ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Վա՜յ մէ, բա որ հանկարծ սա՛ ընտրվեր՝ մեր վերջը ո՞նց էր լինելու

Վա՜յ մէ, բա որ հանկարծ սա՛ ընտրվեր՝ մեր վերջը ո՞նց էր լինելու
20.03.2013 | 16:38

Ասում են, երբ Համ Կ(բ)Կ ինչ-որ համագումարի ավարտին Ստալինին զեկուցում են, որ կենտկոմի կազմի փակ գաղտնի քվեարկության արդյունքում Կիրովն իրենից եռակի շատ ձայն է ստացել, նա սադիստի անվրդովությամբ կարգադրում է. «Пишите наоборот»...

Հիմա մերն է։ Անկախանալուց ի վեր, չեղավ հատկապես նախագահական մի ընտրություն, որում պարտվածը չվազեր հարթակ և մուրազը փորը մնացածի զայրույթով չհայտարարեր, որ իրեն տրված ձայների քանակը ևս` «ստալինաբար» կեղծվել են և իր էքսցեսասեր համախոհներին հանուն իրեն չոգեկո չեր` անդուլ պայքարի, թեկուզ «չնչին» զոհերի գնով (2008 թ. մարտի 1)։
Իսկ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում հերթական պարտվածի օրիգինալությունը հասավ այն աստիճանի, որ շարունակելով հանդերձ նույնիսկ հետընտրական իր «բարևել-թողնելը», նա կարծես ձեռքի հետ, սկսեց նաև լոկ մեղսունակին բնորոշ ինքնագոհությամբ, «մահացու» հաթաթաներ տալ անգամ «խեղճուկրակ» Ամերիկային, հանդգնելու և հաղթողին թողած (իմա` իրեն), «պարտվածին» շնորհավորելու համար։ Սա էլ քիչ էր, կարծես ի հեճուկս այդ «միջազգային վոլյունտարիզմի», նա սկսեց մեկ այլ դիագնոստիկ նշաններ ցույց տալով, հաղթած նախագահից օրումեջ պահանջել, անհապաղ բերել և հենց Ազատության հրապարակում իրեն հանձնել «զավթած թագը», իսկը հիշեցնելով Շահան Շահնուրի հերոսներից այն խանութպանին, որը ցերեկները մանեկենների վրա քաշված կանացի ներքնաշորերը հաճախակի հանել-հագցնելով` գիշերները տառապում էր երազախաբությամբ...
Այս, իր պարտությունն արժանապատվորեն չընդունածի նմանատիպ բազմաթիվ այլ ցուցափեղկային դրսևորումներին խիստ համահունչ էր նաև նրա (չար լեզուներն ասում են` վճարովի) համակիրներից մեկի հարթակային խևաբարո (экстравагантный) բարբաջանքը։
Խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանին «դոշ» տված «շուստրի մտավորական» Ռուբիկ Հախվերդյանի մասին է, որը նրա վերջին շոու հանրահավաքներից մեկում, պղտորված աչքերով ու թանահամ ձայնով, ընտրություններում արդեն հաղթած նախագահին որակեց որպես, ոչ ավել-ոչ պակաս` «ադրբեջանական ինչ-որ գավառից Հայաստան եկած կոմսոմոլի նախկին աշխատողի, որը հիմա էլ ուզում է մեզ ղեկավարել,- «էն դեպքում,- շարունակեց նա,- երբ Րաֆֆին փորձված տնական թան է և լեզուներ գիտի...»։ Նա նաև չխորշեց ստելուց, որ Սերժը Ղարաբաղում, իբր, եղել է տխրահռչակ հայատյաց Կևորկովի օգնականը, երբ իրականում (ինչպես օրեր առաջ իր տված առաջնորդավայել ասուլիսում հիմնավորեց հանրապետության նախագահը), նա այդպիսի պաշտոնի է եղել, երբ 1988-ին Ղարաբաղի մարզկոմի առաջին քարտուղարը եղել է անվեհեր հայրենասեր Հենրիկ Պողոսյանը։
