Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ Է»

«ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ Է»
30.10.2009 | 00:00

Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումները և դրանց փոխկապակցվածությունն արտաքին քաղաքական գործընթացներին մեկնաբանում է ՌԱՀԿ փորձագետ, վերլուծաբան ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ։
-Պարոն Սարգսյան, այսօրվա ներքաղաքական զարգացումների առանցքում շարունակում է մնալ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը։ Սակայն մի բացառիկ առանձնահատկություն է նկատվում. ընդդիմության երկու բևեռները, ինչպես 12-ի ֆորմատը, այնպես էլ ՀԱԿ-ը, մերժելով արձանագրությունները, միաժամանակ զբաղված են ավելի շատ միմյանց քննադատելով, քան իշխանություններին։ Ինչո՞վ է սա բացատրվում։
-Կանխատեսելի էր, որ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված այս ողջ պրոցեսը պետք է բերեր Հայաստանում գաղափարական բարդ վիճակի առաջացման։ 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո արդեն ակնհայտ էր, որ ներքին պրոբլեմներին զուգահեռ Հայաստանում նույնքան արդիական են դառնալու արտաքին հիմնախնդիրները։ Եթե մինչև 2008-ի օգոստոսը ներքաղաքական զարգացումները հիմնականում մարտի 1-ի իրադարձությունների հետևանք էին, ապա ռուս-վրացական պատերազմից հետո իրավիճակը փոխվեց։ Իմ կարծիքով, սակայն, քաղաքական ուժերն ու հասարակությունը մեկ տարվա ընթացքում «չմարսեցին» դա։ Այսինքն, արտաքին ու ներքին զարգացումների արդյունքում չմոդելավորվեց ինչ-որ ընդհանուր մոտեցում։ Պարադոքս է, բայց փաստ, որ ներքին ու արտաքին խնդիրները, փաստորեն, հակադրվեցին միմյանց։ Առաջինը ՀԱԿ-ն այդպես վարվեց՝ անցած տարվա աշնանն ընդմիջում վերցնելով իր գործողություններում և դա պայմանավորելով արտաքին բարդ հանգամանքներում իշխանությանը վատ վիճակի մեջ չդնելու դիրքորոշմամբ։ Փաստորեն, մեկ տարի պահանջվեց, մինչև քաղաքական ուժերը հասկացան, որ արտաքին ու ներքին խնդիրները փոխկապակցված են և այսօր շուռ են եկել իշխանության դեմ։ Եթե մինչ այդ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը հնչեցվում էր ներքին շարժառիթներից ելնելով, ապա այն այսօր հրապարակ է բերվում արդեն արտաքին պրոբլեմների պատճառով։
-Բայց ընդդիմության երկու թևերը միաժամանակ զբաղված են միմյանց դեմ պայքարելով։
-Ներքին, այսինքն՝ ժողովրդավարության հետ կապված պրոբլեմների ու արտաքին խնդիրների արհեստական հակադրումը չէր կարող իր ազդեցությունը չթողնել քաղաքական ուժերի գործունեության վրա։ Պարադոքս է, բայց փաստ, որ դրա արդյունքում երկու ընդդիմադիր միավորում է ստեղծվել, ընդ որում, երկրորդը՝ 12-ի ձևաչափը, փաստորեն, միայն մեկ հարցի՝ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված է հակադրվում իշխանությանը։ ՀԱԿ-ն իր բոլոր նախկին պահանջներով մի կողմ է քաշվել՝ ասպարեզը թողնելով այս նոր միավորմանը։ Սա երկրի ներքին ու արտաքին խնդիրների փոխկապակցվածությունը չգիտակցելու հետևանք է։ Մինչդեռ արտաքին աշխարհում դա շատ ավելի լավ են գիտակցում։ Օրերս Հայաստանում էր ՀԲ-ի տնօրեններից մեկը, որը հաստատեց, թե հայ-թուրքական սահմանը, ամենայն հավանականությամբ, կբացվի։ Սակայն դա բոլորովին չի նշանակում, թե Հայաստանը կարող է տնտեսական վիճակի լուրջ բարելավում արձանագրել, որովհետև այդ վիճակի շարժառիթները երկրի ներսում են։ Նույնիսկ բնորոշում տրվեց, թե մեզ մոտ օլիգարխապոլիա է, և մինչև դա չվերացվի, տնտեսական ազատություններ չլինեն, զարգացում չի լինի։ Այսինքն, գնահատականների առումով Հայաստանում ստեղծված է հակասական իրավիճակ, ու դրա պատճառով էլ մեկ հարցի շուրջ կարող է ընդդիմություն ստեղծվել։ Եթե ՀԱԿ-ի դեպքում առաջ քաշվող պահանջներն ու հարցադրումները բավականին հստակ էին, ապա 12-ի ձևաչափի պարագայում ակնհայտ է, որ չկա քաղաքական պահանջների միասնական ուրվագիծ ընդդիմության երկրորդ բևեռի ներսում։
