ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Իսկ ի՞նչ է լինելու հետո...

Իսկ ի՞նչ է լինելու հետո...
31.10.2008 | 00:00

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԱԲԱՆԸ
Մոռացված ամերիկյան պիեսում, որ կոչվում է «Իսկ հետո՝ լռություն», ծերուկ Կուպերը, հիսուն տարվա համատեղ կյանքից հետո հրաժեշտ տալով իր կնոջը, ասում է. «ՈՒրախ էի, տիկին Կուպեր, Ձեզ հետ ծանոթանալու համար»։ Կուպեր ամուսիններին միմյանցից բաժանեցին իրենց սեփական երեխաները, ինչը հատուկ դրամատիզմ է մտցնում իրադրության մեջ։ Հայ-ռուսական հարաբերություններում, իսկապես, շատ է եղել դրականը, և հայերը, անշուշտ, ուրախ են, որ հաջողություն ունեցան ծանոթանալու ռուսների հետ։
ԽՍՀՄ-ի վերակառուցման սկզբնական շրջանում Մոսկվային միանգամայն ձեռնտու էր ոչ մեծ, հազիվ նկատելի հասարակական շարժումը հայկական միջավայրում՝ կապված ղարաբաղյան խնդրի հետ։ Մոսկվան միանգամայն թույլատրելի էր համարում հայերի միկրոսկոպիկ և կառավարելի դժգոհությունը Լեռնային Ղարաբաղի հետ կապված։ Մանավանդ որ ԱՄՆ-ի ԿՀՎ-ի, ինչպես նաև բրիտանական և թուրքական հատուկ ծառայությունների դոսիեներում ղարաբաղյան խնդիրը, որպես ԽՍՀՄ-ի ներսում լուրջ պրոբլեմ, չէր դիտարկվում և չէր պարունակում ինչ-որ էական քաղաքական ներուժ։ Մոսկվայում, Վաշինգտոնում, Լոնդոնում ու Անկարայում հայերին դիտարկում էին իբրև պատմության մեջ տանուլ տված ազգ, որը դատապարտված է լուռ համաձայնության իրեն վերագրված ճակատագրի հետ։ Սակայն այն բանից հետո, երբ ղարաբաղյան շարժումը ձեռք բերեց լայն զանգվածային բնույթ, Մոսկվայում սկսեցին համարել, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավար վարչակազմերի հետ իրենց հարցերը լուծելուց հետո այդ շարժումը հնարավոր կլինի մարել։ Այսպես թե այնպես, Ռուսաստանը, այսինքն՝ գործնականում ամբողջ ռուսական հասարակությունը, ռուսական մտավորականությունը ղարաբաղյան շարժումն ընկալեցին իբրև թշնամական շարժում՝ ուղղված կայսրության փլուզմանը։ Շարժման ակտիվիստները չկարողացան աջակցություն ստանալ ռուսական հասարակության որևէ խմբի կողմից։ Խորհրդային ԶԼՄ-ները գերակատարում էին սովետական ղեկավարության հանձնարարականը` հայկական շարժումն անարգանքի սյունին գամելու հարցում։ Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա 1989-91 թթ. ռեպրեսիաները, խորհրդային և ռուսական զորքերի 1991 և 1992 թվականների պատժիչ գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության նկատմամբ, ինչը հանգեցրեց Հյուսիսային Արցախի կորստին, ոչնչացվեց շուրջ 40 հայկական բնակավայր, զոհվեց շուրջ 1000 հայ։ Այդ իսկ պատճառով, Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելով, չպետք է մոռանալ, որ հայ ժողովրդի պատմական ռուսական կողմնորոշման ավարտի սկիզբը դրվեց հենց Լեռնային Ղարաբաղից։
