Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հայաստանյան քաղաքական էլիտան իր որոշումն արդեն կայացրել է

Հայաստանյան քաղաքական էլիտան իր որոշումն արդեն կայացրել է
04.12.2015 | 01:03

Ռուսական Սու-24 ռմբակոծչի կործանումից և դրա պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում ծագած լարվածության այս ժամանակաշրջանում ՌԴ-ում հաճախակի են սկսել հիշել Ալեքսանդր Երրորդ կայսեր խոսքերը. «Ռուսաստանն ունի միայն երկու դաշնակից` իր բանակն ու ռազմածովային նավատորմը»:
Իհարկե, միամտություն կլիներ կարծել, որ Ռուսաստանում այնքան են կտրվել իրականությունից, որ կարող են այսօրվա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում լայն դաշնակցային ձևաչափ ձևավորելու մասին հույսեր փայփայել: Առավել ևս, որ, ինչպես ցույց է տվել վերջին տարիների փորձը, նախ և առաջ կապված ուկրաինական ճգնաժամի հետ, Ռուսաստանի հնարավոր դաշնակից դիտարկվող որոշ աշխարհաքաղաքական ուժային կենտրոններ լավագույն դեպքում ակտիվ չեզոքություն են պահպանում (ինչպես, օրինակ, Չինաստանը կամ Իրանը): Այս պարագայում Արևմուտքի հիմնական դերակատարների և իսլամական աշխարհի երկրների մեծ մասի (հատկապես Սիրիայում Ռուսաստանի կողմից ակտիվ ռազմաքաղաքական գործողություններ սկսվելուց հետո) վերաբերյալ խոսելն իսկ ավելորդ է: Եվ եթե ռուսաստանյան հասարակության, քաղաքական շրջանակների և փորձագիտական հանրության մեծ մասը աշխարհաքաղաքական այս իրողությունները կարծես թե բարեհաջող «մարսել է», ապա ռուս-թուրքական ռազմաքաղաքական և աշխարհատնտեսական առճակատման նկատմամբ Եվրասիական տնտեսական միության երկրների և ՀԱՊԿ-ի անդամ պետությունների, մեղմ ասած, երկչոտ դիրքորոշումը բավականին ծանր է ընկալվում:
Պատահական չէ, որ առավել արմատական տրամադրված շրջանակները կարծիք են հայտնում, որ ռուս-թուրքական այս սրումը Ռուսաստանը պետք է օգտագործի ԵԱՏՄ և ՀԱՊԿ գործընկերներին յուրայինների և ոչ յուրայինների տարանջատելու և զտելու համար: Այս օրերին հիշեցին, որ ԵԱՏՄ-ում Ռուսաստանի գլխավոր և ազդեցիկ գործընկերներ համարվող Ղազախստանն ու Բելառուսն ուկրաինական ճգնաժամի շուրջ նույնպես փորձում էին խաղաղության աղավնու դեր խաղալ՝ չմոռանալով «աշխարհաքաղաքական նեղության մեջ ընկած» Ռուսաստանին ինչ-ինչ աջակցություն ցուցաբերելու դիմաց լուրջ ֆինանսատնտեսական դիվիդենդներ կորզել։ Այժմ էլ կարծես թե այդ գործելաոճը շարունակություն է գտել ռուս-թուրքական ճգնաժամի ընթացքում:
Այսպես՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ակնարկել է, որ պատրաստ է միջնորդի դեր ստանձնելու Ռուսաստանի և Թուրքիայի միջև խնդիրները հարթելու գործում` որպես դրա մեխանիզմ առաջարկելով համատեղ քննություն անցկացնել ռուսաստանյան ռազմական ինքնաթիռի կործանման հանգամանքների շուրջ: Ավելին, Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ հենց ինքն է տարիներ շարունակ ջանքեր գործադրել, որ Ռուսաստանը և Թուրքիան մերձենան, և բնականաբար, ցանկություն չունի, որ իր տարիների աշխատանքը հօդս ցնդի:
Ինչպես Ղազախստանում, այնպես էլ Բելառուսում կարծես լուրջ մտահոգություն է առաջացրել Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ լայնածավալ տնտեսական պատժամիջոցների հայտարարումը։ Եվ դա հասկանալի է, եթե հաշվի առնենք, որ այդ սահմանափակումները բարդացնելու են իրավիճակը Ռուսաստանի հետ միասնական տնտեսական դաշտում գտնվող բոլոր երկրներում, քանի որ վերջիններս իրենց առանձին տնտեսական (և ոչ միայն) հետաքրքրություններն ունեն թուրքական ուղղության հետ կապված:
Ինչպես միշտ՝ առավել «ստեղծագործական մոտեցում է» ցուցաբերել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Վերջինս, ինչպես պնդում են ռուսաստանյան և բելառուսական պաշտոնական աղբյուրները, ոչ միայն հետաձգեց իր այցը Մոսկվա զուտ արարողակարգային պատճառներից ելնելով, այլև դրա փոխարեն Մինսկում հանդիսավոր պայմաններում ընդունեց Թուրքիայի հավատարիմ բարեկամ համարվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ռուսաստանյան փորձագետներից ոմանք պնդում են, որ Լուկաշենկոն ինքը հետաձգեց իր հանդիպումը Պուտինի հետ՝ դրանով իսկ խուսափելով Մոսկվայում ռուս-թուրքական հարաբերությունների շուրջ իր հստակ կարծիքը հրապարակավ հայտնելուց: Առավել ևս ակնհայտ է, որ, ինչպես և ռուս-ուկրաինական ճգնաժամի ժամանակ այս անգամ էլ Մինսկի և Մոսկվայի հետաքրքրությունները տարբեր են՝ հաշվի առնելով Թուրքիայի հետ Բելառուսի բավականին դինամիկ առևտրային, զբոսաշրջային և համատեղ այլ նախագծերը: Բնականաբար, ռուս-ուկրաինական հակամարտությունում միջնորդի բավականին հաջող փորձ ձեռք բերած Լուկաշենկոն այս անգամ նույնպես ձգտում է Մինսկը դարձնել նոր կոնֆլիկտի կողմերի հաշտեցման հարթակ, որն իրեն կարող է բերել քաղաքական դիվիդենդներ։ Եվ չի բացառվում, որ Բելառուսի նախագահը նաև այդ մասին է Մինսկում խոսել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ: Առավել ևս, երկու քարի կամ ավելի ճիշտ՝ երկու «ավագ եղբայրների» արանքում հայտնված Ադրբեջանի ղեկավարը մինչ այդ արդեն կողմնորոշվել և հանդես էր եկել ամենամտերիմ բարեկամ Թուրքիայի ու ռազմավարական գործընկեր դառնալու հայտ ներկայացրած Ռուսաստանի միջև միջնորդ դառնալու հավակնությամբ:
Ի դեպ, հետաքրքրական է, որ վերջերս թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում սոցիոլոգիական ուսումնասիրություններ էին հրապարակվել, որոնք բավականին հետաքրքիր արդյունքների մասին են վկայում: Այսպես, Ադրբեջանում, ռուս-թուրքական հարաբերությունների սրումից հետո արված հարցումները ցույց են տվել, որ հարցվածների 70 տոկոսը կարծում է, թե հարաբերությունների վատթարացման պայմաններում Ադրբեջանը պետք է լինի Թուրքիայի կողքին, Ռուսաստանի օգտին արտահայտվել է միայն 10 տոկոսը։
Իսկ Հայաստանում Gallup International Association-ի հարցումների համաձայն՝ մոտ 66 տոկոսը հավանություն է տվել Սիրիայում Ռուսաստանի զինված ուժերի գործողություններին։ Եվ միայն 22 տոկոսն է բացասաբար գնահատել դրանք։ Հատկանշական է, որ այդ արդյունքներն արձանագրվել են մինչև Թուրքիայի կողմից ռուսական ավիախմբի «Սու-24» ինքնաթիռի կործանումը, այսինքն՝ մինչև ռուս-թուրքական հակամարտության սրումը։ Կարելի է ենթադրել, որ, հաշվի առնելով հայ-թուրքական, մեղմ ասած, ոչ բարեկամական հարաբերությունները, հավանության ցուցանիշը առնվազն չի պակասել:
Անկախ նրանից, թե հանրային ինչ վստահություն կա սոցիոլոգիական հարցումների նկատմամբ, նշված արդյունքները շատ կոնկրետ ինչ-որ բան են արտահայտում, և հասարակական շերտերի տրամադրվածություններն ուսումնասիրելու քիչ թե շատ օբյեկտիվ այլ գործիք, այնուամենայնիվ, առայժմ չկա։
Ենթադրվում էր, որ ռուս-թուրքական հարաբերությունների աննախադեպ սրումը, կախված գործընթացների սցենարներից, որոշակիորեն կպրոյեկտվի նաև տարածաշրջանի այլ երկրների վրա։ Պատահական չէ, որ լարվածության հենց առաջին իսկ օրից որպես գործընթացների զարգացման հնարավոր տարբերակ դիտարկվեցին նաև ռազմաքաղաքական բախումները Ռուսաստանի և Թուրքիայի համար զգայուն տարածաշրջանային այլ «թատերաբեմերում», ինչպիսիք են, օրինակ, հայ-թուրքական հարաբերությունները և, բնականաբար, հայ-ադրբեջանական հակամարտությունը։
