ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Մելքոնյան վարժարանը պետք է վերաբացել սիրիահայ երեխաների համար

Մելքոնյան վարժարանը պետք է վերաբացել սիրիահայ երեխաների համար
27.01.2014 | 13:00

Կիպրոսի Մելքոնյան վարժարանի մի խումբ շրջանավարտներ կոչ-բաց նամակ են հղել Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչությանը` վերաբացելու Մելքոնյան կրթական հաստատությունը մասնավորապես սիրիահայ աշակերտների համար: Նամակի մեջ նշվում է, որ վերջին երեք տարիների ընթացքում Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի պատճառով սիրահայերը ծանր կորուստներ են կրում: «Բազմաթիւ հայ մանուկներ եւ պատանիներ զոհ կ’երթան ոմբակոծումներու կամ փամփուշտներու: Հայկական վարժարանները մասամբ կը գործեն, սակայն որեւէ վայրկեան կրնան ոմբակոծուիլ: Բազմահազար հայեր ստիպուած հեռացած են իրենց բնակարաններէն, հայկական թաղերէն եւ Սուրիայէն: Ոմանք հաստատուած են Հայաստան եւ Արցախ, ուրիշներ Յորդանան, Լիբանան կամ այլուր»,-ասվում է նամակում: Հեղինակները նշում են, որ սիրիահայ աշակերտները, երեխաներն ու պատանիները ապրում են ոչ միայն ամեն վայրկյան սպանվելու սարսափը, այլև ենթարկվում են «հոգեկան ահաւոր ցնցումներու»:

«Ապահովութիւն չկայ: Կեանքի պայմանները գրեթէ անտանելի են: Գիտենք, որ Հալէպի կարգ մը շրջաններու մէջ շատ դժուար է ուտեստեղէն եւ խմելիք ջուր գտնելը: Անհրաժեշտ է անյապաղ փրկութեան ձեռք երկարել մեր Սուրիահայ պատանիներուն, անոնց կեանքերը փրկելու զանոնք փոխադրելով ապահով միջավայր»,- մտահոգված են նամակագիրները: Նրանք կարծում են, որ ստեղծված իրավիճակում տրամաբանական է ակնկալել Մելքոնյան վարժարանի վերաբացումը` «գլխաւորաբար Սուրիահայ աշակերտներուն համար»: Նախկին Մելքոնյանականները կարծում են, որ ֆինանսկան միջոցներ հայթայթելը ավելի քան դյուրին է. «Մելգոնեանի փակումէն ետք, ու տարիներու ընթացքին Բարերարներու Կտակէն կուտակուած եկամուտներու հսկայ գումարին վրայ կ’աւելնան նաեւ Մելգոնեանի հողին վրայ կառուցուած եկամտաբեր շէնքեն ապահովուած մեծ գումարները: Առաւել, քանի որ այդ աշակերտները գաղթականներ են, միջազգային զանազան կազմակերպութիւններ, ինչպէս ՄԱԿ-ը, Կամիր Խաչը, եւ այլն, մեծապէս կը նպաստեն գաղթական աշակերտներու զանազան ծախսերուն: Վստահ ենք, որ ձեր իրաւագէտներն ու հանրային յարաբերութեանց պատասխանատուները կրնան միջոցները գտնել Մելգոնեանը վերաբանալու եւ եկամուտի միջազգային աղբիւրները գտնելու եւ օգտագործելու»: Նամակում նաև ասվում է, որ Հայաստանին հատկացվելիք բարեգործական գումարները կարելի է առավելապես տրամադրել Հայաստանում և Ղարաբաղում հաստատված սիրահայերի օգնությանը:

Նշենք, որ Մելքոնյան վարժարանը հիմնադրվել է 1926-ին` Կիպրոսում: 2005-ին այն փակվեց աշակերտ չունենալու պատճառով, թեև փակվելու պահին այն 250 աշակերտ ուներ: Վարժարանի տարածքը պատկանում ՀԲԸՄ-ին, որը որոշում էր կայացնել փակել այն և վաճառել վարժարանին պատկանող տարածքները: Այն զբաղեցնում է 125 հազ. քմ տարածք, ուր տեղակայված են 2 եռահարկ ուսումնական մասնաշենքեր, 2 հանրակացարան` տղաների ու աղջիկների, մարզահամալիր, մարզադաշտեր, աշխատողների համար հատկացված շենք: Ինչպես նկատել են վարժարանի շրջանավարտները, Սիրիայի պատերազմը կարող է առիթ լինել վերաբացելու կրթական ավանդույթներ ունեցող վարժարանը և իր տանիքի տակ առնել սիրիահայ երեխաների գոնե մի մասին:

Նամակի հեղինակները առաջարկում են այցելել www.melkonianforever.org կայքը և Email-ով կամ Feedback-ով միանալ կոչին:

Դիտվել է՝ 1976

Մեկնաբանություններ