Ժամանակակից Ռուսաստանն իրենից ներկայացնում է մի երկիր, ուր իշխանությունը զգալի չափով ապակենտրոնացված է, և պետությունը կառավարում են միանգամից մի քանի իշխանական կենտրոններ, որոնք ներկայացնում են արդյունաբերական, հումքային, էներգետիկ, տեղեկատվական, ինֆորմացիոն-հետախուզական և պաշտպանական կորպորացիաները։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ մանիպուլյացիաների իրականացումը մեծ դժվարություն չի ներկայացնում։ 1994-ից հետո տարբեր փուլերում ինչպես Մոսկվայում, այնպես էլ Ռուսաստանի որոշ հարավային տարածաշրջաններում ձևավորվել են լոբբիստական խմբավորումներ, որոնք աջակցում էին Ադրբեջանին կամ էլ իրականացնում հակահայկական քաղաքականություն։ Այդ խմբավորումները տարբեր ժամանակներում գլխավորել են Վլադիմիր Գուսինսկին, Ֆիլիպ Բաբկովը, Եվգենի Պրիմակովը և ուրիշներ։ Հիշյալ խմբավորումները խոշոր գումարներ են ստացել Հեյդար Ալիևից և Իլհամ Ալիևից։ Լոբբիստական նպատակներով ակտիվորեն օգտագործվում էր նաև «Լուկօյլ» կոնցեռնի նախագահ Վագիթ Ալեքպերովը, որն այսօր դարձել է Ռուսաստանում ադրբեջանական լոբբիի առանցքային դեմքը և սերտ ինտեգրացված է երկրի քաղաքական ղեկավարության հետ։ Բայց «հայերի երջանկությունը» այն էր, որ Եվգենի Պրիմակովին Ռուսաստանի վարչապետի պաշտոնից հեռացնելուց հետո ադրբեջանամետ լոբբիստներից ոչ մեկը Մոսկվայի բարձրագույն իշխանական շրջանակներում առանց մրցակիցների գործելու հնարավորություն չունեցավ։
Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի նախագահ ընտրվելուց հետո տեղի ունեցավ ռուսական արտաքին քաղաքականության սկզբունքային սրբագրում։ Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունը 2000-ի կեսերից մինչ այժմ գտնվում է ակտիվ բանավիճային փուլում, և այդ բանավեճն ընթանում է բառացիորեն Ռուսաստանի նախագահի «նախաբաղնիքում»։ Բանավեճի էությունը շատ կողմերով պայմանավորված է նրանով, թե ինչպիսին պիտի լինի Ռուսաստանի քաղաքականությունը հակամարտող տարածաշրջաններում։ Այսինքն` այն պիտի լինի պարիտետի կամ հավասարակշռությա՞ն քաղաքականություն, որն ավանդական է Մոսկվայի համար, թե՞ պետք է հենվի առաջնահերթությունների վրա։ Պարիտետի կամ հավասարակշռության քաղաքականություն իրեն կարող էր թույլ տալ ԽՍՀՄ-ը, բայց ոչ ներկա Ռուսաստանը։ Հավասարակշռության քաղաքականությունը, որն ուղեկցվեց ուշացումներով, անհամաչափությամբ, անհետևողականությամբ և աջակցություն չգտավ ռուսական հասարակության ներսում, այսօր հանգեցրել է բացարձակ տապալման Բալկաններում, կորսված են Ռուսաստանի բոլոր դիրքերը Մերձավոր Արևելքում, անվստահություն կա անգամ այնպիսի տերությունների կողմից, ինչպիսիք են Իրանը կամ Հնդկաստանը։ Պարիտետային սպեկուլյացիաների փորձերը Մոսկվային հանգեցրին Ռուսաստանի դերի վերագնահատման նույնիսկ այնպիսի փոքր հանրապետությունում, ինչպիսին Աբխազիան է և, առհասարակ, ամբողջ Հյուսիսային Կովկասում։ Սակայն Վլադիմիր Պուտինի քաղաքականությունն ընդամենը «անցումային» էր հետելցինյան Ռուսաստանում, և այդ փուլը կարծես ավարտվում է։