-Նկատի ունեք, որ, բացի հայ-թուրքական արձանագրություններից, այդ միավորման կուսակցություններին ուրիշ ոչինչ չի՞ կապում։
-Առայժմ, այո՛։ Եվ պատահական չէ, որ այդ ամենի կենտրոնում դաշնակցությունն է հայտնվել։ Որովհետև ՀՅԴ-ի հետ հայտարարությունը ստորագրած կուսակցություններից առնվազն երկուսը՝ «Ժառանգությունը» և ՆԺԿ-ն, հայ-թուրքական գործընթացն անընդունելի համարելով, միաժամանակ նախագահական ընտրություններից ի վեր հանդես են գալիս Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով։ Դաշնակցությունը, իշխանությանը դեմ դուրս գալով՝ հայ-թուրքական այս ողջ գործընթացի հետ կապված, միաժամանակ չգիտի՝ ի՞նչ անել։ Եթե գործող նախագահի հրաժարականի հարց բարձրացնի, ինքնաբերաբար հայտնվելու է նույն դաշտում, ինչ ՀԱԿ-ը։ Եթե չի հնչեցնում այդ պահանջը, պետք է հիմնավորի, թե ինչու։ Այսինքն՝ մի իրավիճակ է, երբ բոլորն ամեն ինչ գիտեն, բայց ինչ-ինչ հանգամանքներ խանգարում են նրանց ձևավորելու միասնական քաղաքական կուրս ու հանդես գալու միասնական պլատֆորմով։
-Եվ իշխանությունն օգտվո՞ւմ է այդ իրավիճակից։
-Դժվար է ասել, որովհետև ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի տասն օր հետո։ Դաշնակցությունն ինքն է իրեն դրել բարդ իրավիճակում։ Սկզբում նրանք հայտարարեցին, որ եթե արձանագրությունները ստորագրի Հայաստանը, իրենք հանդես կգան գործող նախագահի հրաժարականի պահանջով։ Արձանագրությունների ստորագրումից հետո ասացին, որ այդ քայլին կդիմեն, եթե լինի վավերացում։ Այսինքն՝ իրենք իրենց առջև պատ են կանգնեցրել, որոշակի սահմանագիծ քաշել, որին հասնելուց հետո բավականին դժվար կացության մեջ են հայտնվելու՝ իրենց հետագա անելիքների առումով։
-Սակայն եթե Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, ինչը բացառված չէ, ընդդիմության երկրորդ թևի պահանջներն օրակարգից դուրս կգան։
-Իսկապես այդպես է, և տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունների ու դաշնակցության հույսը Թուրքիայի վրա է, որ նրանք չեն վավերացնի։ Այսինքն՝ մեր սեփական ռեսուրսներն արդեն սպառված են, և այս իրավիճակից դուրս գալու հույսն այն է, որ Թուրքիայի դիրքորոշման կոշտացման շնորհիվ ամեն ինչ կվերջանա։ Ես, ճիշտն ասած, զարմացած եմ, որ իշխանությունը չէր կանխատեսել այս իրավիճակը, երբ, փաստորեն, Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացումը կարող է Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտը, ընդդիմության երկու բևեռները համախմբել մի դրոշի տակ։
-Իշխանությունն այդ իրավիճակում էլ շանս ունի. այդ միավորումը թույլ չտալու համար Հայաստանի խորհրդարանը կարող է չվավերացնել արձանագրությունները։
-Այ, դա արդեն քիչ հավանական է։ Բայց եթե նույնիսկ դա տեղի ունենա, այս անգամ իշխանության համար բարդ վիճակ է ստեղծվելու արտաքին հարաբերություններում։ Այսինքն՝ վավերացնելու դեպքում նրանց սպառնում է ներքին ճգնաժամ՝ իշխանափոխության իրական հեռանկարով, որովհետև ընդդիմության երկու թևերի միավորումն արդեն կատակ չէ, եթե անգամ նրանք միասնական գործողություններ չձեռնարկեն, արդեն իսկ բավարար կլինի, եթե հանդես գան նույն քաղաքական դիրքորոշմամբ։ Իսկ եթե Հայաստանի խորհրդարանը Թուրքիայից հետո չվավերացնի արձանագրությունները, ապա իշխանությունը կհայտնվի արտաքին ճգնաժամի մեջ։ Որովհետև մինչ այսօր արձանագրությունների վավերացումը Հայաստանը կասկածի տակ չի դրել։ Իշխանությունները սկզբունքորեն չէին էլ թաքցնում, որ այս գործընթացը նաև արտաքին աջակցություն ապահովելու և, այդպիսով, ներքին ճնշմանը դիմակայելու նպատակ ունի։ Արտերկրից մի հեռախոսազանգը տասը հեռուստաընկերությամբ 24 ժամ թմբկահարվում է, ցույց տալու համար, որ իշխանությունն արտաքին աշխարհից ունի լուրջ «պատրոնաժ»։ Եթե Թուրքիան վավերացնի, իսկ Հայաստանը հրաժարվի վավերացումից, այդ նույն արտաքին ուժերը Հայաստանի իշխանությունների համար ոչ պակաս լուրջ պրոբլեմներ կստեղծեն։
