար պարիսպ է դարձել Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի միջև, պետք չէ ԱՄՆ-ին և չի բավարարում նրա ռազմավարական պահանջմունքները։ Թուրքիան Եվրամիություն խցկելու այդ ամբողջ 40-ամյա գործընթացը ոչ այլ ինչ է, եթե ոչ պահպանողական բնույթի ամերիկա-բրիտանական նախագիծ, որն ապացուցում է Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում որոշակի քաղաքական շրջանակների ազդեցության շարունակականությունը։ Դրա ապացույցներից մեկը Վաշինգտոնում Թուրքիայի և Հարավային Կովկասի երկրների դերին և գործառույթներին տրվող տարբեր գնահատականներն են։ Եթե Հարավային Կովկասը, որպես առավելապես քրիստոնեական հավատորսության միտումներ ունեցող տարածաշրջան, համարվում է Եվրոպայի բաղկացուցիչ մաս, ապա Թուրքիան դիտվում է որպես լուսանցային երկիր տարանցային տարածքի դերով։
Այսպիսով, Թուրքիան նախընտրում է երկու չարիքներից փոքրագույնը` կապված Սև ծովում ԱՄՆ-ի անելիքների հետ, որոնք կարող էին իրականացվել ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս։ Քննության առնելով Թուրքիայի վարքագիծն ու դիրքորոշումը ՆԱՏՕ-ի նկատմամբ, ներառյալ դաշինքին նրանց անմիջական անդամակցությունը, ուշադրության առնելով, որ Թուրքիան չէր կարող ՆԱՏՕ-ի իրական ծրագրերի վերաբերյալ ճիշտ տեղեկություններ հաղորդել իր գործընկեր Ադրբեջանին, ինչն անդրադարձավ Ադրբեջանի ղեկավարության վարքագծի վրա, կարելի է վստահորեն պնդել, որ Թուրքիան միշտ էլ հոռետեսորեն է վերաբերվել ՆԱՏՕ-ի հետ Հարավային Կովկասի պետությունների գործակցության հեռանկարներին։ Ընդհանուր առմամբ, Թուրքիան երբեք շահագրգռված չի եղել դրանով։ Հարավային Կովկասի պետությունները, հայտնվելով ՆԱՏՕ-ում, ավելի անկախ կլինեն Թուրքիայից, ինչը ոչ մի կերպ չի համապատասխանում վերջինիս ռազմավարական շահերին։ Դրա հետ մեկտեղ, Թուրքիան ոչ մի հնարավորություն չունի սահմանափակելու այդ ինտեգրացիոն գործընթացները։
Սակայն Սև ծովում ամերիկյան քաղաքական և ռազմական ներկայության բաժանումը երկու վարկածի ամենևին չի նշանակում ինչ-որ մեխանիկական պլանավորում և պլանների իրականացում։ ԱՄՆ-ը չի կարող այդ պլաններն առհասարակ իրագործել առանց ՆԱՏՕ-ի մասնակցության, հատկապես ՆԱՏՕ-ի անդամ երկրների` Բուլղարիայի և Ռումինիայի տարածքում ռազմական բազավորման զարգացման, ՈՒկրաինայի և Վրաստանի վերաբերյալ համանման հեռանկարների պայմաններում։ Չի կարելի անտեսել այնպիսի համադրական խնդիր, ինչպիսին Սև ծովում ամերիկյան ռազմական ներկայության օգտագործումն է որպես ՆԱՏՕ-ի կազմի, գործառույթների ու պատասխանատվության գոտու ընդլայնման կարևոր լծակի։ ՈՒստի Թուրքիան հնարավորություն չի ստանա ընտրելու Սև ծովում անվտանգության ոլորտում համագործակցության անգամ համեմատաբար նախընտրելի տարբերակ։ Սևծովյան ավազանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներն ավելի ու ավելի բարդանում են, ներգրավված են տարբեր պետություններ, նախ և առաջ` Ռուսաստանը, որն ուզում է ավելի սերտ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ ՈՒստի Թուրքիայի առջև ծառացել են շատ բարդ արտաքին քաղաքական և պաշտպանական խնդիրներ, ինչը շատ էական «համալրում» կլինի Եվրոպայում և Մերձավոր Արևելքում նրա ունեցած պրոբլեմներին։ Թուրքիայի խնդիրը Սևծովյան ավազանի այդ աշխարհաքաղաքական ուղղությունում նաև այն է, որ նրան վիճակված չէ ընտրություն անելու, նա ստիպված է վարել հաշվեկշիռների պահպանման և խուսավարման ոսկերչական քաղաքականություն, այսինքն` անել այն, ինչով նա զբաղված է եղել տասնամյակներ, և ինչով նա ստիպված է զբաղվել է՛լ ավելի բարդ միջազգային իրավիճակում։ Այս կապակցությամբ հետաքրքրություն է ներկայացնում այն, որ այդ առիթով Թուրքիայում ծավալված քաղաքական բանավեճն անհամեմատ գերազանցում է ԱՄՆ-ի ազդեցության ուժեղացման այն իրական գործընթացները, որոնք տեղի են ունենում Սև ծովում։
Պարզ է դառնում, որ Սև ծովում ԱՄՆ-ի ջանքերը նպատակ են հետապնդում սահմանափակումներ դնելու թուրք-ռուսական հարաբերությունների զարգացման ճանապարհին, ուստի այդ պլանները, անտարակույս, ինչ-որ չափով կհանգեցնեն հակառակ արդյունքի, և Թուրքիան ստիպված կլինի փնտրել ԱՄՆ-ի ազդեցության հավասարակշռման եղանակներ, անկախ այն բանից` դրանք կգործեն Սև ծովում ՆԱՏՕ-ի քաղաքականության հունո՞ւմ, թե՞ հնարավորինս ինքնուրույն։ Ամերիկացիները, իհարկե, հասկանում են սա և շտապում են Թուրքիային իրազեկել իրենց պլանների մասին, հուսալով, որ թուրքական զինվորական ու քաղաքական շրջանակներում կգերիշխեն հակառուսական կամ, գոնե, եվրասիական բնույթի հավակնոտ տրամադրությունները։ Բայց, ավելի շուտ, ամերիկացիների այս մտադրությունները կբախվեն Եվրասիայի ուղղությամբ թուրք-ամերիկյան հարաբերությունների բացասական փորձի հետևանքներին, երբ ԱՄՆ-ը, փաստորեն, տորպեդահարեց Թուրքիայի կայսերապետական ծրագրերը։
Հետագայում թուրք-ամերիկյան հարաբերությունները մեծապես պայմանավորված կլինեն Սև ծովում ԱՄՆ-ի ծրագրերով, այսինքն, թե ԱՄՆ-ը որքանով հաջողության կհասնի կամ անհաջողության կմատնվի այդ ծրագրերն իրականացնելիս։ Եթե ԱՄՆ-ը կարողանա հաջողության հասնել, ապա Թուրքիայի դերը շատ աննշան կդառնա, եթե հակառակը տեղի ունենա, ապա Թուրքիան վերստին իր տեղը կգրավի աշխարհաքաղաքական կառուցվածքում։
Առայժմ Սև ծովում ԱՄՆ-ի հետապնդած ծրագրերում Թուրքիան մնում է որպես պահեստային տարբերակ։ Դրա հետ մեկտեղ, Թուրքիան, քանի դեռ հույս ունի անդամակցելու Եվրամիությանը, ստիպված կլինի այդ նախագծում հաշտվել եվրոպացիների, այդ թվում` եվրոպական առաջատար պետությունների հետ։ Բայց դա արդեն կհանգեցնի այն բանին, որ Թուրքիան իրեն կսահմանափակի Սև ծովում ԱՄՆ-ի ջանքերին աջակցելու գործում, ջանքեր, որոնք եվրոպացիների համար նշանակում են համապարփակ, կամ, առնվազն, միջտարածաշրջանային բաժանարար գծի ստեղծման ռազմավարություն։ Միաժամանակ անհասկանալի է մնում, թե տարածաշրջանային և էներգետիկ քաղաքականության ասպարեզում Թուրքիայի դերի սահմանափակմանը նպատակաուղղված` ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի քաղաքականությունն ինչպես կարող է զուգորդվել սևծովյան գործընթացին նրա միավորման հետ, որտեղ նա, անկասկած, կպահանջի