Ռուսաստանը Հարավային Կովկասում և աշխարհում զարգացող վերջին իրադարձություններն ընկալում է իբրև իր «աստեղային ժամ» և փորձում առաջարկել Հայաստանին ոչ այլ ինչ, եթե ոչ ազգային աղետ՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու տարբերակով։ Այդ նախագիծը, որը ռուսական առաջատար և պաշտոնական քաղաքագետի բնորոշմամբ «փլուզման դատապարտված հոտած գործ է», Ռուսաստանում ադրբեջանական լոբբիստների փոխանցմամբ, սպիտակ թելերով «կարվել» է նախագահ Դմիտրի Մեդվեդևի շրջապատում։ Հիմա արդեն առավել պատասխանատու ռուսական պաշտոնյաները, այդ թվում՝ հետախուզական ծառայությունների, ինչպես նաև երիտասարդ դիվանագետները, որ մտածում են ոչ Երևանի կամ Բաքվի ռեստորանների մասշտաբով, գիտակցում են, որ գործընթացների ազդեցությունը շատ ավելի լայն է, քան Հարավային Կովկասի տարածաշրջանը։ Նրանք արդեն գիտակցում են ռուս-հայկական հարաբերություններում պրոբլեմների առկայությունը և այն, որ նախկին հարաբերություններն ու վստահությունը չեն լինելու երբեք։ Այդ «ընկալումը» Մոսկվայում պատասխանատու որոշումների կայացման տեսանկյունից այսօր քիչ նշանակություն ունի, քանի որ ռուսական քաղաքական գործիչներն ու նրանց ծրագրավորողների «կոմպանիան» իրենցից ներկայացնում են ոչ այլ ինչ, եթե ոչ մանր առևտրականներ՝ մաշկային շահերից բխող «առաջնահերթություններով»։ Սակայն, այսպես թե այնպես, Ռուսաստանը դեռ բախվելու է շատ խնդիրների՝ կապված Հայաստանի ու հայերի հետ։ Նախկինում երբեք հայկական միջավայրից դուրս եկած հայերը չեն գործել ընդդեմ Ռուսաստանի։ Նույնիսկ օսմանները նկատել են, որ եթե սուլթանի մերձավոր շրջապատում եղել են ազդեցիկ հայեր, ապա ռուս-թուրքական հարաբերությունները բարելավում են արձանագրել։ Հիմա ինչ-որ կշիռ ունեցող հայերն աշխարհում ակտիվորեն գործելու են ընդդեմ Ռուսաստանի։
Մոսկվան այսօր փորձում է օգտվել ամերիկյան քաղաքականության մեջ առաջացած դադարից, Եվրոպայի շփոթվածությունից և այդպիսով իրագործել Ղարաբաղի հանձնման իր ծրագիրը։ Դա անել չի հաջողվի, որովհետև թույլ չեն տա։ Թույլ չեն տա ամերիկացիները, ովքեր շատ արագ, ուղղակի վայրկենապես արձագանքեցին այդ փորձերին, քանի որ հասկացան. ղարաբաղյան խնդրի լուծումը ռուսական սցենարով հանգեցնելու է ԱՄՆ-ի կարևորագույն դիրքերի կորստին տարածաշրջանում՝ առաջացնելով ավելի մեծ բարդություններ թուրք-ամերիկյան հարաբերություններում։ Հարկ է ընդգծել, որ ամերիկացիներն ակնհայտորեն թերագնահատեցին ղարաբաղյան խնդրի տարածաշրջանային և միջազգային նշանակությունը, մինչև համոզվեցին, որ ղարաբաղյան թեման իրենց կողմից չվերահսկվող կառուցվածքի կարևոր տարր է։ Հիմա ԱՄՆ-ը սպասողական կեցվածք է որդեգրել և բավարարվում է ծաղրական ռեպլիկներով ԵԱՀԿ Մինսկի խմբի հնարավոր լուծարման վերաբերյալ։ Այսինքն՝ հանդես է գալիս իբրև կողմ քաշված դիտորդ, բայց իրականում կիրառում է նույն մարտավարությունը, որն իրեն լիովին արդարացրեց Վրաստանի պարագայում։ Այնտեղ ԱՄՆ-ն ուղղակի ներքաշեց Ռուսաստանին Վրաստանի տարածք և դա դարձրեց կարևորագույն փաստարկ եվրոպական գործընկերների հետ բանակցություններում՝ իր ռազմական ներկայությունը Սև ծովում և Հարավային Կովկասում ուժեղացնելու տեսանկյունից։ Հիմա ամերիկացիները հաճույքով հետևում են, թե ինչպես Ռուսաստանը միանգամայն կամավոր ներքաշվում է տապալման դատապարտված գործընթացի մեջ, որի արդյունքում կորցնելու է իրական դիրքերը տարածաշրջանում՝ ձեռք բերելով կասկածելի և պատրանքային առավելություններ։
