Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ո՞Վ ԿՕԳՏԱԳՈՐԾԻ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ո՞Վ ԿՕԳՏԱԳՈՐԾԻ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
30.10.2009 | 00:00

ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո ՈՒզբեկստանը փորձեց իրեն ներկայացնել իբրև Կենտրոնական Ասիայի առաջատար պետություն` տարածաշրջանային տերություն դառնալու հետագա հավակնություններով։ Իսկապես էլ, ՈՒզբեկստանը տարածաշրջանի ամենաուժեղ երկիրն է, եթե անգամ Աֆղանստանը դիտարկենք կենտրոնասիական պետությունների շրջանակում։ ՈՒզբեկների ազգային գիտակցության մեջ ամրապնդված է այն, որ տարածաշրջանի ժողովուրդներից միայն իրենք են համարվել պատմականորեն պետականության կրողներ, և մոնղոլական արշավանքից հետո տարածաշրջանում ստեղծված բոլոր պետությունները ուզբեկական են եղել։
ՈՒզբեկական էլիտայի մտայնությամբ, տարածաշրջանի քաղաքական և քաղաքային մշակույթի բոլոր լավագույն կենտրոնները նույնպես ուզբեկներն են ստեղծել, թեկուզ և այդ համատեքստում երբեմն ընդունում են նաև տաջիկների, և, առհասարակ, իրանական քաղաքակրթության դերն ու նշանակությունը։ ՈՒզբեկստանում է բնակվում Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների, ներառյալ Ղազախստանը, բնակչության 45,9 տոկոսը, սակայն ընդհանուր համախառն ներքին արդյունքի միայն 14,8 տոկոսն է բաժին ընկնում ՈՒզբեկստանին։ Ընդ որում, ՈՒզբեկստանը տարեկան 20 մլրդ դոլարի ՀՆԱ-ով գերազանցում է Թուրքմենստանին (12,16 մլրդ), Ղրղզստանին (3,59 մլրդ) և Տաջիկստանին (3,17 մլրդ) միասին վերցրած, սակայն 4,8 անգամ զիջում է Ղազախստանին, որի ՀՆԱ-ն տարեկան 95,5 մլրդ դոլար է, և, անկասկած, Աստանան է տարածաշրջանի տնտեսապես ամենաառաջատար պետությունը։ ՈՒզբեկստանն իր տարածքով 6 անգամ զիջում է Ղազախստանին, սակայն բնակչությամբ (27,78 մլն մարդ) գրեթե կրկնակի գերազանցում է նրան, քանի որ Ղազախստանի բնակչության թվակազմը 15,28 մլն է։ ՈՒզբեկներն իրենց պետության մեջ բնակչության 73 տոկոսն են, 6 տոկոս են ռուսները, 5 տոկոս` տաջիկները, 4 տոկոս` ղազախները։ Միաժամանակ ուզբեկները Տաջիկստանում բնակչության 25 տոկոսն են, Ղրղզստանում` 13 տոկոսը, Թուրքմենստանում` 9 տոկոսը, իսկ Ղազախստանում` միայն 2 տոկոսը։ Թեպետ միաժամանակ կան գնահատականներ, որ ՈՒզբեկստանում տաջիկների իրական քանակը 5-6 մլն մարդ է։ ՈՒզբեկների թվակազմը Աֆղանստանում 1,5-2 մլն է, ընդ որում` նրանք կոմպակտ բնակվում են երկրի հյուսիսային հատվածում։
Եթե անդրադառնալու լինենք կենտրոնասիական պետությունների զինված ուժերին, ապա բրիտանական «Military Balance» պարբերականի 2008-ի տվյալների համաձայն` իրավիճակը հետևյալն է. ՈՒզբեկստանի բանակը կազմում է 67 հազար մարդ, տանկերը` 340, թեթև զրահատեխնիկան` 727 միավոր, մարտական ինքնաթիռները` 124, ուղղաթիռները` 108, հրետանային կայանքները` 487։
