ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Հոգու բժշկարան

Հոգու բժշկարան
14.04.2009 | 00:00

ԶՐՈՒՅՑՆԵՐ
ՓՐԿՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ

Ես ուղղափառների մի խմբի և իրենց քահանայի հետ Տյան Շանի լեռներում բոլշևիկների նահատակած սրբերի գերեզմանին այցելեցի։ Մեզ հետ եկել էր մի լռակյաց ու լրջախոհ, միջին տարիքի մարդ, այնտեղի փայտաշեն խցի աղյուսե վառարանը նորոգելու համար։ Երբ նա վերջացրեց աշխատանքը, մտերմաբար զրույցի բռնվեց ինձ հետ ու իր սրտի գաղտնիքներից մեկը բացեց։
Բնավորությամբ ինքնամփոփ ու քչախոս լինելով՝ ես հասկացա, որ նրա խոսքաշատությունը մեր ազգին շնորհակալություն հայտնելու մի եղանակ էր. քանի որ Գրիգոր Նարեկացու շնորհիվ Աստված տարիներ առաջ նրան դժոխքի դռներից էր ազատել։ Իսկ նրա արած պատմությունը հետևյալն էր. «Ես մասնագիտությամբ փորձարար քիմիկոս եմ։ Զբաղմունքս թույներն էին, ոչ թե սովորական, այլ գերհզոր ուժ ունեցողները, որոնք բացարձակապես հոտ ու գույն չունեն։ Օրինակ, դրանցից մեկը, թեկուզ լուցկու գլխիկի չափ, եթե գցեին քաղաքի խմելու ջրի ամբարը, կարող էր հազարավորների մահվան պատճառ դառնալ։ Մի խոսքով, սատանայախորհուրդ մասնագիտություն էր՝ կապված քրեական ու ստվերային մութ ուժերի հետ, որոնք իրենց հակառակորդներին ոչնչացնելու համար պատրաստ էին հազարավոր դոլարներ տալ, որ այդ թույներից թեկուզ մի գրամ ձեռք բերեն։ Դե, ես էլ, անհավատ մարդ լինելով, արդեն ուզում էի դրանցից մեկի հետ գաղտնի համաձայնության գալ, երբ պատահաբար ձեռքս ընկավ մի բանաստեղծական գիրք։ ՈՒ քանի որ սիրում էի բանաստեղծություններ կարդալ, բացեցի ու առաջին իսկ պատահած էջը կարդացի։ Այն, ինչ զգացի հենց առաջին տողերից, ապշեցրեց ինձ խոսքի անբացատրելի ուժգնությամբ, ներթափանցող զորությամբ, որոնք կարծես մինչև հոգուս շտեմարաններն էին հասնում։ ՈՒ ես հասկացա, որ սրանք բանաստեղծություններ չեն, այլ սրբարար աղոթքներ, որոնք կյանքի ճանապարհին լուսավորում, մաքրում և պայծառացնում են հոգիդ։ Միայն այդ ժամանակ ես անվանաթերթին ուշադրություն դարձրի, որ իմանայի, թե ում հետ գործ ունեմ։ Կարդացի բանաստեղծի անունը՝ Գրիգոր Նարեկացի, բայց դա ինձ ոչինչ չասաց նրա ազգային պատկանելության մասին։ Իսկ երբ կարդացի նախաբանը, որ նա պատկանում է հայոց ազգին, որը 301 թ. առաջինն է ընդունել քրիստոնեությունը, հասկացա, որ մինչ այդ շատերիս անհայտ, բայց զարմանալի անաղարտ ակունքի եմ հանդիպել։ Դրանից հետո այդ գիրքն ինձ համար ոչ թե սոսկ բանաստեղծություն էր, այլ մի հրաշալի աղոթագիրք։ Այն բացահայտում էր անտեսանելի, բայց իրական Աստծուն, որի մասին մինչ այդ լսել էի, բայց թերահավատությամբ մերժում էի Նրա լինելությունը՝ շարունակելով մնալ իմ մեղքերի գերին։
Մի խոսքով, ձեր հայրենակիցն ինձ ճշմարիտ ուղու վրա դրեց, ինչի առաջին պտուղը եղավ այն, որ հրաժարվեցի խիստ շահութաբեր այն մեղսալից գործարքից։ Իսկ երկրորդ պտուղը եղավ այն, որ ես ընդհանրապես հրաժարվեցի թունագետի մասնագիտությունից ու որոշեցի հասարակ վառարանագործ դառնալ և հմտանալ վառարան պատրաստելու մեջ։ Ահա այս ձևով իմ հանապազօրյա հացն եմ վաստակում։ Եվ ասեմ, որ իմ կերած ամեն մի կտոր ցամաք հացը, նախկինի հետ համեմատած, կարծես մանանայով հունցած լինի, այնքա՜ն քաղցր է քիմքիս, քանզի ազնիվ ճանապարհով է վաստակած և աղոթքով է օրհնված։ Այդ պատճառով ամբողջ սրտով խորին շնորհակալություն եմ հայտնում ձեր հայ ազգին Գրիգոր Նարեկացու նման զավակ ծնելու համար»։
