Ադրբեջանը Հայաստանի և Արցախի դեմ պատերազմ կարող է սկսել Թուրքիայի, ԱՄՆ-ի գլոբալիստական ուժերի պահանջով կամ ճնշմամբ: Տավուշի մարզում, հայ-ադրբեջանական սահմանում հուլիսի 12-ին թշնամու սադրանքով սկսված նախահարձակ ռազմական գործողություններից առաջ LIVEnews.am-ի եթերում, Գառնիկ Իսագուլյանի «Ազգային անվտանգության տեսանկյունից» հաղորդաշարի ընթացքում այս կարծիքը հայտնեց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Առայսօր Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունների տարբեր պատճառներ են հրապարակվել: Դրանցից մեկի համաձայն, այդ գործողությունները սկսվեցին և առաջիկայում էլ, տարբեր ընդմիջումներով, կարող են շարունակվել, որպեսզի երկրի հասարակության ուշադրությունը շեղվի Ադրբեջանում գնալով ահագնացող ներքին խնդիրներից, դժվարություններից:
Մեկ այլ բացատրության համաձայն, Հայաստանի դեմ ռազմական գործողությունները ներքին կլանային պայքարի հետևանք են: Կան նաև այլ բացատրություններ, սակայն մի շարք տեղեկություններ հուշում են, որ ռազմական գործողությունները սկսելու բուն պատճառը հենց այն է, ինչի մասին նշել է Հայկ Նահապետյանը: NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում Միջին Արևելքի և Կովկասի հիմնահարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովն ասել է. «Ինչ-որ ուժեր ճնշում են գործադրում Ալիևի վրա, ինչին դիմադրել ոչ ոք չի կարող, և նա Մամեդյարովին նետեց զոհասեղանին՝ ընդ որում վարկաբեկելով նրան և որպես դիվանագետի, և որպես մարդու»։
Տարասովի խոսքով՝ միանշանակ է, որ Իլհամ Ալիևի վրա ճնշում է գործադրվում, ինչի մասին են վկայում նրա ելույթները, որոնց ժամանակ նա հրապարակայնորեն բանավեճի մեջ է մտնում ինչ-որ ներքին ընդդիմախոսների հետ, ընդդիմությանը հայտարարում է հինգերորդ շարասյուն և այլն. «Պետությունների առաջնորդներն այդպես են գործում, երբ հաշվի են առնում հինգերորդ շարասյան կամ ներքին ընդդիմության իրական գործոնը: Նրանց անվանում է Արևմուտքի կամ արտաքին ուժերի ծառաներ: Նշանակում է՝ նրա վրա լրջորեն ճնշում են գործադրում, այսպես կոչված, ռևանշիստական տիպի ուժերը»:
Բնականաբար, հարց է առաջանում` Ալիևի վրա ճնշում գործադրած, գուցե հիմա էլ դեռ ճնշում գործադրող ինչ-որ ուժերն այդ ի՞նչ ուժեր են, որ նրանց գործադրած ճնշմանը ոչ ոք չի կարող դիմադրել… Տարասովը, կարծում ենք, նկատի ունի հենց գլոբալիստական ուժերը կամ համաշխարհային իրական մասոնությանը (զուգահեռ կեղծն էլ կա):
Նկատի ունենալով այդ ուժերի` Ադրբեջանում գտնվող կամակատարներին, գործակալներին, Ստանիսլավ Տարասովը շատ պարզ է արտահայտվել` «հինգերորդ շարասյուն», «հինգերորդ շարասյան կամ ներքին ընդդիմության իրական գործոն» (նկատի ունենանք, որ տարբեր երկրներում ներքին ընդդիմության սոսկ մի մասն է հինգերորդ շարասյուն), «արևմուտքի կամ արտաքին ուժերի ծառաներ», «ռևանշիստական տիպի ուժեր»: Ադրբեջանում այդպիսին կարող են լինել Փաշաևների կլանը՝ Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի (Փաշաևայի) ազգականները, ինչպես նաև այլ ուժեր:
Արտաքին կամ երրորդ ուժի դերակատարման առումով Հայկ Նահապետյանի և Ստանիսլավ Տարասովի արտահայտած մտքերը Մինսկում հուլիսի 17-ին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ընթացքում, ըստ էության, հաստատել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։
