ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Նրանք դեռ որոճում են ցնորամիտ լեգենդներ»

«Նրանք դեռ որոճում են ցնորամիտ լեգենդներ»
03.09.2024 | 07:43

Արցախում պատերազմական գործողությունների ուղղվածությունը ևս երբեք տարերային բնույթ չի կրել, այլ իրականացվել է պետության ղեկավարության և բանակային հրամանատարության ծրագրերին համապատասխան: Դեռ ավելին, քաղաքական իշխանությունը, ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա թիմի, իրականացնում էր ոչ միայն պատերազմի քաղաքական ղեկավարությունը, այլև բազմիցս սրբագրում և ուղղորդում էր բուն պատերազմական գործողությունների ընթացքը: Եվ այդ գործում նա ղեկավարվում էր զուտ ռազմական անհրաժեշտություններից, պատերազմը հաղթականորեն ավարտելու տրամաբանությունից:

Արտաքին քաղաքական ճնշման մամլակում հայտնված Հայաստանի համար հեշտ չէր Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ որոշում կայացնելը, բայց նրա ղեկավարությունը այդ քայլը կատարեց որպես պատերազմի պարտադրանք: Չէ՞ որ ակնհայտ էր, որ ռազմական տեխնիկայի և զենքի նոր տեսակներով սաստկացող պատերազմը անհնարին կլիներ շահել ուղղաթիռային մատակարարումների միջոցով: Եվ պետությունը միջազգային պատժամիջոցների ենթարկվելու ռիսկին դեմ հանդիման վճռական որոշում կայացրեց և իրականացրեց Հայաստանը Ղարաբաղի հետ կապող ցամաքային ապահով միջանցքի բացումը:

Քելբաջարից և Կուբաթլիից մինչև Հորադիզ ու Աղդամ տարածված շրջանների գրավումը նույնպես ո՛չ ինքնաբերաբար է եղել, ո՛չ էլ Ադրբեջանից հավելյալ տարածքներ գրավելու սնափառությամբ մղված, այլ իրականացվել է հատուկ ծրագիր՝ նպատակ ունենալով մի քանի հարյուր կիլոմետրով կրճատել ռազմաճակատի գիծը և այդ կրճատման շնորհիվ ազատված կենդանի ուժն ու տեխնիկան ռազմաճակատի նոր գիծ տեղափոխելով՝ հզորացնել նրա կարևորագույն դիրքերը:

Արցախի սահմանից ռազմաճակատի հեռացման և բուֆերային գոտու ստեղծման մասին որոշումը նույնպես բխում էր ռազմական անհրաժեշտությունից, քանի որ ապահովում էր հայ բնակչության անվտանգությունը, բացառում ճակատամերձ բնակավայրերից հաճախակի տեղի ունեցող փախեփախները, որոնք իրենց ճանապարհին խուճապի էին մատնում մյուս բնակավայրերի բնակիչներին, փաստորեն քայքայում թիկունքն ու բարոյալքում զորքը: Պատերազմում ամենավտանգավորը խուճապն է: Ի դեպ, 1992 թ. անհաջողությունները մեծ դաս եղան հենց նրանով, որ ժողովրդի հետևից նահանջն ապահովող զորքը ինչ-որ պահի ցիրուցան վիճակում հայտնվեց ժողովրդի առջևում:

Պատերազմական գործողության տեղափոխումը ադրբեջանական տարածքներ նպատակ ուներ ծանր խնդիրներ դնել հակառակորդի առջև՝ հարյուր-հազարավոր փախստականների միջոցով խուճապ ու հուսալքություն առաջացնել ադրբեջանական ճակատամերձ շրջաններում, ողջ Ադրբեջանում, նրա բանակում, ներքաղաքական գզվռտոցներ հրահրելով թուլացնել իշխանություններին և այլն:

Ադրբեջանական համարվող տարածքների գրավումը նաև դիտվում էր որպես լուրջ հաղթաթուղթ հայկական կողմի ձեռքին՝ հետագա բանակցություններում ադրբեջանցիներից զիջումներ կորզելու համար:

Վերը ասվածը մի չնչին մասն է պետական մակարդակի այն ծրագրված գործունեության, որ վարում էր Երևանը: Սա, ինչպես տեսնում եք, պարոնայք հակահշշականներ, 1918-1920 թթ. խմբերի ու խմբապետերի ՈՒլուխանլուից մինչև Թալին ու Կաղզվան վազվզոցներով պատերազմական հարցեր լուծելու «մարտավարություն» չէր։

Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ

Հատված «Նրանք դեռ որոճում են ցնորամիտ լեգենդներ» հոդվածից։

25 մայիսի, 2002 թ.

Արարատ ՄՈՐԻԿՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4355

Մեկնաբանություններ