ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ապարդյուն են «քաղաքական-վարդային-հեղափոխական» մեծ հետքեր որոնում

Ապարդյուն են «քաղաքական-վարդային-հեղափոխական» մեծ հետքեր որոնում
24.10.2008 | 00:00

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ «ՏԵՂԱՓՈԽԵԼ» ԵՆ ԲՈՒՖԵՐԱՅԻՆ ԳՈՏԻ՞
Երևում է` Վրաստան մեկնելը մեզանում դառնում է «խասիաթ»: Դեռ չի «չորացել» Սերժ Սարգսյանի ոտնամուտի հետքը Թբիլիսիում, նույնքան թարմ է պարոն Մեդվեդևի հայաստանյան մինչև վերջ չհասկացված այցը, ահա հոկտեմբերի 28-ին պաշտոնական այցով Վրաստան կմեկնի վարչապետ Տիգրան Սարգսյանը, բավականին հագեցած ծրագրով` տնտեսականից մինչև քաղաքական, Ջավախք և, իհարկե, Վրաստանում հայկական եկեղեցիների ճակատագիր:
Ընդհանրապես, վերջին շրջանում, մանավանդ ամերիկյան այցից հետո, «բուֆերային» կատալիզատորի դեր է վերապահվել այդպես էլ մեզանում որևէ քաղաքական հենարան չունեցող Տիգրան Սարգսյանին. նա հանդես է գալիս նոր ամպլուայում, անում հայտարարություններ, որոնք, ձևակերպենք այսպես` «կոշտ-արմատական» դիրքերից են։ Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն այս փուլում «ճակատային» առաջին գծի ապահովում է պատվիրակել Տ. Սարգսյանին:
Դերաբաշխումը` նախագահ-վարչապետ, առաջին անգամ բավականին հետաքրքիր է ստացվել, մասնավորապես օրվա ամենացավոտ` ղարաբաղյան հարցում. խնդրի հետ մինչ այս գրեթե առնչություն չունեցող, առանձնապես որևէ հիշատակելի հայտարարությամբ հանդես չեկած Տիգրան Սարգսյանը պետդեպում միանգամից «ծրագրային» և անհրաժեշտ թեզեր առաջ քաշեց` ամերիկյան երկաթե լեդի Ռայսի ներկայությամբ, Ռուսաստանում սպասվող երեք նախագահների հանդիպման շեմին` ի տես ամբողջ աշխարհի: Ասաց՝ Հայաստանի համար ԵԱՀԿ-ն մնում է միակ ֆորմատը, մեր տարածքները մի ասեք` օկուպացված:
Այս և վերը նշված հայտարարություններն էին պատճառը, որ խոր անհանգստություն էր առաջացել Ռուսաստանի սրտում` Տիգրան Սարգսյանի ամերիկյան այցի և հատկապես շատ բարձր մակարդակի ընդունելության պատճառով. Ռուսաստանում շատ պարզորոշ հասկացել էին, որ փոքրիկ Հայաստանը վեկտորալ ընդարձակ դաշտով է փորձում հանդես գալ:
Մեկ դիտարկում. յոթամսյա պաշտոնավարման ողջ ընթացքում, որքան էլ զարմանալի է, ՀՀ վարչապետը եղել էր միայն Մինսկում, այն էլ` ԱՊՀ «շրջանակներում», ու գրեթե չէր էլ նկատվել:
Միջազգային նրա առաջին բեմելը պետդեպում` Ռայսի հետ խիստ անմիջական զրույց-հանդիպումով, Սպիտակ տանը Չեյնիի «մտերմիկ» ընդունելությամբ, անշուշտ, բավականին «տպավորիչ» էր, որից էլ, ահա, «տպավորվել է» Ռուսաստանը:
Բայց սա բոլորը չէր. Վաշինգտոնում Տիգրան Սարգսյանը հանդիպել էր վրաստանյան իր գործընկեր Լադո Գուրգենիձեի հետ, քննարկել մի շարք ծրագրեր: Չէ, այլ` «բունտային» բաներ նկատի չունենք. քննարկվել են «անշառ», ասենք՝ ՀՀ վարչապետի Վրաստան կատարելիք առաջիկա այցի մանրամասներ, տնտեսական փոխգործակցության հարցեր:
Հիշենք` Վրաստան այց կատարելու համաձայնությունը երկու երկրների գործադիր-ղեկավարների միջև տեղի էր ունեցել դեռ ամռանը` Մինսկում, երբ Վրաստանի երիտասարդ վարչապետը շտապել էր «պաշտոնական» հանդիպում ունենալ (ի դեպ, սա Տ. Սարգսյանի՝ ԱՊՀ շրջանակներում այդ օրվա միակ և, թերևս, վերջին հանդիպումն էր. Վրաստանը բարով-խերով լքեց ԱՊՀ-ն) իր հայաստանյան գործընկերոջ հետ` այցելելով այն հյուրանոց, ուր հանգրվանել էր հայկական պատվիրակությունը:
Ըստ այդ պայմանավորվածությունների, Տ. Սարգսյանի` Վրաստան կատարելիք այցը պետք է տեղի ունենար օգոստոսին, սակայն հայտնի դեպքերի պատճառով այն հետաձգվեց: Այնպես որ, ապարդյուն են «քաղաքական-վարդային-հեղափոխական» մեծ հետքեր որոնում մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի փորձագետները` այնտեղ տեսնելով տարածաշրջանում ԱՄՆ-ի ազդեցության ընդարձակման շատ հեռուն գնացող ուրվագծումներ:
Բայց քանի որ այցը տեղի է ունենում հենց այն օրերին, երբ ԱՄՆ-ը, Եվրոպան այնպիսի մի օգնություն (4,7 մլրդ) են տրամադրում Վրաստանին, մի 670 միլիոն` Հայաստանին, ապա այդ «տեխնիկական» օգնությունը Հայաստանից, տարածաշրջանից ամեն կերպ «մազ» պոկող Ռուսաստանին լուրջ «փիքր» անելու շանս է տալիս: Չնայած այն հանգամանքին, որ նախորդ օրը Տ. Սարգսյանը նրբագեղորեն, մանավանդ Մեդվեդևի այցից հետո, խիստ փխրուն հայ-ռուսական հարաբերությունների ֆոնին կոմպլեմենտարիզմի, բալանսավորման մեթոդոլոգիան կիրառեց, տեղեկացնելով, որ տեխնիկական աջակցություն «կդրսևորի» նաև Ռուսաստանը, սակայն այնպիսի տպավորիչ մի թիվ նշեց` Հայաստանում ռուսական ձեռնարկությունների` 1000, որ մտածեցինք. խեղճ ԱՄՆ-ն ինչքա՞ն «փոխհատուցի վնասը», որ մենք ու Ռուսաստանը Հայաստանում «ոտի կանգնենք»:
Չնայած կոմպլեմենտարիզմ իսկապես կար Դմիտրի Մեդվեդև-Տիգրան Սարգսյան տանդեմում։ Չէ, նկատի չունենք երկուսի էլ սանկտպետերբուրգյան «ծագումնաբանությունը». նրանց ուսանողական տարիները գրեթե համընկնում են: Թե ինչ է Պիտերը բոլորիս համար, չարժե ևս մեկ անգամ անդրադառնալ. այն պրոգրեսի օրրան է, կրողը Ռուսաստանի ոգեղենության ու մտքի:
Եվ, ուրեմն, վերը նշված տանդեմի մասով։ Ակնհայտ էր, թե ինչքան պաշտոնական ու խիստ էր տրամադրված Դ. Մեդվեդևը հայաստանյան իր այցի առաջին օրը, և երբ պաշտոնական ճաշկերույթին Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանից հետո «ներկայացրեց» Տիգրան Սարգսյանին, պարոն Մեդվեդևն էլի շատ խիստ էր, մի քիչ էլ` ջղային և իր պահվածքով փորձում էր համայն հայությանը, մանավանդ Տիգրան Սարգսյանին հասկացնել` «սենց չի լինի»: Ընդ որում` երկու երիտասարդ «պիտերցիները» գրեթե բառ չփոխանակեցին այդ պահին, բայց երբ Տ. Սարգսյանը ձեռքը հետ քաշեց ու հեռանում էր, ինչպես մտավորականը կամ հեռու ճամփի մարդիկ են միմյանց արժեք զգում, Մեդվեդևի գնահատող հայացքը ևս մի անգամ կանգնեց ամերիկաներում «ֆռֆռացած» վարչապետի վրա (Մեդվեդևը բաց, անմիջականություն, դոստոևսկիական ռուսական տիպաբանություն է, ինչը չթաքնվեց նրա երևանյան այցի ընթացքում. եկավ մի Մեդվեդև, գնաց մեկ ուրիշը. սա` զգայական-հոգևոր «բնագավառում». ոչ պրագմատիկ-քաղաքական ասպեկտում Մեդվեդևի այցի վիզուալ և բովանդակային մանրամասներին անդրադառնալու ենք առաջիկայում):
Բոլոր դեպքերում, առջևում հայոց կողմից ևս մեկ վրաստանյան այց է, և գնահատականները` Պուտինի մոտ վերադարձածների, դեռ կհնչեն:
Մանավանդ որ նոյեմբերի 5-6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Բրյուսել. ի՞նչ «հետևանքներով», կերևա։
«Ժդյոմս»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4867

Մեկնաբանություններ