Հազիվ թե մոտ ապագայում Հայաստանը հայտարարի ԱՊՀ ՀԱՊԿ կազմում իր մասնակցությունը դադարեցնելու, Գյումրիի ռազմական բազայի վերաբերյալ, ինչպես նաև հայ-ռուսական «Մեծ պայմանագիրը» վերանայելու մասին։ Հայաստանն ու Ռուսաստանը դեռ երկար ստիպված կլինեն հանդուրժել միմյանց։ Ռուսական քաղաքական միջավայրում լայն տարածում գտած ձևակերպումները, թե Հայաստանն իբրև գործընկեր այլևս հետաքրքիր չէ Ռուսաստանի համար, և, ըստ այդմ, սերտ հարաբերությունների պահպանումն անիմաստ է, շուտով կդառնան կոսմետիկ հնարքներ, եթե անգամ նման տեսակետներ գոյություն ունեն, ոչ հրապարակային կտրվածքով դրանք կդառնան բացարձակապես անիմաստ։ Հայաստանին ստիպել հանձնել Ղարաբաղը` անհնարին է, դա ակնհայտ իրողություն է և լավ դաս կդառնա ուսուցում անցնող ռուսական քաղաքական գործիչների համար, ովքեր ոչ թե քաղաքականությամբ պետք է զբաղվեին, այլ կերոսինի առևտրով։ Ղարաբաղյան թեման կարող էր դառնալ գերազանց վարժահարթակ ցանկացած ազգության և կարգավիճակի քաղաքական գործիչների համար։ Բայց ռուսական քաղաքական գործիչները սկզբունքորեն ընդունակ չեն օգտվելու դրանից։ Այն տհաճությունները, որ եղել են Ղարաբաղի պատճառով, մոռացել են միայն հայերը (իհարկե, ոչ բոլորը)։ Սակայն ռուսների համար այն շարունակում է մնալ մեծ վիրավորանքից առաջացած ու չփակված վերք։ Ղարաբաղյան թեման ռուսական գիտակցության մեջ «ռումբ է՝ ժամանակին դրված իրենց կայսրության հիմքում»։ Այն վերածվել է որոշակի սինդրոմի ռուսական գենետիկական կոդում։ Եվ այժմ ռուսական նախագծի հետ կապված հայկական դժգոհությանը փաստարկված պատասխան չգտնելով, ռուսական քաղաքագետներն ու քաղաքական գործիչները սկսել են վերհիշել ոչ միայն ղարաբաղյան շարժումը, որն իրենց այդքան տհաճություններ պատճառեց, այլև ռուսական լիբերալներին, որոնց հետ ախպերանում էր Հայաստանի նախկին ղեկավարությունը։ Բոլոր հնարավոր առաջնահերթ և երկրորդական տարբերակներից բացի, որ հնարավոր են ռուսական նախագծի հետ կապված, պետք է անպայման նկատի ունենալ քաղաքական-զգացմունքային վերաբերմունքը, որն ունեն ռուսները ղարաբաղյան թեմայի հետ կապված, և այն զգալի ատելությունը, որը չեն թաքցնում։ Ղարաբաղը նրանց հիշեցնում է իրենց ռազմավարության առաջին տապալումներից մեկը և նույնիսկ կայսերական աշխարհընկալման ֆիասկոն։ Ռուսները միշտ Ղարաբաղի հայկական պատկանելությունը համարել են ժամանակավոր երևույթ, որ իրենց ռազմավարական ռեզերվում է և կարող է լինել միայն ռեսուրս իրենց շահերի բավարարման համար։ Հիմա Վրաստանի նկատմամբ «մեծ հաղթանակից» հետո նրանց թվում է, թե ժամանակն է հաշիվները մաքրելու Ղարաբաղի հետ։
Հետաքրքրության է արժանի մի կարևոր հանգամանք այս ողջ խառնաշփոթում, և իրավաչափ հարց է, թե ինչպիսի բազային նախադրյալներից ելնելով են որոշել, թե հայերը հենց այնպես ազերիների ոտքի տակ կտան Ղարաբաղը։ Սա սկզբունքորեն այլևս հռետորական հարց է, բայց երկար տարիների կտրվածքով, հատկապես վերջին շրջանում, հայկական հասարակությունը (եթե այդպիսին գոյություն ունի) իր գործողություններով աշխարհի չորս կողմերում հաստատել է, թե հայերը համառ ապուշներ չեն և հանուն հանգիստ կյանքի ու բարենպաստ իմիջի, գործնականում ամեն ինչի պատրաստ են։ Բազմաթիվ, այսպես