Ի սկզբանե չէր բացառվում, որ Ռուսաստանը կարող է բավականին կտրուկ քայլերի դիմել, ընդհուպ մինչև բացահայտ ռազմական առճակատման անցնելը, առավել ևս, որ ՌԴ ռազմական գերատեսչությունների կողմից բավականին լուրջ հայտարարություններ էին արվում և միջոցներ ձեռնարկվում։ Մասնավորապես, խզվեցին թուրքական ռազմական գերատեսչության հետ բոլոր կապերը, Սիրիայի սահմանին Ռուսաստանի կողմից տեղադրվեցին այդ երկրի ամբողջ օդային տարածքը վերահսկող C-400 հակաօդային գերհզոր պաշտպանության համակարգերը։ Սակայն 1-2 օր հետո պարզ դարձավ, որ Ռուսաստանն ընտրել է գործողությունների այլ ճանապարհ։ Հստակ երևաց, որ Մոսկվան գոնե առճակատման այս փուլում որդեգրել է ոչ ուղղակի քաղաքական և ուղղակի տնտեսական հարվածներով պատասխանելու մարտավարությունը: Այդ շարքից են տնտեսական լայնածավալ և բազմոլորտ պատժամիջոցները։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքական ոչ ուղղակի հարվածներին, ապա ՌԴ-ն որդեգրեց Թուրքիայի համար շատ զգայուն թեմաների արծարծումը, ինչպիսիք են, օրինակ, քրդական հարցը, հայկական խաղաքարտը։ Վերջինիս վկայությունը ռուս-թուրքական ճգնաժամի հենց առաջին օրից գրեթե բոլոր ռուսաստանյան հեռուստաշոուներում, փորձագետների վերլուծականներում և լրատվամիջոցներում հայկական հարցի տարբեր ասպեկտների ակտիվ քննարկումներն էին: Ընդ որում, սկսեցին կիրառվել գործընթացներում հայկական խաղաքարտն ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կողմից ակտիվացնելու մեխանիզմները` սկսած Կրեմլի ոչ պաշտոնական խոսափող համարվող Վլադիմիր Ժիրինովսկու տարաբնույթ հայտարարություններից, վերջացրած տարբեր փորձագիտական գնահատականներով և տեղեկատվական արտահոսքերով: Այնուամենայնիվ, «հայամետ» նախաձեռնությունների և հայտարարությունների այդ խայտաբղետ ներկապնակում միակ պաշտոնական դրսևորումը եղավ «հտՐՈՉպՊսՌՉՈÿ ՀՏրրՌÿ» կուսակցության նախաձեռնությամբ ՌԴ Դումայում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրինագիծը: Իսկ ինֆորմացիոն և նյարդերի պատերազմի գագաթնակետը Կարսի և Մոսկվայի պայմանագրերի շուրջ հնարավոր վերանայման մասին հրապարակումներն ու համացանցում դրանց ակտիվ շրջանառությունն էին։
Բնականաբար, հայահաճո հայտարարությունների և առաջարկությունների այս թոհուբոհում որոշակի հետաքրքրությամբ սպասվում է պաշտոնական Երևանի վերաբերմունքը ռուս-թուրքական իրադարձությունների հանդեպ: Մինչ այս պահը Հայաստանը հանդես է եկել երկու պաշտոնյաների հայտարարությունների տեսքով։ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կրկնել է ռուսական թեզը՝ այն, որ ՌԴ-ն մասնակցում էր ահաբեկչության դեմ տարվող միջազգային արշավին, և փաստացի հարված է ստացել թիկունքից. «Այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը ջանքեր է գործադրում համախմբված պայքարելու միջազգային ահաբեկչության դեմ, կարծում եմ, որ տեղի ունեցածը հենց այդ ջանքերին հարված է»։
Իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների սրմանը և խոսելով ռուսական կողմի՝ Հայաստանին վերաբերող նախաձեռնությունների մասին, ասել է. «Հայաստանը ողջունում է, որ Ռուսաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և միշտ կողմ է եղել, որ ՌԴ-ում ընդունվի նաև Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք, որն այսօրվա դրությամբ ընդունել է չորս պետություն»։ Հարցին՝ ռուս-թուրքական հարաբերություններն ինչպե՞ս կանդրադառնան Հայաստանի վրա, փոխարտգործնախարարն ասել