Միշուստինին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը ներկայացնելով ու նշելով, որ դեռ հայտնի չեն պատճառները, թե Ադրբեջանն ինչու որոշեց հարձակվել հայկական դիրքերի վրա, Փաշինյանն ասել է «Ցանկանում եմ ընդգծել, որ այդ իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի հրահրման ֆոնին և դեռ պետք է հասկանալ՝ ո՞վ, ինչու՞մ և ինչու՞ է հետաքրքրված: Կարծում եմ` սա նույնպես շատ կարևոր թեմա է»:
Այն, որ Ալիևն ավելի վաղ էր (կարծում ենք, դարձյալ արտաքին ուժի պահանջով կամ ճնշմամբ) նախապատրաստվում հուլիսի 12-ից սկսված իրադարձություններին, հրապարակային դաշտում նկատելի էր: Ադրբեջանի նախագահը դեռ հուլիսի 7-ին նշելով, որ բանակցություններն անարդյունք են, քննադատել էր ԵԱՀԿ Մինսկի խմբին, ոչ միայն դժգոհել միջնորդներից, այլև նշել, որ ներկա փուլում դիտարկում են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նպատակով չհանդիպել որևէ ձևաչափով: Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ իրենք ուզում են ըստ էության բանակցություններ, և ոչ թե բանակցություններ` բանակցությունների համար: Սրանից արդեն ենթադրելի էր, որ Ադրբեջանը մտադիր է իրադարձությունները դիվանագիտական, քաղաքական ոլորտից տեղափոխել սահման։
Ի դեպ, հուլիսի 15-ին կառավարության նիստի ժամանակ Ալիևը կրկնել է ավելի վաղ քանիցս արտահայտած այն միտքը, որ Ադրբեջանի ժողովրդին ձանձրացրել են այս անիմաստ բանակցությունները: «ՈՒստի նրանք, ովքեր զբաղվում են այս հարցով և այս օրերին առաջ են քաշում իրենց միջնորդական առաջարկները, թող մտածեն այն մասին, որ Ադրբեջանի ժողովրդի համբերությունն անսահման չէ»,- հայտարարել է Ալիևը, ոմանց կարծիքով, նկատի ունենալով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, առաջին հերթին, Ռուսաստանին:
Հուլիսի 16-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն ասել է. «Թուրքիան «արջի ծառայություն» է մատուցում Ադրբեջանին, հրահրում է պատերազմ և դրա միջոցով ուզում է առաջ մղել իր նեոօսմանիզմի գաղափարն ու խնդիրները»: Ըստ ՊՆ նախկին նախարարի, «Այստեղ մենք շատ զգոն պետք է ընդունենք Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը, որ նրանք պատրաստ են ռազմական աջակցություն ցուցաբերելու Ադրբեջանին…»:
Նույն օրն ընդունելով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ըստ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության, դեսպաններին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող շարունակական ագրեսիվ գործողությունների պատճառով ստեղծված իրադրությունը, տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման համատեքստում դատապարտել Թուրքիայի ռազմաքաղաքական վերնախավի կողմից տարածաշրջանի անվտանգային համակարգի խարխլմանն ուղղված հայտարարությունները և Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ցուցաբերվող բացահայտ աջակցությունը:
Ինչպես արդեն հայտնի է, Թուրքիան երկրի նախագահ Էրդողանի և այլ պաշտոնյաների մակարդակով աջակցություն է հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային: «Անադոլու» գործակալության տեղեկացմամբ, ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, որը ղեկավարել է պաշտպանության փոխնախարար, ՌՕՈՒ-ի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն Ադրբեջանին վերստին աջակցություն խոստանալով, հայտարարել է, որ վերջին իրադարձությունների համապատկերին կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցառումները:
«Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի Թովուզի շրջանի վրա նենգ հարձակումը,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:- Ադրբեջանցի թուրքերի ցավը մեր ցավն է։ Ես ուզում եմ, դուք բոլորդ իմանաք, որ ցանկացած դժվարություն, որը դուք ապրում եք այնտեղ, մենք զգում ենք այստեղ։ Ադրբեջանցի զինվորականների մահն անպատասխան չի մնա»:
«Թուրքիան աջակցում է Ադրբեջանում եղբայրների անձնվեր պայքարին,- հավաստել է Աքարը:- Եվ այս մասին հայտարարում են Թուրքիայի բոլոր բնակիչները, այդ թվում՝ անձամբ նախագահ Էրդողանը: Մենք ղեկավարվում ենք «Երկու երկիր, մեկ ազգ» սկզբունքով: Թուրքիան եղել և մնում է Ադրբեջանի բարեկամը: Մենք կշարունակենք եղբայրներին աջակցել: Թուրքիան ու նրա բանակն այս ուղղությամբ ուժերի սահմաններում քայլեր կձեռնարկեն: Դրանում ոչ մի կասկած չի կարող լինել»:
Անկարայում հուլիսի 16-ին ադրբեջանական բարձրաստիճան ռազմական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է նաև. «Հայաստանը վստահաբար կվճարի ադրբեջանական սահմանի վրա իր հարձակումների համար… Հայաստանը խեղդվելու է այն դավադրության մեջ, որն ինքն է նախաձեռնել, և անպայման վճարելու է այն բանի համար, ինչ նրանք արել են»:
Աքարը «կվճարի» ասելով, նկատի է ունեցել ոչ թե ֆինանսական հատուցումը, այլ հատուցումը` մարդկային ու նյութական կորուստների տեսքով: Նա հիշեցրել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է սահմանային բախումների զարգացմանը։ Հուլիսի 17-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրն էլ, իր հերթին, Ադրբեջանին խոստացել օգնել ոչ միայն փորձով, այլև զենքով։
«Մեր պաշտպանական արդյունաբերությունը մշտապես գտնվում է Ադրբեջանի տրամադրության տակ՝ իր ամբողջ փորձով, տեխնոլոգիաներով և հնարավորություններով, մեր անօդաչուներից մինչև զինամթերք և հրթիռներ, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր»,- գրել է Դեմիրը Twitter-ի իր էջում։
Հայտնի է նաև, որ օրերս Բաքվի օդանավակայանում վայրէջք է կատարել Թուրքիայի ԶՈՒ ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որն Ադրբեջան է տեղափոխել զենք, զինամթերք, ռազմական տեխնիկա, այսինքն` Իսմայիլ Դեմիրի խոստացածը շատ արագ իրականություն է դարձել:
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում օրերս անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային հատվածում տիրող վիճակին, «Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի դեմ հարձակում են նախապատրաստում. մեր անելիքը» վերտառության ներքո գրել է.
«Տավուշի սահմանագծում քիչ են կրակում, սակայն ամեն ինչ այնքան փխրուն է, որ ցանկացած պահի կարող է կրակ բռնկվել։ Հատկապես որ Թուրքիան ու Ադրբեջանը չեն թաքցնում, որ մեր բանակից շոկային հարված ստանալուց հետո ռևանշի են ձգտում»։
Եվս մեկ-երկու մեջբերում Թևանյանի գրառումից.
