ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Անբռնակ ճամպրուկը

Անբռնակ ճամպրուկը
10.10.2008 | 00:00

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Հոկտեմբերի 10-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կգումարվի ԱՊՀ հերթական գագաթաժողովը, որտեղ կքննարկվի Վրաստանի` համագործակցությունից դուրս գալու ընթացակարգը։ ՈՒշագրավ է, որ գագաթաժողովին չեն մասնակցելու Վրաստանի, ՈՒկրաինայի և Ադրբեջանի նախագահները։
Այնուհանդերձ, գագաթաժողովի առանցքում լինելու են տնտեսական զարգացման հարցերը մինչև 2020 թվականի կտրվածքով, ինչպես նաև համաշխարհային ֆինանսական ճգնաժամը։ ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն այս կապակցությամբ նշել է. «Ոչ մի հեղափոխական որոշումներ չեն առաջարկվելու կամ ընդունվելու։ Չնայած մեր առանձին գործընկերների կողմից ԱՊՀ-ի վերաբերյալ հնչած քննադատություններին և անգամ վրացիների` համագործակցությունը լքելու մասին հայտարարությանը, այս ինստիտուտը պահպանում է իր ներուժն իբրև կանոնավոր երկկողմ և բազմակողմ խորհրդակցությունների մեխանիզմ»։ Այսքանով հանդերձ, ինչպես համաշխարհային, այնպես էլ ռուսական փորձագիտական հանրության մեջ գնալով մեծանում է կանխատեսումների թիվը, թե ԱՊՀ-ի վերջը եկել է։
Նկատի ունենանք, որ երկար տարիների ընթացքում ԱՊՀ անդամ բազմաթիվ երկրների կողմից կանոնավոր հետևողականությամբ հայտարարություններ են հնչել համագործակցության բարեփոխման վերաբերյալ։ Այն առումով, որ անհրաժեշտ է օպտիմալացնել նրա գործունեությունը, ամրապնդել կարգավիճակը` իբրև միջազգային կազմակերպության, և այնուհանդերձ, ոչ մի «ճեղքում» այս ուղղություններով իրականացնել առայսօր չի հաջողվել։ Ամեն ինչ այդպես էլ մնաց բարի մտադրությունների մակարդակում և, ըստ ամենայնի, ԱՊՀ բոլոր հետագա գագաթաժողովները գնալով ավելի են վերածվելու շահերի շուրջ ձևավորված ակումբների, որտեղ նախկին ԽՍՀՄ երկրների առաջնորդները հավաքվելու են բացառապես մասնավոր հարցեր լուծելու նպատակով։ Եվ այդ «շատախոսությունը» կտևի այնքան, որքան դեռևս գոյություն ունեն դրա համար ինչ-որ նախադրյալներ, և քանի դեռ քայքայվող կառույցին չեն փոխարինի տարածաշրջանային կամ միջազգային նոր կազմակերպություններ։ Թեպետ ԱՊՀ հոկտեմբերի 10-ի գագաթաժողովին զուգահեռ տեղի կունենա ՌԴ նախագահի պաշտոնական այցը Ղրղզստան, ինչպես նաև «Եվրազեսի» մեջ մտնող նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ղեկավարների գագաթաժողովը, որին մասնակցելու են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ռուսաստանի և ՈՒզբեկստանի նախագահները, իսկ հետո կայանալու է հանդիպում Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ՈՒզբեկստանի և Թուրքմենստանի նախագահների միջև։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 11-ին, կսկսվի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական այցը Բիշքեկ։ Ի՞նչ է անելու Հայաստանը բոլոր այս միջոցառումների ընթացքում, այնքան էլ հասկանալի չէ։