Ղազախստանի զինված ուժերի թվակազմը 49 հազար է, տանկերը` 980, թեթև զրահատեխնիկան` 2450 միավոր, մարտական ինքնաթիռները` 163, ուղղաթիռները` 116, հրետանային կայանքները` 1460։
Ղրղզստանի զինված ուժերն ավելի համեստ են. 10900 մարդ, 150 տանկ, 355 միավոր թեթև զրահատեխնիկա, 72 մարտական ինքնաթիռ, 31 ուղղաթիռ, 246 հրետանային կայանք։
Տաջիկստանի բանակի թվակազմը 8800 մարդ է, տանկերը` 37, թեթև զրահատեխնիկան` 46 միավոր, մարտական ուղղաթիռները` 16, հրետանային կայանքները` 23, մարտական ավիացիա գոյություն չունի։
Թուրքմենստանի զինված ուժերը ներառում են 22000 մարդ, 670 տանկ, 1941 միավոր թեթև զրահատեխնիկա, 89 մարտական ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 548 հրետանային կայանք։
Դատելով վերը նշված տվյալներից` ՈՒզբեկստանն ակնհայտորեն գերազանցում է տարածաշրջանի երեք պետություններին իր զինված ուժերով և հարաբերական հավասարակշռություն է պահպանում Ղազախստանի հետ։ Սակայն, միաժամանակ, կան գնահատականներ, որ տեխնիկական հագեցվածությունը կենտրոնասիական այս պետությունների բանակներում լավագույնը չէ։ Զինատեսակները բավական հին են, իսկ դրանց թվաքանակն ամենևին էլ չի արտահայտում իրական պաշտպանական հնարավորությունները։ Ընդհանուր առմամբ, այս պետությունների զինված ուժերի մարտունակությունը բարձր չէ, նրանք ընդունակ չեն ստանձնելու և իրագործելու լուրջ խնդիրներ ո՛չ տարածաշրջանի շրջանակներում, ո՛չ էլ նրա սահմաններից դուրս։ Որոշ ժամանակ ՈՒզբեկստանի զինված ուժերն ակնհայտ գերակայություն ունեին տարածաշրջանում, և, հավանաբար, այդ բնութագրականները կարելի է արդարացված համարել նաև այսօր։ Թեկուզ և Ղազախստանը, տիրապետելով անհամեմատ ավելի լայն ֆինանսական ռեսուրսների, այսօր արդեն փորձում է մոդեռնացնել իր բանակը` հենվելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կազմակերպական ու ռազմատեխնիկական աջակցության վրա, որոնց հետ ակտիվորեն համագործակցում է պաշտպանության ու անվտանգության ոլորտներում։ Կան սպասումներ, որ մոտ ապագայում Ղազախստանն ավելի ամուր դիրքեր կունենա տարածաշրջանում։ Ռազմական ուժերի ամրապնդման առումով որոշակի հույսեր ունի Թուրքմենստանը, որը նույնպես տիրապետում է անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների։ Ղրղզստանն ու Տաջիկստանը, ունենալով ամենաանբարենպաստ տնտեսական իրավիճակը, ապագայում հազիվ թե ընդունակ լինեն բարելավելու զինված ուժերի կացությունը։ ՀՆԱ-ի` բնակչության մեկ շնչին բաժին ընկնող միջին արդյունքը Ղազախստանում 6252 դոլար է, Թուրքմենստանում` 2369 դոլար, ՈՒզբեկստանում` 722, Ղրղզստանում` 681, Տաջիկստանում` 453 դոլար։ Այսպիսով, ելնելով տնտեսական զարգացման մակարդակից, Ղազախստանից բացի, մյուս պետությունները չեն կարող հուսալ, որ առաջիկա 15-20 տարում կկարողանան ստեղծել ժամանակակից զինված ուժեր։