կոչված, փորձագետներ, վարչարարներ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ ու կուսակցություններ, ամենաթողության պայմաններում և նույնիսկ առանց պարտադրանքի, արտահայտել են ամոթաբեր համաձայնողական դիրքորոշում։ Դա նրանց համար լավ ընդունելություն էր ապահովում ինչ-որ հարմար ու հեղինակավոր տեղերում, հարմարավետ մայրաքաղաքներում, ապահովում արտաքին դրամաշնորհներ և ոչ աղքատ ապրելակերպ։ Ապշել կարելի է հատկապես, այսպես կոչված, տարբեր «վերլուծական» կենտրոնների և ոչ կառավարական կազմակերպությունների փորձագետների գործունեությունից, որոնք մի կտոր շոկոլադի և «կոպենհագեններ» հերթական գործուղման համար պատրաստ են եղել պատվիրատուների համար թխել ցանկացած բան՝ հանդուրժողականության և հաշտեցման ոգով։ Եվ այդ դեգեներատներն արդեն այնքան շատ են, որ իրենց մասին կարող են հայտարարել իբրև հայկական հասարակության։ Կոչենք իրերն իրենց անուններով, եթե խոսում ենք ներկայիս հայ հասարակության և հայ ինտելեկտուալների մասին, քանզի այդ շրջանակից դուրս հասարակություն չկա։ Այդպիսիներն էլ ընդունակ չեն հասկանալու, որ հայկական քաղաքական դասակարգի, այդ թվում՝ իրենց, բարեկեցությունը, իրականում խարսխված է ԽՆԴՐԻ վրա։ Այն ԽՆԴՐԻ, որն էլ հենց հայկական գաղափարախոսությունն է ու հայկական ազգային շահերը՝ ոչ մի կերպ չտեղավորվող գոյություն ունեցող գաղափարաքաղաքական որևէ ռազմավարության մեջ։ Ղարաբաղյան հարցն այդ խնդրի մի մասն է միայն։ Եվ ահա այդ վերջացած մազոխիստները, որ բազմացել են չկռտած շների նման, ողորմություն են ստանում արտասահմանից ու իրենց երևանյան տերերից միայն այն բանի համար, որ ղարաբաղյան խնդիրը դեռևս գոյություն ունի, և եթե այն չլիներ, իրենք պիտանի էին միայն աղբահավաքությամբ զբաղվելու։ Ըստ այդմ, ի՞նչ կարելի է սպասել այդ ամբոխից, որը փորձում է ներկայանալ իբրև «քաղաքացիական հասարակություն» և, այդքանով հանդերձ, տեղեկատվություն ու գաղափարներ է ստանում կիսագրագետ «Ռեգնում» գործակալությունից, որը ռուսական գործիք է՝ նախատեսված կովկասյան ազգության դեմքերի համար։ Եվ այդքանից հետո այդ մարդիկ բոլոր ջանքերը գործադրում են այս խնդրից ազատվելու համար։ Այն ժամանակներում նրանց կկոչեին վհուկներ և սատանիստներ, ինչը ճշմարտությունից հեռու չէ։ Քանզի միայն նզովյալները կարող են այդպես ատել ոչ միայն իրենց հայրենիքը, այլև իրենք իրենց։
Ժամանակակից էլիտաները պարզունականացման այնպիսի անհույս հանգրվանում են, որ ընդունակ չեն օգտվելու նույնիսկ մակերեսի վրա գտնվող քաղաքական հնարավորություններից։ Էլիտաները միայն դատարկաբանում են աշխարհաքաղաքականության և աշխարհառազմավարության մասին՝ գործնականում անտաղանդ կերպով արձագանքելով արտաքին մարտահրավերներին։ Ռուսաստանում այսօր հրատարակված է անհաշիվ տպաքանակով գրականություն «աշխարհաքաղաքականության» և այլնի մասին։ Գործնականում, սակայն, ռուսները վախենում են աշխարհաքաղաքականությունից։ Այն նրանց ներկայանում է իբրև շքեղություն աղքատության մեջ, իմաստազուրկ և գեղեցիկ «գլամուրային» հեքիաթ, որը չի համապատասխանում իրենց տրամաբանությանը։ Բոլոր այդ ողորմելի ջանքերը, որ միտված են ռուս ժողովրդի նկատմամբ պատմական անարդարության