հաշվի առնել իր շահերը։ Հնարավոր է, որ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ համերաշխությունը նախընտրի իր այլ հավակնությունների ու կասկածների համեմատ։ Կարելի է ենթադրել նաև, որ սևծովյան նախագիծը բավականաչափ հաշվեկշռված ու հաշվարկված չէ, ինչպես ուրիշ շատ տարածաշրջանային քաղաքական նախագծեր։ Տպավորություն է ստեղծվում, որ տվյալ դեպքում կիրառվում է «կարևորը մասնակցությունն է» սկզբունքը։ Ներկայումս ԱՄՆ-ը նախընտրում է Թուրքիային մակրոտերության դեր չընձեռել հիմնականում այն պատճառով, որ ուրիշներից լավ է հասկանում նրա իսկական տնտեսական ու քաղաքական հնարավորությունները։ Դրան զուգընթաց, ԱՄՆ-ը գործադրում է մի մարտավարություն, որի իմաստն է` չմտնել թուրքական հավակնությունները զսպելու ակտիվ քաղաքականության մեջ, ակնկալելով, որ Թուրքիայի զավթարշավը, անշուշտ, առաջ կբերի Ռուսաստանի, Իրանի, բալկանյան, կովկասյան և արաբական պետությունների հակազդեցությունը, ինչը կլինի այդ տարածաշրջաններում ԱՄՆ-ի հաջող քաղաքականության կարևոր պայմանը։ Միայն եթե Թուրքիան ավելի արմատական միջոցներ ձեռնարկի իր քաղաքականության իրականացման համար, այդ դեպքում ԱՄՆ-ն ավելի վճռական գործողությունների կդիմի։ Դրա հետ մեկտեղ, առհասարակ ասել, թե Թուրքիայի զսպմանն ուղղված ԱՄՆ-ի ներկա քաղաքականությունը գործուն չէ, անհնար է։ Այդ քաղաքականությունն արդեն նախանշված է և կծավալվի հերթականությամբ։ ԱՄՆ-ի սևծովյան քաղաքականությունն առայժմ կասեցված է, ինչը նույնպես տեղավորվում է «իրադարձություններից առաջ չընկնելու» մարտավարության շրջանակներում։
Ընդունելով այդ հեռանկարի իրագործելիությունը, կարելի է ենթադրել, որ Հարավային Կովկասի երկրների համար առաջանում է նոր կամ, ավելի ճիշտ, օրախնդիր դարձած «սևծովյան գործոն», որն ավելի կարևոր դեր կխաղա անվտանգության կամ սպառնալիքների ու վտանգների իմաստով, քան այնպիսի գործոններ, ինչպիսիք են «իրաքյանը», «իրանականը», «հյուսիսկովկասյանը»։ Միաժամանակ, «սևծովյան գործոնի» ուժեղացումը կնշանակի, որ Հարավային Կովկասի պետությունների մուտքը կդադարի օրախնդիր լինելուց։ ԱՄՆ-ը երբեք Հարավային Կովկասը չի համարել անդամության մակարդակով ՆԱՏՕ-ին ինտեգրված տարածք, այլ նախընտրել է ուղղակի հարաբերությունները տվյալ երկրների հետ, շրջանցելով դաշինքը։ Չնայած ԱՄՆ-ի վարչակազմի և Կոնգրեսի կողմից այդ խնդրի այդքան ցուցադրական ճնշմանը, Հարավային Կովկասի ռազմավարական հեռանկարի ընկալումը մնում է նույնը։ Սևծովյան նախագծի զարգացումն ուժեղացնում է ԱՄՆ-ի այդ դիրքը, որը միանգամայն շոշափելիորեն ձևավորվեց 90-ականների երկրորդ կեսին։ Այն ամենը, ինչ հանգեցնում է ՆԱՏՕ-ի եվրոպացման ուժեղացմանը, անընդունելի է ԱՄՆ-ի համար։ Առայժմ ԱՄՆ-ը դադար է առել Սև ծովի և Կովկասի առնչությամբ, և դա կդառնա տարածաշրջանում սպառնալիքների մեծացման պատճառ։ Կկարողանա՞, արդյոք, Ռուսաստանն այս պայմաններում կարգավորել իրադրությունը տարածաշրջանում և դառնալ սպառնալիքների զսպման գլխավոր ուժ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1292

Մեկնաբանություններ