Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ԴՅՈՒՐԱՀԱՎԱՏ Է ԱՇԽԱՐՀԸ ԿԱՄ ԱՇԽԱՐՀԻՆ ՁԵՌՆՏՈՒ Է ԴՅՈՒՐԱՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԴՅՈՒՐԱՀԱՎԱՏ Է ԱՇԽԱՐՀԸ ԿԱՄ ԱՇԽԱՐՀԻՆ ՁԵՌՆՏՈՒ Է ԴՅՈՒՐԱՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆԸ
16.10.2009 | 00:00

Բագրատ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ
(սկիզբը` թիվ 77-ում)

Ըստ երևույթին երկրագունդն այնքան էլ մեծ չէ, որպեսզի նրա մի կետի ցնցումը չզգացվի մնացած կետերում և չստեղծի այն կապը, որ ուրիշ հանգամանքներում կոչվում է շղթայաձև ռեակցիա։
Ջոն Կիրակոսյանի գրքի բարձր արժանիքներից մեկն էլ այն է, որ հայկական հարցի եվրոպական աղերսները քննում է մեծ տերությունների ռազմաքաղաքական և դիվանագիտական շահախնդրությունների ընդգրկումով և կատարում եզրահանգումներ, որոնք անպայման ճշմարիտ ու համոզիչ են։
Արևմտյան երկրները հայկական հարցին վերաբերվում էին իբրև լրացուցիչ մի միջոցի, որով կարելի էր պղտորել արևմտյան մթնոլորտը` այնտեղից որևէ բան թռցնելու համար։ Անգլիական դիվանագիտությունը, որ առաջիններից մեկն էր ծամծմել հայկական հարցը և, ժամանակակիցների վկայություններով, գրգռել սուլթան Համիդի ու նրա ժառանգորդների հակահայկական բնազդները, վճռական պահին մի կողմ քաշվեց` հայտարարելով, թե իր ատելությունը միայն ունի նավատորմիղ, որի նավերը չեն կարող Արարատ բարձրանալ` հայերին փրկելու համար (լորդ Դեֆֆերին)։
Կիրակոսյանն ընդհանուր, սակայն բավականին ընդգրկուն հայացքով ներկայացնում է նաև Ֆրանսիայի ու Ամերիկայի դիվանագիտական ձեռնածությունները հայ-թուրքական փոխհարաբերությունների բնագավառում։ Ճիշտ է, եղան հատուկենտ գործիչներ, որոնք, ունկնդիր արդարության ձայնին, փորձեցին իրենց երկրների ուժով ու հեղինակությամբ սանձել արյունոտ սուլթանին, կանխել երիտթուրքերի կողմից նախապատրաստվող աննախադեպ ոճիրները։ Հիշենք Ժան Ժորեսին («Յումանիտեի» հիմնադիրը), որը Եվրոպան համարում էր Համիդի մեղսակիցը և պահանջում, որ մեծ տերությունները կատարեն իրենց պարտքը հոշոտվող հայ ժողովրդի հանդեպ։ Կային և ուրիշները, որոնց հայանպաստ գործունեությանը գրքում իրավամբ նվիրված են բազմաթիվ տողեր, սակայն, ինչպես դարձյալ իրավամբ նշվում է գրքում, այդ գործիչների ազնիվ ձայնը միշտ էլ խլանում էր մեծ տերությունների աշխարհակուլ աղմուկի մեջ։
Կիրակոսյանը քիչ ավելի հանգամանորեն անդրադառնում է պաշտոնական ու ոչ պաշտոնական ռուսաստաններին` հայ-թուրքական փոխհարաբերությունների վերաբերյալ։ Ինչպես մնացած հարցերում, այստեղ ևս նրա համար ուղենիշ է գաղափարաքաղաքական առողջ հայացքը` դեպքերն ու դեմքերը գնահատելիս։ Նա տեսնում է ցարական կայսրության գաղութակալական շահախնդրությունները, որոնց քանիցս զոհաբերվեց հայ ժողովրդի բախտը, և ռուս ու հայ առաջավոր մտածողների, երկու ժողովուրդների անշահ ու անշառ բարեկամությունն ու փոխվստահությունը, որոնց վրա պիտի հենվեր հայ ազգի ազատագրության գործը։ Իրենից ի՞նչ է ներկայացնում պաշտոնական Ռուսաստանը հայկական հարցի տեսանկյունից։ Այն, ինչ Անգլիան ու Ֆրանսիան, քանի որ ցարիզմն իր ակնկալություններն ուներ Թուրքիային հարող ծովային ու ցամաքային տարածքներում և ամեն անգամ հայոց հարցը գործիք էր դարձնում այդ ակնկալությունների իրականացմանն ուղղված շահատակությունների մեջ։ Գերմանացի դիվանագետն էր ժամանակին ճիշտ ու սրամիտ ասել, թե «Հայկական հարցն այն բանալին է, որը Ռուսաստանի առաջ պետք է բացի նեղուցները»։