է. «Դա այն խնդիրն է, որ վերաբերում է, մի կողմից, մեր դաշնակցին, մյուս կողմից՝ մեր անմիջական հարևանին: Դրա համար էլ Հայաստանը պետք է հետևի բոլոր զարգացումներին»: Այսպիսով, կարող ենք փաստել, որ առայժմ որդեգրվել է բավականին զուսպ և ինչ-որ չափով պրագմատիկ վարքագիծ: Սակայն պետք է ենթադրել, որ այն պայմանավորված է նաև պաշտոնական Մոսկվայի` իրադարձություններն արհեստականորեն էլ ավելի չսրելու մարտավարությամբ, գոնե առայժմ այդպիսի տպավորություն է ստեղծվում: Այս առումով բավականին հետաքրքրական կարծիք է հայտնել Գլոբալ հետազոտությունների կենտրոնի նախագահ, ՌԴ-ում Արևմուտքի մարդ համարվող, քաղաքագետ-վերլուծաբան Նիկոլայ Զլոբինը: Վերջինս կարծում է, որ Ռուսաստանն այժմ հետաքրքրված է իր ներկայությունը Հայաստանում էլ ավելի ընդլայնելու հարցով, «բայց խնդիրն այն է, թե պատրա՞ստ է արդյոք նման զարգացումների հայկական էլիտան»:
Բնականաբար, վերլուծաբանը նկատի ունի ռազմական ներկայության ընդլայնումը: Ըստ Ն. Զլոբինի՝ հավանականությունը, որ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումից Հայաստանը զգալիորեն կշահի, քիչ է: Իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ հակամարտությանը, ապա Ռուսաստանին այժմ ձեռնտու չէ սրացումը նաև այս ճակատում, քանի որ հակամարտության ևս մի գոտի ստանալը Ռուսաստանին հիմա հաստատ պետք չէ: «Բայց ամեն դեպքում Հայաստանի՝ որպես տարածաշրջանում Ռուսաստանի դաշնակցի դերը հնարավոր է բարձրանա, սակայն ամեն ինչ նորից կախված է հայաստանյան էլիտայի ցանկությունից»,- եզրափակում է հայտնի վերլուծաբանը:
Այս առումով չափազանց արդիական է հնչում Կրեմլին մոտ կանգնած և հաճախ նրա ոչ պաշտոնական խոսափողը հանդիսացող ռազմական փորձագետ, «Ազգային պաշտպանություն» պարբերականի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյի կարծիքը, համաձայն որի՝ «ստեղծված իրավիճակում C-400 համակարգի տեղադրումը Հայաստանում ամենևին էլ ավելորդ չէ»։ Ընդ որում, փորձագետն անգամ չի բացառում, որ ի պատասխան Թուրքիայի ագրեսիայի և սպառնալիքների՝ օգտագործվեն ամենաժամանակակից զինատեսակները, ներառյալ տակտիկական միջուկային զենքը։ «Գոյություն ունի տակտիկական միջուկային զենք, որը կարող է օգտագործվել հակառակորդի զորամիավորումների նկատմամբ՝ ՌԴ և նրա տարածքից դուրս գտնվող ռուսական բազաների դեմ ագրեսիայի դեպքում»,- նշել է Կորոտչենկոն՝ ամփոփելով, որ Հայաստանում ռուսաստանյան բազայի և հայաստանյան զինված ուժերի մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացումն օբյեկտիվ անհրաժեշտություն է։
Այս կանխատեսման ֆոնին թերևս բավականին հետաքրքրական են դառնում մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե Ռուսաստանը հայ-թուրքական սահման է տեղափոխում ժամանակակից ռազմական տեխնիկա, 7000-8000 զինվորական: Լրատվամիջոցները, վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության զեկուցագիրը, նշում են, որ ՌԴ նախագահի հրամանի համաձայն՝ Ռուսաստանի 58-րդ բանակի լավագույն ստորաբաժանումները անհապաղ պետք է տեղաբաշխվեն հայ-թուրքական սահմանին: Եթե այս ամենին ավելացնենք հավաստի այն լուրերը, թե օրերս Հայաստանում ընդամենը մի քանի ժամով գտնվում էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որն իր հայ գործընկերների հետ խորհրդակցություն է անցկացրել, ապա կարելի է ենթադրել, որ հայաստանյան քաղաքական էլիտան իր որոշումն արդեն կայացրել է:

Վիգեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 58126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