ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ
Թանկագի՛նս։
Դու ուզում էիր իմանալ, թե ես ինչ եմ մտածում մահվան ու անմահության մասին։ Ես պատրաստ եմ շարադրելու քեզ իմ ըմբռնումը։ Ես սա չեմ հորինել, այլ ձեռք եմ բերել տառապանքով ու կրել իմ մեջ երկար տարիների ընթացքում։ Եվ հիմա, երբ նորից եկել է այն ժամանակը, երբ մահը ճախրում է բոլորիս վրա, և մեզնից յուրաքանչյուրը պետք է պատրաստվի հեռանալու երկրային կյանքից, ես կրկին վերանայեցի իմ փորձն ու ընկալումը և կպատմեմ, թե ինչի եմ հասել։ Այսպիսի ժամանակներում բոլորը նախազգում են իրենց վախճանի գալուստը ու դրա համար երևակայությամբ ու մտովի ակամա վերադառնում են մահվան խնդրին։ Ընդ որում, մարդն իրեն զգում է շփոթված և ընկճված, քանզի չգիտե, թե իրականում ինչ է մահը, ու նաև այն պատճառով, որ մեզնից ոչ մեկը չի կարող հաշտվել իր մահվան հետ ու ներառել այն իր կյանքի մեջ։ Այսպիսի ժամանակները սովորաբար կոչվում են «ծանր» ու «ահավոր», իսկ իրականում դրանք հոգևոր փորձության ու վերանորոգման ժամանակներ են` խիստ, բայց Աստծո այցելության բարերար ժամանակներ։
Ես միշտ ունեցել եմ այն զգացողությունը, որ մահվան մեջ կա ինչ-որ բարեբեր, ներող ու ապաքինող բան։ Եվ ահա թե ինչու։
Բավական է միայն մտածեմ, որ իմ այս երկրավոր անձը` բոլոր տեսակներից անկատար, ժառանգաբար ծանրաբեռնված, շարունակ հիվանդոտ, կարող էր դառնալ անմահ, ու ինձ համակում է իսկական սարսափը... Ինչ ողորմելի տեսարան` ինքնագոհ սահմանափակություն, որը մտադիր է չմեռնել, այլ իրենով լցնել բոլոր ժամանակները։ Անկատարելություն, որը ենթակա չէ ո՛չ ուղղման, ո՛չ մարման... Անվերջ «վրիպում», հավերժ «անշնորհք»... Կեղծ ակորդի նման ինչ-որ բան, որը պետք է հնչի մի՛շտ... Կամ` երկրի ու երկնքի անջնջելի մի բիծ... Տեսնում եմ բնության` չմեռնելու դատապարտված այդ մարմնավոր ու հոգևոր սխալն իմ անձի տեսքով ու մտածում եմ` բայց չէ՞ որ բնության օրենքները պիտի գործեն նույն անողոքությամբ, և ես պետք է դառնամ ավելի ծեր ու կարող է ավելի տկար, ավելի անպաշտպան, սարսափելի ու բութ ու այդպես անվերջ։ Ինչ հավակնություն և ինչ դժբախտություն։ Այդ տեսիլքներից հետո ես արթնանում եմ ասես ծանր քնից` դեպի օրհնված իրականություն, դեպի իսկապես ինձ սպասող մահը... Ինչ լավ է, որ նա կգա և կդնի իր սահմանագիծը։ Ինչ հիանալի է, որ նա վերջ կդնի իմ երկրային աններդաշնակությանը։ ՈՒրեմն, իմ երկրային անունը կրող այդ համաշխարհային սխալը կարող է մարվել կամ ուղղվել։ Իսկ մահը կգա ազատարարի ու բուժարարի պես։ Գթասրտորեն կծածկի ինձ իր քողով։ Կտա ինձ ներում ու թողություն։ Կբացի իմ առաջ նոր, ավելի լավ հնարավորություններ։ Իսկ ես նրանից կընդունեմ ազատությունը և կսկսեմ իմ վերելքը դեպի բարձրագույն ներդաշնակություն։
