Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Մենք երբեք մեր սկզբունքներից չենք շեղվել` Ապրիլի 24-ի նախօրյակին նման հայտարարություն անելով»

«Մենք երբեք մեր սկզբունքներից չենք շեղվել` Ապրիլի 24-ի նախօրյակին նման հայտարարություն անելով»
22.05.2009 | 00:00

«ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ՍՊԱՍԵԼՈՒ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԳ նախկին նախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ
-Պարոն Օսկանյան, ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանը վտանգավո՞ր խաղի մեջ է մտել այս փուլում. նկատի ունեմ հայ-թուրքական հարաբերություններ, Ղարաբաղ, ՆԱՏՕ, ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստան, տարածաշրջան` ամբողջ թնջուկը, և կկարողանա՞, արդյոք, անվնաս դուրս բերել Հայաստանն այդ ամենի միջից:
-«Վտանգավոր խաղ» ձևակերպում չէի ցանկանա կիրառել: Սակայն գոնե ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը մտել է մի գործընթացի մեջ, որի վրա շատ արագ կորցրել է իր ազդեցությունը: Ես վտանգը դրանում եմ տեսնում: Հայ-թուրքական հարաբերություններն այսօր շաղկապված են ղարաբաղյան խնդրի հետ, ինչի վառ ապացույցը Էրդողան-Պուտին վերջին հանդիպումն էր, որի օրակարգային հարցերից մեկը ԼՂ խնդրի կարգավորումն էր: «Խորագիրը» խիստ ակնհայտ է` Հայաստանի հետ հարաբերությունները լավացնելու համար եկեք լուծենք Ղարաբաղի հարցը: Սա ամենաանցանկալի սցենարն է, որ երբևէ կարելի էր մտածել, երևակայել: Դժբախտաբար, Հայաստանի վարած քաղաքականությունը հասցրել է դրան: Իհարկե, դիվանագիտության մեջ անուղղելի պրոցեսներ չկան, և քաղաքական կամքից ավելի (իսկ դրա պակասը, անշուշտ, նույնպես կա) հստակ գաղափարական պատկերացումներ ու մոտեցումներ են անհրաժեշտ, որպեսզի իրավիճակը շտկվի:
-Չէ, տեսակետ էլ կա, որ այս փուլում Սերժ Սարգսյանը կարողանում է շատ նուրբ մանևրել` «հետ ու առաջ» սկզբունքով:
-Ի՞նչ մանևրի մասին կարող է խոսք լինել. թուրքերն ստացել են ինչ ուզում են, նրանք դերակատար են դարձել ղարաբաղյան հարցում, ցեղասպանության հարցը բավականին տուժել է, իսկ սահմանը դեռ փակ է: Այսինքն` այն, ինչ հնարավոր էր տալ, տվել ենք: Բացի այդ, թուրքերը խոսում են պատմաբանների հանձնաժողովի, սահմանները ճանաչելու մասին: Փաստորեն, հարաբերությունների «օրակարգն» արդեն իսկ հայտնի է, և մանևր չկա: Մանևր կլինի այն ժամանակ, երբ Հայաստանը սկսի դիվիդենդներ ստանալ:
-Բայց չէ՞ որ երբ երկու գերտերություններ ցանկանում են վերմակը հատկապես իրենց ոտքերին պահել` ի հաշիվ Հայաստանի, ստատուս-քվոյի շարունակությունն ու պահպանումը մեզ համար նույնպես մանևր է: Տասը տարի էլ Ձեր ժամանակ էր, չէ՞, ստատուս-քվոն պահպանվում:
-Մենք երբեք մեզ այսպիսի իրավիճակում չէինք դրել. դիվանագիտական բարենպաստ իրավիճակում էինք, ինքնորոշման հարցը միշտ գերակշռող էր, և փաստաթղթում այն տեղ էր գտել: Իսկ այսօր արդեն միջնորդների մակարդակով խոսվում է Ղարաբաղի ինքնավարությունից, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից, և, վերջապես, Թուրքիան դերակատարություն է ստանձնել այդ հարցերում: Հայաստանի համար օրախնդիր է` կտրուկ փոխել քաղաքականությունը. կոմպլեմենտարիզմից հրաժարվել են, բայց ինչո՞վ է դա փոխարինվել, ոչ ոք չգիտի. մեկը թող ասի, որ իմանանք, թե մեր տեղն ու դերը տարածաշրջանում ինչպիսին է:
-Քայլերի Ձեր առաջարկը:
-Երկար զրույցի թեմա է. մեկ-երկու այդպիսի առաջարկ արդեն արել եմ: Կարծիքս միանշանակ է` այսօրվա իշխանությունները պետք է ընդունեն, որ գործընթացը գնում է մեզ համար ոչ շահեկան ուղիով, և իրավիճակը պետք է շտկել:
-Չէ, էդպես չէ. պնդում կա, որ Սերժ Սարգսյանը հենց վերջերս` պրահյան հանդիպման ժամանակ ասել է, որ կարգավիճակի հարցը պետք է լինի ամենասկզբում, որին կհետևի անվտանգության գոտու տարածքների վերադարձի խնդիրը:
-Իհարկե, Հայաստանի դիրքորոշումը հենց այդպես էլ պետք է լինի: Բայց ողջ խնդիրն այն է, թե աշխարհի ընկալումն ինչպիսին է` ինչ էր և ինչի է փոխվում: Իսկ ընկալումը փոխվում է, որովհետև ընթացող պրոցեսները Թուրքիայի և Ադրբեջանի տեսակետներն ավելի գերիշխող են դարձնում. հանրության, քաղաքականություն որոշողների տեսակետները շատ կարևոր են. ցանկացած պահի կարող է ինչ-որ բան պարտադրվել, Հայաստանը պետք է կարողանա դիվանագիտական բարենպաստ վիճակում գտնվել:
-Պարոն Օսկանյան, այն, ինչից Դուք խոսում եք, կարծես վիրտուալ իրականության արտացոլումն է` «հնարավոր է, արդեն խոսվում է», բայց վիզուալ իրականությունում և գոնե այս պահին ունենք հետևյալ դեֆակտո իրավիճակը. Հայաստանը կոշտացրել է իր դիրքորոշումները և հայ-թուրքականում ասում է` առանց նախապայմանների, ղարաբաղյան խնդրում` վերևում արդեն նշեցի:
-Խնդիրը կոշտ կամ ոչ կոշտ լինելը չէ, ընդ որում, կոշտությունը միշտ չէ, որ աշխատող է: Իմ կարծիքով, մեր դիրքորոշման մեջ հստակություն չկա. դիրքերի, մոտեցումների հստակեցում է պետք, որպեսզի հասկանալի լինի` մենք կոնկրետ ինչ ենք ուզում, ինչին համաձայն ենք, ինչը մեզ համար բացարձակապես անընդունելի է: Հայաստանյան քաղաքականության մեջ այդ հրապարակային բացատրությունները բացակայում են: Թուրքական և ադրբեջանական կողմն իր խնդիրները շատ ավելի հստակ է դնում:
-Բոլոր դեպքերում թե՛ իրենք, թե՛ մենք ընդամենը հայտարարությունների մակարդակով ենք առայժմ հանդես գալիս, ու դուրս է գալիս, որ նրանց հայտարարություններին Դուք հավատում եք, մերին` ոչ: Սերժ Սարգսյանը գոնե իր վերջին ասուլիսում միլիոն անգամ նշեց` ղարաբաղյան հարցում երեք սկզբունքային կետերը «սրանք» են` հայ-թուրքականում` առանց նախապայմանների:
-Բայց ակնհայտ է, չէ՞, որ նախապայմաններ կան: Լավ է, որ նախագահն այդ բոլորն ասում է, բայց այդ ամենը նաև գործով պետք է երևա: Հայկական կողմը շարունակում է դեռևս հույս հայտնել, որ թուրքերը սահմանը կբացեն: Իսկ գործընթացը կենդանի պահելը հենց Թուրքիայի ցանկությունն է: Այդ իսկ պատճառով կուրսի հստակ փոփոխության կարիք կա. սա միանշանակ է, ոչ ոք թող չկասկածի, մանավանդ որ կասկածի տակ են դրվում մեր համազգային սկզբունքները:
-Ի՞նչը նկատի ունեք:
-Ասենք` պատմաբանների հանձնաժողովը. սա նույնպես գերիշխող տեսակետ է:
-Բայց փաստացի ապացույցը չկա, չէ՞:
-Հենց դա է ողջ խնդիրը. չբացելով այդ փաստաթղթի բովանդակությունը, չպարզաբանելով մեր տեսակետները, չապահովելով դրանց հրապարակայնությունը, գերիշխող են դառնում թուրքական տեսակետները: ՈՒմ հետ այսօր չես խոսում, պնդում է, որ հայկական կողմը համաձայն է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու։
-Ո՛չ, օրինակ, ինքս գիտեմ, որ ՀՀԿ գործկոմի նիստում Սերժ Սարգսյանը սահմանները ճանաչելուն առնչված ասել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար ֆիքսվելու է` «ինչ սահմաններ որ կան» եզրույթը, իսկ հանձնաժողովը լինելու է միջկառավարական ենթահանձնախումբ, որն ուսումնասիրելու է այդ տարիներին տեղի ունեցած բոլոր դեպքերը:
-Հուսով եմ, որ իսկապես այդպես է, ես դրա ջատագովն եմ: ՈՒղղակի այս պահին, որպես գործընթացները դրսից դիտող մարդ, որպես մարդ, որը խոսում է նաև քաղաքականություն ձևավորողների հետ, ուզում եմ ահազանգ հնչեցնել, որ թե՛ պատկերացումները, թե՛ գործընթացներն այսօր հօգուտ մեզ չեն, և կտրուկ փոփոխության կարիք կա: Եվ այս առնչությամբ, երևի Ձեզանից զատ (որ այսքան փորձում եք հակադրվել ինձ), Հայաստանում քիչ մարդ կա, որ Ձեզ հետ նույն կարծիքին լինի:
-Ես, նախ` կատարում եմ լրագրողական իմ «սուրբ» պարտքը` «բացում» եմ Ձեզ: Եվ ապա, եթե Դուք լինեիք այս պահին իշխանության, դարձյա՞լ «ահազանգելու» էիք:
-Ասեմ միանշանակորեն` ապրիլի 22-ի հայտարարությունը չէր լինի, Հայաստանն այսօր այսպիսի իրավիճակի մեջ չէր հայտնվի. ես դրան ուղղակի չեմ կասկածում:
-Իսկ հիմա թույլ տվեք ավելի բուռն Ձեզ հակադրվել: Պարոն Օսկանյան, կա տեսակետ, որ Սերժ Սարգսյանն այնպիսի ժառանգություն է ստացել Ձեզանից, որ ղարաբաղյան հարցում «մոտիկից» ծանոթանալով իրերի վիճակին` ափիբերան է մնացել:
-Գիտե՞ք, նման բան ես նախագահից դեռևս չեմ լսել, նախագահը ղարաբաղյան գործընթացից միշտ էլ տեղյակ է եղել: Ես կարծում եմ, որ այն, ինչ Ղարաբաղի հարցով (նաև` Թուրքիայի հետ կապված) մենք հանձնել ենք ՀՀ հաջորդ իշխանություններին, դրանից ավելին ակնկալել հնարավոր չէր: Ղարաբաղյան հարցում հանձնել ենք ինքնորոշման իրավունք, ինչն էլ սևով սպիտակին գրվել է վերջին փաստաթղթում և ներկայացվել կողմերին: Եվ դա այն դեպքում, երբ ինքներս ժառանգել էինք լիսաբոնյան հայտարարությունը: Իսկ հայ-թուրքական հարցերով հանձնել ենք ցեղասպանության` առնվազն տասը պետությունների կողմից ճանաչում: Առավել ևս, որ մենք երբեք մեր սկզբունքներից չենք շեղվել` Ապրիլի 24-ի նախօրյակին նման հայտարարություն անելով:
-Ի՞նչ է տվել Հայաստանին 10 երկրների այդ ճանաչումը` կոնկրետ:
-Դա մեր բարոյական պարտավորությունն էր. պատմական այդ իրողությունները մեր ժողովրդի ամենացավոտ, սև էջերն են, և մեր կորուստներն այնքան մեծ են, որ նման հարցը կասկածի տակ դնելն ինձ համար բացարձակապես անընդունելի է:
-Բոլոր դեպքերում, փակ սահմանները նոնսենս են 21-րդ դարում:
-Այո՛, բայց սահմանը փակել է Թուրքիան, և Ձեր ասածը ճիշտ կլիներ, եթե Հայաստանն ասեր, թե միայն ցեղասպանությունը ճանաչելուց հետո կկարգավորվեն մեր հարաբերությունները: Բայց մենք ասել ենք` կկարգավորենք հարաբերություններն առանց այդ նախապայմանի: Հիմա որ ցեղասպանության հարցը մի կողմ է դրվել, բացվե՞լ է սահմանը: Լևոն Տեր-Պետրոսյանը ցեղասպանության հարցն ընդհանրապես չէր բարձրացնում, բացվե՞ց սահմանը: Մենք ժառանգել էինք փակ սահման, մեզ չի հաջողվել բացել այն, բայց այդ ընթացքում մենք սկզբունքներ չենք զիջել:
-Չէ, նախ` նույն Սերժ Սարգսյանը պնդում է, բոլորիս հոգնեցնում է պնդելով, որ ցեղասպանության հարցն ինքը «մի կողմ» չի դրել: Եվ ապա. նույն Սարգսյանն այսօր նաև «պնդում» է, որ պետք է վերադարձնել բուդապեշտյան ֆորմատը. իմա` Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ. դա նույնպե՞ս սկզբունքներից զիջում է:
-Նախ` ասեմ, որ մենք (Քոչարյանի իշխանությունը նկատի ունի Օսկանյանը և ոչ` Տեր-Պետրոսյանի- հեղ.) ժառանգել ենք Ղարաբաղի չմասնակցությունը: Երկկողմ ուղիղ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների խորհրդականների միջև սկսվել են 96 թ. հունվարին: Միայն 96 թ. տեղի է ունեցել առնվազն նման ութ հանդիպում: Ես սա որպես մեղադրանք չեմ ասում, այլ որպես փաստ եմ արձանագրում: Ղարաբաղը պրոցեսից «դուրս է մնացել» 1997 թվականի մարտին` մոսկովյան հանդիպումից հետո, որի պատճառը լիսաբոնյան հայտարարությունն էր: Երբ Քոչարյանը նախագահ է ընտրվել, ու ես էլ նախարար եմ դարձել, Ղարաբաղն արդեն Մինսկի գործընթացում չկար, որովհետև գործընթաց չկար, այն ընդհատվել էր:
Իհարկե, մենք պնդել ենք և պետք է շարունակենք պնդել, որ Ղարաբաղը ուղիղ բանակցային կողմ լինի: Եվ եթե օրվա իշխանությունները կարծում են` Ղարաբաղի բանակցային կողմ չլինելն անընդունելի է, և Ղարաբաղը պետք է բանակցի, թող քայլեր ձեռնարկեն: Չես կարող նախկին իշխանությանը դրա համար մեղադրել: Նախկինում մենք այն կարծիքին ենք եղել, որ ավելի լավ է Քոչարյանը բանակցությունները վարի, քան բանակցություններ ընդհանրապես չլինեն:
-Իսկ ինչո՞ւ նախկին իշխանությունը պայմանագիր չկնքեց. չէ՞ որ Քոչարյանն իշխանության եկավ` այդ հարցը լուծելու համար. կլուծեր, «թեթև» երկիր կթողներ` առանց ծանր ժառանգության ու կգնար վաստակած հանգստի:
-Գիտե՞ք, դա արդեն այսօրվա իշխանությունների պատասխանատվությունն է: Մենք փորձել ենք ամեն ինչ անել, հասնել հարցի կարգավորմանը: Մենք ունեինք մեր նշաձողը: Եվ ամենակարևորը` միջազգային հանրության նշաձողը մենք փոխեցինք, և ինքնորոշումը դարձավ առաջնային: Ինչը մեծ առաջընթաց էր, և ինձ համար մեծ ափսոսանք կլինի, եթե այսօրվա իշխանություններն այդ հնարավորությունը կորցնեն: Ինչ վերաբերում է պայմանագիր կնքելուն, ապա փաստաթղթում կային նաև մի շարք կետեր, որոնց հետ հայկական կողմը համաձայն չէր, ասենք` տարածքների, հատկապես մի քանիսի վերադարձի հետ կապված: Այսօր իշխանություններն իրենք պետք է որոշեն` իրենց նշաձողը որն է:
-Նույն ինքնորոշման խնդրի առնչությամբ պնդում կա, որ այն ժամանակին իմիտացիոն փրկօղակ էր Քոչարյանի համար, որպեսզի նա կարողանա շարունակել բանակցությունները և, այսպես ասած` արդարացնի 1998-ի թավշյա հեղաշրջումը: Բայց դա թողնենք մի կողմ և առաջ անցնենք. մեկ դիտարկումից հետո` Քոչարյանի և Ձեր անվան հետ է կապվում նաև Ստամբուլի խարտիայի ստորագրումը` տարածքային ամբողջականության սկզբունքով հանդերձ:
-Չկա նման բան, գնացեք և կարդացեք Ստամբուլի խարտիան. այնտեղ ֆիքսվել են հելսինկյան երկու սկզբունքներն էլ: Այդ խարտիային համաձայնություն տալով` մենք ոչինչ չենք զիջել:
-Անցանք առաջ. չէ, կարծեք մոռացանք ինքնաթիռի «օկուպացիոն» տարածքները: Դուք, բոլոր դեպքերում, օգտագործել էիք «օկուպացիոն» եզրույթը:
-«Օկուպացված» բառը երբ օգտագործեցի, անմիջապես հաջորդ օրն էլ բացատրեցի, որ նկատի ունեմ մեր կողմից զբաղեցրած տարածքները: Դա շահարկվեց և, ինչպես տեսնում եք` առայսօր: Շահարկողների խնդիրն է: Բայց ինձ այստեղ մի բան է ուրախացնում, որ տասը տարի ԱԳ նախարար եղած մարդուն, որն ամենամեծ հրապարակայնությունն է հանդես բերել իր ողջ գործունեության ընթացքում, ընդամենը նման հարցերի վրա կարող եք քննադատել, դա ինձ ուրախացնում է:
-Հրապարակայնության առումով համաձայն եմ, բայց քննադատել` որքան ուզեք: «Տխրեցնենք» Ձեզ, պարոն Օսկանյան, «տխրեցնենք». Սերժ Սարգսյանն այսօր գտնվում է «աշխարհի կենտրոնում», նա շրջապատված է խոշոր ուշադրությամբ. նրան համարյա «ամեն առավոտ» զանգահարում է ԱՄՆ-ի պետքարտուղարը, «քիչ անց» ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենն է զանգում` «օկուպացնելով» նույնիսկ ինքնաթիռը. դե, նկատի ունեմ` ինքնաթիռային զանգը: Հետո տիկին պետքարտուղարուհին նամակներ է գրում, հետո Մեդվեդևի հետ ձուկ որսալու ժամն է, և այդպե՜ս շարունակ: Էլ չենք ասում այն մասին. որ Օբաման, թերևս, պետք է գար (գա) Հայաստան` Մարգարայի կամրջի վրա կտրելու հայ-թուրքական սահմանի բացման կարմի՜ր ժապավենը... Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարության ընթացքում այդպես էլ ամերիկյան այցի հրավեր չստացավ, չեղավ Սպիտակ տանը. խնդրում եմ Քի-Վեստից հետո եղած հանդիպումը չմեջբերել. այն հրավեր չէր:
-Առանց Քի-Վեստի էլ` սխալվո՛ւմ եք: Ռոբերտ Քոչարյանը Սպիտակ տանը եղել է նաև Քլինթոնի ժամանակ:
-Պարոն Օսկանյա՜ն, բա եղա՞վ, ախր հիմա ես կարող եմ Ձեզ ընդհանրապես տխրեցնել` «չար, թունավոր» մտքեր հայտնելով: Հիշե՜նք. Քլինթոնի վարչակազմի ժամկետն ավարտվում էր, ամերիկյան հայկական լոբբին կարողացել էր հաջողացնել այդ հանդիպումը, գնացող Քլինթոնը չէր մերժել: Որքա՞ն ժամանակ էր հատկացված հանդիպմանը: Մեկ ժամ, չէ՞:
-Այո՛, մոտ մեկ ժամ:
-Իսկ ինչքա՞ն տևեց հանդիպումը. ընդամենը կես ժամ, որովհետև երկու նախագահներն առանձնապես խոսելու բան չէին ունեցել. նայել էին զմիմյանս մնացած «կես ժամը»:
-Օ՜, Դուք «այնտեղ» էիք:
-Ո՛չ, «մոտիկներ» ունենք Վաշինգտոնում: Անցանք առաջ, պարոն Օսկանյան, իսկ Դուք ճի՞շտ եք համարում, որ Հայաստանը չմասնակցեց ՆԱՏՕ-ի զորավարժություններին:
-Գիտե՞ք, գուցե պետք էր, որ չմասնակցեր: Սակայն ձևը, որով դա արվեց, ամենավատն էր: Մենք բոլոր կողմերին նեղացրինք. և՛ Ռուսաստանին, և՛ ՆԱՏՕ-ին, և՛ Վրաստանին: Ցավում եմ, բայց փաստ է:
-Պարոն Օսկանյան, Դուք պատահաբար շատ վատատես չե՞ք:
-Եկեք այսպես ասեմ. ես իմ երկիրը շատ եմ սիրում: Եվ քննադատում եմ, որովհետև սխալ բան եմ տեսնում, երբ դրական բան եմ տեսնում, ամենաշատն եմ ուրախանում, ուղղակի չտարվենք մանրուքներով. արտաքին քաղաքականության մասին պետք է արդյունքներով դատել: Ես խոսում եմ ինձ մտահոգող հարցերի, առկա անորոշությունների մասին և շատ ուզում դրականը տեսնել: Ես չեմ կարող վատատես լինել, որովհետև ամբողջ էությամբ օպտիմիստ եմ: ՈՒղղակի հարյուր տարի սպասելու համբերություն չունեմ:
-Պարոն Օսկանյա՞ն... բա եղա՞վ, բա չէ՞իք ասում, բա չէի՞ք «խոստանում», մենք` դուք, կարող ենք հարյուր տարի համբերել ու զարգանալ-զարգանա՜լ:
-Չէ՛, դա միայն Թուրքիայի հետ կապված եմ ասել և այդ առնչությամբ մնում եմ իմ կարծիքին. Թուրքիան պետք է իմանա, որ մենք, այո՛, հարյուր տարի, հազար տարի էլ էսպես կարող ենք ապրել:
Զրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ
Հ.Գ.- Վարդան Օսկանյանի ներքաղաքական մոտեցումների մասին` հաջորդիվ:

Դիտվել է՝ 2346

Մեկնաբանություններ