«Թուրքիան ու Ադրբեջանն օպերատիվ կապի մեջ են։ Թուրքիան չի թաքցնում, որ պատրաստ է ռազմական միջամտության և կանգնած է իր դաշնակից Ադրբեջանի կողքին»:
«Օրերս Թուրքիան ԱԹՍ բարձրացրեց հայ-թուրքական սահմանի մոտակայքում։ Ի պատասխան սրա ՀՀ–ում ռուսական ռազմաբազայից ուղղաթիռներ բարձրացան օդ։ Հետո հերթը հասավ ռազմական ինքնաթիռների ցուցադրական թռիչքներին։ Մեր կողմից՝ «Սու-30հԾ», թուրքական կողմից՝ F16:
Թուրքիայի ագրեսիվ վարքագիծն այնքան ակնհայտ է, որ ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ Վլադիմիր Պուտինը քննարկել է հայ-ադրբեջանական լարվածությունը։ ՌԴ նախագահը հրամայել է հարավ-արևմտյան սահմանների զորամասերի չնախատեսված ստուգայց իրականացնել՝ նպատակ ունենալով գնահատել զորքերի կողմից անվտանգության ապահովման ունակության մակարդակը (զորավարժություններին մասնակցելու են նաև հայկական զինված ուժերը)։ Բացի այդ՝ ՌԴ–ում անցկացվելու է նաև «Կովկաս 2020» զորավարժությունը»:
Այս օրերին «ԹՐՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ ԱՖՐԻՆԻ ՄԷՋ ԶԻՆԵԱԼՆԵՐ ԱՏՐՊԷՅՃԱՆ ՂՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԵԱՆ ԿԵԴՐՈՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԱԾ ԵՆ» վերտառության ներքո ուշագրավ հրապարակմամբ հանդես եկավ նաև Բերիո հայոց թեմի (Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երկրորդ մեծ և հնագույն թեմն է, առաջնորդանիստը Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցին է) ազգային առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթը: Հրապարակման մեջ մասնավորապես նշված է.
«Սուրիական տեղական աղբիւրներ Շաամ Էֆ. Էմ.» ռատիոկայանին յայտնած են, որ սուրիական հողեր բռնագրաւած թրքական ուժեր Աֆրինի մէջ իրենց ենթակայ զինեալներուն համար արձանագրութեան կեդրոններ հաստատած են, որպէսզի վեց ամսուան պայմանագրութեամբ, ամսական 2500 ամ. տոլարի փոխարէն զիրենք Ատրպէյճան ղրկեն, կռուելու Ատրպէյճանի բանակին կողքին, Հայաստանի բանակին դէմ»:
Հայաստանի դեմ կռվելու համար Ադրբեջան ուղարկելու նպատակով Թուրքիայի կողմից Սիրիայում վարձկաններ հավաքագրելու մասին հուլիսի 19-ին գրել է նաև rambler.ru-ն։
Կարծում ենք, Սիրիայում վերոնշյալ նպատակով վարձկանների հավաքագրման փաստը ևս վկայում է, որ Թուրքիան, ավելի ճիշտ, Թուրքիայում գտնվող որոշ ուժեր (այդ նույն ուժերը գտնվում են նաև ԱՄՆ-ում, Իսրայելում, Մեծ Բրիտանիայում…) Ադրբեջանին մղում են Հայաստանի և Արցախի դեմ մեծ պատերազմի, իրենց այս քայլով Ալիևին հասկացնում` կռվողներդ քի՞չ են, այդ պատճառաբանությամբ ուզում ես խուսափե՞լ հայերի դեմ պատերազմելուց, խնդիր չէ, մենք կռվողներ կուղարկենք:
Հոդվածի սկզբում արդեն նշեցինք, որ Ադրբեջանը Հայաստանի և Արցախի դեմ պատերազմ կարող է սկսել Թուրքիայի, ԱՄՆ-ի գլոբալիստական ուժերի պահանջով կամ ճնշմամբ: Նրանք Ադրբեջանում ունեն իրենց մարդիկ` հանձին հենց Ալիևի կողմից «հինգերորդ շարասյուն» որակված ընդդիմության մի մասի:
Նորից մեջբերենք այդ ուժերի վերաբերյալ Ստանիսլավ Տարասովի խոսքը, ըստ որի, Ալիևը «Նրանց անվանում է արևմուտքի կամ արտաքին ուժերի ծառաներ: Նշանակում է՝ նրա (Ալիևի-Ա.Հ.) վրա լրջորեն ճնշում են գործադրում, այսպես կոչված, ռևանշիստական տիպի ուժերը»: Եվ, ահա, հուլիսի 20-ին Արևմուտքը` հանձինս ԱՄՆ-ի գլոբալիստական ուժերի, հրապարակայնորեն պաշտպանել է Ալիևից Արցախի և Հայաստանի դեմ պատերազմ պահանջող իր այդ ծառաներին` Ադրբեջանում գտնվող իր հինգերորդ շարասյանը, որն Ալիևին հասկացնում է` եթե պատերազմ չսկսեք, թավշյա հեղափոխություն ենք իրականացնելու, ինչպես, օրինակ, Հայաստանում կամ մայդան, ինչպես ՈՒկրաինայում…
