«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱՌԱՋ-ՀԵՏ ԿՈՆՖԻԳՈՒՐԱՑԻԱՅՈՎ

ԱՌԱՋ-ՀԵՏ ԿՈՆՖԻԳՈՒՐԱՑԻԱՅՈՎ
16.03.2010 | 00:00

Ինչպես ասում են` կադրային «դատաստանը» սկսվեց սեփական տնից` նախագահական նստավայրից` մամլո քարտուղար-«Հայլուր» բարտերով:
Հաջորդեցին նոր նախարարների նշանակումները` նույն վայրկյանին նրանց ՕԵԿ-ացումով: Ընդ որում` ՕԵԿ-ից հարկ համարեցին շեշտել, որ իրենք նախարար են փոխել առանց վարչապետին տեղյակ պահելու: ՕԵԿ-ում թերևս նեղացած են վարչապետից` գյուղնախարարի առնչությամբ, և, ըստ ամենայնի, հատկապես չեն ցանկացել փոխել հենց գյուղնախարարին:
Նույն օրվա ընթացքում վարչապետը ևս մեկ մեսիջ ստացավ ԲՀԿ առաջնորդից, եթե համարենք, որ Գագիկ Ծառուկյանի քննադատած էկոնոմիկայի նախարարը վարչապետական թիմից է:
Ճիշտ է, փորձագետները պնդում են, որ իշխանության համար նպատակահարմար է պահել ԲՀԿ-ն «անաղարտ» վիճակում, հիմնականում որպես ընդդիմությունից ձայն կլանող կուսակցության և նույնքան ակտիվ` «բարով-խերով» այն հասցնել նոր` 2012 թ. ընտրություններ ու նոր պառլամենտ, այնուհանդերձ, քաղաքական զարգացումներն այնքան զգայուն ու անկանխատեսելի են, որ հնարավոր է` ԲՀԿ-ն էլ ստիպված լինի մտնել «կադրային ջարդ և վերակենդանացում» ցիկլի մեջ, և «առանց վարչապետին տեղյակ պահելու» նախարարներ ԲՀԿ-ացնի:
Այնուհանդերձ, ԲՀԿ առաջնորդը, որը հենց այնպես երբեք պառլամենտ չի գալիս, բացի վարչապետական թիմին դաստիարակչական հորդորներ ուղարկելուց, «ալամ աշխարհին» էլ տեղեկացնելուց, որ նախագահը մտածում ու «քայլեր է ձեռնարկելու» էկոնոմիկայի (հասկանանք` վարչապետի՞) նախարարի առնչությամբ, մի քիչ «դաստիարակեց ու կարգի հրավիրեց» նաև ԱՄՆ-ին` մի քանի անգամ կրկնելով` «մի հատ թող իրենց նայեն, նոր մեզ քննադատեն»: Մենք, անշուշտ, այս հորդորում գեոպոլիտիկ ոչինչ չենք տեսնում և չենք ակնարկում:
Պարզապես նկատում ենք, որ ռուսական վեկտորը մեզանում ակտիվ դեմարշի մեջ է:
Վերջին օրերի քրոնոլոգիային ենք ավելացնում նաև այն խոսակցությունները, թե սպասվում է պառլամենտի ցրում: Դրա համար գոնե այս պահին սահմանադրական հիմքեր չկան, պառլամենտը պետք է պարզապես ինքնալուծարվի, ինչը, անկասկած, հնարավոր չէ` հազար ու մի պատճառով: Բայց, մյուս կողմից էլ, երբեք չպետք է ասել` երբեք: Մանավանդ որ պառլամենտի լուծարումը կարող է հազար ու մի վերքի բալասան դառնալ, հարցի պատասխան լինել:
Բոլոր դեպքերում օրակարգում է հարցը. ի վերջո` ի՞նչ է կատարվում երկրում այս օրերին:
ա) Փարիզից վերադարձած Սերժ Սարգսյանը շատ հանգի՞ստ է, նա փորձում է քաղաքական դաշտը «մանրից» մաքրել, վերադասավորել` սպասվող բոլոր կարգի զարգացումների, այդ թվում և` առաջիկա ընտրությունների համա՞ր` ազատվելով ավելորդ բալաստից, տեղ բացելով սեփական ֆավորիտների համար, ստեղծելով իշխանական-կուսակցական համակարգ, որը կլինի միանձնյա առաջատար, և այլևս հարկ չի լինի ականջ կախելու կոալիցիոն «բարբառումների» առաջ:
