Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Նոյի բոլոր նախաձեռնություններում կինը նրա կողքին էր, բայց փրկված մարդկությունն ու պատմությունը նույնիսկ նրա անունը չեն պահպանել...»

«Նոյի բոլոր նախաձեռնություններում կինը նրա կողքին էր, բայց փրկված մարդկությունն ու պատմությունը նույնիսկ նրա անունը չեն պահպանել...»
07.04.2009 | 00:00

«ԴԵՂԻՆ ՈՍԿԻՆ ՍԵՎ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ Է»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ
-Մարտի 8-ից Ապրիլի 7-ը կանանց ոչ պաշտոնական միամսյակն է` պաշտոնական երկու տոներով։ Իբրև կին ու պատգամավոր` ինչպե՞ս եք վերաբերվում միամսյակին:
-Նախ` բոլոր կանանց ուզում եմ շնորհավորել, երջանիկ ու երկար տարիների կյանք մաղթել. կնոջ համար շատ կարևոր է իրեն պահանջարկված ու պաշտպանված զգալը: Իբրև անհատականություն, քաղաքացի, յուրաքանչյուր կին իր ներուժն իրացնելու անհրաժեշտություն ունի: Կնոջը բնությամբ տրված ռեսուրսը երկու կողմ ունի` մայր ու կին: ՈՒզում եմ բոլոր կանանց ու նոր կյանք ոտք դնող աղջիկներին մաղթել, որ կյանքում երբեք ստիպված չլինեն երկփեղկվել իրենց այս երկու առաքելությունների միջև, երբեք ստիպված չլինեն պատասխանել այն հարցին` որտե՞ղ են իրենց ավելի շուտ ու շատ տեսնում, ո՞րն է իրենց համար առավել կարևոր տեղը` ընտանիքո՞ւմ, թե՞ աշխատանքում: Իսկական երջանկությունը երջանիկ ընտանիք, լավ մասնագիտություն ունեցող և այդ ամենի շնորհիվ հարգանք վայելող պրոֆեսիոնալ լինելն է: Այս դիրքորոշումը և՛ ազգօգուտ է, և՛ աստվածահաճո:
-Դուք կարծում եք, որ այսօր հասարակության մեջ կինը բոլոր հնարավորություններն ունի՞ ինքնարտահայտվելու ու կայանալու, ընտանիքի ու կարիերայի արանքում չերկփեղկվելու, արդյո՞ք հասարակական գիտակցությունն այնքան է զարգացած, որ ի զորու է կնոջ առաջ բացել բոլոր այն դռները, որոնք բաց են տղամարդկանց առաջ:
-Կարծում եմ` մեծ աշխատանք կա այդ ուղղությամբ կատարելու, և՛ պետությունը, և՛ հասարակությունը, և՛ անհատն այդ աշխատանքը կատարելու անհրաժեշտություն ունեն, որպեսզի ինչ-որ մի պահի ասենք, որ, այո՛, այդ դռները հավասարապես են բաց:
-Օրենքների առումով խնդիր չունենք, բայց որքանո՞վ են համահավասար իրավական ու իրական հարթությունները:
-Իրավահավասարությունն օրենքների առումով մենք ունենք և ինչքան էլ օրենսդրական դաշտում փնտրենք, չենք գտնի դիսկրիմինացիոն որևէ նորմ կամ սահմանափակում: Բայց դա դեռ չի նշանակում, որ իրավահավասարությունը բերում է հավասար հնարավորություններ և արդյունքներ: Հավասար հնարավորություններ, այնուամենայնիվ, չունենք և չունենք ոչ միայն մենք, այլև աշխարհի շատ երկրներ, որոնք դեռևս որոնում են գաղտնիքը կամ մոդելը: Խնդրին չի կարելի վերաբերվել այնպես, կարծես կանայք ձգտում են պաշտոնի կամ իշխանության, խնդիրը շատ ավելի գլոբալ է, մեծ ու կարևոր, հատկապես մեզ պես փոքր ժողովուրդների համար, որոնք պարզապես