Այնուհանդերձ, ՈՒզբեկստանը շարունակ փորձում է պոկվել կենտրոնասիական պետությունների ընդհանուր շարքից և տարածաշրջանում ու միջազգային հարաբերություններում ավելի նշանակալի տեղ զբաղեցնել։ Ժամանակակից ուզբեկական էլիտան ավելի քան մեծ հավակնություններ ունի, փորձում է իրականացնել բազմավեկտոր քաղաքականություն` հարաբերություններ կառուցելով ամենից առաջ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ։ Դիտարկելով ՈՒզբեկստանի հարաբերություններն Արևմուտքի ու Արևելքի հետ, ստեղծվում է տպավորություն, որ ուզբեկական էլիտան անհուսալի գործընկեր է այն առումով, որ դեռևս չի կողմնորոշվել իր արտաքին քաղաքական նախապատվություններում։ Իրականում, սակայն, ՈՒզբեկստանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրն առաջատար շահագրգիռ պետությունների հետ հարաբերությունների ձևաչափերի ու բնույթի ճշգրտումն է, որպեսզի ՈՒզբեկստանը չհայտնվի արբանյակ պետության կարգավիճակում, չընկնի կախվածության մեջ միայն մեկ կամ նույնիսկ երկու ուժային կենտրոններից։ Այդ խնդրի լուծումը ճոճանակային մարտավարության իրականացման ճանապարհով անհնարին է, քանի որ Կենտրոնական Ասիայում ու հարևան տարածաշրջաններում ազդեցության դաժան պայքար է սկսվել համաշխարհային ուժային կենտրոնների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Չինաստանի միջև, որոշակիորեն նաև Թուրքիայի, Իրանի, Հնդկաստանի, Պակիստանի և Պարսից ծոցի արաբական պետությունների մասնակցությամբ։
Եվրամիությունը, որն իր քաղաքականությամբ կարող էր հավասարակշռություն ստեղծել տարածաշրջանի քաղաքական իրադրության մեջ, առայժմ ակտիվ չէ այս աշխարհաքաղաքական ուղղությամբ։ Հարկ է ընդգծել, որ ժամանակակից ուզբեկական էլիտան, իրենից ներկայացնելով հետխորհրդային հասարակության խառնուրդ, կարողացել է ոչ միայն իմաստավորել աշխարհաքաղաքական հնարավոր հեռանկարները, այլև հավակնություններ հանդես բերել, և այդ հավակնությունները ոչ միշտ են համընկնում ընդհանուր տարածաշրջանային խաղի արտաքին հովանավորների շահերին։ ՈՒզբեկստանը, ինչպես և Կենտրոնական Ասիայի այլ պետությունները, խիստ զգուշանում է ոչ միայն Չինաստանի էքսպանսիոնիստական մտադրություններից, այլև հարավային ուղղությունից բխող վտանգներից, որոնք առկա են Աֆղանստանում, Հարավային Ասիայում և արաբական պետությունների քաղաքականության մեջ։ Այս հանգամանքն ՈՒզբեկստանին մղում է ամերիկյան և ռուսական քաղաքականության դաշտ, քանի որ Տաշքենդում կա գիտակցում, որ միայն այդ երկու պետություններն են ընդունակ պաշտպանելու տարածաշրջանն այն վտանգներից, որոնք ուղղակիորեն առնչվում են Կենտրոնական Ասիայի պետությունների տարածքային ամբողջականությանն ու ինքնուրույնությանը։ Կենտրոնասիական տարածաշրջանի էներգետիկ և հանքային պաշարները, այդ թվում` ՈՒզբեկստանի ռեսուրսները, առայժմ անհրաժեշտ չափով չեն շահագործվում նույնիսկ ՈՒզբեկստանի և տարածաշրջանի այլ երկրների շահերի շրջանակներում, սակայն, միաժամանակ, դարձել են համառ արտաքին միջամտության գործոն կամ պատճառ։ Կենտրոնական Ասիան իր հանքային պաշարներով աշխարհի առավել հարուստ տարածաշրջաններից մեկն է, ՈՒզբեկստանն արդեն այսօր ունի բավականին հզոր