Ես, որ լուռ ու զարմացած լսում էի այս վկայություն-խոստովանանքը, սրտումս օրհնում էի Աստծուն ու Իր ընտիր սրբերին, հանձին Գրիգոր Նարեկացու, որ դարերի խորքից թափանցելով՝ ճեղքել է կոմունիստական անաստվածության վարագույրը և չի թողել, որ սատանայի թույնով մարի այս հոգու մեջ պլպլացող հավատքի պատրույգը և, դարձի բերելով նրան, դեպի փրկություն է առաջնորդել։
Որպես կարևոր շարունակություն հոգիների բուժման, անհրաժեշտ է իմանալ, որ այն մեղքերից, որ մենք ենք կատարում, առաջինը մեր հոգիներն են տուժում և աղտոտվում դրանց ներկայությամբ, ուրեմն ամենաառաջինը պետք է այդ մեղքերից ազատվել, որպեսզի մեր միտքն ու մարմինն էլ բժշկվեն։ Դրա համար մարդասեր Աստված կարգել է ապաշխարության հնարավորությունը, որն այս օրերին պահքով ու մեղքերի խոստովանությամբ անցնում են մեր առաքելական եկեղեցու հավատացյալները։
Սրա վերաբերյալ ևս մեկ պարզաբանում, և անցնենք առաջ։ Բոլորս ծանոթ ենք Հայր մեր աղոթքին. դա անձամբ Հիսուսի սովորեցրած Տերունական աղոթքն է, որտեղ կա շատ կարևոր մի հանգամանք, որին քչերս ենք ուշադրություն դարձնում. դա հետևյալ տողն է. «...ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք ներում մեր պարտապաններին»։ Ըստ Տիրոջ այս խոսքի` մենք մեր մեղքերին թողություն կստանանք միայն այն ժամանակ, երբ ներենք մեր դեմ մեղանչածներին։ Եվ այս հանգամանքն այնքան կարևոր է, որ Հիսուսն այս աղոթքը սովորեցնելուց հետո ևս մեկ անգամ շեշտեց. «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների: Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր հանցանքները» (Ավետարան ըստ Մատթեոսի 6,14): Բայց որքա՜ն մարդիկ կան, որոնց մենք չենք ներել մեր դեմ գործած մեղքերի համար և շարունակում ենք ոխ ու քեն կամ էլ արհամարհանք և ատելություն պահել մեր սրտերում, որի պատճառով էլ մենք Աստծուց թողություն չենք ստանա, որքան էլ թախանձագին խնդրենք։ Իսկ եթե մեկն ասի, թե այդ մեկը շարունակում է ինձ իր արարքներով ու խոսքերով անհանգստացնել ու թշնամություն անել, ինչպե՞ս ներեմ նրան, կասեմ. այդ մասին նույնպես հոգ է տարել մեր Տերն ասելով. «Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է. քանի որ Նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է թափում արդարների և մեղավորների վրա: Եթե սիրեք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում: Եվ եթե միայն ձեր բարեկամներին ողջույն տաք, ի՞նչ ավելի բան եք անում. չէ՞ որ մաքսավորներն ու մեղավորները նույնն են անում: Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Ավետարան ըստ Մատթեոսի 5, 44-48):
Այս տողերի մեջ հոգևոր պատերազմում հաղթելու զենքեր կան. երբ փորձեք սիրել ձեր թշնամուն, բայց ատել նրա կատարածները և օրհնել նրան, այդ ժամանակ դուք զինաթափ եք անում նրան որպես ձեր դեմ գործիք և միջոց օգտագործող սատանային։ Ինչպես խավարի դեմ չեք կարող սուր ճոճելով հաղթել նրան, այլ միայն լույսով, այդպես էլ ձեր թշնամուն չեք կարող չարությամբ հաղթել, այլ միայն բարությամբ և նրա համար աղոթելով։ Դրանով դուք զորանում եք, իսկ թշնամին` տկարանում։ Իսկ եթե նա այդքանից հետո էլ է շարունակում թշնամանալ, միևնույն է, դուք մի՛ նմանվեք նրան, այլ վրեժխնդրությունը թողեք Աստծուն, քանի որ Նա բոլորիս Տերն է ու Արարիչը։ Եվ ձեր հոգին անխռով ու հանգիստ կլինի։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2751

Մեկնաբանություններ