իրավունք չունեն այդքան շռայլ լինելու ազգային արժեքի, ազգային ներուժի նկատմամբ: Մեր երկրում վիճակագրությամբ կանայք 52 տոկոսից ավելին են կազմում` սա զուտ քանակական իմաստով։ Եթե որակական իմաստով էլ քննենք, հսկայական ներուժ ունենք, որովհետև նույն վիճակագրությունը ցույց է տալիս, որ բարձրագույն կրթություն ունեցողների 62 տոկոսը կանայք են: Տարբեր պետություններում տարբեր մոտեցումներ կան, օրինակ, հավասար հնարավորությունների մասին օրենքը, որը գուցե դեկլարատիվ է, բայց խաղի ինչ-որ կանոններ սահմանում է:
-Արդեն չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր եք։ Ձեր կարծիքով` կին պատգամավորը խորհրդարանում լիարժեք հնարավորություններ ունի՞ իր գործունեությունը ծավալելու, թե՞ այս պարագայում կին-տղամարդ բաժանումն անհեթեթ է, կարևորը մասնագիտական ու մարդկային որակներն են:
-Դժվար թե կարողանամ անցած տարիների մեջ գտնել որևէ դրվագ, երբ ինձ կաշկանդված եմ զգացել կամ ինչ-որ բան խանգարել է իմ տեսակետը հայտնելու կամ առաջարկը ներկայացնելու առումով: Այնուամենայնիվ, ինչ-որ կարծրատիպեր գոյություն ունեն. օրինակ, ավանդական ոլորտներ կան կնոջ համար, և, որպես կանոն, կին պատգամավորների ելույթները, առաջարկները, օրենսդրական նախաձեռնություններն այդ ոլորտներին են վերաբերում` կրթություն, մշակույթ:
-Դրանք «հե՞շտ» ոլորտներ են, թե՞ այդ ոլորտներում կանանց իշխանություն է:
-Բնավ էլ հեշտ չեն, դժվար ու առավել կարևոր ոլորտներից են, հատկապես կրթությունը;
-Բայց Դուք բարեհաջող ջարդում եք այդ կարծրատիպը` աշխատելով տնտեսական հարցերի հանձնաժողովում:
-Այո, իսկ ԱԺ գիտության և կրթության հանձնաժողովում աշխատում է կին պատգամավորների 50 տոկոսից ավելին: Խնդրի լուծումը պրոֆեսիոնալիզմի մեջ է. եթե կինն իր մասնագիտության մեջ կայացած է, նրա համար ավանդական բաժանումը` կանացի և ոչ կանացի մասնագիտությունների, հետին պլան է մղվում: Իհարկե, ինձ համար նույնպես կան կանացի ոլորտներ և խնդիրներ, որոնք պարզապես հոգեհարազատ են կնոջը` որպես կին ու մայր, այնուհանդերձ, և քաղաքական գործիչ կինը, և ընդհանրապես կինը ցանկացած մասնագիտության մեջ պետք է ունենա իր մասնագիտական դեմքը: Դա այն կռվանն է, այն հենքը, որը հնարավորություն է տալիս առանց կաշկանդվածության, սահմանափակման, արհեստական խոչընդոտների հանդիպելու իր խնդիրներն ուղղակիորեն լուծել: Քաղաքական մասնակցության խնդիրը փոքր-ինչ այլ է. մենք սկսեցինք շատ համեստորեն սկզբում խոսել, ապա առաջարկել քվոտաներ կին գործիչների համար, սկզբից գաղափարն էր, հետո տվեցինք իրավական ձև. ինչքան բանավեճեր ու ճակատամարտեր ենք տվել, երբ փորձել ենք տղամարդկանց ապացուցել, որ կանանց մասնակցությունը քաղաքականության մեջ ընդլայնելն անհրաժեշտ ու կարևոր է: Երկար ժամանակ պետք եղավ նաև կին գործիչներին համոզելու համար` հաղթահարվեց նաև նրանց որոշակի դիմակայությունը: Տարիների ընթացքում սկզբից 5, հետո 15 տոկոս, հետո հասցեական քվոտաների հասանք, բայց անգամ այսպիսի քվոտան հնարավորություն չի ստեղծում, որ խորհրդարանը ձերբազատվի զորանոցային տեսքից. 131 պատգամավորից 12-ն են միայն կին:
-Բայց դա ավելի շատ կուսակցակա՞ն խնդիր չէ, ցուցակները կազմելիս այդ հարցը պետք է բարձրացվի, որ կանայք, լինելով ցուցակում, անցողիկ տեղերում հայտնվեն:
-Քաղաքական կուսակցություններն այսօր դեռ տղամարդկային ակումբներ են: Այդտեղ էլ կինը դեռ իր արժանի և հավասար տեղը չի գրավել, ներկուսակցական ժողովրդավարության իմաստով կանայք կուսակցական հիերարխիայում իրենց արժանի տեղը չեն զբաղեցնում, ընտրություններում համարյա բոլոր կուսակցությունների ցուցակներում կանայք 50 տոկոս են կազմում, իսկ կուսակցությունների կառավարման մարմիններում 1-2 կին կարող են լինել:
-Այո, բայց կուսակցություններն արտացոլում են այն պատկերը, ինչ կա հասարակության մեջ, ուրեմն` հասարակությունն էլ է դեռ մնում տղամարդկային ակումբ...
-Հասկանում եմ հարցը, բայց հակափաստարկն էլ կա` նայեք հասարակական սեկտորին: Ինչքան հասարակական կազմակերպություններ ունենք զուտ կանանց խնդիրներով զբաղվող, որտեղ նույնպես զուտ կանայք են: Հակառակ բևեռն է, հասարակական կազմակերպություններում շատ քիչ են տղամարդիկ:
-Չկայացած ժողովրդավարության ցուցանիշ չէ՞, որ կանայք կառավարման ոլորտում սակավաթիվ են:
-Իհարկե, բայց մենք ոչ մի անգամ չենք ասել, որ արդեն կայացած ենք ու ժողովրդավարության խնդիր չունենք:
-Կինը և ճգնաժամը. բոլորն ասում են, որ ճգնաժամից ամենաշատը տուժում է հասարակ մարդը, իսկ գուցե ամենից շատ տուժում է կինը` իբրև անհատ և ընտանիքի անդամ` լինելով համեմատաբար նվազ պաշտպանված:
-Երբ խորհրդային կայսրությունը կործանվեց, ոչ համաշխարհային մասշտաբով, իհարկե, բայց ճգնաժամային իրավիճակ ստեղծվեց` գոնե հայ մարդու համար, ու անցած այս տարիներին ճգնաժամեր էլի եղան, երբ մենք համոզվեցինք, որ իսկապես առաջին հարվածը զգում է կինը: Հետխորհրդային շրջանի շարունակական ճգնաժամերի բեռը կինը վերցրեց իր ուսերին` ընտանիքի, ամուսնուն նեցուկ լինելու, երեխաների դաստիարակության... Ֆինանսատնտեսական իմաստով, թերևս, այո, կինն ավելի անպաշտպան է, և ամենամեծ բեռն էլի նրա ուսերին է ընկնելու, նաև բարոյահոգեբանական իմաստով: Հույսն ու հենարանն էլի կինն է մնում, որը նորից նեցուկ է լինելու իր ընտանիքին, տնտեսավարման, լրացուցիչ ապրուստի միջոցներ հայթայթելու, հոգեբանական իմաստով մուսնու ու զավակների համար հենարան լինելու:
-Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում խորհրդարանում ճգնաժամը հաղթահարելու համար` կա՞ն օրենքների նախագծեր կամ փոփոխություններ գործող օրենքներում:
-Բազմաթիվ պետություններ հակաճգնաժամային ծրագրեր են մշակել և ճգնաժային պայմաններում հանդես են գալիս իբրև հակաճգնաժամային կառավարիչներ, այսինքն` դիտելով ամբողջ տնտեսությունը որպես մեկ ամբողջություն, որը պետք է կառավարվի ճգնաժամին դիմակայելու անհրաժեշտություններով ու առաջնահերթություններով: ՀՀ կառավարությունը նույնպես մշակել է հակաճգնաժամային ծրագիր, որը բարձրաձայնվեց խորհրդարանում: Հակաճգնաժամային ծրագիր կազմելու համար նախ և առաջ պետք է իմանալ տնտեսության խնդրահարույց կետերը: Մեր տնտեսության առավել խոցելի տեղերը, նախ և առաջ, կախվածությունն է արտաքին տրանսֆերտներից, բնական ռեսուրսների արտահանման ոլորտներից: Հումքային ոլորտների անբավարար մրցունակությունը, ֆինանսաբանկային համակարգն իսկապես մեր երկրում կայուն են, բայց դա բավարար չէ, որովհետև ճգնաժամի խորացման պարագայում ֆինանսաբանկային համակարգի հնարավորությունները կարող են չբավարարել: Այս իրավիճակից ելնելով` հակաճգնաժամային միջոցների գլխավոր ուղղությունը պետք է լինի արդյունաբերական, տեխնոլոգիական ներուժի պահպանումը և զարգացումը: 2008 թ. կառավարությունը բավական լուրջ ներգրավվեց այդ գործում, հասարակական կազմակերպություններին էլ ներգրավեց այդ աշխատանքների մեջ, լուրջ ուսումնասիրություններ կատարվեցին փոքր ու միջին բիզնեսի ոլորտում, ձեռնարկությունները կառավարելու, արտադրությունն իրականացնելու դժվարությունները հաղթահարելու համար բավական լուրջ ծրագիր մշակվեց: 2009 թ. այդ ծրագիրը, կարծում եմ, պետք է քայլ առ քայլ իրականացվի: Իհարկե, դեռ շատ անելիքներ կան:
-Հարկային բեռի թեթևացում չի՞ սպասվում:
-Ես, իհարկե, կուզենայի, որ դա լիներ, ինչպես Ռուսաստանի Դաշնությունում արվեց` բոլոր ոլորտների, բոլոր ձեռնարկությունների համար հարկային բեռը թեթևացվեց: Կառավարությունը նման առաջարկ ունի, թե ոչ, չգիտեմ:
-Խորհրդարանում կա՞ նման օրենսդրական նախաձեռնություն:
-Ո՛չ:
-ՌԴ-ում նաև կենսաթոշակները բարձրացվեցին ու մինչև տարեվերջ էլի բարձրացվելու են:
-ՌԴ-ի հետ եթե համեմատվելու լինենք, սոցիալական պաշտպանվածության համակարգի խնդիրներում կարևորը ոչ թե թոշակների բարձրացումն է, այլ ինդեքսավորումը, որովհետև ամեն օր փոփոխվում է իրավիճակը, և տարադրամի կուրսերի տատանման վիճակներում քաղաքացին ավելի պաշտպանված է դառնում: Դա կառավարության հնարավորությունների հետ է կապված, և շատ կուզենայի, որ կառավարությունը նման առաջարկով հանդես գար: Բնակչության պաշտպանվածության առումով հատկապես խոցելի խավերի համար սա շատ կարևոր է:
-Կառավարությունը, խորհրդարանը կարծես ամեն ինչ անում են ճգնաժամը հաղթահարելու համար, տնտեսական մրցակցության հանձնաժողովն ինչ-որ անբարեխիղճ մրցակիցներ է հայտնաբերում, բայց ապրիլի 1-ից բարձրացան էլեկտրաէներգիայի ու գազի սակագները, ինչը, ինքնաբերաբար, բերելու է այլ ապրանքների թանկացման, և ունենք ոչ այնքան մխիթարական պատկեր` մի կողմից թանկացումներ, մյուս կողմից չեն բարձրանում աշխատավարձերն ու կենսաթոշակները, և որևէ մեկը որևէ հոդաբաշխ բան չի ասում... Մինչդեռ ճգնաժամի հայտանիշներից մեկն էլ անվստահությունն է` մարդու վախը վաղվա օրվա անհայտությունից...
