ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ազատամիտ» զեղումներ, կամ` թանկագին Լեոնիդ Իլյիչը լսում է

«Ազատամիտ» զեղումներ, կամ` թանկագին Լեոնիդ Իլյիչը լսում է
19.12.2008 | 00:00

шеф появится в последний момент
Ինչպես պնդում է ոչ սովետական պաշտոնական պատմագրությունը, 1976-ին ԽՄԿԿ գլխավոր քարտուղար և ԳԽ նախագահության նախագահ Լեոնիդ Իլյիչ Բրեժնևն ուղեղի լոկալ արյունազեղման պատճառով զրկվեց ոչ միայն աշխատունակությունից, այլև պարզ իրավիճակներում լիարժեք կողմնորոշվելու կարողությունից։ Դա «լճացման» ժամանակաշրջանի բարձրակետն էր, երբ ողջ կոմունիստական կուսակցական վերնախավը գլխավոր քարտուղարին անխտիր դիմում էր «թանկագին Լեոնիդ Իլյիչ» նախաբանով։ Հին կուսաշխատողները հետագայում պնդում էին, թե թացն ու չորն իրարից դժվարությամբ տարբերող «գենսեկն» այնքան էր վարժվել դրան և այնպիսի անդառնալի մարազմի մեջ էր, որ անգամ հեռախոսազանգերին պատասխանելու համար խոսափողը վերցնելիս նախապես արձանագրում էր. «Թանկագին Լեոնիդ Իլյիչը լսում է»։
Ժամանակակից Հայաստանում էլ իշխանությունը կամ առնվազն նրա մի մասը, ինչպես նաև որոշ թունդ իշխանամետ լրատվամիջոցներ, առանձնապես չեն տարբերվում վերոնշյալ իրավիճակում գտնվող գլխավոր քարտուղարից, որն, այնուհանդերձ, երկար չձգեց և դիմացավ միայն մինչև 1982-ի նոյեմբերը։ Այլ տպավորության դժվար է հանգել «Ազատամտություն» թերթի երեկվա համարում զետեղված «Ո՞վ կդառնա քաղաքապետ» հրապարակումից, ուր ընդդիմության և իշխանության դաշտերը տարին մեկ «շփոթող» հեղինակը փորձում է վերլուծել Երևանի քաղաքապետի ապագա ընտրություններն ու հնարավոր թեկնածուներին։ Եվ չնայած անընդհատ շեշտվող չարաբաստիկ ընտրություն բառին, ակնհայտ է, որ սկսվել է իշխանության բուրգից ապագա քաղաքապետի նշանակումն ապահովելու քարոզչություն։
Եթե անդրադառնանք հոդվածում չորս հավանական թեկնածուների հնարավորությունների վերլուծությանը, ապա ակնհայտ է, որ նրանցից երկուսը` Բարսեղ Բեգլարյանը և Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, ցուցակում են հայտնվել ուշադրություն շեղելու և օբյեկտիվության տպավորություն ստեղծելու նպատակով։ Որովհետև «Ֆլեշ» ընկերության նախագահը երբևէ քաղաքապետ դառնալու ցանկություն չի դրսևորել, չնայած քաղաքապետական ընտրությունների նախաշեմն է, հետևապես, այս թեկնածության քննարկումն ընդհանրապես անիմաստ է։ Կենտրոնի թաղապետը քաղաքապետ դառնալու հավակնություններ արդեն չի դրսևորի, եթե նկատի ունենանք նրա սեփականությունը հանդիսացող ԳՈՒՄ-ի շուկայում նախագահականի վերահսկողականի իրականացրած «ռեյդը»` մաքսանենգ սև խավիարի հայտնաբերումով։ Այս երկրում հենց այնպես որևէ մեկի օբյեկտից մաքսանենգ խավիար չեն հայտնաբերում։ Հետևապես, հոդվածն ուղղված է մյուս երկու հավանական թեկնածուների` գործող քաղաքապետ Երվանդ Զախարյանի և արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դեմ, բայց դա էլ քավ լիցի։ Այս երկրում անթերի պաշտոնյաներ չկան, եթե լինեն էլ, որևէ պաշտոնում երկար չեն աշխատի։
Շան գլուխն այլ տեղ է թաղված, երբ իշխանությունը կամ նրա մի մասն իրեն «կից» քարոզչամիջոցների ձեռամբ փորձում է հանրային գիտակցության մեջ արմատավորել այն գաղափարը, որ անկախ ապագա քաղաքապետի ընտրովիության հանգամանքից, վերջնական նշանակումը կատարվելու է իշխանության հայեցողությամբ։ Հընթացս պարզ է նաև, որ «Ազատամտությունն» արդեն սկսել է ինչ-որ մեկի համար ճանապարհ բացելու գործընթացը։ Այդ ինչ-որ մեկի ով լինելն առայժմ գաղտնիք է, բայց երկար գաղտնի չի մնա, քանզի ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, և ամեն լրատվամիջոցի նախապատվություններից էլ կարելի է հասկանալ, թե ով ում բարեկամն է։ Այնպես որ, «шеф появится в последний момент» տարբերակն այստեղ չի աշխատելու, ամեն ինչ կբացահայտվի ավելի շուտ։
Բայց վերոնշյալը նշանակում է ևս մի բան. մարտի 1-ը դեռևս չմարսած իշխանության բուրգում այդպես էլ չեն հասկացել, թե ինչ է նշանակում նախօրոք պլանավորված ընտրություններ անցկացնելու «փորձը»։ Մանավանդ որ քաղաքապետական ընտրություններում իշխանությունը միասնական ճակատով հանդես չի գալու։ Այսօր արդեն այդ դաշտում իրենց հավակնություններն ունեն ՀՅԴ-ն, ոչ այնքան ընդգծված` ԲՀԿ-ն, չի բացառվում, որ նույնիսկ ՕԵԿ-ը։ Դրան գումարած ընդդիմության բոլորովին էլ ոչ երկրորդական գործոնը, թաղային «ֆակտորները» և այն ամենը, ինչ Հայաստանում նշանակում է տեղական ինքնակառավարման ընտրություն։ Ըստ այդմ, զեղումները` «մենք ասում ենք Լենին, հասկանում ենք կուսակցություն» թեմայով, այլևս վաղուց իրատեսական չեն։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4033

Մեկնաբանություններ