Այնպես որ, հարցը հայ ժողովրդին էր վերաբերում, նրա ազատագրությանը թուրքական արյունոտ բռնությունից, սակայն մեծ տերությունները նրա մեջ փնտրում էին իրենց շահն ու սեփական հարցերի լուծումը։ Ինչպես մեծանուն Լեոն կասեր, հայոց արյունն էր թափվում, վերջին արյունը, «իսկ եվրոպական պետություններն այդ արյունը դարձրին միջազգային առևտրի առարկա»։ Մյուս կողմից էլ` Ռուսաստանը, որ Լենինի բնութագրմամբ` ժողովուրդների բանտ էր, դրա՞խտ պիտի դառնար խեղճ հայության համար։
«Նիկոլայ 2-րդն ու Աբդուլ Համիդ 2-րդը բարեկամացել էին,- գրում է Կիրակոսյանը։- Նրանց աչքում թուրքական լուծը թոթափելու ձգտող հայկական կազմակերպությունները խռովարարներ էին, խառնակիչներ, վտանգավոր տարրեր»։ Եվ պատահական չպետք է լիներ, որ հայ շրջահայաց գործիչները չհավատային, թե հայոց ազատագրությունը պիտի լինի ցարի ձեռքով. «Մենք բոլորովին ծաղրելի կլինենք, երբ ակնկալենք, որ ցարը ռուս սոցիալիստների աշակերտները կամ աշակերտաց աշակերտները թրքաց բանտեն, կախաղանեն ազատելու համար միջնորդե»։ Եվ, վերջապես, հայի ազատասիրական ձգտումներն ու հակաբռնակալական ընդվզումնե՞րը չէին, որ պաշտոնական Ռուսաստանի ներկայացուցիչ Լոբանով-Ռոստովսկուն ստիպեցին խոստովանելու, թե նրանք շատ են ուզում ունենալ Հայաստանը... միայն թե առանց հայի։
Սակայն արևմտահայությունը չէր կարող չտեսնել շուրջ մեկ դար առաջ Ռուսաստանին միացած Արևելյան Հայաստանը, ուր գոնե ապահովված էր հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը։ Եվ դա էր պատճառը, որ, ականատեսի վկայությամբ, արևմտահայկական շրջաններում հավատում էին, որ իրենց ազատագրությունը թուրքերի բռնությունից լինելու է Ռուսաստանի օգնությամբ. «Երանի Ռուսիան շուտ գար և սրանց զազրելի գոյությանը վերջ տար, ու մենք էլ ազատվեինք»։
Ինչպես իր մնացած գրքերում, այնպես էլ այստեղ Ջոն Կիրակոսյանը լուրջ գիտական ու համոզիչ խոսք է ասում հայկական կուսակցությունների մասին։ Քննության ենթակա ժամանակաշրջանի հայկական իրականության մեջ նրանցից տիրապետող դիրքեր ունեին երկուսը` դաշնակցությունը և հնչակյանները։ Այս երկուսի գործունեությանը վերաբերող էջերում պատմաբանը միշտ էլ զգաստ է, լայնախոհ և իր տեսակետները հեցում է անհերքելի փաստերի ու վկայությունների վրա։ Երիտասարդ թուրքերի վերելքը մեծ մասամբ պայմանավորված էր նաև հայ գործիչների աջակցությամբ, որը հետագայում խոստովանել են նույնիսկ նրանցից շատերը։ Սկզբնական շրջանում դաշնակցությունը ոգևորված էր երիտթուրքերի սիրաբանությունից և խոստումներից։ Ըստ երևույթին շատ էին գայթակղիչ նենգամիտ հայակերների խայծերը։