լեռնահանքային արդյունաբերություն և գազի արդյունահանման ու մատակարարման միջազգային նշանակության համակարգ։ 2008-ին գունավոր և սև մետալուրգիայի արդյունաբերությունն ՈՒզբեկստանում հասել է համապատասխանաբար 2,6 մլրդ և 494,6 մլն դոլարի` 2007-ի համեմատ արձանագրելով 54 տոկոս աճ։ ՈՒզբեկստանը ոսկու հետախուզված պաշարներով աշխարհում չորրորդ տեղն է զբաղեցնում, իսկ ոսկու արդյունահանման մակարդակով 7-րդ տեղում է։ ՈՒրանի պաշարներով երկիրն աշխարհում դարձյալ 7-րդն է, պղնձի պաշարներով` 11-րդը, ունի այլ մետաղների, այդ թվում` թանկարժեք ու հազվագյուտ, արծաթի, մոլիբդենի, բիսմուտի, վոլֆրամի և այլ մետաղների նշանակալի պաշարներ։ 2009-ին ՈՒզբեկստանում սկսեցին շահագործվել նոր խոշոր հզորություններ գունավոր մետալուրգիայի ոլորտում։
Առհասարակ, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի քաղաքական բոլոր պրոբլեմները կապված են ՈՒզբեկստանի հետ, որը, իր հերթին, ունի տարածքային, էթնոքաղաքական, կոմունիկացիոն ու ջրային խնդիրներ առանց բացառության բոլոր տարածաշրջանային հարևանների հետ։ Ինչպես խորհրդային շրջանում, ՈՒզբեկստանը Ղազախստանին դիտարկում է իբրև հիմնական մրցակից, այդ թվում` ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների շրջանակում։ Ներկայումս Ղազախստանը շատ կողմերով առաջ է անցել ՈՒզբեկստանից Արևմուտքի ու Ռուսաստանի հետ հարաբերություններում, և դա չէր կարող չդառնալ լուրջ գրգռիչ գործոն ուզբեկական էլիտայի համար։ Կենտրոնասիական պետություններում դեռևս գոյություն չունի հրապարակային բանավեճ փոխադարձ տարածքային պահանջների մասին, սակայն այդ հարցերը, անկասկած, քաղաքական հարաբերությունների բաղադրիչ են և առկա են պետությունների միջև փոխհարաբերությունների ձևավորման բոլոր հաշվարկներում։ Հասկանալի է նաև, որ այդ հարցերում Թուրքմենստանը, Տաջիկստանն ու Ղրղզստանը «պաշտպանվողի» դրության մեջ են, իսկ ՈՒզբեկստանն առիթը բաց չի թողնում այդ ուղղությամբ համապատասխան քարոզչության։ Կենտրոնասիական տարածաշրջանում էթնոքաղաքական գործոնները խաղաղ գոյակցության ու կայունության հիմնական սպառնալիքն են։ Դա խնդիր է նաև ուզբեկական էլիտայի համար, որը էթնոգենեզով ուզբեկա-տաջիկական է և միշտ առաջ է քաշում ՈՒզբեկստանի և Տաջիկստանի` միասնական պետության մեջ միավորվելու գաղափարը, ինչը կարելի է համարել ուզբեկական մեծապետականության դրսևորում։ Ընդ որում, ուզբեկական էլիտայում տաջիկական բաղադրիչի առկայությունը սահմանափակող գործոն է պանթուրքիզմի գաղափարների տարածման համար։ Տարածաշրջանում ստեղծված այդ իրավիճակը շատ ձեռնտու է Ռուսաստանին, ԱՄՆ-ին ու Չինաստանին, որոնք մանիպուլյացիաներ են իրականացնում այդ դաշտում և փորձում են հանդես գալ իբրև կենտրոնասիական պետությունների անվտանգության ու տարածաշրջանային կայունության երաշխավորներ։
