Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հայաստան 1918

Հայաստան 1918
16.04.2024 | 18:35

(սկիզբը` այստեղ)

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԴԵՊՔԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

Համաշխարհային պատերազմի առաջին տարիներին Կովկասյան ռազմաճակատում ձեռք բերած հաղթանակների շնորհիվ ռուսական բանակը գրավել էր Օսմանյան կայսրության տարածքի մի մասը, որի մեջ էր համարյա ամբողջ Արեւմտյան Հայաստանը:
Այս հանգամանքը (չնայած՝ 1915 թ. տեղի ունեցած սարսափելի ոճիրին` հայոց մեծ եղեռնին) չէր կարող նոր հույսեր չարթնացնել հայ ժողովրդի մոտ։ Սակայն իրադրությունը շեշտակի փոխվել է 1917 թ. փետրվարյան հեղափոխությունից հետո։
Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը ստեղծել է
Անդրկովկասյան հատուկ կոմիտե (ՕԶԱԿՈՄ), որի նախագահ է դարձել կադետական կուսակցության անդամ Խառլամովը։ Անդամներն էին երկու վրացի՝ Ա. Չխենկելին և Ք. Աբաշիձեն, մեկ հայ` Միքայել Պապաջանյանը (կադետ), մեկ ադրբեջանցի՝ Մ. Ջաֆարովը։
Պետք է ասել, որ հենց սկզբից էլ ՕԶԱԿՈՄ-ի մեջ թելադրող դերը վրաց մենշևիկների ձեռքն է անցել, մանավանդ որ ժամանակավոր
կառավարության կազմում բավական ազդեցիկ էր մենշեւիկներ Ծերեթելու և Չխեիձեի ներկայությունը։
Աստիճանաբար ձևավորվում էր մենշևիկ-մուսավաթական բլոկը, որը ոչ միայն ուղղված էր Ռուսաստանի, այլև Հայաստանի դեմ։ Այս բլոկի ամբողջ վտանգը զգում էին սթափ գործիչները և զգուշացնում դրա հետևանքների մասին:
Ահա երկու փաստ։ Ստեփան Շահումյանը ընդգծում էր. «Արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Անդրկովկասում գոյություն ունի վրացական-մուսուլմանական հակահեղափոխական ազնվական բլոկ և եթե երեկ ուրիշներն էին ղեկավարում այդ բլոկը, ապա այժմ
հակահեղափոխական ազնվական բլոկի ոգին է Ակակի Չխենկելին»:
Բաքվի դաշնակցականների ղեկավարներից՝ Սերգեյ Մելիք-Յոլչյանը գրել է. «Գործադիր կոմիտեն, կոալիցիոն սկզբունքներով կազմուած լինելով սոցիալիստական կուսակցութիւններից, կը տեսնէր Մուսավաթի քրիստոնէաջինջ աշխատանքները Ատրբէջանի սահմաններում...
մահացու հարւած հասցնելու յեղափոխութեան, քշելու այլազգիներին Բագուից, անջատւելու յեղափոխական Ռուսաստանից...» («Հայրենիք», մայիս, 1925, էջ 117):
Բոլորն էլ զգում էին մենշևիկ-մուսավաթական բլոկի բուն
նպատակները, սակայն միշտ չէ, որ կատարվում էին ճիշտ քայլեր: Այս ասելով, ես նկատի ունեմ առաջին հերթին դաշնակցության միանալը վերոհիշյալ երկու կուսակցություններին:
1917 թ. նոյեմբերի վերջին վրաց մենշևիկների կամքով լուծարվել է ՕԶԱԿՈՄ-ը, և կազմվել է Անդրկովկասի կոմիսարիատ` Ե. Գեգեչկորիի գլխավորությամբ։ Մենշևիկներն իրենց բուն նպատակները կոծկում էին հայկական զորքի միջոցով Թուրքիայի հավանական ներխուժումը
կասեցնելու «մտահոգությամբ»:
Սակայն, ստեղծված այսպիսի վիճակը ոչ մեկին չէր անհանգստացնում, թեև զգում էին դրա տխուր հետևանքները։
Իսկ ի՞նչ էր կատարվում Կովկասյան ռազմաճակատում։
Արևմուտքում ձախողվել էր Կերենսկու հրամանով կատարված
ընդհանուր հարձակումը։ Ռուս զինվորն այլևս չէր ուզում կռվել: Տապալվել էր ցարի գահը, հեղափոխությունը կատարել էր իր խնդիրը, և ռուս ժողովուրդը դեմ էր պատերազմին:
Երկարատև պատերազմն ավելի էր խորացրել Ռուսաստանի
սոցիալ-քաղաքական ճգնաժամը։ Եվ այդ ճգնաժամն անպայման պետք է ազդեր Արևմտյան և Կովկասյան ռազմաճակատներում կռվող ռուսական բանակի ընդհանուր կարգապահության վրա։ Այսպիսի վիճակը գցել էր
նաև բանակի մարտունակությունը։
Կարևոր ազդեցություն էր գործում նաև մարդկային կորուստը։ Ընդհանուր կարգապահության ու մարտունակության անկման վրա
Մինչև 1917 թ. փետրվարյան հեղափոխությունը ռուսական բանակը տվել էր 6 միլիոնից ավելի մարդու կորուստ, այդ թվում մոտ 560 հազար սպանված, 2 միլիոն 440 հազար վիրավոր, 2 միլիոն 640 հազար գերի և
այլն: Ռուսական բանակը կորցրել էր 63 հազար սպա:
Բնականաբար սոցիալ-քաղաքական ճգնաժամի պայմաններում մարդկային հսկայական կորուստները խոշոր ազդակ էին բանակի կազմալուծման համար։
Պատերազմն իսկապես հոգնեցրել էր Ռուսաստանի ժողովրդին, սակայն Կերենսկու կառավարությունը մտադրություն չուներ այն ավարտել: Թիկունքում ևս տեղավորված շատ զորամասերում զինվորների խլրտումները դառնում էին անկասելի։ Հատկապես այդ տեսակետից աչքի էին ընկնում Պետերբուրգում և Կիևում տեղակայված զորամասերը։
Կառավարությունը ուրիշ այլ միջոց չգտնելով խնդիրը լուծելու համար, որոշել է այդ զորամասերն ուղարկել Կովկասյան ռազմաճակատ։ Դժվար չէ կռահել, թե այդ զորամասերի զինվորներն ինչպես պետք է իրենց պահեին ռազմաճակատում:
Միանգամայն բնական էր, որ վերոհիշյալ տրամադրությունները պետք է գերիշխող դառնային նաև Կովկասյան ռազմաճակատում կռվող ռուս զինվորների մեջ։ Անդրկովկասում գործող շատ քաղաքական ուժերի պարզ էր դառնում այդ տրամադրությունների հետևանքը։

(շարունակելի)

Վլադիմիր ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3139

Մեկնաբանություններ