The Wall Street Journal-ը գրում է, որ Սպիտակ տունն ու Կիևը մոտ են օգտակար հանածոների արդյունահանման իրավունքների վերաբերյալ համաձայնագրի կնքման, որին ձգտում է Թրամփի վարչակազմը՝ որպես փոխհատուցում Ռուսաստանի դեմ պատերազմում ռազմական օգնության դիմաց: Նշվում է, որ համաձայնագիրը, որը կարող է ստորագրվել արդեն այսօր, կօգնի լուծելու լարվածության հարցը, որը բռնկվել է Զելենսկու և Թրամփի միջև։               
 

Ես պայման եմ կապել հավերժության հետ

Ես պայման եմ կապել հավերժության հետ
03.09.2024 | 08:50

Չէ, ես չեմ կորչի, չեմ անհետանա։

Ես ժամանակ կդառնամ ու կհոսեմ ինչ-որ մեկի կյանքում

Ու նրա հուսահատ պահերին կանգ կառնեմ, որ շունչ քաշի:

Հետո հետ կհոսեմ դեպի մանկություն, որ հավատա հրաշքին։

Կամ տարածություն կդառնամ ու կընդլայնեմ տիեզերքը մի արևադարձային գալակտիկայով:

Ապաստան կտամ բոլոր միայնակ աստղերին ու մոլորյալ մոլորակներին, որ իրենց մենակ չզգան տիեզերքի սառը դատարկության մեջ։

Ես հիշողություն կդառնամ ու կխառնվեմ հարազատներիս մտքի թելերին, որ իրենց կյանքի ցուրտ եղանակին ծածկվեն ինձնով։

Ես հույս կդառնամ ու կմխիթարեմ անդունդի եզրին կանգնածին։

Ձայն կդառնամ ու կճախրեմ ջութակի լարերի վրա ու ծիծաղիս օբերտոներով կթեթևացնեմ լացակումած նոտաների ճակատագիրը։

Ես սեր կդառնամ ու կփաթաթվեմ ատելության բաց մալուխներին, որ իրար չկպչեն։

Երջանկության կամուրջ կդառնամ ու կպառկեմ վշտի անդունդների վրա։

Չէ, ես չեմ կորչի, հույս չունենաք՝ ո՛չ հավատացյալներդ, ո՛չ աթեիստներդ:

Ես պայման եմ կապել հավերժության հետ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 12435

Մեկնաբանություններ