-Ձեր տպավորությամբ՝ մինչև վավերացնելը Թուրքիան լրջորեն չափ ու ձև՞ է անելու։
-Անկասկած։ Թուրքիան ինքն է խոստովանել, որ այս գործընթացն իրենց պրոբլեմն է, ոչ թե Հայաստանի։ Հասկանալի է, որ ընդհանուր պրոցեսը հրահրված է ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Եվրամիության, թերևս, բացառիկ փոխհամաձայնության արդյունքում։ Բայց Թուրքիան այս գործընթացում կարողացել է իր խաղը մտցնել, ու պատահական չէ, որ Դավուդօղլուն Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունները բնորոշեց որպես իրենց նախաձեռնած խաղաղության պակտ։ Իրենք գիտեն՝ ինչու են մտել խաղի մեջ և ինչ ցանկացել են Հայաստանից՝ ստացել են, որքան էլ այդ հանգամանքը ժխտեն տարբեր պաշտոնյաներ կամ կիսապաշտոնյա-կիսաօլիգարխներ։
-Կոնկրետ ի՞նչ է ձեռք բերել Թուրքիան՝ Ձեր կարծիքով։
-Արձանագրություններում հստակ ֆիքսված է, որ կողմերը ճանաչում են գործող սահմանը, և որ միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ստեղծվելու է պատմաբանների ենթահանձնաժողով։ Այսպես թե այնպես, դա է արդյունքը։ Այսինքն՝ Թուրքիան ստանում է սահմանի ճանաչում, գումարած՝ Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզից հայ-թուրքական հարաբերությունների հարթություն տեղափոխելու հնարավորություն։
-Այսինքն՝ ընդունո՞ւմ եք, որ Ղարաբաղի հետ կապված նախապայման, այնուամենայնիվ, չկա։
-Այո՛, բայց դա իրենց համար այդքան էլ կարևոր չէ։ Որպեսզի Հայաստանը չընդվզի, իրենք, թերևս, հաշվարկել են, որ կարևոր է առաջ մղել երկու նախապայման, իսկ երրորդի հարցը կլուծվի հետագա գործընթացում։ Այդ պատճառով էլ արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո Թուրքիայի նախագահը, վարչապետը, արտգործնախարարը շարունակ խոսում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին ու համապատասխան աշխատանք են տանում հայ-թուրքական հաշտեցման գործընթացը նախաձեռնող գերտերությունների հետ։ Առայժմ այդ առումով հաջողության չեն հասել, որովհետև ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրամիությունը, կարծես, միակամ են այն հարցում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չպետք է կապվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ։ Բայց Թուրքիան ամեն ինչ անում է իր նպատակին հասնելու համար։ Այդ համատեքստում պետք է դիտարկել նաև այն, որ Անկարան աննախադեպ արագությամբ ընդառաջեց Ռուսաստանին՝ «Հարավային հոսք» գազամուղի նախագծին համաձայնություն տալով։ Նույն տրամաբանությամբ պետք է բացատրել Ադրբեջանի ծրագրավորված հիստերիան, որովհետև նա այդ ճանապարհով Թուրքիային մանևրելու և իր շահերը պաշտպանելու հնարավորություն է տալիս։
- Ձեր կարծիքով՝ ի՞նչ ապագա ունի գործընթացը։
-Հայաստանն իրեն դրեց մի վիճակում, երբ հայտնվել է արտաքին գործոններից ահռելի կախվածության մեջ։ Մինչդեռ գերտերությունների քաղաքականությունը՝ առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, մեզ համար բացառիկ շանս էր։ Պետք էր ընդամենն ասել, որ մենք համաձայն ենք այդ հարաբերությունների հաստատմանը և այդ համատեքստում չշոշափել ո՛չ ցեղասպանության հարցը, ո՛չ էլ սահմանը ճանաչելու խնդիրը։ Հայ-թուրքական սահմանի բացումն էլ Թուրքիայի պրոբլեմն էր, որովհետև նա էր փակել սահմանը 1993-ին, ինքն էլ պետք է բացեր։ Հայաստանն այս ամենից ոչնչով չկարողացավ օգտվել։ Ավելին, արձանագրություններում խոսվում է բարիդրացիական հարաբերությունների հաստատման պարտավորություն ստանձնելու մասին։ Մի երկրի հետ, որը ոչ միայն չի ճանաչում ցեղասպանության փաստը, այլև չի հրաժարվել իր ագրեսիվ մտադրություններից։ Միայն Ցյուրիխում՝ արձանագրությունների ստորագրման շեմին, Հայաստանի իշխանությունները հետին թվով հասկացան, որ Թուրքիան, երկու նախապայմաններ առաջ քաշելուց հետո, մտադիր է օրակարգ մտցնել նաև երրորդ նախապայմանը՝ Ղարաբաղը։ Այստեղ էր, որ հայկական կողմը մեծ ուշացումով որոշեց բնավորություն ցույց տալ և մի քանի ժամ հրաժարվում էր ստորագրելուց։ Սակայն Թուրքիան Ղարաբաղի մասով իր նախապայմանն արդեն փորձում է բավարարել արձանագրությունների ստորագրումից հետո սկսված գործընթացում։ Դրա համար էլ Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում որոշակիորեն կոշտացրել են Ղարաբաղի հետ կապված դիրքորոշումը, մի քանի անգամ հայտարարվեց, որ հակամարտության կարգավորման իրական նախադրյալներ այս պահին չկան։ Այսինքն՝ աշխատում են գոնե թույլ չտալ, որ թուրքերի երրորդ նախապայմանն էլ դառնա իրողություն։
-Թուրքիան կարո՞ղ է, Ադրբեջանին անտեսելով, վավերացնել արձանագրությունները։
-Կարծում եմ՝ այո։ Այս հարցում ակնհայտորեն շահագրգռված է Ռուսաստանը, որը փորձում է տարբեր տնտեսական նախագծեր առաջարկելով՝ Թուրքիային կապել իր քաղաքականությանը։ Ռուսաստանը կցանկանար, որ Թուրքիան արձանագրությունները վավերացներ ղարաբաղյան հարցին առհասարակ չանդրադառնալով, և, այդպիսով, թուրք-ադրբեջանական հակասությունները խորանային։ Դա հնարավորություն կտար Ռուսաստանին սեփական խաղը սկսելու Ադրբեջանի հետ՝ նրան իր ազդեցության դաշտ ներքաշելով։ Սա առհասարակ շատ ավելի լուրջ թեմա է, որը կարող է փոխել ամբողջ տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը։ Այսինքն՝ Վրաստանը կորցնելուց հետո ձեռք բերել Ադրբեջանը, ընդ որում, առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Ռուսաստանի համար շատ խոշոր հաղթանակ կլիներ։
-Իսկ Թուրքիան կցանկանա՞ արձանագրությունների վավերացումով ներքաշվել այն խաղի մեջ, որ սկսել են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Եվրամիությունը, և դրանով մեծացնել իր կախվածությունը նրանցից։
-Թուրքական էլիտան ակնհայտորեն հաշվարկում է հնարավոր հետևանքները։ Իմ կարծիքով, եթե արձանագրությունների վավերացումն Անկարայում ձգձգվի անգամ, միևնույն է, Թուրքիան կգնա այդ քայլին։ Հակառակ դեպքում եկող տարվա ապրիլին կրկին ամերիկյան քաղաքականության օրակարգում կհայտնվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, և համապատասխան ճնշում կգործադրվի Թուրքիայի վրա։ Ես չեմ կարծում, թե Անկարան վավերացումը կձգձգի մինչև այդ պահը։ Արձանագրությունների վավերացումը Թուրքիայի կողմից, անկասկած, լինելու է շատ լուրջ քաղաքական որոշում։ Որովհետև մի բան է արձանագրությունները վավերացնելը, ասենք, վերապահում անելով Ղարաբաղի հարցում և սահմանի բացումը պայմանավորելով հակամարտության կարգավորմամբ, բոլորովին այլ բան է վավերացնել՝ առանց այդպիսի վերապահման։ Այս երկու սցենարները ենթադրում են բոլորովին այլ, նույնիսկ իրարամերժ աշխարհաքաղաքական նոր կոնֆիգուրացիաների ձևավորում տարածաշրջանում։ Թուրքիայում այս իրավիճակը շատ լրջորեն է քննարկվում, և քաղաքական ուժերը, ԶԼՄ-ները հիմնականում հանգել են եզրակացության, որ արձանագրությունների վավերացումը, առանց Ղարաբաղի հետ կապված որևէ վերապահման, ձեռնտու է Թուրքիային։ Այսինքն՝ Թուրքիայում վստահ են իրենց ուժերին, համոզված են, որ կարող են մտնել տարածաշրջանային մեծ խաղի մեջ, ամրապնդել իրենց դիրքերը և ընթացքում իրագործել սեփական էքսպանսիոնիստական մտադրությունները։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1829

Մեկնաբանություններ