Այսքանով հանդերձ, ռուսական քաղաքական և փորձագիտական շրջանակներում ավելի ու ավելի է հնչեղություն ստանում ճակատագրական հարցը, թե արդյոք ապագա ունի՞ ԱՊՀ-ն։ Այս կապակցությամբ Ռուսաստանի քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն ՍԵՐԳԵՅ ՄԻԽԵԵՎԸ մասնավորապես նշում է. «Ակնհայտ է, որ Ռուսաստանին այսօր ձեռնտու է պահպանել ԱՊՀ-ն իբրև հետխորհրդային տարածքում ինտեգրացիայի ձևաչափ։ Ես վստահ եմ, որ ԱՊՀ փլուզման հարցադրումը ԽՍՀՄ-ի փլուզման շարունակությունը կլինի։ Հետո արդեն հարց կդրվի Ռուսաստանի փլուզման վերաբերյալ։ Զրկվելով ԱՊՀ-ից՝ մենք ավելի հրատապ կդարձնենք Ռուսաստանի փլուզումը։ Ռուսական վերնախավն ԱՊՀ գոյության գլխավոր երաշխավորն է, և եթե Կրեմլում համարեն, որ ԱՊՀ-ն այլևս սպառված է, այդպես էլ կլինի»։ Սակայն նույն Միխեևը ռուսական քաղաքագետներին բնորոշ կայսերապետական սինդրոմից ելնելով, կարծում է, որ Ռուսաստանի իշխանությունների կողմից անհրաժեշտ միջոցառումների կիրառման դեպքում հնարավոր է ԱՊՀ-ին նոր շունչ հաղորդել, չնայած նրա փլուզմամբ շահագրգռված է հատկապես ԱՄՆ-ը։ «Որքան ավելի թույլ լինի ԱՄՆ-ը և նրա դերակատարությունն առանձին տարածաշրջաններում, այնքան ավելի կմեծանա ԱՊՀ դերակատարությունը։ Ապակազմակերպական տրամադրություններն ԱՊՀ-ում հրահրվում են առաջին հերթին ԱՄՆ-ի կողմից»,- կարծում է ռուս վերլուծաբանը։
Մինչդեռ Ռուսաստանի հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն ԱԼԵՔՍԵՅ ՎԼԱՍՈՎԸ կարծիք է հայտնել, որ եթե ԱՊՀ երկրները ցանկանան փլուզել համագործակցությունը, ապա դա չափազանց հեշտ է։ Ըստ նրա` «Պետք է ընդամենը չեղյալ համարել բոլոր տնտեսական արտոնություններն ԱՊՀ երկրների միջև և միմյանց նկատմամբ մտցնել վիզային ռեժիմ։ Այդ ժամանակ կազմակերպությունը կփլուզվի վերջնականապես։ ԱՊՀ-ն՝ իբրև կառույց, այսօր նշանակություն ունի միայն երեք ուղղություններում։ Դրանք հումանիտար կապերն են և ռուսաց լեզվի պահպանումն իբրև շփման ունիվերսալ լեզու հետխորհրդային տարածքում, տրանսպորտային և առհասարակ կոմունիկացիոն փոխկապվածությունը երկրների միջև և անվտանգության հարցերը։
ԱՊՀ երկրները ենթակա են ընդհանուր ռիսկերի և մարտահրավերների՝ կապված կրոնական ծայրահեղականության և թմրանյութերի տարածման վտանգի հետ։ Այս ուղղություններով պետք է փորձել գտնել շփման կետեր»։
Նկատենք, սակայն, որ այսօր ԱՊՀ կարևորագույն տարածաշրջաններում, մասնավորապես, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում արդեն իսկ ընթանում են լուրջ «աշխարհաքաղաքական բանավեճեր», որոնք կարող են հանգեցնել այդ տարածաշրջաններում ազդեցությունների վերաձևման։ Վրաստանի և Ռուսաստանի միջև օգոստոսին տեղի ունեցած հակամարտությունը ստիպեց ՆԱՏՕ-ին հատկապես Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության արագացման և ընդլայնման ուղիներ որոնել։ Այսօր արդեն խոսվում է այս տարածաշրջանի գործընկեր երկրների հետ համագործակցության ձևաչափի փոփոխության մասին, ինչը ենթադրում է լրացուցիչ քայլերի ձեռնարկում այն պետությունների հետ հարաբերություններում, որոնք հակված են ուժեղացնելու համագործակցությունը եվրատլանտյան ուղղությամբ։ ՆԱՏՕ-ական շրջանակները նույնիսկ արդեն ուրվագծում են այն միջոցառումների ցանկը, որոնք իրագործվելու են ՈՒկրաինայի և Հարավային Կովկասի երկրների հետ։ Ամենից առաջ դա լինելու է պետությունների քաղաքական և ռազմական ղեկավարության հետ երկխոսության արագացումը։ Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է ուսումնասիրել Վրաստանի, Ադրբեջանի և ՈՒկրաինայի ռազմական պահանջարկը, միաժամանակ քայլեր է ձեռնարկելու այս պետությունների պաշտպանական ինստիտուտները ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու համար ու այդ նպատակով տրամադրելու է ինչպես նյութական, այնպես էլ տեխնիկական օժանդակություն։ Երրորդ կարևոր իրողությունն այն է, որ ՆԱՏՕ-ն արդեն սկսել է հիշյալ պետություններում հասարակական կարծիքի ուսումնասիրության գործընթացը, այդ թվում նաև՝ համապետական հանրաքվեների անցկացման միջոցով։ Ավելին՝ Հյուսիսատլանտյան դաշինքում չեն բացառում, որ անհրաժեշտություն կառաջանա փոփոխության ենթարկել ՆԱՏՕ-ին անդամակցության մինչև այժմ գործող կանոնակարգը, ինչը ենթադրում է, որ դաշինքը կհրաժարվի այն հայտնի թեզից, թե ՆԱՏՕ-ի անդամ չի կարող դառնալ իր ներսում ազգամիջյան հակամարտություն ունեցող պետությունը։ ԶԼՄ-ները նշում են, որ ԱՄՆ-ի ղեկավարության առաջարկությունը՝ ստեղծել արագ արձագանքման ուժեր Ռուսաստանի անմիջական հարևան պետություններին պաշտպանելու համար, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների կողմից քննարկման կարժանանա մոտ օրերս, և չի բացառվում, որ ընդունվի դրական որոշում։
Ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիայի երկրներին, ապա այստեղ արևմտյան տնտեսական և ռազմական ներկայության ամրապնդման փորձերին զուգահեռ (ինչի վկայությունն էր ԱՄՆ-ի պետքարտուղարի հաջողված այցը Ղազախստան) անշեղորեն իր դիրքերն է ամրապնդում Չինաստանը։ Պեկինը Կենտրոնական Ասիայում գործում է աննախադեպ հետևողականությամբ և համառությամբ, արդեն իսկ նավթ է ձեռք բերում Ղազախստանից, այդ երկրի տարածքում գործող մեծ հզորության գազային խողովակաշարերին է միացնում Թուրքմենստանի և ՈՒզբեկստանի գազամատակարարման ցանցը։ Ընդ որում, տարածաշրջանում ամրապնդվելու Պեկինի ձգտումները լիարժեք ըմբռնման են արժանանում ինչպես Աստանայի, այնպես էլ Տաշքենդի և Աշգաբադի կողմից։ Մանավանդ որ Չինաստանի ղեկավարությունը պատրաստակամ է նավթի և բնական գազի կանոնավոր և հուսալի մատակարարում ապահովելու դիմաց իր հարևաններին օգնել բազմաթիվ ծրագրերի միջոցով, շատ ուղղություններով տրամադրելով հատկապես արտոնյալ վարկեր։ Ընդ որում, իր նավթային դիվանագիտությունը Պեկինը հաջողությամբ իրականացնում է ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում, որտեղ ընդգրկված երկրների նկատմամբ ներգործության շատ արդյունավետ լծակներ ունի։
Անդրադառնալով ԱՊՀ-ին՝ թերևս, արժե մեջբերել ղրղզստանցի փորձագետ և վերլուծաբան ՎԱԼԵՆՏԻՆ ԲՈԳԱՏԻՐՅՈՎԻ հոդվածից մի հատված. «Տասնյոթ տարի անց այն դեկտեմբերյան ցուրտ օրից, երբ «Բելովեժյան պուշչայում» ԽՍՀՄ երեք հանրապետություններ ստորագրեցին ԱՊՀ ստեղծման համաձայնագիրը, այդպես էլ հնարավոր չեղավ պատասխանել այն հարցին, թե ինչ է, ի վերջո, այս կազմակերպությունը։ Ըստ այդմ, անկանխատեսելի է նաև նրա ապագան։ Արդեն մեկուկես տասնամյակ է՝ նրա կազմում են տասներկու պետություններ, որոնց ոչինչ չի միավորում, բացի նրանից, որ նրանք երբևէ եղել են միասնական պետություն ԽՍՀՄ-ի կազմում։ ԱՊՀ-ն կազմակերպություն է, որ ավելի շատ գոյություն չունի, քան գոյություն ունի»։ Այսպիսի հարցադրումը նոր չէ և, բնականաբար, չի ենթադրում ԱՊՀ-ի փլուզման վերջնական ախտորոշման հրապարակում։ Մանավանդ որ շատերը կարծում են, թե այդ ախտորոշումը վաղուց հայտնի փաստ է։ Այն իրողությունը, որ ԱՊՀ յուրաքանչյուր գագաթաժողովի ժամանակ պետությունների ղեկավարները հանձնարարականներ են տալիս կազմակերպության բարեփոխման համար քայլեր ձեռնարկելու ուղղությամբ, լավագույն ապացույցն է, որ ԱՊՀ-ն չի կատարում այն դերը, ինչի համար ստեղծվեց տասնյոթ տարի առաջ։ Ըստ այդմ, եթե վերջնական կազմալուծման հարցը երբևէ դառնա գործնական քննարկման առարկա, դա ոչ ոքի չի զարմացնի։ ԱՊՀ-ն վերածվել է առանց բռնակի հայտնի ճամպրուկին, որը տանելն անհարմար է, շպրտելը՝ ափսոս։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 4990

Մեկնաբանություններ