ՈՒզբեկստանի քաղաքականությունը միշտ էլ տարածաշրջանում բանավեճերի հիմնական առարկան է եղել, քանի որ ուզբեկական ղեկավարությունն արդեն մի քանի անգամ վերանայել է իր մոտեցումներն այնպիսի նախաձեռնությունների կամ կառույցների նկատմամբ, ինչպիսիք են ՎՈՒԱՄ-ը, ՀԱՊԿ-ը, Աֆղանստանում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը։ Այդքանով հանդերձ, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ Ռուսաստանը դեռևս չեն մշակել տեխնոլոգիական առումով հիմնավոր տարածաշրջանային աշխարհաքաղաքական խաղ, ինչն էլ ՈՒզբեկստանի քաղաքականությունն ավելի անհետևողական է դարձնում։ Կարելի է ենթադրել, որ 2009-ի հուլիսին Դմիտրի Մեդվեդևի և Բարաք Օբամայի միջև Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը` Ռուսաստանի օդային տարածքն աֆղանական օպերացիայի շրջանակներում օգտագործելու վերաբերյալ, տապալեց ՈՒզբեկստանի ծրագրերը ռուս-ամերիկյան հակասություններն օգտագործելու առումով։ Սակայն այդ տարածաշրջանում միշտ էլ գոյություն ունի արտաքին քաղաքական մանևրի ազատության աստիճան, ինչը ցույց է տալիս ոչ միայն ՈՒզբեկստանի քաղաքականությունը, այլև Ղազախստանի և Ղրղզստանի դիրքորոշումները` ամերիկյան ավիացիայի ու հետախուզական օբյեկտներն իրենց տարածքում տեղակայելու հետ կապված։ Թուրքմենստանը նույնպիսի քաղաքականություն է կարողանում իրականացնել գազի արտահանման ոլորտում։ ՈՒզբեկստանն այսօր դուրս է եկել ԵվրԱզԷՍ-ից, կրկին կասկածի տակ է դրել իր հետագա մասնակցությունն ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, համաձայնել է իր օդային տարածքն ու ավիաբազաները տրամադրել ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին` դեպի Աֆղանստան բեռնափոխադրումների համար։ Տաշքենդը միաժամանակ թույլատրում է իր տարածքով, այսինքն` ցամաքային ճանապարհով, ոչ ռազմական բեռների փոխադրումն Աֆղանստանում տեղակայված ՆԱՏՕ-ի զորախմբի համար։
Հետաքրքրություն են ներկայացնում ՈՒզբեկստան-Թուրքիա հարաբերությունները, որոնք աչքի չեն ընկնում փոխըմբռնումով ու վստահությամբ։ ՈՒզբեկական էլիտան ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո հասկացրեց Թուրքիային, որ նրա հովանավորությունը Կենտրոնական Ասիայում անընդունելի է։ ՈՒզբեկները համարում են, որ եթե անգամ խոսվում է թրքալեզու ժողովուրդների համախմբման մասին, ապա իրենց պետությունն այդ դաշտում առաջնորդ լինելու նույնպիսի հավակնություններ կարող է ունենալ, ինչպես Թուրքիան։ Ընդ որում, հաճախ է հղում արվում այն բանին, որ Լենկթեմուրի ստեղծած կայսրությունը միշտ մրցակից է եղել Օսմանյան կայսրությանը, և այդ կայսրության վերնախավ հանդիսացող Չինգիզ խանի հետնորդներն անվերապահ առավելություններ ունեն թուրքական աշխարհում առաջնորդ լինելու, քան օսմանների դինաստիան։ Հարկ է ընդգծել, որ ինչպես ուզբեկական, այնպես էլ ղազախական էլիտան բավական խոր ու բազմակողմանի իմաստավորել են իրենց պետությունների համար Թուրքիայի հետ հարաբերությունների նշանակությունը, կա էթնոմշակութային և լեզվական համապատասխանությունների և անհամապատասխանությունների քաջ գիտակցում։ Արտաքին քաղաքական ու