Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հզոր դեմարշ

Հզոր դեմարշ
12.06.2009 | 00:00

ՈՏՔԻ ՎՐԱ - ՁԵՌՔԻ ՀԵՏ
Հարկային փաթեթը խառնշտորել է իշխանական, իսկ առավել ստույգ` գործարարական «փորոտիքը»: Մեծ կռիվ է գնում: Չնայած հանգամանքին, որ նախորդ օրը Հովիկ Աբրահամյանն արտաքուստ համերաշխ ու խորախորհուրդ նվիրվածությամբ ուղեկցում էր վարչապետին դեպ նիստերի դահլիճ` 2008-ի բյուջեի կատարողականը ներկայացնելու, վարչապետն էլ նույնքան խոնարհ ու համբերատար խորհրդարանական հետնակուլիսում, թաքնված լրագրողներից, խելոք սպասում էր, որ Հովհաննեսը գա, իրեն ուղեկցի, այնուհանդերձ, երբ «բոլորով» մտանք նիստերի դահլիճ, տեսանք` այն դատարկ է:
Դատարկությունը հստակ մեսիջ էր վարչապետին, ինչպես նաեւ նրա թիկունքում եղողներին առ այն, որ խորհրդարանում բոլորը և հատկապես Հովհաննես Ա.-ն, դեմ են հարկային փաթեթին, ինչն էլ հզոր այդ դեմարշով չեն ցանկանում թաքցնել:
Սակայն հետաքրքիրը դեռ առջևում էր. հաջորդ օրը ԱԺ էր եկել անձամբ Ինքը: Նախագահական հայտնի թևի ներկայացուցիչը` վարչապետի հետ այս փուլում խիստ համերաշխ խաղացողը: Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։ Պրոֆիլակտիկ այցով: Ի դեպ, առաջներում, երբ կառավարությունը նման կարևոր օրինագիծ էր բերում, և հույժ պետք էր, որ այն ընդունվի, նման ընթացակարգով ԱԺ էր ժամանում Հովհաննես Ա.-ն` «կարգավորելու» ԱԺ-ի հետ հարցերը: Ժամանակները փոխվել են: Հիմա նրան է պետք «տեսադաշտում» պահել:
Մի խոսքով, քանի դեռ չէր որոշված ինչպես կդասավորվի հարկային փաթեթի ճակատագիրը, փորձեցինք կանխավ օգտվել տեղեկացված լինելու մեր իրավունքից և հասկանալ, թե ինչպիսին է իրական մոտեցումը փաթեթին` մինչ քվեարկություններ:

«ԿՔՎԵԱՐԿԵՄ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՀՀԿ ՖՐԱԿՑԻԱՆ ԿՈՐՈՇԻ»
ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆ (ԱԺ պատգամավոր, ՀՀԿ)
-Պարոն Հակոբյան, ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը կառավարության ԱԺ ներկայացրած հարկային փաթեթին, որի բաղադրիչներից մեկը լրատվամիջոցների կողմից ասոցացվել է «հարկային լրտես» ձևակերպման հետ:
-Հարկային փաթեթն ընդգրկում է մի քանի առաջարկներ: Ինչ վերաբերում է Ձեր մատնանշած հարկային ներկայացուցչին առնչվող օրենքին, կարծում եմ` կառավարությունն օրենքի հետ կապված անելիքներ-շտկումներ ունի անելու, և առաջինից երկրորդ ընթերցում ընկած հատվածում բովանդակային բարեփոխումներ պետք է իրականացվեն:
-Ի՞նչ բարեփոխումների մասին է խոսքը:
-Պետք է հստակեցվի, թե ինչ ասել է հարկային ներկայացուցիչ` իմաստային առումով: Պետք է նաև նախատեսել ոլորտները, որոնցում «ներկա» պետք է լինի հարկային տեսուչը: Չի բացառվում, որ հնարավորություն ստեղծվի նաև այդ ինստիտուտը կամային սկզբունքով կիրառել:
-Ի՞նչ ասել է` կամային:
-Այսինքն` ըստ ցանկության: Ասենք` կլինեն տնտեսավարող սուբյեկտներ, խոշոր տնտեսավարողներ, ինչո՞ւ չէ, նաև սեփականատերեր (որոնք իրենց բիզնեսը տվել են կառավարման), որոնք, բացի տարեկան արտաքին պարտադիր աուդիտից, մեկ անգամ էլ հարկային այդ ներկայացուցչի աշխատանքի արդյունքներից կօգտվեն, որպես ինֆորմացիոն աղբյուր:
-Անձամբ Դուք ինչպե՞ս եք քվեարկելու. կո՞ղմ, թե՞ դեմ:
-Ներկայացված փաթեթում, ինչպես ասացի, լուրջ թերություններ կան, և եթե մենք ազատ շուկայական տնտեսավարման քաղաքականություն ենք վարում ու շարժվում ենք այդ ուղղությամբ, ապա պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պետություն-տնտեսավարող համակարգն աշխատի ամբողջապես: Այսինքն, իրականացվի ներդրումային միջավայրի բարելավման քաղաքականություն, որն այս պարագայում փոքր-ինչ կասկածի տակ է դրվում:
-Դե՛մ եք քվեարկելու:
-Կքվեարկեմ այնպես, ինչպես ՀՀԿ ֆրակցիան կորոշի:
-Նկատում եմ` դիսկոմֆորտի մեջ եք:
-Ո՜չ, ոչ. ֆրակցիան ինչպես կորոշի:
-Փաստորեն, կդառնաք «լողորդ» և կամ «կնստեք ոզնու վրա»:
-Ո՜չ։
-Երրորդ տարբերա՞կ ունեք:
-Ես չգիտեմ, թե Դուք ինչ նկատի ունեք, բայց ես հստակ ասում եմ` մենք կկարողանանք առողջ քննարկումներ անցկացնել և առողջ որոշում կայացնել:
«ԻՆՁ ԴԵՌ ՊԵՏՔ Է ՀԱՄՈԶԵՆ»
ԱՐՄԵՆ ՊՈՒՐՏՈՅԱՆ (ԱԺ պատգամավոր, ՀՀԿ)
-Պարոն Պուրտոյան, ինչպե՞ս եք վերաբերվում «հարկային լրտեսի» մասին օրենքին։ Դե՞մ կքվեարկեք, թե՞ կողմ:
-Թերևս, դեմ:
-Ինչո՞ւ, 500 աշխատող ունե՞ք:
-Ո՛չ, ես ձեռնարկատիրական գործունեությամբ չեմ զբաղվում: Բայց դեմ կքվեարկեմ:
-Փաստորեն, «Դվաժդի դվայում» այդքան աշխատող չկա։ Ինչևէ: Գալուստ Գրիգորիչն ասել է. «համայնքը զորավոր է, համայնքը չի ների», իմա` ֆրակցիան կողմ է քվեարկելու հարկային փաթեթին, ներառյալ «լրտեսականի» մասին օրենքին:
-Դե, եթե լինի կուսակցության, ֆրակցիայի որոշում, իհարկե, պետք է կողմ քվեարկել:
-Բա Ձեր համոզմունքներն ո՞ւր մնացին։ Եթե հիշողությունս չի դավաճանում, Դուք պատրաստվում էիք դեմ քվեարկել:
-Ինձ դեռ պետք է համոզեն։ Քննարկումների փուլն առջևում է:
-Կարծում եք` կկարողանա՞ք համատեղել հաճելին օգտակարի, իմա` Ձեր սեփական համոզմունքը «պետական»-ֆրակցիոներականի հետ:
-Կարծում եմ:
-Ապրե՛ք:
«ԵԹԵ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՍՈՒՄ Է, ՈՒՐԵՄՆ, ՄԻ ԲԱՆ ԱՎԵԼԻ ԳԻՏԻ, ՔԱՆ ՄԵՆՔ»
ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ (ԱԺ պատգամավոր, ՀՀԿ)
-Պարոն Մանուկյան, քանի՞ «փոքրիկ» հավ ունեք Դուք:
-Շա՜տ:
-Իսկ աշխատո՞ղ:
-Շա՜տ:
-ՈՒրեմն, հարկային փաթեթին դե՞մ կքվեարկեք, թե՞ հա՛մ հավերը կքչացնեք, հա՛մ աշխատողներին:
-Իհարկե` ոչ:
-Եվ ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը փաթեթին:
-Գիտե՞ք, փաթեթում կան բաներ, որոնց ես դրական եմ վերաբերվում, բաներ կան, որոնց առնչությամբ, կարծում եմ, նոր քննարկումներ, փոփոխություններ են պետք:
-Խուսանավո՞ւմ եք պատասխանից։ Ասում են` չի ստացվելու հա՛մ կույս մնալ, համ էլ... Հասկացաք:
-Չէ, դա այդ հարցը չէ:
-Կարողանո՜ւմ եք: Ի դեպ, որքան ես եմ տեղեկացված, ԱԺ պատգամավորը չպետք է «հավ ունենա»։ Ասել է` գործարարությամբ զբաղվի:
-Հավ ունենք, իսկ «նրանցով» զբաղվում է համապատասխան հիմնարկը, որի հիմնադիրը ես եմ: Դառնալով հարկային փաթեթին` պետք է ասել, որ, այո, այնտեղ կան դրույթներ, որոնք ընդունելի են, կան դրույթներ էլ, որոնք վիճարկելի են:
-Ձեզ էլ հիշեցնեմ, որ Գալուստ Գրիգորիչն ասել է` կողմ ենք քվեարկելու փաթեթին` ամբողջությամբ:
-Ես չեմ լսել նման բան: Կճշտեմ:
-Մի ճշտեք, այդպես է. ասվել է ԱԺ նախորդ բրիֆինգի ժամանակ։ Անձամբ եմ «քննել»:
-Որ օրենքին կո՞ղմ ենք քվեարկելու... Դե՜, եթե խմբակցության ղեկավարն ասում է, ուրեմն մի բան ավել գիտի, քան մենք: Գիտե՞ք, մի բան միանշանակ է` օրենքը պետք է ընդունվի, և այսօրվա տնտեսական, հարկային դաշտը պետք է անպայմանորեն բարելավվի, այլ հարց է, թե ինչ կերպ:
-Իսկ ի՞նչ եք կարծում, քաղաքական կոնտեքստ այդ փաթեթում կա՞` յուրայինների, օտարների առումով:
-Չէ, չէ, ի՞նչ եք ասում:
-Դուք յուրայի՞ն եք, պարոն Մանուկյան:
-Ո՞Ւմ յուրայինը:
-Իշխանությունների:
-Ես իշխանության մաս եմ:
-ՈՒրեմն յուրայի՛ն եք:
«ՅՈՒՐԱՅԻՆ, ՔՎԵԱՐԿԵԼՈՎ, ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ»
ՄՈՒՐԱԴ ԳՈՒԼՈՅԱՆ (ԱԺ պատգամավոր, ԲՀԿ)
-Պարոն Գուլոյան, ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը հարկային փաթեթին:
-Բացասական:
-Ինչո՞ւ: Ինչպե՞ս եք քվեարկելու:
-Կամ «դեմ» և կամ` ընդհանրապես չեմ քվեարկելու:
-Որովհետև հինգ հարյուր աշխատո՞ղ ունեք:
-Համարյա:
-Դրա համա՞ր եք բողոքական «մասսա»: Իսկ ի՞նչ եք կարծում, փաթեթի «տակ» քաղաքական խնդիր կա՞:
-Չէ, ոչ մի քաղաքական խնդիր էլ չկա:
-Չէ, ասում են` կա: Փորձ է արվում լեգիտիմացնել յուրայինների բիզնեսը, «անյուրայիններին» օտարել, հետն էլ` բաժանել և տիրել։ Տնտեսագիտական եզրույթով ձևակերպած` սեփականության վերաբաշխման կանոնիկ զարգացում է ընթանում, տնտեսական դաշտի նկատմամբ տոտալ վերահսկողություն է սահմանվում, ենթարկեցնում են «անենթարկներին», պարոն Գուլոյան։ Դուք «ենթարկվելո՞ւ» եք այդ ամենին:
-Մենք ոչ թե ենթարկվում ենք կամ ենթարկվելու ենք, այլ կատարելու ենք մեր կուսակցության խորհրդի որոշումը:
-Այսինքն` կուսակցությունը չի՞ «ենթարկվելու»:
-Ի՞նչ կա այստեղ ենթարկվելու կամ չենթարկվելու:
-Որ դառնաք «յուրային»:
-Յուրային, կարծում եմ, քվեարկելով չեն դառնում:
-Ճշմարիտ-ճշմարիտ ասացիք:
Ճեպազրույցները` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 2452

Մեկնաբանություններ