Եվ այդ սպասումն ու վստահությունն իմ ամբողջ կյանքին շնորհում են չափ ու ձև։ Փառք Աստծո, իմ ամբողջ երկրային կրքոտ եռումը, այդ անվերջ պայքարն ինքս ինձ հետ, իմ հակառակորդների և մարդկային ամբոխի կույր անտարբերության հետ այդ պայքարը, որի մեջ ես ժամանակ առ ժամանակ ուժասպառ եմ լինում, հասնելով տառապանքի ու հուսահատության եզրին, այս ամենը չի տևի անվերջ, չի լցնի Աստծո տված բոլոր ժամանակները... Մինչև հավիտենություն չի ձգվի իմ այն վերքերի ապաքինումը, որոնք առաջանում են իմ տկար էության և կյանքի ու աշխարհի անտանելի խնդիրների բախումից։
Կգա ժամը և «կարձակի եզը գութանից վերջին ակոսում» (Պուշկին)։ Չափազուրկ տևականությունը վերանում է, և իմ կյանքը ստանում է ժամկետի չափը, պարտականության չափը, չափը լարման մեջ, գերության չափը և անձկության չափը։ Ի՜նչ երանելի է դա... Իմ կյանքը ձև է ստանում` իրականացվող վախճանի ձևը։ Ես գիտեմ, ես հաստատ գիտեմ, որ կգա փրկությունը, որ կբացվի ազատարար ելքը, և ինձ հարկավոր է դրան պատրաստվել։ Եվ ահա գլխավորը` ես պետք է ջանք թափեմ, որ իմ երկրային ավարտը դառնա ոչ թե ամբողջ կյանքի ընդհատումը, այլ եզրափակումը. իմ բոլոր նպատակները, աշխատանքներն ու ստեղծագործական լարումները պիտի տանեն դեպի այդ եզրափակումը։ Ճիշտ է, ես չգիտեմ, թե երբ ու ինչպես կգա այդ ավարտը։ Բայց դա էլ է բարիք, քանզի ստիպում է ինձ լինել միշտ պատրաստ ամեն ինչին` հետկանչմանը և հեռանալուն։ Մի բան պարզ է. չափելով մարդկային չափանիշով, հարկավոր է ընդունել, որ ժամկետն այնքան էլ հեռու չէ, ու ինձ չի կարելի ժամանակ կորցնել։ Չի կարելի հետաձգել այն, ինչը պետք է կատարել։ Բայց միաժամանակ կան շատ բաներ, որոնք հարկավոր է բոլորովին վերացնել, հեռացնել ճանապարհից։ Իմ ժամանակը սահմանափակ է, և ոչ ոք չգիտե` ինչ ժամկետով։ Իսկ երբ շուրջդ ես նայում, ապա տեսնում ես, որ բնության, մարդկային շփման և մշակույթի անծայրածիր, հրաշալի հարստությունը, հայեցության և ուրախության բոլոր այդ հնարավորությունները, հոգևոր ընկալման ու հոգևոր արտահայտման բոլոր այդ առիթները, բոլոր այդ ստեղծագործական կանչերն ու առաջադրանքներն անհատնում, պատասխանատու, չափազանց դժվարին և պարտավորեցնող են...
Այսպիսով, մահն ինձ համար դառնում է կյանքը ձևավորող և իմաստավորող սկզբնակետ, ոչ այն է` կոչ, ոչ այն է` խորհուրդ։ Ասես ավագ բարեկամս, սիրող ու հոգատար, ասեր ինձ. «Գիտե՞ս ինչ, ախր կյանքը կարճ է, իսկ սիրո, ծառայելու, հայեցության, ստեղծագործելու հիանալի հնարավորությունները` անթիվ։ Ավելի լավ չէ՞ անուշադրության մատնել ամբողջ գռեհիկը, խղճուկն ու չնչինը և ընտրել հիրավի լավը, հիանալին, չզրկվելու համար աշխարհի և կյանքի աստվածային գեղեցկություններից...»։ Մահվան գաղափարը կարծես բաց է անում աչքերս ու առաջացնում իմ մեջ ճշմարիտ որակի անհագ քաղց, ծարավ, ձգտում դեպի աստվածային էությունը, ընտրելու և առանձնացնելու վճիռ։ Աստիճանաբար ես սովորում եմ տարբերել, թե իրականում ինչն է լավն ու հիանալին Աստծո առաջ, և ինչը սոսկ ինձ է թվում լավ, իսկ իրականում միայն գայթակղում է, հրապուրում ու հիասթափեցնում։ Անցնելով կյանքի այդ փորձության միջով, ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ կյանքում կան բազմաթիվ բովանդակություններ, զբաղմունքներ ու հետաքրքրություններ, որոնցով չարժե