ուղղմանը, ծիծաղելի են, եթե նկատի ունենանք, թե ինչպիսի ահռելի խնդիրներ պետք է լուծի Ռուսաստանը, որպեսզի կարողանա գոյատևել իբրև պետություն, առավել ևս՝ հզոր տերություն։ Ռուսաստանը գտնվում է կաղապարված պատկերացումների և հասկացությունների ազդեցության ներքո, որոնք գեներացված են ոչ թե այսօր ակտուալ քաղաքական էլիտայի կողմից, այլ նախորդ կայսերական սերունդների ժառանգությունն են։ Ռուսաստանը խուճապային վախ ունի այն կապակցությամբ, որ կարող է գտնվել քիչ թե շատ հասկանալի, թեկուզ և համեստ, աշխարհաքաղաքական դիրքերում, որոնք ստեղծվել են ինքնաբերաբար և առանց հատուկ ջանքերի։ Այդ դիրքերը հնարավորություն են տալիս խաղալու ինչպես արտաքին աշխարհում, այնպես էլ սեփական հասարակության մեջ և այդ խաղը ներկայացնելու իբրև հայրենասիրական քաղաքականություն։ Չնայած մշտական ռազմական հակամարտություններին, որոնց մեջ պարբերաբար ներքաշվում է Ռուսաստանը, «ժամանակի հերոսներն» այնտեղ չեն դարձել ռուս զինվորները կամ նույնիսկ գեներալները, որոնք պաշտպանում են երկրի սահմաններն ու անվտանգությունը։ Հերոսներն այնպիսի առաջադեմ տղաներն են, ինչպիսիք են Վ. Գուսինսկին, Մ. Խոդորկովսկին կամ Ռ. Աբրամովիչը։ Հերոսական այսպիսի պարադիգմով կարելի է միայն խոսել աշխարհաքաղաքականության մասին, ոչ թե զբաղվել դրանով։ Ռուսական հասարակությունն այսօր հայտնվել է արհեստականության, երեսպաշտության ու խաբեության անդունդում և աշխարհաքաղաքականությամբ զբաղվելու փոխարեն կարող է մտահոգ լինել միայն առաջիկա ընտրություններով։ Այդ իսկ պատճառով Հայաստանից, իբրև գործընկերոջից, հիասթափվածության մասին կարելի է խոսել միայն քողարկված քարոզչության ծիրում։ Ռուսաստանը շարունակելու է աջակցել Հայաստանին նույնիսկ այն դեպքում, եթե Հայաստանը դառնա ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ։ Որովհետև հակառակ դեպքում ռուսների նոր ընկեր-տղերքը՝ թուրքերը, կանցկացնեն նոր սահմաններ, որոնք լավագույն դեպքում կանցնեն Ռոստով-Աստրախան գծով, եթե ոչ ավելի հյուսիսով։ Բայց դրա համար Հայաստանը պետք է լինի իրական գործընկեր, ոչ թե «արտաքնոցի թուղթ», և վերջապես հայտարարի, որ անթույլատրելի է ռուսական ժամանակակից զենքով Ադրբեջանին զինելը, հակառակ դեպքում հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունն իմաստազրկվում է։
Ռուսաստանն իրապես վախեցած է նույնիսկ սեփական քայլերից, և նրա ղեկավարությունը բավական շփոթված է ու չի կարողանում իմաստավորել նոր իրավիճակը, որում հայտնվել է իր երկիրը Վրաստանով մեկ ռուսական զինվորականների զբոսանքից հետո։ «Մեծ հաղթանակից» քիչ անց պարզվեց, որ ռուսական ղեկավարությունը չի կարողանում օգտագործել նույնիսկ դա և խուճապահար սպասում է ԱՄՆ-ում նոր վարչակազմի իշխանության գալուն։ Եվրասիական տերություն լինելու հավակնություններ ունեցող Ռուսաստանի քաղաքական գործիչներին չեն ուրախացնում Հարավային Կովկասում նոր ձեռքբերումները, իսկ Աբխազիան գնալով ավելի է վերածվում գլխացավանքի՝ կապված Թուրքիայի նախապատրաստած «չերքեզական նախագծի» հետ, որն իբրև ռումբ դրված է ռուսական նախագծի տակ։ Միկրոսկոպիկ Աբխազիան այսօր ոչ պակաս աշխարհաքաղաքական