ՈՒ սա արվում է հիմա` դրսին ցույց տալու, որ Սերժ Սարգսյանը լիարժեքորեն ղեկավարում է գործընթացները ներսում: Դա հարկավոր է անել հիմա, որովհետև 2012-ը սարերի հետևում չէ: Դա հարկավոր է անել հիմա, որովհետև նույն փխրուն իրավիճակը տարածաշրջանում չի բացառում ֆորսմաժորային զարգացումները ևս: Հետո ուշ կլինի:
բ) Սերժ Սարգսյանը փորձում է ժամանակ շահել, հավասարակշռել քաղաքական հարաբերակցությունը ներսում` «առաջ-հետ» կոնֆիգուրացիան կիրառելով: ՈՒ քանի որ մեկնելու է ԱՄՆ, մասամբ ուժեղացնում է այդ վեկտորը: Որովհետև դատելով զարգացումների ներքին միտումներից, ակնհայտ է` Ռուսաստանն այնքան էլ չի ուզում, որ գործընթացները տեղափոխվեն դեպ ԱՄՆ, և Սերժ Սարգսյանն ապրիլին մեկնի Վաշինգտոն: Հասկանալի է` ողջ խնդիրն այս է. ո՞վ է վարելու թե՛ ղարաբաղյան, թե՛ հայ-թուրքական գործընթացները: Ռուսները նույնքան չեն ուզում, որ դա լինի Միացյալ Նահանգները, որքան վերջինս չի ուզում, որ դա լինի Ռուսաստանը: Իրանն էլ ապացուցեց, որ չի ուզում որևէ խաղաղապահ իր սահմանների մոտ, և որ ստատուս-քվոն իրեն անչափ ձեռնտու է:
Բայց հիշենք նաև, որ դեռ երկու ամիս առաջ գոնե ՀՀ-ում ԱՄՆ-ի դեպանի տեղակալ ոչ անհայտ պարոն Փենինգտոնն այն կարծիքին էր, որ ապրիլին արդեն ղարաբաղյան և մնացյալ գործընթացների գլխին կանգնած կլինի ո՛չ թե Ռուսաստանը, այլ ԱՄՆ-ը: Ընդ որում, ԱՄՆ-ը հույս է փայփայում, որ, ի տարբերություն Ռուսաստանի, իրեն կհաջողվի ինչ-որ բան տեղից շարժել թե՛ ղարաբաղյան, թե՛ հայ-թուրքական հարցերում` ապրիլին այնտեղ հանդիպեցնելով Սերժ Սարգսյանին` «կողմերի» հետ:
Ինչ կլինի Միացյալ Նահանգներում, այս պահին դժվար է ասել, բայց եթե ելնենք մինչ այս առկա զարգացումներից, ապա Սերժ Սարգսյանը գոնե արտաքաղաքական իր հաշվարկներում գրեթե չի սխալվել: Իսկ նրա «նորանշանակ» գրասենյակն արդեն իսկ հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը կմեկնի Վաշինգտոն: Ի դեպ, փորձագետների մի մասը պնդում է, որ Սերժ Սարգսյանը կհրաժարվի այդ այցից:
Չենք կարծում:
Բանն այն է, որ որքան էլ հուժկու է «տեղական արտադրության» ռուսամետների հակաամերիկանիզմը, այնուհանդերձ, Ռուսաստան-ԱՄՆ փոխհարաբերություններում շարունակվում է «վերաբեռնման» քաղաքականությունը, ընդ որում, ինչպես տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները, Օբաման ու Մեդվեդևը կարող են համաձայնության գալ նույնիսկ հակաօդային համակարգերի հարցում և մոտ են պայմանագրի ստորագրմանը: Իրանի և մնացյալ հարցերում էլ նրանք կարող են «վերաբեռնվել»` համաձայնության գալ: Ընդ որում այս բոլոր հարցերը կքննարկվեն այս օրերին Մոսկվա այցելած Քլինթոնի «ձևաչափում», որից հետո պարզ կդառնա` հայոց ռուսամետներին ասվելու է` «աշխուժանա՞լ», թե՞ խելոք նստել տեղները:
Դավիթ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1226

Մեկնաբանություններ