ապրել կամ որոնց համար չարժե կյանքը տալ։ Եվ հակառակը, կան այնպիսի բաներ, որոնք բացահայտում ու իրականացնում են կյանքի իսկական իմաստը։ Իսկ մահն ինձ բոլոր այդ զանազանումների ու իմաստությունների համար տալիս է ստույգ և վստահելի չափանիշներ։ Ինձ թվում է, թե մենք բոլորս արդեն վերապրել ենք ու էլի կվերապրենք նման մի բան. երբ մահը մոտենում է, կամ երբ մահվան ստվերը համակում է մեզ, ապա կյանքի էությունն ու արժեքները մի տեսակ անսպասելիորեն, կարծես ինքնին, վերարժեքավորվում են։ Այն ամենը, ինչը գորշ առօրեականության, ապահով անբովանդակության մեջ մեզ թվում էր ջնջված, անտարբեր ու գրեթե արժեզրկված, հանկարծ բացում է իր տարբերությունները, ցույց է տալիս իր իսկական որակը, գտնում իր ճիշտ տեղն ու ստույգ աստիճանը։ Մահվան աչքը նայում է ուղիղ ու խոժոռ, և ոչ բոլորն են դիմանում նրա սևեռուն հայացքին։ Այն ամենը, ինչը գռեհիկ է, իսկույն ի հայտ է բերում իր ոչնչությունը` կրակով պատված թղթի թերթերի պես, որոնք հանկարծակի բռնկվում են պայծառ բոցով, բայց իսկույն էլ սևանում, քայքայվում ու մոխրանում։ Այնպես որ, հետագայում մինչև իսկ անհավատալի է, որ այդ հողն ու մոխիրը կարող էին թվալ կարևոր ու արժեքավոր։
Բայց միաժամանակ այն, ինչն իսկապես արժեքավոր, նշանակալից ու սրբազան է, հաստատվում է մահվան առաջ, հաղթականորեն դուրս է գալիս կրակի փորձությունից և հայտնվում իր իսկական փայլով ու վեհությամբ։ Առաջինը դիմակազերծվում է ու մերկացվում, երկրորդն արտահայտվում է և իսկապես սրբագործվում։ Եվ դա մենք չենք կատարում, ոչ, այդ հրեղեն փորձությունը գալիս է մահից և իրագործվում հենց մահվան շնչով։
Մարդկային կյանքում լինում են այնպիսի օրեր ու րոպեներ, երբ մարդը հանկարծ իր առաջ տեսնում է մահը։ Սարսափելի րոպեներ։ Օրհնյալ օրեր։ Այդ ժամանակ մահն Աստծո պատվիրակի պես դատում է մեր կյանքը։ Եվ մեր ամբողջ կյանքը սրընթաց անցնում է մեր հոգևոր հայացքի առջևով` ասես կայծակնային շքահանդեսում։ Եվ այն ամենը, ինչը ճիշտ ու բարի էր նրա մեջ, ինչով իրականում արժե ապրել, հաստատվում է որպես չկեղծված իրականություն, որը վեր է բարձրանում ճառագայթների փայլի մեջ։ Իսկ ինչը մանր էր, կեղծ ու գռեհիկ, պախարակվում է ու կործանվում։ Այդ ժամանակ մարդը նզովում է այդ ամբողջ սուտն ու գռեհիկը և դատում ինքն իրեն` որպես ուժերը վատնող ու մսխող մի տխմարի։ Բայց և ինչպես է նա հրճվում ամեն մի ճշմարիտ բանով, և ինքն էլ չի հասկանում, թե մինչ այդ ինչպես կարող էր ապրել որևէ այլ բանով։ Նա լսում է, թե իր հոգու խորքում ամբողջ անուշադրության մատնվածն ինչպես է հառաչում ու աղերսում վերահաստատման մասին։ Մարդը սկսում է երազել, որ իր անցած կյանքը համարվի «սևագիր» ապրված և իրեն հնարավորություն տրվի ապրելու նոր, արդեն «մաքրագիր» մի կյանք։ Մի ակնթարթում նոր, հրաշալի կյանքի ծրագրեր են ծնվում, և այդ պահին անձայն արտասանվում են այդ կյանքին ուղղված հավատարմության երդումները, և առ Աստված են բարձրանում նոր ժամկետների ու նոր հնարավորությունների շնորհման աղոթքները...