-Անվստահությունը` մեկ, ապագայի հեռանկարի նեգատիվ սպասումները` երկու: Սոցիալական բեռի իմաստով բազմիցս կառավարությանը հարցեր տրվել են, և կառավարությունն իր հաշվարկները ներկայացրել է խորհրդարանին ու հանրությանը, որոնցով հիմնավորում է, որ գազի և էլեկտրաէներգիայի թանկացումները մեծ բեռ չեն լինելու մեր ընտանիքների, ծերերի, թոշակառուների վրա: Իհարկե, վառելիքաէներգետիկ համալիրը համակարգ ձևավորող լինելով, բնականաբար, բերելու է իրավիճակի փոփոխության և մեծ հարված կարող է լինել ձեռնարկությունների, փոքր ու միջին բիզնեսի համար: Ինչ վերաբերում է գազի գնին, դա ստրատեգիական ապրանք է, որի գնի իմաստով մեր հանրապետությունը թերևս ամենաշահեկան վիճակում է: Վարչական արգելքների առումով բավական խնդիրներ կան, որ կառավարությունը կարող է քայլեր ձեռնարկել` թեթևացնելու փոքր ու միջին բիզնեսի խնդիրները, օրինակ` էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական ցանցերին միանալու հարցը, թղթաբանության, վճարումների հարցերը. ես համոզված եմ, որ և՛ թղթաբանության, և՛ ֆինանսական բեռը թեթևացնելու հնարավորություններ կան, նույնը` գազի ոլորտում:
-Վառելիքաէներգետիկ համակարգը ստրատեգիական նշանակություն ունի։ Իսկ արդյո՞ք այդ համակարգում տեղավորվում են նաև դեղերը, որոնց գները մարտի 1-ի համեմատությամբ 30-40, եթե ոչ 50 տոկոսի աճ են արձանագրել: Ինչո՞ւ:
-Առաջին պատճառը դրամի կուրսի փոփոխությունն է երևի թե, որ հատկապես անդրադառնում է ներմուծվող ապրանքների վրա, հավելեք ինֆլյացիոն սպասումը, որ յուրաքանչյուր ներմուծող ունի և այսօր պետք է ապրանքն իրացնի ու գումար ստեղծի, որ նորից ապրանք գնի: Լավ հասկանալով, որ և դոլարի գինն է փոխված լինելու, և այդ ապրանքի գինը, նա պիտի այնքան գումար ունենա, որ կարողանա նույն քանակի ապրանք ներմուծել:
-Ճգնաժամի ավարտի Ձեր կանխատեսումը` ա՞յս տարի, 2010-ի՞ն, ե՞րբ:
-Տնտեսագետների գնահատականով` մենք հիմա ճգնաժամի գագաթնակետում ենք:
-Դա նշանակում է, որ անկումը շուտով կդադարի, և կսկսվի վերե՞լքը:
-Այսօր մենք պիտի փորձենք բոլոր հնարավորություններն օգտագործել, որ մոտեցնենք վերելքի սկզբնակետը: Բավական քայլեր կան այդ ուղղությամբ ձեռնարկելու, ոչ միայն ֆինանսատնտեսական, բանկային, այլև տնտեսական, հարկային քաղաքականության, վարչական արգելքների վերացման համալիր գործողություններ, որոնց արդյունքում մենք կարող ենք այդ կետը հնարավորինս հասանելի դարձնել մեզ համար:
-Ճգնաժամագիտության մեջ համարվում է, որ ճգնաժամը նաև հնարավորությունների ժամանակ է, երբ երեկվա անհնարինն այսօր դառնում է մատչելի` պարզապես պետք են տեղեկատվություն, հանդգնություն, ֆինանսներ... Արդյոք դա միջին և փոքր ձեռներեցներին լրացուցիչ հնարավորություններ չի՞ ընձեռում գործի ընդլայնման ու զարգացման համար:
-Կառավարությունում օպերատիվ շտաբ է գործում, որը քննում է ծրագրերը, և յուրաքանչյուր իրավաբանական անձ ու հասարակական կազմակերպություն կարող է իր ծրագիրը մշակել ու ներկայացնել, ծրագրի կենսունակության կամ նվազ ռիսկերի պայմաններում կառավարությունը որոշում է կայացնում` օգնե՞լ, թե՞ ոչ: Մենք ունենք մի քանի մեխանիզմներ` մասնակցություն կանոնադրական կապիտալին, պետական երաշխիքների, վարկի տրամադրում... Իսկապես կենսունակ բիզնեսը, որը կարող է շուկա ու հեռանկար ունենալ, այդ մեծածավալ միջոցներից կարող է օգտվել: Ճգնաժամի պարագայում գլխավոր հնարավորությունը` ինչքան փող կարող ես ներարկել տնտեսության մեջ: Հարուստ պետությունները դրանով են զբաղվում, յուրաքանչյուրն իր պահուստային, կայունացման և այլ ֆոնդերով, տրանշներով փորձում է միջոցներ ստեղծել` աշխուժացնելու և պահանջարկը մեծացնելու, տնտեսական անկումը կանգնեցնելու համար: Մեր պետությունն այդ իմաստով բավականին սահմանափակ հնարավորություններ ունի, նավթային կամ այլ ռեզերվային, կայունացնող ֆոնդեր չենք ունեցել, որ հիմա օգտագործենք: Հին պապական խոսք կա` դեղին ոսկին սև օրվա համար է, ի՞նչն է այս պարագայում մեր դեղին ոսկին, որ թույլ կտա սահմանափակ ռեսուրսներով առավել մեծ հնարավորություններ ու արդյունքներ ստանալ: Այսօր եթե մտածում ենք որևէ ձեռնարկության աջակցել, առաջինը պետք է նրան օգնել, որը վերջին տարիներին քայլեր է ձեռնարկել արդյունավետությունը մեծացնելու, արտադրողականությունը բարձրացնելու համար, որը ներդրումներ է արել, նոր արտադրատեսակներ ստեղծել... Երկրորդ խնդիրը պահանջարկի աշխուժացումն է պետական պատվերներով, մասնավոր սեկտորի և բնակչության կողմից պահանջարկի խթանումով... Երրորդը նոր շուկաներ գտնելն է, դրսի շուկաներում հայկական ապրանքատեսակների առաջխաղացմանն աջակցելը: Կառավարության ծրագրերում ու բյուջեներում նման տողեր կամ չեն եղել, կամ շատ համեստ թվեր են եղել, բայց ճգնաժամը բոլորիս պարտադրում է առավել նախաձեռնող լինել այդ իմաստով, ավելի դինամիկ քաղաքականություն վարել...
-Տեսնո՞ւմ եք` սկսեցինք տոնից ու խրվեցինք ճգնաժամում, երկու կին տղամարդկանց ակումբում ջանում են մարդկանց փրկել ճգնաժամից...
-Այդպես է` Նոյի բոլոր նախաձեռնություններում կինը նրա կողքին էր, բայց փրկված մարդկությունն ու պատմությունը նույնիսկ նրա անունը չեն պահպանել...
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 2734

Մեկնաբանություններ