ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Թրամփը՝ 100000 հեռացածների նախագահը

Թրամփը՝ 100000 հեռացածների նախագահը
27.05.2020 | 10:59

Թրամփի խորհրդականն անհանգստությամբ վերլուծում է հարցումները, որոնք վկայում են նրա քաղաքական աջակցության անկումը տարեցների ու նույնիսկ ավետարանչականների շրջանում՝ ոչ շատ, բայց բավարար, որ հարցականի տակ դնի նրա հաղթանակը նոյեմբերի ընտրություններում՝ գրում է Մարտին Կիլիանը Tages-Anzeiger-ում: Լավ կոնյունկտուրան և Թրամփի նվերները ավետարանչականներին և ընդհանրապես սպիտակ ու շովինիստական ընտրախավին Հարավի ու Միջին Արևմուտքի հանրապետական բաստիոններում երբեք չեն օգնել նախագահին հասնել 50% վարկանիշի, բայց պահել են 40- 45%-ի միջակայքում, ու վարկանիշի հետագա վերելքը ընտրությունների օրը հնարավոր է թվացել:

Հիմա, երբ պանդեմիայից մահացած ամերիկացիների թիվը հասել է 100000-ի տխուր նիշին, ոսկեզօծն անցել է: Այս սթափեցումը զարմանալի չէ՝ կորոնաճգնաժամը լույս սփռեց նախագահի ու նրա մերձավոր խորհրդականների անգործիմացության վրա՝ օրինակ նրա փեսա Ջարեդ Կուշների: Եվ՝ ապացուցեց, որ Թրամփը չի հասկանում պարզագույն փոխկապակցությունները: Նրա կենտրոնացումը սպառվում է մի քանի րոպեից, նույնիսկ գունավոր գրաֆիկներով բրիֆինգները չեն կարողանում նրա ուշադրությունը կենտրոնացնել: Երբ փոխնախագահ Մայք Փենսի մամլո քարտուղար Կետի Միլլերի կորոնավիրուսի տեստը դրական պատասխան ստացավ, նախագահը հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարեց, որ Միլերը «երկար ժամանակ շատ լավ էր անցնում տեստերը և հանկարծ այսօր տեստը դրական արդյունք տվեց»: Այդ պատճառով, ասաց Թրամփը «տեստավորման ամբողջ հայեցակարգը ոչ միշտ է ճիշտ, տեստերն իդեալական են, բայց ինչ-որ բան կարող է պատահել, երբ տեստի հետ ամեն ինչ լավ է, հետո ինչ-որ բան է կատարվում»:

«Ցանկացած մեկի մասին կասեին, որ հարբած է, երբ այդպիս բաներ է ասում»՝ մեկնաբանեց հրապարակախոս Էնդրյու Սալիվանը նախագահի անհոդաբաշխ բառակույտը: Թրամփի անհեթեթություններն ու նրա վարչակազմի անգործիմացությունը կարող են դրդել Թրամփի հավատարիմ կողմնակիցներին աշնանը նրան հրաժեշտ տալ: Գործարքը, որ նրա հետ կնքել են 2016-ի նոյեմբերին, հանկարծ դառնում է խղճուկ ու նույնիսկ վտանգավոր: Կարելի է ամերիկյան էլիտաներին քվեախցից բարձրաձայն բղավել Fuck you, բայց այդքան ուրախ չէ կյանքը սպառնալից ճգնաժամի ու Դոնալդ Թրամփի ֆանտաստիկ աշխարհում, որտեղ հիդրոքսիխլորոխինը ունի բուժիչ հատկություն, իսկ Covid-19-ը հաղթահարվում է սպիտակեցուցիչի ներարկումով ու արևալույսով: Փառահեղ հաղթանակի շանսը, որ նախագահը երազում էր հունվարին, բոլոր դեպքերում արդեն չկա: Հաջողությունը աշնանը, հավանաբար, կլինի աղքատիկ, ինտրիգների ու չարաշահումների գնով, կամ ինչպես 2016-ին՝ շնորհիվ ընտրողների կոլեգիայի: Առավել հավանական է, որ 2020-ի նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Դոնալդ Թրամփը կպարտվի: Կորոնաճգնաժամը նախագահի մեջ բացահայտեց ռիսկը, որին ամերիկացիների մեծ մասը, գուցե, այլևս չցանկանա գնալ: Եթե, իհարկե, Ջո Բայդենն ու Դեմոկրատական կուսակցությունը քաղաքական դիլետանտներ չլինեն ու հաղթանակը ձեռքից բաց չթողնեն:
Մարտին Կիլիան, Tages-Anzeiger


Հ.Գ. Ամեն ինչ կախված է նրանից, թե մինչև նոյեմբեր ԱՄՆ նախագահը ինչպես կկարողանա վերականգնել ԱՄՆ տնտեսությունը և վերականգնել աշխատատեղերը, այդ դեպքում նա կարող է ընտրարշավի ժամանակ պնդել, որ միայն ինքը կարող է երկիրը հարկադիր տնտեսական ճգնաժամից հանել, ուստի պետք է իրեն ընտրել: Իսկ Թրամփի անհեթեթություններին ամերիկացիները համարյա 4 տարի ժամանակ ունեին ընտելանալու, այո, նրա անհոդաբաշխ թվիթներն ու ելույթները անընդունելի ու անհասկանալի են եղել, բայց նրան ամեն ինչ ներվել է տնտեսության վերելքի ու գործազրկության պատմական մինիմումի պայմաններում: Հիմա արդեն դա դառնում է խնդրահարույց, առավելևս, որ ԱՄՆ նախագահը հասցրել է իր դեմ տրամադրել և ԵՄ-ին ու Չինաստանին: Իմա՝ միջազգային գործընկերները ևս շահագրգռված չեն նրա վերընտրությամբ, ավելին՝ սպասում են ԱՄՆ իշխանափոխությանը՝ ինչպես համադարմանի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9306

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