Նման վայրահաչությունից օրեր անց, նույն «մտավորականը», էս անգամ արդեն ծամոնածամ լկտիությամբ, իր հեռուստաասուլիսի ընթացքում, ինչպես ասում են, «տվեց տամա դուրս եկավ», երբ հեգնալից գլուխգովանությամբ սկսեց անկապ-անկապ վերհիշել, թե հանրապետության որ նախագահին, երբ և ինչպես է «քցել», նրանցից գջլելով` ԼՏՊ-ից` Ֆրանսիայում ձրի բուժման ուղեգիր, Ռ. Քոչարյանից` 4-սենյականոց բնակարան, Սերժ Սարգսյանից` մանուկների համար նկարահանված տեսահոլովակի գումար, հպարտանալով հանդերձ, որ անկախ դրանից, նա բոլորին էլ, տեղն եկած տեղը նաև լավ շշպռել է` համարելով, որ երկու դեպքում էլ կողմերը միմյանց գնահատել են ըստ արժանվույն... Անաղուհացկերի ինչպիսի՜ ամբարտավանություն... Բա ո՞ւր մնաց դատապարտելի իրականը (իմա` լփռբերանության դեմն առնելը), որը, իհարկե, էս տեսակի առումով` սխալ հաշվարկ էր։
Սակայն դա թողնենք, էդ ասուլիսի խայտառակ վերջաբանին ևս անդրադառնալու համար։ Այդ «մտավորական» կոչեցյալը, ասուլիսի վերջում, արեց մի այնպիսի կապիկություն, որը, ըստ իս, ոչ միայն լակածության, այլև ուռածության արդյունք էր... պատկերացնո՞ւմ եք... Նա քիթը համարյա տեսախցիկ կոխելով լեզուն դուրս հանեց և թութքի պես դուրս մղված պռոշները կծկելով` երկու ձեռքով վեր ձգեց նաև ականջները..., անշուշտ, իմիտացնելով` «եկա, տեսա, հաղթեցի»-ն... Ո՞Ւմ... Չեմ ուզում կոնկրետանալ, քանզի հասցեատերեր շատ կգտնվեն, սակայն այդ պահին, իհարկե, այն ուղղված էր հատկապես հեռուստաալիքի «аполитик» տերերին, և մեկ էլ, իր բառերով ասած, «էն շաշ անտեր» հիրավի ծամոնաարժան մանկամարդ լրագրողուհիներին, որոնք իրենց հավիկային կչկչոցներով, առաջինը ծափահարեցին այդ միմոսությունը` չհասկանալով, որ նման թեթևսոլիկությամբ իրենք ևս մասնակից են դառնում հեռուստադիտողին վիրավորող անհարգալից վերաբերմունքին, ինչը, ցավոք, մեր օրերում, կարծես արդեն բրենդ է դառնում։
Նաև հախվերդյանական տխմար անցյալուրացությամբ պայմանավորված իմ այս առողջ զայրույթով առլեցուն խոսքս ուզում եմ ավարտել իմ սերնդի հիրավի հեղափոխական կոմերիտական անցյալի վաստակաշատ, արդեն 80-ամյա գործիչներից մեկի այնպիսի սթափամիտ դատողություններով, որոնցով հագեցած էր նաև սրանից շուրջ 40 տարի առաջ Ստեփանակերտում հնչած նրա ողջույնի խոսքը, ուր հայտնվել էինք էդ օրերի ղարաբաղյան ըմբոստ հայրենասերների «ծածուկ» առաջնորդ, մեր գիտական խորհրդատու Բագրատ ՈՒլուբաբյանի հրավերով։ Առիթը նրա բազմագիտակ ըմբոստ սաներից մեկի` Սերժ Սարգսյանի, Ստեփանակերտի կոմերիտմիության քաղկոմի առաջին քարտուղար ընտրվելը շնորհավորելն էր, որը հենց նույն կոնֆերանսում իր աննախադեպ համարձակ ելույթով, երիտասարդների անունից պահանջել էր Ստեփանակերտի գավառագիտական թանգարանի ցուցանմուշներից անհապաղ հանել հայ ժողովրդի ազգային հերոս զորավար Անդրանիկի անձն ու անունն արատավորած ակադեմիկոս հորջորջվող Զիա Բունիաթովի «Бакинский рабочий» թերթում պետպատվերով տպված հոդվածը... Ահա և քեզ դուր չեկած «կոմսոմոլի» իսկական դեմքը, Րաֆֆի խաղացնող պարոն երգահան (ընդամենը) դո՞ւ ինչ ես արել։
