ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ռուսական կողմը զիջում չի արել Հայաստանին

Ռուսական կողմը զիջում չի արել Հայաստանին
21.11.2008 | 00:00

ՆՈՐԻ՞Ց ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ
Չի բացառվում, որ առաջիկայում Հայաստանում զգալիորեն բարձրանան ապրանքների, սննդամթերքի ու մատուցվող տարբեր ծառայությունների գները։ Անշարժ գույքի շուկայում ևս գնաճ կարող է արձանագրվել՝ չնայած շուկայում տիրող սպասողական իրավիճակին։ Նման «հաճելի» իրողության համար մեր բնակչությունը և կառավարությունը «շնորհակալ» պետք է լինեն։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մեկ ամսից ավելի է` կտրուկ բարձրացրել է վառելիքի և ցեմենտի բեռնափոխադրման սակագները։ Մասնավորապես վառելիքի բեռնափոխադրման սակագինն աճել է 30 տոկոսով, իսկ ցեմենտի պատրաստի արտադրանքի բեռնափոխադրումը (արտահանումը) աճել է 80 տոկոսով, հումքի բեռնափոխադրումը (ՀՀ-ում իրականացվող)՝ 13 տոկոսով։ Ի դեպ, ընդգծենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ոչ միայն չհերքեցին այս տեղեկությունը, այլև հպարտությամբ ընդգծեցին իրենց իրավացի լինելու հանգամանքը տարվող քաղաքականությունում։ Մինչև վերլուծելը, թե քաղաքականությունն ինչ բացասական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա, փորձեցինք ճշտել՝ ինչ հիմնավորմամբ են բարձրացվել բեռնափոխադրումների սակագները։
«Նախ` նշեմ, որ ընդհանրապես ցեմենտի գինը տարբեր ժամանակներում մի քանի անգամ բարձրացվել է։ Ինչ վերաբերում է 13 տոկոսով բեռնափոխադրման սակագնի բարձրացմանը, ապա այն իրականացվել է ԱՊՀ երկրների երկաթուղային խորհրդի որոշմամբ, որի անդամ է Հայաստանը։ Նշված որոշման նպատակն է դեպի դուրս ու ներս իրականացվող բեռնափոխադրումների սակագները համահավասարեցնել»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամլո քարտուղար ՎԱՀԵ ԴԱՎԹՅԱՆԸ։ Գուցե և նման որոշում կա, սակայն մեր զրուցակցի պատասխանից պարզ երևում է, որ խոսքը 13 տոկոս աճի մասին է։ Իսկ ինչո՞վ է հիմնավորվում վառելիքի 30 տոկոսով և պատրաստի ցեմենտի 80 տոկոսով սակագնի բարձրացումը։ «Հարավկովկասյան երկաթուղի» կոմերցիոն կազմակերպությունը, ինչպես ցանկացած սուբյեկտ, գործում է՝ ելնելով իր տնտեսական նկատառումներից»,- պարզաբանեց Վահե Դավթյանը։ Այլ կերպ ասած, «դաշտն իմն է, ուզում եմ՝ բակլան խաշած եմ ցանում»։ Հետաքրքրական է նաև, որ ընկերությունում առաջին հերթին փորձեցին հիշեցնել, որ ցեմենտի գները պարբերաբար թանկացել են։ Սա նշանակում է, որ բարձրացնելով պատրաստի ցեմենտի բեռնափոխադրման սակագինը 80 տոկոսով, ուղղակիորեն նպաստում են ցեմենտի գնի կտրուկ աճին։ Եվ էս գլխից արդեն ինքնապաշտպանության հող են ստեղծում իրենց համար։
Անշուշտ, ցանկացած տնտեսավարող սուբյեկտ առաջին հերթին դիտարկում է իր տնտեսական շահը, սակայն չմոռանանք, որ ամեն տիպի շահ, երբ տրամաբանությունից դուրս է, ուղղակիորեն հեռու է տնտեսական ճիշտ քաղաքականության սկզբունքներից։ Սա մեկ։ Երկրորդ. հիշեցնենք, որ հայկական երկաթուղին ռուսական կողմին տրված է ոչ թե որպես սեփականություն, այլ կառավարման իրավունքով։ Եվ, վերջապես, երրորդ, որը, թերևս, ամենագլխավորն է. ո՞վ է թույլ տվել ռուսական կողմին՝ առանց սեփականության իրավունքի իրեն լիակատար սեփականատեր զգալու։ Պատասխանը մեկն է՝ մենք, այսինքն՝ Հայաստանի կառավարությունը։
Այն, որ ռազմավարական նշանակության գրեթե բոլոր ոլորտներն օտարերկրյա ընկերություններն են տնօրինում Հայաստանում, գաղտնիք չէ, և այդ քաղաքականության հիմքը դրվեց հենց ՀՀ-ի կայացման սկզբից։ Ինչով է դա պայմանավորված, այլ հոդվածի թեմա է։ Սակայն որքան էլ գերտերությունների պարտադրանքն ու ճնշումը լինի, կարծում ենք, ցանկացած, անգամ ոչ մեծ ու հզոր երկիր իր շահը կարող է նրբանկատորեն պաշտպանել։ Խոսել այժմ, թե ինչու հայկական երկաթուղին տրվեց ռուսական ընկերության կառավարմանը, ջուրծեծոցի է։ Սակայն կառավարման հանձնելուց հետո Հայաստանի պատկան կառույցները պետք է հետևողական լինեն ընկերության վարած քաղաքականության նկատմամբ, հատկապես, երբ ընկերությունը մենաշնորհային դիրք է զբաղեցնում։ Արդյոք ռուսական և հայկական կողմերի միջև կնքված պայմանագրում նշված չէ՞, որ ընկերությունն իր շահը հետապնդելով՝ չպետք է վնասի Հայաստանի տնտեսությանը։ Իհարկե, և եթե անհրաժեշտ է, անգամ պետությունը պարտավոր է կոշտ մեթոդներ կիրառել ընկերության նկատմամբ։ Չմոռանանք, որ ռուսական կողմը զիջում չի արել Հայաստանին «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարումը ստանձնելով։
Որ նման չհիմնավորված ձևով բարձրացվել են նշված ապրանքների բեռնափոխադրման սակագները, անշուշտ, տեղյակ են և՛ էկոնոմիկայի, և՛ տրանսպորտի, և՛ կապի նախարարությունները։ Սակայն ի՞նչ են արել վերջիններս խնդիրը հնարավորինս կարգավորելու նպատակով, դեռևս պարզ չէ։ Իսկ որ վառելիքի և ցեմենտի, այսինքն՝ ռազմավարական նշանակության ապրանքների բեռնափոխադրումների սակագների բարձրացումն իր հետ առաջացնելու է գնաճ նաև այլ շուկաներում, նորություն չէ։ Եվ եթե նկատենք, որ այս դեպքում գործ ունենք ներկրվող և արտահանվող ապրանքների հետ, ապա դժվար չէ պատկերացնել, թե դա ինչպիսի բացասական ազդեցություն կարող է թողնել Հայաստանի տնտեսության վրա, միջազգային ֆինանսական ճգնաժամի ներկա ֆոնի առկայությամբ։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 9419

Մեկնաբանություններ