տնտեսական շահերի արդյունքում նրանք հանգել են եզրակացության, որ Թուրքիան շատ հեռու է կենտրոնասիական ժողովուրդներից և նրանց դիտարկում է իբրև նյութ իր տնտեսական շահերի և հավակնոտ քաղաքական ծրագրերի իրագործման համար։ Ընդ որում, որքան ավելի են հաջողությունների հասնում կենտրոնասիական պետությունները տնտեսության, պաշտպանության, անվտանգության, քաղաքականության ու կառավարման ոլորտներում, այնքան ավելի քիչ են զգում Թուրքիայի հովանավորության կարիքը։ Տարածաշրջանի պետությունները համոզվել են, որ Թուրքիան ի վիճակի չէ իրենց համար լոկոմոտիվի ու անվտանգության երաշխավորի դեր կատարելու, և միայն ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի ու Չինաստանի հետ իրենց հարաբերություններն ունեն ռազմավարական նշանակություն և կարող են օգտակար լինել քաղաքական ու տնտեսական ծրագրերի իրագործման համար։ Թուրքիայի գործունեությունը, հատկապես այնպիսի ցանցային կառույցների միջոցով, ինչպիսին է «Նուրջուրլյարը», և մշակութային ու կիսակրոնական նշանակություն ունեցող այլ «հասարակական ֆոնդեր» կարող են հանգեցնել կենտրոնասիական պետություններում հասարակական-քաղաքական իրադրության ապակազմակերպման` մտցնելով հակադրության ու անկայունության նոր բաղադրիչներ։
ՈՒզբեկստանը խիստ շահագրգռված է արևմտյան ուղղությամբ իր կոմունիկացիոն ցանցի զարգացմամբ, և այնտեղ մասնակցություն ունեն նաև Թուրքիան, Ադրբեջանն ու Թուրքմենստանը։ Սակայն Տաշքենդը նույն չափով կարևորում է իրանական ու չինական ուղղությունները։ ՈՒզբեկստանը մտադիր է օգտվել Թուրքմենստանի առաջարկից և միանալ Նավոի-Թուրքմենբաշի-Բաքու-Կարս կոմունիկացիոն ուղղությանը, որը պետք է հնարավորություն տա դուրս գալու եվրոպական, հյուսիսաֆրիկյան ու մերձավորարևելյան շուկաներ։ Այսօր ՈՒզբեկստանը թուրքմենական Սերախս քաղաքի միջոցով կապվում է Իրանի հետ և այդպիսով ապահովում իր ապրանքների մի մասի արտահանումը համաշխարհային շուկաներ։ Տաշքենդը նաև մասնակից է Թուրքմենստան-Չինաստան խոշոր գազամուղի նախագծում, մտադրություններ ունի մասնակցելու կոմունիկացիաների այն համակարգի ձևավորմանը, որն իր մեջ ներառում է Թերմեզ-Մազարի Շարիֆ երկաթուղին, Աֆղանստանի Հերաթ, Ղանդահար և Քաբուլ քաղաքներն ՈՒզբեկստանի հետ կապող շրջանաձև ավտոճանապարհը։ Այսինքն` ՈՒզբեկստանը փորձում է դեպի իրեն կողմնորոշել նաև Աֆղանստանը։
Շատ սահմանափակ նյութեր կան այն մասին, թե ինչպես են կենտրոնասիական պետություններն արձագանքել ԱՄՆ-ի քաղաքականությանը` տարածաշրջանում Թուրքիայի հավակնությունների ու մտադրությունների առնչությամբ։ Սակայն անգամ սահմանափակ փաստերը հիմք են տալիս պնդելու, որ տարածաշրջանի երկրների էլիտաներն ու հասարակություններն առանց առարկության, նույնիսկ հետաքրքրությամբ են հետևել ԱՄՆ-ի քաղաքականությանը, որն ի սկզբանե նպատակ էր դրել թույլ չտալ Թուրքիայի հզորացումը Կենտրոնական Ասիայում։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1920

Մեկնաբանություններ