Երբ հուշերին տրված մեր զրույցն ավարտելով դուրս էինք գալիս Հայոց մեծերի Պանթեոնից, վետերան ընկերս, մի պահ կանգնելով ասաց. «Նախագահացավով տառապող էդ Րաֆֆիին պետք է հասկացնել` վերջ տալու իր այդ ուտոպիստական ոգորումներին։ Հացադուլ կամ իր մոգոնած բառով «վախադուլ» անելը, իհարկե, իր գործն է, և ինչ լինի իրեն կլինի, բայց թող հասկանա, որ նման ֆյուրերային «գրիմասներով» չի կարելի շեղել մեր բանակի գերագույն գլխավոր հրամանատարի ուշադրությունը, էն էլ վառոդավտանգ էս օրերում։
Ոչ մի ղեկավարի ոտքերն ամպոտ չեն։ Դրանով հանդերձ մենք Սերժի պահանջատերն ենք, որը նաև զենքով է գրել իր կենսագրությունը։ Մեզ «свадебный генерал»-ները պետք չեն, որքան էլ նրանք նույնիսկ տասնյակ լեզուներով «օգնություն» կանչել գիտենան։
Վատ է իհարկե, շատ վատ, որ մեր հաղթանակած ժողովուրդը հիմնավոր պատճառներով բռնել է արտագաղթի ճամփեն, որի մեղավորներից մեկն էլ, իհարկե, նաև հանրապետության նախագահն է։ Սակայն պետք է հասկանալ, որ եթե չլիներ «Մարտի 1»-ը, մեր վիճակն այսօր անհամեմատ ավելի բարվոք կլիներ։ Իսկ շատերի կարծիքով` այդ պետականորեն սարքված արյունոտ օրը, Սերժին նվեր տվեց միահեծան Ռոբերտ Քոչարյանը, որը չէր վախենում կորցնելուց... Հիշում ես «Հոկտեմբերի 27»-ի նահատակների 10-ամյա հիշատակին նվիրված «Ցասմունք» պոեմումդ հնչեցրած թևավոր խոսքդ. «Ճիշտ չեն սիրում, երբ սիրում են առանց կորցնելու վախը զգալու»։ Քիչ առաջ ևս լավ ասացիր, որ «Մարտի 1»-ի մեջ հայերնասիրություն չկար, քանզի չկար նաև պետության հանդեպ վստահությունը կորցնելու վախը»... Երբ խոսում էիր, հիշելով փոշմանեցի, որ քեզ էն ժամանակ թույլ չտվեցի տպագրության հանձնել Մարտի 1-ի գիշերը, հենց սպանդի վայրում տաք-տաք գրված հոդվածդ, որի վերնագիրն արդեն հետապնդվելիք էր։ Վախեցա։ Գրել էիր` հրապարակում մնացին նրանք, ում դեռ չէին սպանել»...
...Հետո գիտե՞ս ինչու Րաֆֆիին շատերը չեն վստահում։ Նա ոչ միայն Սերժի նման փորձառու չէ, այլև որը շատ կարևոր է, չգիտի, որ ճանապարհն իմանալն ու այն անցնելը, տարբեր, բոլորովին տարբեր բաներ են, ինչը (իմա` գիտենալը) ևս մեկ անգամ ապացուցեց պարոն նախագահն իր այս` գրեթե անթերի վերջին ասուլիսում... Էդ լավ է, որ նա «դանդաղ է շտապում»... բայց չէ՞ որ կա նաև «վաղը ուշ կլինի» իմաստախոսության վտանգը»,- եզրափակեց վետերան ընկերս, ինչի հետ ես, անշուշտ, լիովին համաձայն եմ։


Վիսլա ՍԵԴՐԱԿՅԱՆ
(ՍՍՀՄ ժողկրթության և կոմերիտմիության վաստակավոր գործիչ, ՀՀ ժուռնալիստների միության անդամ)
Հ. Գ.- 1. «Բարևաբաշխիչ» պարոն Րաֆֆի Հովհաննիսյան, մենք էլ` Սերժ Սարգսյանին ընտրածներս, ևս մեկ անգամ խաչ ենք քաշում քեզ վրա, ինչպես դու` քեզ ուղարկված նրա պաշտոնական գրության։
2. Գոհ եղիր, պարոն երգահան, որ քեզ հասցեագրված «մտավորական» բառը` «ռ-ով չեմ գրել»։

Դիտվել է՝ 28347

Մեկնաբանություններ