Հեղաշրջումից հետո, 1908-ի հուլիսի 30-ին դաշնակցության Պոլսի պատասխանատու մարմինը հանդիսավորությամբ հայտարարում էր, թե «Երեկվան հանրաբանտը վերածված է ազատաշունչ երկրի»։ Մարդիկ համոզված էին, թե «Դաշնակցության գերագույն նպատակներից մեկն էլ պիտի լինի օսմանյան սահմանադրության պաշտպանությունը», «Մեր ազգային շահը կպահանջե իթթիհադին ուժ տալ. ան ինչքան զորեղանա, այնքան ավելի լավ»։ Սա կուսակցության առանձին անդամների մոլորությունն էր և նրա ընդհանրության քաղաքականությունը, որը, ցավալիորեն, պիտի ձգվեր մինչև ճակատագրական Տասնհինգը։
Դաշնակցության անդամներից շատերը երիտթուրքերին գործակցում էին և այն ժամանակ, երբ սրանք ամենուրեք մերկացրել էին իրենց հայաջինջ ծրագրերը։
Ի՞նչն էր հայ աջակիցների նպատակը։ Վերակրթե՞լ այդ ծրագրերի վայրենաբարո հեղինակներին, կանխե՞լ հայության դեմ ծառացող արհավիրքը։ Առանձին գործիչներ այդ արհավիրքի անմիջական նախօրեին անգամ բառեր չէին գտնում իթթիհադական դժնի շարժումը փառաբանելու, այդ շարժմանն ունեցած իրենց մասնակցությունը դրոշակի վրա բարձրացնելու համար։
Հասկանալի է, որ ոչ մի կուսակցություն պատասխանատու չէ իր յուրաքանչյուր անդամի մի քայլի համար, և առհասարակ, կուսակցության տոմսն էլ ինքնին մարդկանց չի ապահովում սխալներից կամ չի մղում անօրինակ սխրանքների։ Սակայն այն օրերի մթնոլորտը լիքն էր հայ անհեռատես կուսակցական գործիչների միակողմանի հավատարմության ու համագործակցության աղմուկ-աղաղակով, երբ հայոց վրա խտանում էին սև ամպերը։ Ադանայի հայերի զանգվածային ջարդն իր կազմակերպման եղանակով, փաստորեն, նախանշել էր ծրագրված մեծ եղեռնը։ Գուցե այսօրվա բարձրությունից ավելի հեշտ է տեսնել հախուռն թափով շարժվող դեպքերի ընթացքը, որոշել նրա աջն ու ահյակը։ Գուցե քննարկվող գրքի հեղինակը դաշնակցության գործելակերպի մասին խոսելիս չափից ավելի է հենվում հակառակորդ հնչակյանների, հատկապես Սապահ Գուլյանի հրապարակումների վրա։ Սակայն իրենց` դաշնակցական մեծ և փոքր գործիչների անուններից վկայակոչված փաստերն ու հիշատակումները ևս այնքան շատ են ու հարցի սպառիչ պատասխանն ապահովող, որ ընթերցողը հիմնականում լիակատար ու ճշմարիտ պատկերացում է կազմում այն օրերի մասին։
Հայ ազգային կուսակցությունների և երիտթուրքերի փոխհարաբերությունների հատուկ քննությանը նվիրված է գրքի վերջին գլուխը։ Սակայն հարցի այս կողմին Կիրակոսյանը սևեռուն ուշադրություն էր դարձրել նաև նախորդ գլուխներում։
Եվ վկայակոչված աղբյուրագիտական հարուստ նյութը, փաստերն ու վավերագրերը, նրանց հետևողական քննությունը ցույց են տալիս, որ այդ կուսակցությունները բավականաչափ հասուն ու շրջահայաց չէին նման ճակատագրական ոլորաններում հայրենի ժողովրդի ճակատագիրը տնօրինելու համար։ Իրար վարկաբեկելն ու գզվռտոցը, եսակենտրոն հարայ- հրոցն ու ազգային ուժերի պառակտման, փոշիացման ջանքերն անհատների գործունեության բնորոշ գիծն էին միաժամանակ, երբ անհրաժեշտ էր ազգն ամբողջացնել և միասնական, միաձույլ ու միակամ քայլել դեպի ահավոր փորձությունը։
Էլ ինչպե՞ս չհամաձայնես հեղինակի հետ, երբ նա իր քննությունից առաջ հայտարարում է և քննությունից հետո էլ եզրակացնում, թե այդ կուսակցություններն իրենց եռանդի մեծագույն մասով միմյանց դեմ էին կռվում, և քիչ ուժ էր մնում ընդհանուր թշնամուն դիմագրավելու համար։
(շարունակելի)

Դիտվել է՝ 2062

Մեկնաբանություններ