Իսկ երբ մահվան վտանգն անցնում է, ու նորից տիրում են լռությունն ու անդորրը, այդ ժամանակ մարդը տեսնում է, որ իր ամբողջ կյանքը քննված է ու սին բաներից ազատված, անում է իր կյանքի ամենանշանակալից եզրակացությունը` ոչ ամեն ինչ, որով մենք ապրում ենք, արժանի է նրան, որ մենք տանք դրան մեր կյանքը։ Կյանքի միայն այն էությունն ու գործողություններն են լիարժեք, որոնք չեն վախենում մահից ու նրա մոտենալուց, և որոնք կարող են արդարացվել ու հաստատվել մահվան առաջ։ Այն ամենը, ինչն արժանի է մեր ընտրությանը և նախապատվությանը, մեր սիրուն ու ծառայությանը, մինչև անգամ հոգեվարքից առաջ, հոյակապ է ու արժանավայել։ Հարկավոր է սիրել այն, ինչի համար կարելի է ու պետք է տալ կյանքը, նրան էլ հարկավոր է ծառայել։ Ապրել արժե միայն նրանով, ինչի համար արժե մահու և կենաց պայքար մղել ու մեռնել, մնացածն էժանագին է կամ անէական։ Այն ամենը, ինչն արժանի չէ մահվան, արժանի չէ և կյանքին։ Քանզի մահը փորձաքար է` մեծ չափանիշ և ահեղ դատավոր։ Ահա այդպես եմ ես ընկալում կյանքը, թանկագին բարեկամս։ Մահը ոչ միայն երանելի է, ոչ միայն ազատում է մեզ այս անցավոր կյանքից ու թոթափում մեր վրայից աշխարհի անտանելի լուծը։ Նա ոչ միայն մեզ կյանքի ձևն է շնորհում ու պահանջում մեզնից գեղարվեստական եզրափակում։ Նա նաև ինչ-որ խորհրդավոր, բոլոր իրերի կամ բոլոր մարդկային գործերի` Աստծուց տրված չափանիշն է։ Նա անհրաժեշտ է մեզ ոչ միայն որպես կապանքներից փրկող կամ դեպի մեր վերջը հեռանալու մի մեծ դուռ։ Նա հարկավոր է մեզ նախ և առաջ հենց կյանքում և հենց կյանքի համար։ Նրա ամպոտ ստվերը տրվում է մեզ ոչ նրա համար, որ մեզ զրկի լույսից և ուրախությունից կամ մեր հոգում հանգցնի կյանքի տենչը։ Ընդհակառակը, մահը մեր մեջ դաստիարակում է կյանքի այդ տենչը` կենտրոնացնելով ու ազնվացնելով այն։ Նա մեզ սովորեցնում է ժամանակ չկորցնել, ձգտել լավագույնին, ամեն ինչից ընտրել միայն հոյակապը, երկրի վրա ապրել միայն աստվածայինով, քանի դեռ տևում է մեր այս կարճ կյանքը։ Մահվան ստվերը սովորեցնում է մեզ ապրել լույսով։ Մահվան շունչը կարծես շշնջում է մեզ. «ՈՒշքի եկեք ու, մահկանացու լինելով, ապրեք անմահի պես»։ Նրա մոտենալը մեր տկար, կարճատես աչքերը դարձնում է տեսունակ ու հեռատես։ Իսկ նրա վերջնական վրա հասնելն ազատում է մեզ բնության բեռից ու մարմնավոր անհատապաշտությունից։ Թույլատրելի՞ է արդյոք մեզ անիծել նրան այս ամենի համար և նրան համարել չարի ու խավարի սկիզբ։
Ես հասկանում եմ, որ նրա վերջնական ու անուղղելի լինելը, նրա խորհրդավորությունն ու առեղծվածայնությունը կարող են տագնապ ներշնչել մարդկանց։ Բայց կյանքի հոսքը, որի մեջ մենք ընթանում ենք, մեզ ամեն րոպե բերում է այդ անուղղելիությունը, նույն խորհրդավորությունը և անհասանելի բարդությունը։ Չէ՞ որ մեր երկրային ճանապարհի յուրաքանչյուր պահն անդառնալի է ու, այրվելով, սլանում ընկնում է ինչ-որ անդունդի մեջ, իսկ անցյալի այդ վիհը և վրա հասնող ապագայի անդունդը ոչ պակաս սարսափելի են, քան մեր գալիք մահվան պահը։ Կյանքը ոչ պակաս խորհրդավոր է, քան մահը` մենք միայն փակում ենք մեր աչքերը դրա վրա և սովորում չտեսնել։ Իսկ մահը, եթե ճիշտ ընկալենք ու հասկանանք այն, ոչ այլ ինչ է, եթե ոչ անձնական կյանքի բացառիկ ու վեհ գործողություն։ Եվ նրան, ով ճիշտ կտեսնի ու կընկալի այն, մահը կբացահայտվի իբրև մի նոր բարեկամ` հոգատար, հավատարիմ և իմաստուն։
Տպագրության պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