հավակնություններ է ցուցաբերում, քան նույն Ռուսաստանը, և Մոսկվայում կամաց-կամաց սկսում են հասկանալ, որ «Աբխազիան» ընդամենը մի մասն է բրիտանաամերիկյան Սևծովյան-Կովկասյան նախագծի։ Օվկիանոսյան տերությունները վաղուց են որոշել դուրս բերել Աբխազիան Վրաստանի կազմից՝ Սև ծովում և Հյուսիսային Կովկասում իրենց ծրագրերն իրագործելու համար, ինչը և թույլ է տալիս Ռուսաստանը։ Ահա և մեծ տխմարության մի փոքրիկ օրինակ, և հիմա տխմարության մեջ թարմություն մտցնելու համար Մոսկվան որոշել է զբաղվել Ղարաբաղով, առանց հասկանալու, թե ինչպես կարելի է հանձնել այն, ինչը քեզ չի պատկանում։ Բայց, հավանաբար, ինչ-որ մեկը երկար ժամանակի կտրվածքով համոզել է ռուսներին, թե Ղարաբաղն իրենց է պատկանում և հիմա ստիպված կլինի հակառակը համոզել։ Ինչպիսին էլ լինեն հայ-ռուսական հարաբերություններն ապագայում, Ռուսաստանը չի հրաժարվի Ղարաբաղը Հայաստանից խլելու փորձերից, որպեսզի ապացուցի, թե ոչ մի նախագիծ հնարավոր չէ իրագործել առանց իր համաձայնության։ Եվ դրանից խուսափելու համար անհրաժեշտ է Մոսկվայի առջև դնել ԼՂՀ անկախության ճանաչման հարցը, թեկուզ և դա վերոնշյալ փորձերի դադարեցման երաշխիք չի կարող լինել։
Այսպիսով, Ռուսաստանը համեստ աշխարհաքաղաքական հնարավորությունների երկիր է, և դա այն է, ինչ պետք է Հայաստանին։ Սակայն չի նշանակում, որ այդ համեստ աշխարհաքաղաքական հնարավորությունները վտանգավոր չեն։ Կարևորագույն ուղղություններով Ռուսաստանի կողմից գլոբալ ճեղքումն ավելի նախընտրելի կլիներ, բայց այստեղ-այնտեղ հասցվող մանր ինքնաբուխ հարվածներն այդ ոճի տրամաբանության մեջ շատ վտանգավոր են։ Միանգամայն սպասելի է, որ Ռուսաստանը պատերազմ հրահրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Ռուս-վրացական հակադրության ժամանակ Ռուսաստանը Հայաստանից բացարձակ ինքնազոհության սպասումներ ուներ և այժմ ցուցադրում է իր մեծ հիասթափությունը։ Երես առած և ճակատագրական պարտությունը գիտակցող մոսկովյան տեղային քաղաքագետների համար այդպիսի վիրավորանքը միանգամայն բավարար է փորձելու համոզել Հայաստանին ու Ադրբեջանին, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, թե առանց Ռուսաստանի մասնակցության և անմիջական ռազմական ներկայության Ղարաբաղում անհնար է խաղաղության պահպանումը։ Ռուսաստանն ակնհայտորեն ցույց տվեց, որ կարող է զոհել ազգային շահերը, բայց ոչ իր միակ գործընկերոջը Հարավային Կովկասում, և դա բավարար է ռազմական գործողություններ սկսելու հարցում նրա համաձայնությունը ստանալու համար։ Ճիշտ է, Ադրբեջանը խիստ վախենում է դրանից, բայց գործընթացները կարող են վերահսկելի լինել այլ առումով։ Այսինքն՝ պատերազմը կարող է սկսվել միայն Ռուսաստանի և Թուրքիայի փոխադարձ համաձայնության պայմաններում, քանի որ Ադրբեջանը պատերազմը կվերսկսի միայն Անկարայի ազդանշանով։ Արդյոք դա պե՞տք է Թուրքիային։ Այս դեպքում Թուրքիայի դիրքորոշումը լիովին կախված է լինելու ոչ թե Ռուսաստանի հետ հարաբերություններից, այլ Եվրամիության ու ԱՄՆ-ի հետ փոխհարաբերություններում առկա խնդիրներից։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 4794

Մեկնաբանություններ