Վրաստանի խորհրդարանական ընտրությունների էկզիտպոլերը և նախնական առաջին արդյունքները վկայում են, որ առաջին տեղում է Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանքը»: Ընդդիմությունը համաձայն չէ և պատրաստվում է բողոքի ակցիաների: Ձայների 80,22% -ի հաշվարկից հետո «Վրացական երազանքն» ունի 48,34%: Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» դաշինքը» ստացել է 26,43%. 5 կուսակցություններ և 2 դաշինքներ են մտնում խորհրդարան:
ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիան ներկայացրել է նախնական արդյունքները 1085 ընտրատեղամասերից: Նա նշել է, որ այդ ընտրատեղամասերում ընտրողների թիվը մեծ չէ և ձայների դասավորությունը կարող է փոխվել մեծ ընտրատեղամասերի տվյալներով: Երբ Ժվանիան սկսեց կարդալ արդյունքները, նրան ընդհատեց ԿԸՀ-ի «Միացյալ ազգային շարժման» անդամ Դավիթ Կիրտաձեն: «Ի՞նչ ես հայտարարում, Թամար: Ամոթ չէ՞ քեզ; Դրանք կեղծ տվյալներ են» ասաց նա: Ժվանիան կրկնեց, որ այդ արդյունքները կարող են փոխվել: Կիրտաձեին շրջապատեցին լրագրողները: «Այս տոկոսները, որ հայտարարում է տիկին Թամար Ժվանիան, գրված են «Վրացական երազանքի» շտաբում և չեն արտացոլում իրականությունը: Արդեն ժամը քանի՞սն է: Նրանք դիտմամբ մինչև հիմա չեն ցույց տալիս արձանագրությունները, որ լինեն ռեալ արդյունքներ: Հաշվել են այն արձանագրությունները, որտեղ միայն «Վրացական երազանքի» արդյունքներն են: Նրանք չեն արտացոլում իրական տոկոսները»՝ բողոքում էր Կիրտաձեն: Այդ արդյունքների հրապարակումից հետո ԿԸՀ-ի շենքի մոտ սկսեցին հավաքվել ընդդիմության աջակիցները:
Ընդդիմության ղեկավարները, որ հավաքվել էին մաժորիտար թեկնածու Նիկա Մելիայի շտաբում, քաղաքացիներին կոչ արեցին ժամը 16-ին հավաքվել Ռուսթավելիի պողոտայում: «Սրանք ընտրություններ չէին, սա պատերազմ էր: Եվ մենք չենք պարտվել այս պատերազմում»՝ ասաց Մելիան լրագրողներին:
ԿԸՀ-ի հաղորդած տվյալներին մոտ տվյալներ էին ցույց տալիս և հարցումները: «Իմեդի» հեռուստաընկերության պատվերով Public Opinion Strategy ընկերության էկզիտ պոլի տվյալներով՝երեկոյան 6-ին իշխող կուսակցությունը հաղթել էր՝ հավաքելով 55%: Հենց այդ տվյալների հրապարակումն էին մեծ էկրանով դիտում «Վրացական երազանքի» կողմնակիցներն ու ակտիվիստները երեկոյան 8-ին իրենց գրասենյակում հավաքված: «Շնորհավորում եմ, շնորհավորում եմ»՝ ծափերի տակ ժպիտով բոլորին ասում էր Բիձինա Իվանիշվիլին: «Եկեք շնորհակալություն հայտնենք մեր ընտրողներին, ակտիվիստներին, ղեկավարներին, ձեզ, երիտասարդներին: Դուք բերեցիք այս հաղթանակը: «Վրացական երազանքը» իբրև կուսակցություն հաղթում է երրորդ անգամ սկզբունքային ընտրություններում: Ի՞նչ էր ուզում մեր երկիրը՝ ձևավորված, պատկառելի թիմ, մենք ստացել ենք»՝ ասաց նա:
Ընտրատեղամասերը փակելուց հետո ընդդիմության կողմնակիցները հավաքվեցին Թբիլիսիի կենտրոնում Ռուսթավելիի պողոտայում: Նրանք նույնպես խոսում էին հաղթանակի մասին, բայց ոչ թե իշխող կուսակցության, այլ՝ ընդդիմության, հղում անելով մեկ այլ էկզիտ պոլի տվյալների, որ «Մթավարի» հեռուստաընկերության պատվերով անցկացրել է Ipsоs-ը: Այդ տվյալներով երեկոյան 17-ին իշխող կուսակցությունը համամասնական ընտրություններում հավաքել է 41%, բայց հանրագումարում ընդդիմադիր կուսակցությունները առաջ են անցել «Վրացական երազանքից»: «Նույնիսկ այն պայմաններում, երբ ես հնարավորություն չունեի երկիր գալ ու ընտրարշավ անել, ընդդիմադիր ամբողջ սպեկտրը վստահ առավելությամբ հաղթել է այսպես կոչված «Վրացական երազանքին»՝ «Մթիվարիի» եթերում հայտարարեց նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ կողմնակիցներին դիմելով հեռուստակամուրջով: Նրա խոսքով՝ «Միացյալ ազգային շարժման» մաժորիտար թեկնածուները հաղթել են գործնականում բոլոր մեծ քաղաքներում: «Սա ընդդիմության մեծ տրիումֆն է՝ չնայած հալածանքներին ,վախեցնելուն ու ճնշումներին»՝ ասաց Սահակաշվիլին՝ հավելելով, որ անձամբ իրեն ինչ-որ պաշտոն ստանալը, այդ թվում վարչապետի, չի հետաքրքրում:«Միացյալազգային շարժումը» Սահակաշվիլիին անվանում է իր վարչապետի թեկնածու:
Էկզիտպոլեր են անցկացվել և «Ռուսթավի -2» ու «Ֆորմուլա» հեռուստաընկերությունների պատվերով: Նրանց տվյալներով ևս իշխող կուսակցությունը ամենից շատ ձայներն է ստացել: «Ռուսթավի-2»-ի պատվերով Survation ընկերության հարցումով՝ ժամը 17.30-ին «Վրացական երազանքն» ուներ 52,26%: «Ֆորմուլա» հեռուստաընկերության պատվերով Edison Research ընկերության հարցման տվյալներով՝ «Վրացական երազանքը» 16:00-ին ուներ 46%: Հեռուստաընկերությունները հաղորդել են, որ հարցվածների 50%-ը հրաժարվել է ասել՝ ում է ընտրել, որակելով աննախադեպ փաստ:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցել են 48 կուսակցություններ և 2 դաշինքներ: Ընտրություններն անցկացվել են նոր ընտրակարգով՝ 120 պատգամավորներ ընտրվել են համամասնական ընտրակարգով նախկին 77-ի փոխարեն և 30-ը մեծամասնական՝ նախկին 73-ի փոխարեն: ԿԸՀ-ն արդեն հայտարարել է, որ 30-ից 15 ընտրատեղամասերում կլինեն երկրորդ փուլեր: Այս ընտրությունների նորություններից էր «կողպեք» մեխանիզմը՝ 40% -ից քիչ ձայներ հավաքած կուսակցությունը չի կարող միակուսակցական մեծամասնություն ձևավորել:
BBC
Հ.Գ. Երեկ ընդդիմությունն արդեն փակել էր Ռուսթավելիի պողոտան ու պահանջում էր արտահերթ ընտրություններ՝ չընդունելով «Վրացական երազանքի» հաղթանակը: Ընդդիմությունը հայտարարում է համատարած խախտումների ու ճնշումների մասին։ ԵԱՀԿ դիտորդները հրապարակել են ընտրությունների նախնական գնահատականը` պնդելով, որ ընտրությունները եղել են մրցակցային, և վերջնական արդյունքում բոլոր ազատությունները պահպանվել են։ Դիտորդական առաքելության ղեկավար Էլոնա Ջեբրեա Խոջան հայտարարել է, որ պարբերաբար հաղորդումներ են ստացվել ընտրողների նկատմամբ ճնշումների մասին, բացակայել է խիստ սահմանազատումը իշխող կուսակցության և կառավարության միջև, որ սասանել է հանրության վստահությունը ընտրությունների հանդեպ։ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին հայտարարել է. «Այսօրվանից մենք ամեն օր կհավաքվենք, մինչև հասնենք նոր ընտրությունների նշանակման»: Մեկ այլ Սալոմե՝ Զուրաբիշվիլին, հայտարարել է, որ Վրաստանը հույս ունի դրական դեր ստանձնել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում: Վրաստանի նախագահը ասել է. «Այդ դժվարին և ցավոտ հակամարտության պայմաններում Վրաստանը վերստին մնում է կայունության կղզյակ, որտեղ շարունակվում են կովկասցիների միջև համերաշխության և համակեցության ավանդույթները։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք դրական դեր ստանձնել տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում, որը պարտադիր է բոլոր երեք երկրների զարգացման համար»: Հազիվ թե, մանավանդ՝ դրա համար նախ վրացիները պետք է լեզու գտնեն վրացիների հետ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