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել երաշխավորել, որ COVID-19-ի դեմ ձեռնարկված սահմանափակումները չեն օգտագործվի քաղաքացիական հասարակության, ընդդիմության կամ հանրային քննարկումների ճնշման համար, այսինքն` հավաքների ազատության իրավունքի իրացման դեմ: Հավաքներ, որոնք ուղղված են Ալիևի, նրա իշխանության դեմ և երկրի ղեկավարությունից պահանջում են պատերազմ սկսել (բուն պահանջը դա է, մնացած պահանջները երկրորդային են կամ հիմնական պահանջը սքողելու նպատակն ունեն):
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հիշեցրել է, որ Ադրբեջանի իշխանությունները նախկինում արդեն ճնշել են ընդդիմադիր տրամադրությունները, հետապնդել ու ձերբակալել են ընդդիմության ներկայացուցիչներին, իսկ մի դեպքում էլ հոգեբուժարան են ուղարկել նրանց ու կառավարության այլ քննադատողներին: Շա՜տ հետաքրքիր է… Բա այդ նույն պետդեպարտամենտը և ԱՄՆ-ի պետքարտուղար Պոմպեոն ինչո՞ւ նույնը չեն պահանջում COVID-19-ի դեմ պայքարի պատճառաբանությամբ ընդդիմությանը կամ հանրային քննարկումները ճնշող, անգամ իրար մոտ 2-3 ընդդիմադրի հավաքվելը զանգվածային միջոցառում, հավաք համարող ու չթույլատրող, ընդդիմության ներկայացուցիչներին հետապնդող ու ձերբակալող ՀՀ իշխանություններին։
Գեյերի, լեսբիների, բիսեքսուալների, տրանսվեստիտների պաշտպան, նրանց և «Կյանքի խոսք» աղանդի անդամների հետ միասին «թավշյա հեղափոխություն» կոչվածին մեծապես աջակցած Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում օրերս կարծես բացահայտել է ԱՄՆ-ի գլոբալիստական ուժերի պլանները: Անդրադառնալով Ադրբեջանին, նրա նախագահ Իլհամ Ալիևին, և իր էջում զետեղելով Ալիևի նկարը, Թանկյանը մասնավորապես գրել է.
«Սա Իլհամ Ալիևն է. նա Ադրբեջանի նավթային օլիգարխիկ նախագահն է: Նա իշխանությունը վերցրել է իր հորից ու հիմա փոխնախագահ է դարձրել իր կնոջը: Ադրբեջանն ամեն ինչ է, բացի ժողովրդավարությունից… Եկել է Ադրբեջանում խաղաղ հեղափոխություն իրականացնելու ժամանակը, ինչպիսին տեղի ունեցավ Հայաստանում 2018 թվականին…»:
Հասկանալի է, չէ՞, թե ինչ է կատարվում… Եթե հայ ընթերցողների մի մասին դեռ հասկանալի չէ, ապա Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը լիովին հասկանալի են հուլիսի հուլիսի 12-ին ադրբեջանական սադրանքով սկսված ռազմական գործողությունների պատճառներն ու նպատակները: Դրանք ուղղված են ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև գլոբալիստական ուժերի նախատեսած վերջնարդյունքում` Ռուսաստանի դեմ: Բուն թիրախը, կարծում ենք, հենց Ռուսաստանն է: Պատահական չէ, որ պատերազմի վերաճելու սպառնալիք պարունակող ռազմական գործողությունները սկսվեցին համառուսաստանյան քվեարկության արդյունքներով Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների ընդունումից կարճ ժամանակ հետո: Ինչու՞…Այս ամենին, ինչպես նաև Ռուսաստանի արձագանքին ու ձեռնարկած միջոցներին կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներից մեկով:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